ՆԵՐՍԵՍ ԽԱՌԱՏՅԱՆ / ՓՈՐԱՑԱՎԸ ԾԽԱԽՈՏԸ ՉԷ

– Սո՜սիկ, Սո՜սիկ… մի պապռոզ տու, հասնեմ տուն:
Հարևան Բագրատ բիձան է կանչում: Կարճահասակ, ջլուտ մի մարդ՝ կնճռապատ, պեպենոտ, փոքրավուն դեմքի համար կարճատեսի չափազանց մեծ ակնոցով ու հարբեցողությունից մշտապես կարմիր, մեծ քթով:
Նրանց տան ճանապարհը մեր դարպասի մոտով է անցնում, իսկ տների միջև ընկած տարածությունը հիսուն մետր հազիվ լինի, ուստի` ծխախոտը միայն պատրվակ էր, որ հայրս հրավիրի տուն՝ օղի խմելու, դե ձեռքի հետ էլ կօգտվեր նաև ծխախոտից:
Ամեն այսպիսի կանչից հետո հայրս պարտադիր հրավիրում էր տուն:
Բակից աստիճաններով երկրորդ հարկ բարձրանալիս, որպես կանոն, երկու-երեք անգամ խռպոտ հազում էր, զինվորական կտորից կարված հնամաշ բաճկոնի թևքով բերանը մաքրում, ապա պատշգամբում «բարիգուն» ասելով՝ ուղղվում դեպի սեղանի մոտ դրված թախտը: Հայրս առաջարկում էր նստել, թեև նա դրան չէր էլ սպասում, տնքալով նստում էր, նույն` զինվորական կտորից կեպին հանելով դնում սեղանին, ապա մշտապես ջրակալած աչքերի խորամանկ-սպասողական հայացքը միամիտ անմեղության արտահայտությամբ պատմուճանելով դիմում հորս.
– Հը՛, ինչ կա-չկա:
– Հեչ, բան էլ չկա:- Իր հմայիչ, տրամադրող ժպիտով պատասխանում էր հայրս և սեղանին գտնվող ծխախոտատուփը ձեռքով հրում դեպի նա: Վերջինս, սակայն, դրան չնչին իսկ ուշադրություն չդարձնելով, կարծես մոռացած, թե ինչի համար է եկել, անշտապ հանում էր ակնոցը, աչքերը տրորում, ապա նորից դնելով, հարցական, մի տեսակ հլու հայացքը հառում էր հորս: Հայրս նրա հոգու հետ խաղալու ակնհայտ միտումով, խաղացկուն ժպիտը դեմքին, ժամանակը ձգելով, առօրյա, սովորական ինչ-որ խոսակցություն էր սկսում. «Բա իմացա՞ր, որ…» կամ նման մի բան, որը նա կա՛մ ականջի պոչով էր լսում, կա՛մ ձևացնում էր, թե լսում է, վարպետորեն թաքցնելով օղեբաղձ անհամբերությունը: Այդ ընթացքում դեմքի արտահայտությունը նմանվում էր տնային, խոնարհ կենդանու դեմքի արտահայտության, որ ուտելիք ստանալու ակնկալիքով մեկ համակ նվիրվածություն էր ճառագում, մեկ խղճալի-հուսահատ անհամբերություն: Հայրս, սակայն, երբևէ չափի զգացումը չէր կորցնում, և թվում է՝ միշտ ճիշտ ժամանակին անսպասելիորեն խոսքն ընդհատելով հանկարծ դիմում էր նրան.
– Հը՛, մի բաժակ կխմե՞ս:
Տեսնեիք միայն՝ ո՜նց էր միանգամից կերպարանափոխվում և հրճվանքից պայծառանալով` աշխուժորեն իսկույն վրա բերում.
– Բա աչքն էլ չե՞մ հանի,- ասում էր, ապա ծխախոտատուփից երկու հատ ծխախոտ վերցնելով մեկը դնում էր ականջի ետևը, մյուսը՝ վառում: Այդ ընթացքում մայրս գրաֆինով տնական օղին թթվի հետ դնում էր սեղանին:
– Գևորգյա՛ն, մենակ բաժակները բեր, հերիք ա, ուրիշ բան պետք չի, նեղություն մի՛ քաշի,- միշտ այսպես դիմելով մորս` նա ոչ թե քաղաքավարության տուրք էր տալիս, այլ պարզապես խմելուց հետո սիրում էր միայն թթու օգտագործել, ասելով. «Արաղի իսկական զակուսկին հենց էս ա, մնացածը՝ հեչ»:
Առաջին բաժակը խմելուց հետո անմիջապես հացից հոտ էր քաշում, ապա թթվից վերցնելով գցում անատամ բերանը, այս ու այն կողմ տանելով ծամում: Մայրս կամաց-կամաց սեղան էր գցում, ընթացքում նրան համոզելով ուտել, բայց նա ուրիշ ոչ մի բանի ձեռք չէր տալիս:
Հայրս թեև իր բաժակն էլ էր լցնում, սակայն նրա հետ չէր խմում:
– Սո՜սիկ, խմի, արաղդ լավն ա…
– Իմ տանն ինձ հյուրասիրո՞ւմ ես,- ժպտալով հարցին հարցով էր պատասխանում հայրս, ապա ավելացնում.- Բագրա՛տ, դու իմ չխմելուն մի՛ նայիր: Սիրտդ ինչքան ուզում է՝ խմիր, ես գործ ունեմ անելու:- Ապա երկրորդ բաժակը լցնելիս (թեև արդեն լցնում էր), չգիտես ինչու, պարտադիր հարցնում էր.
– Հը՛, մե՞կն էլ…
– Հա՛, խասյաթս գիտես՝ խեր, շառ, Աստված,- ասում էր` հասկացնելով, որ երրորդն էլ է խմելու:
Երկրորդ բաժակից հետո միալար սկսում էր ինչ-որ անկապ պատմություններ պատմել: Թեև, կարծում եմ, շատ լավ հասկանում էր, որ հայրս իր այդ կիսատ-պռատ պատմությունների, անհամ զրույցի կարիքը չունի, սակայն պատմում-զրուցում էր հենց այնպես, մի բան ասած լինելու համար: Հորս դեմքին ձանձրույթ էր նկատվում, սակայն լինելով զուսպ մարդ, մի կերպ դիմանում էր, երբեմն-երբեմն քաղաքավարությամբ, որպեսզի չնեղացնի, փորձում էր ընդհատել, սակայն ապարդյուն: Նա իր խռպոտ, ոչ մի զգացում չարտահայտող միալար ձայնով շարունակում էր խոսքը՝ ուշադրություն չդարձնելով հորս՝ կարծես խոսելով ինքն իր համար: Լռեցնելու միայն մի միջոց կար, սակայն հայրս, նրան խղճալով, դրան դիմելու ժամանակը հնարավորինս ձգում էր: Վերջապես, երբ համբերությունն արդեն հասնում էր վերջնասահմանին, լցնում էր երրորդ բաժակը: Տեսնելով այդ` նա խոսքը կտրուկ ընդհատում էր և ակնապիշ հայացքը հառելով բաժակին՝ սպասում: Երբ այն արդեն լցված էր լինում, համարյա խլում էր հորս ձեռքից, ձգելով «է՜հ» ասում և մի շնչում դատարկում: Դրանից անմիջապես հետո անխոս ոտքի էր կանգնում, բարի գիշեր մաղթում ու օրորվելով գնում տուն:
Շաբաթվա երկու-երեք օրը դա կրկնվում էր: Չէր գալիս միայն այն օրերին, երբ կա՛մ հարբած էր, կա՛մ էլ տուն գնալիս մենակ չէր լինում: Նրա ամեն այցից հետո մայրս, նեղսրտած դիմելով հորս, բողոքում էր.
– Ծխախոտ է ուզում՝ տուր թող գնա, ի՞նչ ես ամեն անգամ տուն կանչում, նախ գալիս է խմած պակասն այստեղ լրացնելու, կեղտոտ կոշիկներով, գոմաղբի հոտը տարածելով տանը, անկապ-անկապ խոսում, քեզ նյարդայնացնում և վերջապես մեր տանից է հարբած տուն գնում: Չե՞ս կարծում, որ կմտածեն՝ մենք ենք խմեցնում: Թեև, որ մտածեն, կսխալվե՞ն:
– Ա՛յ կնիկ, դու շատ լավ գիտես, որ նրա փորացավը միայն ծխախոտը չէ, մարդ է, մոտ հարևան, ո՞նց չհյուրասիրեմ:
– Լավությո՞ւն ես անում, ի՞նչ է: Որ չկանչես, զոռով հո չի գա: Ծխախոտ է ուզում՝ տուր, թող գնա: Մի բան պատահի… Կարող է, չէ՞, պատահել:
– Լավ, սրանից հետո ասածիդ պես կվարվեմ, էլ տուն չեմ կանչի,- գլուխն ազատում էր հայրս, սակայն մեկ կամ երկու օր հետո նույնը կրկնվում էր:
Մորս համբերությունն անսահման չէր, և մի օր, այլևս չդիմանալով, ասաց.
– Եթե էլի կանչես, ստիպված կլինեմ նրան ասել, որ մեր տունն իր համար պանդոկ չէ:
Իհարկե, մայրս նման բան իրեն թույլ չէր տա, հայրս դա շատ լավ գիտեր, սակայն ձևացնելով, թե հավատում է նրան, կեղծ բարկությամբ նետեց.
– Կարծում ես՝ դրանից ես հաճո՞ւյք եմ ստանում: Վերջ, սրանից հետո հաստատ էլ չեմ կանչի:
Այս խոսակցության հենց հաջորդ օրը, սակայն, երեկոյան նա նորից ձայն տվեց.
– Սո՜սիկ, Սո՜սիկ… մի պապռոզ…
Մայրս լարված նայեց հորս: Նա էլ բարկացած ձեռքը թափ տվեց և վճռականորեն երկրորդ հարկից իջավ բակ: Ընդառաջ գնալով դարպասից արդեն ներս մտնող անկոչ հյուրին՝ նա ո՛չ այս, ո՛չ այն, ասաց.
– Բագրա՛տ, սրանից հետո, որ էլ նեղություն չքաշես կանչես, ես ամեն օր դարպասի մոտ գտնվող քարի (նստարան քար էր) ետևի մասում պապիրոս կդնեմ, վերցրու, ծխելով գնա տուն, – ասաց ու ծխախոտ մեկնելով ճանապարհեց: Այնուհետև բարձրանալով վերև՝ ինձ հանձնարարեց օրական մեկ հատ ծխախոտ դնել քարի ետևում:
Ես այդպես էլ վարվում էի, սակայն հարբած օրերին նա մոռանում էր ծխախոտը վերցնել, որից օգտվելով, ես ինքս էի այն վերցնում և ծխում: Ամեն առավոտ ստուգում էի, եթե տեղում էր լինում, վերցնում էի, իսկ երեկոյան հորս տվածը նորից դնում տեղը: Եվ այսպես շարունակ:
Մի օր, սակայն, կա՛մ մոռացել էի դնել, կա՛մ դեռ չէի հասցրել, կանչեց.
– Սո՜սիկ, Սո՜սիկ… մի պապռոզ…
Հայրս բարկացավ և առանց ներքև իջնելու, պատշգամբից պատասխանեց.
– Ասել եմ, չէ՞, որ էլ չկանչես, քարի ետևին է, վերցրու, գնա:
– Էհ չկա, որ լիներ…,- ասաց, սովորության համաձայն երկար, խռպոտ հազաց, ապա դժգոհ տոնով ավելացրեց.
– Որ լիներ, կվերցնեի, կգնայի:
– Լավ, սպասիր, հիմա երեխան կբերի: Ամեն օր պարտադիր դնում է, երևի ինչ-որ մեկը վերցրել է:
– Սա առաջին անգամը չի: Մի քանի անգամ չեմ վերցրել, օրենքով հիմա մի հինգ-վեց հատից ավել պիտի լինի, չկա:
– Ոչինչ, ասացի ինչ-որ մեկը երևի վերցրել է:
– Տեղը տղադ գիտեր մենակ, նա վերցրած կըլի:
– Տղաս ծխո՞ւմ է:
– Է՜հ, Սոսիկ, հիմա ո՞ր լակոտը չի ծխում:
Լակոտ բառն ակնհայտորեն հորս դուր չեկավ, և նա ակամա, կարծես ինձ արդարացնելու համար, ասաց.
– Գուցեև նա է, արդեն մեծ տղա է:
– Է՜հ, ինձ ինչ (տնքաց), ծխում ա, թող ծխի, բայց թող քոնից ծխի, իմի հետ ի՞նչ գործ ունի:
Հայրս ապշած մի պահ կարծես ցանկացավ ինչ-որ բան ասել, սակայն նա նորից երկար հազաց, բաճկոնի թևքով բերանը մաքրեց, ապա թթված դեմքին իրեն ոչ հատուկ մի նոր, թվում է` պարտատիրոջ պահանջկոտ արտահայտություն տալով, անսպասելիորեն մեծամիտ ու վերամբարձ տոնով ասաց.
– Լավ չի, լավ չի, մի անգամ որ ականջը կարգին քաշես, խալխի մալին աչք չի գցի, – ասաց, մի պահ դադար տվեց, ապա մի տեսակ ընդգծված լրջություն հաղորդելով բառերին, շատ կարևոր և խորը միտք արտահայտողի տեսքով ավելացրեց.
– Չե՞ս իմանում, որ «խալխի մալին աչք գցողի վերջը լավ չի վերջանա»:
Այդ «հեղինակավոր», հիմարավուն-խրատական տոնով համառ-աներեսությունից անակնկալի եկած, հորս դեմքին, թվում է` մի պահ բարկության նման մի բան հայտնվեց, սակայն լինելով ինտելիգենտ մարդ, նա կարողացավ տիրապետել իրեն, և առանց դժգոհության իսկ նշույլի, միայն իրեն հատուկ մեղմ, հեգնախառն ժպիտով պատասխանեց.
– Չուտողի մալը ուտողին հալալ ա: Սա երևի չգիտեիր, Բագրատ, կամ մոռացել էիր, իսկ տղաս սրանից հետո միայն իմից կծխի:
Ավելի ուշ, երբ նա արդեն գնացել էր, հայրս ինձ ասաց.
– Լսեցիր, չէ՞, ինչ ասաց՝ «Ուրիշի մալին աչք գցողի վերջը վատ կլինի», եթե ծխում ես, պետք չի այս կամ այն պատի տակ ծխել, տանը ծխիր և իմ ծխախոտից:
Ես կարմրելով ոչինչ չպատասխանեցի և մինչև դպրոցն ավարտելը այլևս ձեռքս ծխախոտ չվերցրի:

Գրեք մեկնաբանություն

Ձեր էլ․փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են * -ով։