ՅՈՒՐԱՔԱՆՉՅՈՒՐԻՆ՝ ԻՐ ՀԵՔԻԱԹԸ / Սամվել ԿՈՍՅԱՆ

– Վերջին շրջանում հեքիաթին քչերն են անդրադառնում: Արդյո՞ք հասարակության համար հեքիաթն այլևս կորցրել է իր երբեմնի նշանակությունը:
– Թեև զարգացած տեխնոլո­գիաների դարաշրջանում մարդկության, մասնավորապես երեխաների միջավայրում շատ բաների հետ նաև հեքիաթներն են փոխարինվել համակարգչային խաղերով, հեռախոսներով և համացանցով, սակայն անառարկելի է, որ հեքիաթն ու հեքիաթայինը շարունակվելու են այնքան, որքան մեր մոլորակի վրա կարող է կյանքը շարունակվել, քանի որ հեքիաթների միջոցով է մարդկությունն արտահայտում անիրական թվացող իր երազանքներն ու ձգտումները, և միայն հեքիաթներում է հնարավոր դրանց իրականացումը: Այսօր, իհարկե, հեքիաթներն այլևս բանահյուսական-ժողովրդական չեն, այլ ավելի հեղինակային ծագում ունեն, ժանրն էլ որոշակի խմբագրումների է ենթարկվել: Ժամանակակից հեքիաթներում չես հանդիպի «լինում է, չի լինում», «ժուկով-ժամանակով» և նմանատիպ այլ կարծրատիպերի, պատմություններն այլևս չեն ավարտվում երկնքից երեք խնձոր ընկնելով: Այդուհանդերձ, հեղինակային հեքիաթներում նույնպես գերակա է ժանրին բնորոշ հիմնականն ու պարտադիրը՝ չարի և բարու պայքարում բարու հաղթանակը: Դժվար է ժամանակակից գրականության քարտեզը պատկերացնել առանց Գրիմ Եղբայրների, Շարլ Պերոյի, Անդերսենի, Լինգրենի, Ղազարոս Աղայանի և այլոց հանրաճանաչ ստեղծագործությունների: Հայերիս համար առանձնապես անգերազանցելի են Հովհաննես Թումանյանի հեքիաթները, որոնք մինչ այժմ էլ չեն կորցրել իրենց արդիականությունն ու գրավչությունը և դեռ շատ սերունդների են ուղեկցելու: Ո՞ր հային՝ փոքր թե մեծ, ծանոթ չեն «Անխելք մարդը», «Բարեկենդանը», «Կացին ախպեր», «Ձախորդ Փանոսի հեքիաթը», «Չախչախ թագավորը», «Կիկիոսի մահը», «Տերն ու ծառան» և հանճարեղ լոռեցու մյուս հեքիաթների հերոսները: Թումանյանն ինքն անձամբ բարձր է գնահատել ժանրը. «Հեքիաթի մասին ոչ միայն մեր «երջանիկ» աշխարհքում – ավելի լավ երկրներում էլ դեռ պարզ հասկացություն չունեն: Կարծում են դա հեշտ ու հանաք բան է: Գրականության մեջ ամենաբարձր արտահայտությունն է – ուր ամբողջը հավիտենական սիմվոլներ են»,- գրել է նա: Որ հեքիաթ գրելը հեշտ ու հանաք բան չէ, համոզվել եմ իմ «Ամենատխուր և ամենաուրախ քառսունոտնուկը» հեքիաթը գրելիս: Պետք էր զերծ մնալ լոզունգային արտահայտություններից, արհեստականությունից, հարմարվել երեխաների ընկալումների տրամաբանությանը: Նպատակս ոչ միայն ավանդական բարու և չարի հակադրությունն էր, այլև նշելը, որ երազանքին հասնելու ամենակարճ ճանապարհը վստահությունն է սեփական ուժերի նկատմամբ, որովհետև հեքիաթի արժեհամակարգի մեջ նույնքան պարտադիր են քաջության և անձնազոհության հատկանիշները: Հոգեբաններն այն կարծիքի են, որ հեքիաթն է երեխաների միակ ընկալելի իրականությունը, և որ նրանք հենց հեքիաթի միջոցով են ծանոթանում շրջապատին ու բնությանը, նրանց օգնությամբ են զարգացնում իրենց մտավոր ունակությունները, ինչն էլ մեծ պատասխանատվություն է ենթադրում: Անդրադառնալով հարցին, թե հեքիաթը կորցրել է իր երբեմնի ժողովրդականությունը՝ կուզենայի որպես հակառակ փաստարկ բերել անգլիացի գրող Ջեյ Ռոուլինգի՝ Հարի Փոթերի արկածների մասին պատմող գրքերը: Ապշեցուցիչ և զարմանալի է, որ ողջ աշխարհում՝ 2011թ. հունիս ամսվա դրությամբ, ավելի քան 450 մլն գրքի օրինակ է վաճառվել: Գրքերը թարգմանվել են աշխարհի 67 լեզուներով, և հանրաճանաչության հաղթարշավը դեռ շարունակվում է: Այնպես որ, կեղծ է պնդումը, թե հեքիաթը զիջել է իր դիրքերը: Պարզապես փոխվել են թիրախները, և բարության, սիրո ու խաղաղության դիմագիծն այլ շրջանակների մեջ է տեսանելի ու ընկալելի: Եվ ամենակարևորը… Աշխարհում յուրաքանչյուրը, անկախ տարիքից, սեռից ու դավանանքից, իր հեքիաթն ունի, առանց որի դժվար է պատկերացնել սեփական երջանկության և երազանքների ուղեծիրը…

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։