Հուշարձան Հրաչյա Հովհաննիսյանին

Դեկտեմբերի 8-ին ՀԳՄ Կլոր սրահում տեղի ունեցավ «Հուշարձան Հրաչյա Հովհաննիսյանին» գրքի շնորհանդեսը:
Բանաստեղծ Ղուկաս Սիրունյանը բացման խոսքում նշեց, որ հուշարձանային պատկառանք առաջացնող ծավալով այս գիրքը բանաստեղծին ներկայացնում է բոլոր կողմերով` և՛ իբրև բանաստեղծ, գրող, և՛ իբրև մտավորական, իր ժամանակի հետաքրքիր անձ: Միաժամանակ հավելեց, որ այն միայն մի մարդու մասին չէ, այլ վերաբերում է մի ամբողջ դարաշրջանի` անցյալ դարի 30-ականներից մինչև 90-ի վերջերը: Ղ. Սիրունյանը, ներկայացնելով գրքի առաջաբանները, որոնցից մեկի հեղինակը գիրքը կազմող Ռայա Խասապետյանն է, մյուսը` գրողի որդին` բանաստեղծ Դավիթ Հովհաննեսը, ընդգծեց, որ երկուսի խոսքերն էլ ընկալվում են իբրև մտերիմի, ընկերոջ սրտից բխած խոխոջ: Ապա անդրադառնալով Դ. Հովհաննեսի «Իմ հայրը, բանաստեղծ Հրաչյա Հովհաննիսյանը» խորագրով առաջաբանին` նշեց. «Սա մի խոսք է, որ դժվար է որևէ ժանրի մեջ տեղավորել: Այն էսսեի, գրաքննադատության, հուշագրության համախումբ է. զգացողություններ, տպավորություններ, ապրումներ` այդ բոլորը խմբավորված են այդ տեքստի մեջ, կա և՛ գնահատությունը Հ. Հովհաննիսյանի, և՛ ճանաչողությունը նրա ընկերների, իր դարաշրջանի, պոեզիայի, կան մտորումներ, խոհեր կյանքի ու մահվան ցավի ու տրտունջի մասին»: Նրա հավաստմամբ` գիրքը կառուցված է այնպես, որ բացահայտում է գրողին. նրա ընկերների խոսքերը իր մասին, նրա բանաստեղծություններն ընտրված են այնպիսի հաջորդականությամբ, որ ընթերցողին տանում են նրա ապրած ժամանակի միջով: Ամփոփելով խոսքը՝ Ղ. Սիրունյանն արժևորեց Հ. Հովհաննիսյանի հայերենը, ընդգծելով, որ նա իր գրականությունը հրամցնում է հայոց լեզվի վսեմաշուք, խորը հորիզոնների մեջ և ապշեցնում է լեզվի վեհությամբ:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը, գիրքը համարելով մատենագիտական հատոր, որտեղ ամեն ինչ կա Հ. Հովհաննիսյանի մասին՝ և՛ իր թարգմանությունները, և՛ իրենից արված թարգմանությունները, և՛ մատենագիտական ցանկեր, նշեց, որ այսպիսի գրքերով ամբողջանում է գրողի կերպարը և նոր շտրիխներ են հայտնաբերվում, որոնք առօրյայում չեն էլ նկատվել: Նա Հ. Հովհաննիսյանին բնորոշեց իբրև ինքնատիպ անհատականություն. լինելով ՀԳՄ քարտուղար, նախագահ, «ԳԹ»-ի խմբագիր, մնաց եզակի մարդ, որ երբեք չփոխվեց: «Ինչ պաշտոն էլ զբաղեցներ, մնում էր նույն Հրաչյա Հովհաննիսյանը»,- ամփոփեց Պ. Դեմիրճյանը:
Արձակագիր, դրամատուրգ Նորայր Ադալյանը խոստովանեց, որ իրեն հիացնում է Դավիթ Հովհաննեսի ներըմբռնումը ոչ միայն հոր, այլև նման պոեզիայի նկատմամբ, քանի որ Դ. Հովհաննեսի պոեզիան իր գեղագիտությամբ Հ. Հովհաննիսյանի պոեզիան չէ: Այնուհետև «Հուշարձան Հրաչյա Հովհաննիսյանին» գիրքը համարեց հիանալի երևույթ, որը ոչ միայն գրողի, այլև ամբողջ սերնդի, ժամանակաշրջանի, գրականության և պոեզիայի մասին է: Խոսելով ազնիվ մարդ, խմբագիր, գրող, ճշմարտախոս արվեստագետ, լայն գիտելիքների տեր Հ. Հովհաննիսյանի մասին՝ Ն. Ադալյանն ասաց. «Այն տաղանդավոր երևույթներից է, որը հարստացնում և ցույց է տալիս, թե ուր պիտի գնա գրականությունը»:
Գրականագետ Սուրեն Աբրահամյանը ևս գիրքն իր կառուցվածքով համարեց մատենագիտական հատոր, որտեղ ներկայացված է գրողի ամբողջական կերպարը: «Հ. Հովհաննիսյանի ներքին ես-ի, իր ներքին աշխարհի հետ է առնչվում: Նրա ներքին մենությունը, նրա անցած ամբողջ բանաստեղծական ճանապարհը վկայում է իր սերնդի որոնումների ճանապարհը»,- ընդգծեց նա:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանի հավաստմամբ` մարդկային կերպարով, գրական գեղագիտությամբ իր սերնդի այն եզակի գրողներից էր, որ անցնելով պատերազմի միջով, իր կենսափորձը, ապրածը բերում էր գրականություն: «Լույսի փառաբանման այն շղթաները, որ դարերով մեր մեջ հյուսվել են, ինքը բանաստեղծությունների ու արձակի վերածեց և մարդկային կյանքով այդ լույսի արարումը վերստին փառավորեց` բարության, լույսի ելևէջներ արթնացնելով մարդկանց մեջ»,- ասաց նա:
Ելույթ ունեցան նաև գրականագետներ Ավիկ Իսահակյանը, Վազգեն Գաբրիելյանը, Դավիթ Գասպարյանը, սփյուռքահայ գրող Թորոս Թորանյանը:
Շնորհակալական խոսքում Դավիթ Հովհաննեսը խոստովանեց, որ գնալով մեծանալով՝ մոտենում է Հ. Հովհաննիսյանին, բայց ոչ իր պոեզիայով: «Այդ լավատեսական, վառվռուն, վարդագույն երանգներով լեցուն պոեզիան իմ պոեզիան չէ, բայց ես հիմա հասկանում եմ Հ. Հովհաննիսյանի պոեզիան և կարոտով եմ կարդում, առաջ ներքին մի ընդվզումով` ողբերգական կյանքի մեջ այս ի՞նչ վարդագույն դայլայլներ են, թեև միշտ չէ, որ այդպես է եղել, բայց հիմա կարոտով եմ կարդում, որովհետև այդ մարդու հոգում ապրում էր մի երազանք` լավ կյանքի երազանքը»,- ասաց նա: Ապա հիշատակեց բոլոր նրանց, ովքեր իրենց ավանդն են ունեցել գրքի հրատարակման գործում: Նա նշեց, որ ներկայացված հատորը երկրորդ վերանայված և լրամշակված հրատարակությունն է («Արևիկ» հրատարակչություն), սա նույնպես վերջնական չէ, կլինի նաև երրորդ հրատարակությունը, քանի որ մոտենում է գրողի 100-ամյակը: Առաջինը տպագրվել էր պետպատվերով, Հ. Հովհաննիսյանի ծննդյան 95-ամյակի առիթով: Դավիթ Հովհաննեսը տեղեկացրեց, որ Երևանում կլինի դպրոցի անվանակոչություն և Հ. Հովհաննիսյանի կիսանդրու (քանդակագործ` Տարիել Հակոբյան) տեղադրում:
ՀՀ վաստակավոր արտիստ Սիլվա Յուզբաշյանը կարդաց գրողի բանաստեղծություններից, երիտասարդ երգիչները կատարեցին երգեր, որոնց խոսքերի հեղինակը Հ. Հովհաննիսյանն է:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։