Ազերիների կառավարության տարվա անդրանիկ նիստում Ալիևի հերթական ելույթը, բացի ադրբեջանական ոճի ստանդարտ մեկնաբանություններից, այս անգամ այլ դրսևորումներ էլ ուներ, ըստ որի՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված`«որոշակի հույսեր, որոշակի լավատեսական պահեր կան, եթե Հայաստանում գերակշռեն իրատեսական մոտեցումները» իրատեսականի պարագայում նկատի ունենալով, որ Հայաստանը «պետք է հենվի իրականության, իրական ուժերի հարաբերակցության վրա, իսկ Ադրբեջանի աճող հզորությունը այստեղ իր դերն է խաղում և խաղալու է», որ երկու երկրների միջև համեմատություն անցկացնելու դեպքում իր երկրի առավելությունը զգալի է բոլոր ոլորտներում: Հետևելով Ալիևի տրամաբանությանը՝ պիտի ենթադրել, որ ապագայում թելադրողը Ադրբեջանն է լինելու, քանի որ իրենք ուժեղանում են, Հայաստանը թուլանում է… Արդյոք իրականությունը համարժե՞ք է Բաքվի իշխանության լավատեսությանը, իրականություն, որը մի շարք իշխանավորների կողմից որպես ադրբեջանական ժողովրդի «ոսկե դարաշրջան» է որակվում: «Մինվայ.ազ» ադրբեջանական պորտալի իր հոդվածում Զիյադ Գարախանլին հարցնում է, թե ինչպես են «Գուբա և Իսմայիլ քաղաքների սոցիալական անկարգություններն ու դժգոհ քաղաքացիների բազմամարդ բողոքները համադրվում «ոսկե» համոզմունքի հետ: Ինչպե՞ս կարելի է ներկայիս ժամանակահատվածն անվանել «ոսկե դարաշրջան», երբ Ադրբեջանի միլիոնավոր քաղաքացիներ գումար հայթայթելու, աշխատանք գտնելու և լավ կյանքով ապրելու համար ստիպված են դեգերել տարբեր երկրներում: «Ոսկե դար» ապրող երկրում որտեղից այսքան մուրացկաններ, աղքատներ, անօթևաններ, գործազուրկներ, հարբեցողներ, թմրամոլներ, մարմնավաճառներ, հանցագործներ և այլք: Որտեղից այսքան սուր բևեռացում»: Հոդվածում նշվում է, որ Իսպանիայում, Անգլիայում և այլ երկրներում «ոսկե դարաշրջան» ընդունված է անվանել բարգավաճման և ռազմական հաղթանակների ժամանակաշրջանը, իսկ Ադրբեջանը պարտվել է պատերազմում: Վաշինգտոնի համալսարանի դասախոս, անկախ հետազոտող Քեթի Պիրսն էլ, օգտագործելով Կովկասյան բարոմետրի (CB) տվյալները, գրում է, որ Ադրբեջանի բնակչության 50%-ից ավելին ստիպված է սննդամթերքը պարտքով գնել: 2012 թ. տվյալներով` Ադրբեջանում հարցմանը մասնակցած մարդկանց 17%-ը ստիպված է ամեն ամիս պարտքեր անել մթերք գնելու համար, 1,2%-ը` ամեն շաբաթ, 8%-ը` երկու շաբաթը մեկ, 25,8%-ը` ժամանակ առ ժամանակ: Իսկ ըստ «Դալգա» երիտասարդական շարժման ղեկավար Հաջի Զեյնալիի հայտարարության՝ նոր տարվա 18 օրերի ընթացքում Ադրբեջանում 18 ինքնասպանություն է եղել: «Այս իրավիճակը նշանակում է, որ երկրում լուրջ սոցիալական խնդիրներ կան: Մենք պահանջում ենք, որ պետությունը հոգ տանի իր քաղաքացիների նկատմամբ»,- ասել է նա: Թվում է՝ նավթադոլարներից ստացվող ահռելի եկամուտների պարագայում իրավիճակը այլ նկարագիր պիտի ունենար, սակայն ինչպես ներկայացնում է նույն Գարախանլին. «Թե՛ սև ոսկին, թե՛ Մենդելեևի աղյուսակի ոսկին այնպես է պտտել մեր իշխանության ներկայացուցիչների գլուխները, որ որոշել են իրենց «ոսկե ճակատագիրը» փաթաթել ամբողջ ադրբեջանական բնակչության վզին: Ուղղակի ծիծաղելի է»: Իրականում ազերիները պատրաստվում են նոր պատերազմի՝ երկրի սոցիալական վիճակի բարձիթողի լինելը պայմանավորելով պատերազմի նախապատրաստությամբ: Որքան էլ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները կոչ են անում զերծ մնալ այնպիսի քայլերից ու հայտարարություններից, որոնք կարող են լրացուցիչ լարվածություն առաջացնել, ազերիները, հավատարիմ իրենց արկածախնդրությանը, շարունակում են սադրանքների գնալ՝ բոլոր հնարավոր ու ստոր միջոցներով բորբոքելով սպասվելիք պատերազմի կրակը: «Ղարաբաղի հարցը կարելի է լուծել այլընտրանքային ճանապարհով` ռազմական, չկա այլ ճանապարհ, ինչը թույլ կտա Ադրբեջանին` հասնելու ցանկալի արդյունքի»,- եզրակացնում է Ադրբեջանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Արազ Ալիզադեն: Միայն անհասկանալի է, թե երկրում կուտակված ահռելի դժգոհությունը ինչպես է «հայրենասիրության» փոխարկվելու նրանց մեջ, ում օգնությամբ Ալիևը փորձում է պատերազմել ու հաղթանակներ տոնել: Ադրբեջանի զորակոչի ու մոբիլիզացիայի պետական ծառայությունը հրապարակել է 1991-94 թթ. Ղարաբաղում մարտական գործողություններին մասնակցածների ու զոհերի թիվը, ըստ որի՝ Արցախյան պատերազմի ժամանակ ադրբեջանական կողմը 11 557 զոհ է ունեցել: Սակայն հայ փորձագետները նշում են, որ զոհվածների իրական թիվը գրեթե երեք անգամ ավելի է, և Բաքվի հերթական կեղծիքը սեփական հասարակությանը ապացուցելն է, թե ինչքան քիչ կորուստներ են ունեցել նախորդ պատերազմի ժամանակ: Նման ստահոդ հայտարարություններով ու սահմանային սադրանքներով Ադրբեջանը ոչ միայն չի նպաստում Վիեննայի հանդիպումից հետո ստեղծված լավատեսության շարունակականությանը, այլև հարցականի տակ է դնում հետագա հանդիպումներում դրական տեղաշարժ արձանագրելու հնարավորությունը: Եվ ամենակարևորը… Հնարավոր է, որ Հայաստանը «թուլանում» է, բայց նաև փաստ է, որ Ադրբեջանն էլ չի ուժեղանում: Այնպես որ, լավ կլիներ ռազմական հռետորաբանությանը զոռ տալուց առաջ, ազերիները երբեմն հիշեին, թե ժամանակին որքան փոքրաթիվ ուժերով է հայկական կողմը հետ մղել ադրբեջանական մեծաթիվ ու լավ զինված ստորաբաժանումներին: Երևի չեն ուզում. մեծ ցավ է հիշելը: Հիշեին, հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը նրանց դիվերսիոն խումբը սադրանքի չէր դիմի, հատելով հայկական սահմանը, որի ժամանակ «դիրքում կանգնած, ինը հոգուց բաղկացած հասարակ ստորաբաժանումը ետ է մղել Ադրբեջանի հատուկ նշանակության ստորաբաժանման երկու խմբի` շուրջ 30 հոգու»:
Կարդալ նաեւ․․․
Գուրգեն ԽԱՆՋՅԱՆ
Անկախությունը մեր մեծագույն ձեռքբերումն է, Աստծու շնորհի նման էր, որովհետև…
Սամվել ՄԱՐԳԱՐՅԱՆ / 2024 թվականը՝ խաղաղության տարի
Ավարտվում է պատերազմներով, բազում աղետ-արհավիրքներով, փորձություններով լի 2023 թվականը: Անցնող…
100-ԱՄՅԱԿԻ ՎԵՐՋԻՆ, 101-ԱՄՅԱԿԻ ԱՌԱՋԻՆ ՕՐԸ / Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
Եթե անգամ չես զգացել, ընթերցո՛ղ, այդ օրն ինձ հետ ես…