Թուրքիայի և ԱՄՆ-ի նախագահներ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Դոնալդ Թրամփի այդքան երկար սպասված հանդիպումը տևել է ընդամեը 20 րոպե, ինչը թուրքական ընդդիմադիր մամուլը համարում է դիվանագիտական պարտություն՝ շեշտելով, որ Թուրքիայի սպասումներն այդ հանդիպումից չեն արդարացել ոչ մի կետով: Մինչ հանդիպումը, ԱՄՆ-ի նախագահի որոշումը՝ քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատներին զենք տրամադրելու մասին, խիստ հակազդեցության էր արժանացել Թուրքիայում: Անկարան կոչ էր արել Վաշինգտոնին «ետ կանգնել բռնած սխալ ուղուց»: Հավանաբար Էրդողանին չի հաջողվել Թրամփին համոզել չեղարկել իր որոշումը, միևնույն ժամանակ համաձայնության գալ Գյուլենին Թուրքիա արտահանձնելու վերաբերյալ: Նրա կանխակալ համոզմունքը, որ ռազմավարական գործընկերը կկանգնի իրենց կողքին և ոչ թե իրենց թշնամիների, փաստացի որևէ ձեռքբերում չի արձանագրել: Հանդիպման ընթացքում թեև Էրդողանը պնդել է Սիրիայի քրդական ջոկատների ու ԱՄՆ-ի համագործակցության անկարելիության մասին, հայտարարել, որ իրենք երբեք չեն ընդունի ԱՄՆ-ի և Սիրիայում գործող քրդական ջոկատների համագործակցությունը, Թրամփը դիվանագիտորեն շրջանցել է թեման, որը, ըստ թուրք լրագրողների, կարելի է ընկալել որպես. «Դու կորցրել ես տարածաշրջանում իմ ոստիկանի դերում լինելու առավելությունը, այժմ էլ ես աջակցում եմ Սիրիայի քրդերին, և նրանք շատ էլ լավ կարող են լցնել քո տեղը»: Սյունակագիր Ֆեհիմ Թաշթեքինը նշում է, որ ներկա աշխարհաքաղաքական իրավիճակով պայմանավորված, ԱՄՆ-ը միանշանակ չի փոխի իր դիրքորոշումը Սիրիայի տարածքում գործող քրդական ազգային ինքնապաշտպանական ջոկատներին տրվող ռազմական օգնության հարցում, իսկ Թուրքիան որքան էլ ընդվզի՝ չի կարող իրեն թույլ տալ կտրուկ խզել հարաբերությունները գլխավոր ռազմավարական գործընկերոջ հետ: Էրդողանին ԱՄՆ-ի երաշխիքներն են պետք, որպեսզի քրդական հարցը լուծելիս հաշվի առնվեն Թուրքիայի հետաքրքրությունները, ինչը միաժամանակ կանաչ լույս է ներքին ճակատում քրդերի դեմ պայքարի համար: Քրդական խնդիրը վերածվել է պատնեշի, որի հաղթահարման փորձերը գնալով ավելի դաժան և անմարդկային դրսևորումներ են ստանում: Այսպես կոչված «հակաահաբեկչական գործողությունը» հանգեցրել է նրան, որ հարյուրավոր քրդական բնակավայրեր ավերակների են վերածվել, մի քանիսն ընդհանրապես ջնջվել են երկրի երեսից: Նման գործողությունների զոհ են դառնում նաև այն ընտանիքները, որոնք ոչ մի առնչություն չունեն ապստամբների հետ: Ռմբահարվում են տներ, որոնցում երեխաներ են, կանայք, ծերունիներ: Արդեն իսկ մոտ մեկ միլիոն քրդեր ստիպված են լքել իրենց տները, և տեղահանումը շարունակվում է: Ծրագրված ոչնչացվում է այդ ժողովրդի գենոֆոնդը: Թուրքիան, վայրենության իր ձեռագրին հավատարիմ, ցեղասպանությամբ է փորձում երկրի օրակարգից վերջնականապես դուրս գցել քրդական գործոնը: «Քրդական հարցին հայկական լուծում» հոդվածում սյունակագիր Բաբահանը նշել է, որ թուրքական իշխանությունների ներկայիս գործողությունները պարզապես ոչնչացնում են «1915-ի դեպքերի մասին նրանց հնչեցրած բոլոր փաստարկները: Փորձում են արմատախիլ անել քրդերին ճիշտ այնպես, ինչպես արմատախիլ են արել հույներին, հայերին, եզդիներին, ասորիներին»,- գրել է նա: ԱՄՆ-ի և Արևմուտքի աջակցությունը Սիրիայի քրդական ջոկատներին, մեծացնում է քրդական նոր Ինքնավար պետության ստեղծման հավանականությունը, ինչը վերջնականապես կարող է անլուծելի դարձնել խնդիրը, շատերի կարծիքով, նույնիսկ նպաստել Թուրքիայի մասնատմանը: Հենց Արևմուտքի նկատմամբ դժգոհության իրողությամբ պիտի բացատրել Ռուսաստանին մերձենալու Թուրքիայի քաղաքական ծեքծեքումները, ինչն առնվազն բացասական է գնահատվել նախկին գործընկերների կողմից: Արևմուտքի որոշ պարբերականներ Էրդողանին մեղադրում են ՆԱՏՕ-ին վիրավորելու համար, մյուսների կարծիքով՝ Էրդողանը շարունակում է Ռուսաստանի հետ հարաբերություններ զարգացնելով «սպառնալիքների խաղ» կիրառել Արևմուտքի դեմ: Գերմանական Frankfurter Rundschten-ն իր հերթին նկատում է, որ «Էրդողանն իր արևմտյան գործընկերներին «հնազանդեցնելու» համար այս խաղը չափից շատ է կիրառել», ինչը կնշանակի, որ Արևմուտքն այլևս չի ուզում թուրքական քմահաճույքների հանդեպ կույր ու խուլ լինել, ինչից օգտվելով Ռուսաստանը՝ ի հակադարձ Արևմուտքի, փորձում է Էրդողանի առաջ լրիվ չփակել դռները: Թեև Էրդողանը հայտարարել է, որ Ռուսաստանի և Թուրքիայի համատեղ քայլերը կարող են ազդել Մերձավոր Արևելքում իրավիճակի վրա, շատ լրատվամիջոցների կարծիքով՝ այդ «համագործակցությունը» երկար կյանք ունենալ չի կարող, հաշվի առնելով, որ ռուսները նույնպես կարևորում և սատարում են ԻՊ-ի դեմ քրդական միավորումների գործողությունները: Նշանակում է՝ Էրդողանին այլ բան չի մնում, քան սպառնալ, որ քուրդ զինյալներին չեզոքացնելու համար Թուրքիան կձեռնարկի անհրաժեշտ քայլերը՝ անկախ Արևմուտքի դիրքորոշումից: Մնում է սպասել, թե որքանով Թուրքիան ի զորու կլինի հաղթահարել միջազգային հանրության դիմադրությունը, և թե այդ հանրությունը այս անգամ որքանով զիջող կլինի:
Կարդալ նաեւ․․․
ԵՎՐՈՊԱ – ՌՈՒՍԱՍՏԱՆ ԱՔՑԱՆԻ ՄԵՋ / Սամվել ԿՈՍՅԱՆ
Հունվարի 26-ին Դնեպրոպետրովսկի մարզի Բերեզնովատովկա գյուղում, Կիևի բախումների առաջին զոհ…
ԵՎՍ ՄԻ ՏԽՈՒՐ ՏԱՐԵՄՈՒՏ / Ազատ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ
Վերջին երկու տարեմուտները մեզ ուրախություն չեն բերում: Մենք հայտնվեցինք…
Տիգրան Արտաշեսի ԳՐԻԳՈՐՅԱՆ / ԳՐՔԻՑ ՄԻՆՉԵՎ ԳՐԱՄՈԼՈՒԹՅՈՒՆ
Խորհրդային տարիներին մեր ժողովրդի մոտ գիրք ընթերցելու մշակույթ էր ձևավորվել,…