Բանակը միայն զենքը չէ, բանակին զորավիգ է նաև գրականությունը

Հունվարի 30-ին ՀԳՄ Մեծ դահլիճում տեղի ունեցավ ՀԳՄ-ի և ՀՀ Պաշտպանության նախարարության հետ համատեղ Հայոց բանակին և հայրենասիրական թեմատիկային նվիրված 2017 թ. մրցանակաբաշխության արդյունքների ամփոփման և մրցանակների հանձնման արարողություն:
ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանը, նշելով, որ բանակի թեման դարերի ընթացքում միշտ էլ հուզել է հայ գրողներին, հայ պատմիչներին, ընդգծեց, որ հայ պատմավեպերում, տարբեր աշխատություններում արծարծվում է այն միտքը, որ մեր պարտությունները հաճախ կապված են եղել բանակ չունենալու հետ: Խոսելով արցախյան խնդրի շուրջ հայ ժողովրդի համախմբվելու և հայոց պետական բանակի ձևավորման մասին՝ Էդ. Միլիտոնյանը նկատեց, որ Հայոց բանակը մեր անկախ հանրապետության ձեռքբերումն է և ամենօրյա, ամենժամյա հզորացման կարիք ունի: «Այն պետությունը, այն ժողովուրդը, որը բանակ չունի, չի կարող ունենալ ոչինչ՝ ո՛չ տնտեսություն, ո՛չ գրականություն, ո՛չ մշակույթ: Բանակը միայն զենքը չի, բանակին զորավիգ է նաև ժողովրդի լեզուն, խոսքը, բանաստեղծությունը, քարոզչությունը, որը պատմությունն է, ներկայի ոգին, մարդկանց առաջ մղող ուժը, նպատակը, իսկ այդ ամենը նաև գրականության միջոցով է արտահայտվում»,- ասաց ՀԳՄ նախագահը, ապա անդրադառնալով արդեն ավանդական դարձած մրցանակաբաշխությանը, ուրախությամբ փաստեց, որ այն աստիճանաբար ընդլայնվում է, մասնակցում են գրողներ Արցախից, Հայաստանի տարբեր մարզերից: «Սա գրողի համար, ըստ իս, ամենապատվավոր մրցանակն է»,- ամփոփեց նա:
Մրցանակաբաշխության հանձնաժողովի նախագահ Շանթ Մկրտչյանի հավաստմամբ՝ հեղինակներն այսօր առավել մեծ պատասխանատվությամբ են ներկայանում: Փաստելով, որ հայրենասիրությունը եղել է մեր գրականության հիմնական թեման, նա նշեց, որ այսօրվա երիտասարդը բոլորովին այլ կերպ է գրում հայրենիքի մասին: «Կարծում եմ՝ գրական այս թեմայի մեջ որակական փոփոխություններ և նրբերանգներ են մտնում՝ և՛ բովանդակության, և՛ գեղագիտության իմաստով, հենց այս թեման կարող է վեր հանել և փոփոխություններ մտցնել հայ մարդու կերտվածքում»,- ասաց Շ. Մկրտչյանը:
«Բանակի և գրականության հոգևոր կյանքի սկիզբը շատ հնուց է գալիս, չի երևում մի շրջան, որ հայ գրողն իր հոգուն մոտ չհամարի հայ զինվորին, հայ բանակը, հայ զորավարին՝ բանակի թեմային վերաբերվելով ներքին մղումով»,- ասաց մրցանակաբաշխության հանձնաժողովի անդամ Նորայր Ադալյանը՝ այս համագործակցությունը կարևորելով ոչ միայն գրականության, բանակի առումով, այլև հայ ժողովրդի հոգևոր կերտվածքի տեսանկյունից:
Այնուհետև ՀԳՄ նախագահ Էդ. Միլիտոնյանն ու ՀՀ ՊՆ տեղեկատվության և հասարակության հետ կապերի բաժնի պետ Արթուր Ավագյանը հանձնեցին մրցանակները:
Երաժշտական կատարմամբ հանդես եկավ ՀՀ ՊՆ «Զորական» համույթը (գեղ. ղեկ.` Արամ Գալստյան): Շնորհակալական խոսք ասացին մրցանակակիրները կարդացին իրենց բանաստեղծություններից: Գրական հանդիսությունը վարում էր Գայանե Սամվելյանը:

Շաքե ԵՐԻՑՅԱՆ

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։