Լույսն անվերջ ներկա

Հունիսի 26-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, երգահան Թովմա քահանա (Վահան) Անդրեասյանի «Մայկոպյան օրագիր» բանաստեղծությունների ժողովածուի շնորհանդեսը:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ այս գրքում Մայկոպ քաղաքն է՝ իր պատմությամբ, շողարձակումներով, ներկայով, իր պոետական անտեսանելի պատկերներով, կարևորեց այն, որ Վ. Անդրեասյանի հայացքը, հոգին այդ ամենը հայելային անդրադարձումով և հոգևոր դաշտում ներկայացնում է պոետական հետաքրքիր ձևերով, անգամ դասական տաղաչափությամբ, բայց հիմնականում՝ ազատ քառատողերով: Հավելելով, որ վաղուց է հետևում գրողի ստեղծագործական կյանքին, նա վստահեցրեց, որ Վ. Անդրեասյանը պահել է մաքուր, բյուրեղյա, ջինջ հայացքն ու իր հոգու թրթիռները, միաժամանակ բանաստեղծությունների հիմքում հայտնվել են նոր դիտարկումներ, հետաքրքիր անցումներ, անսպասելի, պարադոքսալ տողեր: «Շունչ ու խաղ է տալիս պոեզիային և դրանով մերձեցնում է պոեզիան ընթերցողին: Լույսն անվերջ ներկա է նրա բանաստեղծությունների մեջ»,- ամփոփեց Էդ. Միլիտոնյանը:
Արևշատ Ավագյանի հավաստմամբ՝ Վ. Անդրեասյանն աշխարհը տեսնում է բանաստեղծական խոսքով, մեղեդիով, նրա ստեղծագործությունների մեջ նկատելի են գույներ, նրբերանգներ, ինքնատիպ գծեր: «Այս փոքրիկ գրքում կա շատ մեծ մի աշխարհ, և այդ աշխարհի մեջ և՛ կյանքը, և՛ բնությունը, և՛ բնաշխարհը, և՛ մարդիկ, և՛ ներաշխարհը գտնվում են ներդաշնակության մեջ»,- նկատեց նա:
Անուշ Վարդանյանը խոստովանեց, որ իրեն հուզում է Վ. Անդրեասյանի կասկածող լինելը, որովհետև նա չունի հարցերի պատասխան: Նրա դիտարկմամբ՝ մարդն այս բազմագույն աշխարհում մենակ է, խոցելի, կանգնած է փակ դռան առջև:
«Այս գրքում կա ներդաշնակություն, Աստծուն, մարդուն, սեր փնտրող հերոս, ով երկար ճանապարհներ է անցնում, որոնք տանում են դեպի տուն, որովհետև գլխավոր ցանկությունը փախչելն ու կրկին տանը հայտնվելն է»,- նշեց գրականագետ Հայկ Համբարձումյանը և հավելեց, որ Վ. Անդրեասյանի պոեզիայում կրկնվող մոտիվները՝ ճանապարհի, փնտրտուքի, Աստծու, ներդաշնակ իրականության, նյութական և հոգևոր աշխարհների բախման, «Մայկոպյան օրագիր» ժողովածուում էլ ամբողջությամբ ներկա են, ուղղակի ավելացել է վերհուշը՝ Հայաստանից հեռու, և մանկության տարածքներն են շատացել:
Ելույթ ունեցան նաև Պետրոս Դեմիրճյանը, Շանթ Մկրտչյանը, Հերմինե Նավասարդյանը, Արմենակ Ղազինյանը և ուրիշներ: Վ. Անդրեասյանի բանաստեղծություններից կարդացին Գոհար Հակոբյանը, Սուսաննա Հովհաննիսյանը, Թամար Պետրոսյանը, Մարիանա Պեր- թիզլյանը: Շնորհակալական խոսքով ելույթ ունեցավ Թովմա քահանա Անդրեասյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։