Պոեզիան ճշմարիտ է, երբ անկեղծորեն բխում է հոգու խորքերից

Հունիսի 21-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ բանաստեղծ, հրապարակախոս, դրամատուրգ Վարդան Հակոբյանի ծննդյան
70-ամյակին նվիրված գրական հանդիսություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ Վարդան Հակոբյանը ժամանակակից հայ պոեզիայի լավագույն դեմքերից է, որ թարգմանվել ու ներկայանում է տարբեր լեզուներով, ընդգծեց. «Ձեր օրինակով, անցած տասնամյակների Ձեր անբասիր կենսագրությամբ ու ստեղծագործությամբ հաստատվում է այն ճշմարտությունը, որ Արցախում ծնված և ապրող բանաստեղծը սոսկ բանաստեղծ չէ: Նա մարտիկ-հրապարակագիր, հարազատ ժողովրդի ազատագրական պայքարով, նրա այսօրվա ու վաղվա ճակատագրով մտահոգ մտավորական, ազգային ու քաղաքական գործիչ է»:
Արձակագիր, հրապարակախոս Զորի Բալայանը խոսեց Արցախյան շարժման սկզբնավորման գործում Վ. Հակոբյանի դերի, ցույցերի ժամանակ հնչած ադրբեջանական լուծը թոթափելու և արցախյան հողն ազատագրելու վերաբերյալ նրա ելույթների մասին: Նա հատկանշական համարեց այն, որ Վ. Հակոբյանը Արցախի Հանրապետության օրհներգի հեղինակն է:
Ըստ ՀՀ ԳԱԱ Մ. Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի տնօրեն Վարդան Դևրիկյանի՝ Վ. Հակոբյանը այն սակավաթիվ հեղինակներից է, ով ոչ միայն ճանաչված բանաստեղծ է, այլև գրականագետ: «Նրա գրականագիտական աշխատանքներում նկատելի է շարադրանքի որոշակի գեղարվեստականություն: Վարդան Հակոբյանը կրկնակի սեր է տածում դեպի բանաստեղծությունը, և դա երևում է նաև նրա գրականագիտական աշխատանքներում, որոնք նվիրված են արդի հայ բանաստեղծության զարգացման միտումներին»,- նկատեց Վ. Դևրիկյանը:
ՀԳՄ քարտուղար, գրականագետ Պետրոս Դեմիրճյանը ներկայացրեց Արցախի գրական կազմակերպության ողջույնի խոսքը, ապա հավելեց, որ Վ. Հակոբյանի համար բառը, պոեզիան այն ժամանակ է ճշմարիտ ու վավերական, երբ անկեղծորեն բխում է հոգու խորքերից, որն իր հերթին աներևույթ կապի մեջ է տիեզերքի հետ: Անդրադառնալով գրողի բանաստեղծական պատկերների ինքնատիպությանը՝ Պ. Դեմիրճյանը նկատեց, որ Վ. Հակոբյանի պոեզիան հատկանշվում է ասելիքի, խոհի և զգացումի՝ մի կողմից մասշտաբայնությամբ, մյուս կողմից՝ խտացմամբ:
Գրականագետ Ազատ Եղիազարյանի հավաստմամբ՝ Վ. Հակոբյանը զարմանալի ճանապարհ է անցել՝ սկսելով իր սերնդի հետ, բայց ինչ-որ պահի կարողանալով վերափոխվել և դառնալ իսկապես ժամանակակից բանաստեղծ: «Բոլոր պարգևները պաճուճանք են, պատյան, քո միջուկը իսկական գրականությունն է, որով դու քո հետքն ես թողել հայ բանաստեղծության մեջ: Իբրև գրական մարդ, իբրև գրական կազմակերպության ղեկավար և իբրև բանաստեղծ՝ դեռ անելիք ունես»,- ամփոփեց Ա. Եղիազարյանը:
Գրականագետ Արքմենիկ Նիկողոսյանը խոսեց Վ. Հակոբյանի պոեզիայի մի քանի առանձնահատկությունների մասին, որոնցով ժամանակակից պոեզիայի ընթացքի մեջ կարևորվում է գրողի տեղն ու դերը: «Կարծես գործ ունենք երկու տարբեր բանաստեղծների՝ Արցախյան պատերազմից առաջ ընկած շրջանի Վարդան Հակոբյանի և հետպատերազմյան կամ անկախության շրջանի Վարդան Հակոբյանի պոեզիաների հետ»,- ասաց բանախոսը և շեշտեց նրա պոեզիային բնորոշ մի հանգամանք՝ չճանաչված պետության բանաստեղծ լինելու բացառիկության զգացողությունը, որը իր հետ բերում է և՛ գեղագիտական, և՛ գաղափարական, և՛ ընդհանուր պոետիկական բազմաթիվ առանձնահատկություններ: «Էքստրեմալ պայմաններում ստեղծված պոեզիա է՝ անկախ նրանից, թե թեմատիկ ինչ մասնավորություններ է ընդգրկում»,- բնորոշեց Ա. Նիկողոսյանը:
ՀՀ-ում Արցախի մշտական ներկայացուցիչ Կառլեն Ավետիսյանը նույնպես անդրադարձավ 1988 թ. փետրվարյան օրերին Վ. Հակոբյանի դերակատարությանը և ներկայացրեց Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի ուղերձը:
Ելույթ ունեցան նաև ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ, փիլիսոփա Ալեքսանդր Մանասյանը, արձակագիր Բակուր Կարապետյանը, գրականագետներ Սուրեն Աբրահամյանը, Արմեն Ավանեսյանը, պատմաբան Հրանտ Աբրահամյանը և ուրիշներ:
Վ. Հակոբյանի բանաստեղծություններից կարդաց երեկոյի հանդիսավար Գայանե Սամվելյանը:

Հայաստանը
ներկայացրեց Էլֆիք
Զոհրաբյանը

Գերմանիայում կայացավ «Next stage Europe» գրական փառատոնը, որին մասնակցեցին մինչև քառասուն տարեկան 13 դրամատուրգներ ԱՊՀ երկրներից: Հայաստանից բազմաթիվ քննարկվող պիեսներից ընտրվեց դրամատուրգ, հեքիաթագիր Էլֆիք Զոհրաբյանի «Սիրո ջերմաչափ» հեքիաթ-պիեսը, որից տեսարաններ թարգմանվեցին գերմաներեն և զետեղվեցին քննարկվող պիեսների շարքում: Փառատոնի շրջանակում տեղի ունեցան արդի դրամայի գրական տեխնիկայի դասեր Բեռլինում և Պոտսդամում, ինչպես նաև կինոդրամատուրգիայի վարպետության դաս Բաբելսբերգի կինոյի և հեռուստատեսության համալսարանում (պրոֆեսոր՝ Թ. Շուլց): «Դրամայի տեխնոլոգիա» թեմայով հանդիպում կազմակերպվեց անվանի պրոֆեսոր Պոլ Բրոդովկսու հետ Արվեստների համալսարանում: Դրամատուրգների համար հանդիպում էր կանխատեսվել նաև Հեղինակային իրավունքի կենտրոնական գրասենյակի ղեկավարների հետ, որոնք ներկայացնում էին զեկույցներ, մասնավորապես՝ գերմանացի գրողների հեղինակային իրավունքների պաշտպանվածության, ներկայացումից ստացվող բարձր տոկոսների, տաղանդավոր հեղինակներին սատարելու և այլ հարցերի շուրջ: Թատերագիրները դիտեցին նաև ժամանակակից հեղինակների բեմադրություններ Բեռլինի մոտ 150-ամյա Գերմանական թատրոնի մեծ ու փոքր դահլիճներում՝ գերժամանակակից տեխնիկայի կիրառմամբ: Գերմանացի լրագրողները հանդիպեցին բազմազգ թատերագիրների հետ: Նրանք տարբեր հարցեր ուղղեցին և Հայաստանը ներկայացնող դրամատուրգ Էլֆիք Զոհրաբյանին, ով անգլերեն խոսեց Թավշե հեղափոխության, ստեղծվող «դոկ դրամաների», հույսերով լեցուն, հոգեպես ուժեղ հայ երիտասարդության և այլ հարցերի մասին:
Հ.Գ. – Մոսկվայում տպագրված արդի պիեսների ռուսերեն անթոլոգիայում Հայաստանը ներկայացրին Է. Զոհրաբյանը և Ա. Սեմիրջյանը:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։