Իմ քաղաքում, ինչքան հիշում եմ, երբեք խաղաղություն չի եղել։ Դրա համար էլ, երբ խոսում են խաղաղությունից, ոչինչ չեմ հասկանում և ամաչում եմ հարցնել, թե ինչ է դա, ինչ գույն ու ձև ունի, տխո՞ւր է, թե՞ ուրախ, թռչո՞ւն է, թե՞ ապրում է ծովերում, ահե՞լ է, թե՞ ջահել, ովքե՞ր են ստեղծել այն, վերջապես՝ ո՞վ է այդ անտերի տերը։
Իսկ երբ ինձ փորձում էին բացատրել, որ այդ խաղաղությունը հրաշալի բան է, մեղրի նման, թոնրահացի նման, երեխայի նման էլ, ծիծաղում էի, ավելի էի մոլորվում, կորցնում ինքս ինձ։ Ավելի փորձառուներն ու իմաստուններն էլ ասում էին, որ դա այն է, երբ շինած տունդ չի քանդվում, երբ մահը անարգել չի թափառում երբեմնի ծաղկուն քաղաքիդ փողոցներում ու բակերում և տեղի-անտեղի չի ծեծում մարդկանց դռները, երբ փոքրիկները չեն մնում իրենց բաժին մանկության փլատակների տակ, երբ ամեն ինչ չի դառնում սև ու սպիտակ, միայն՝ սև ու սպիտակ, երբ հորինվածքին չեն փոխարինում իրական պատմությունները…
Իմ քաղաքում սուտը միշտ էլ եղել է բացակա, գիշերելու տեղ չի ունեցել, դրան նույնիսկ շները չեն նկատել։ Ամեն ինչ շոշափելի էր, տեսանելի, դիմակ չկար, եթե կար էլ, համարյա չէր օգտագործվում, որովհետև դրա կարիքը չէր զգացվում, որովհետև բոլորն իրար լավ էլ ճանաչում էին։ Օրինակ, գիտեին, որ այդ նույն ԽԱՂԱՂՈՒԹՅՈՒՆ բառը ամբողջ քաղաքում օգտագործողը միայն ու միայն Մեծ Հայրենականի վետերան, ֆրոնտավիկ Պետրոսյան Ասծատուրն էր, թեպետ ոչ մեկն էլ չէր հավատում, որ այդ Պետրոսյան Ասծատուրը գոնե մի ավտոմատը ձեռքին նեմեցի երես է տեսել։ Բայց մարդը պատերազմի վետերան էր՝ էն էլ էն մեդալներով, անհավատալի պատմություններով ու բառապաշարում տեղը տեղին հաստատված գերմաներեն մի քանի բառով վետերաններից։ Եվ նա այդ չորս-հինգ բառը այնքան վարպետորեն էր օգտագործում իր պատմությունները ներկայացնելիս, որ բնակիչներից մեկը մի գեղեցիկ օր համարձակվեց հաճույքով ներկայացնել իր հեղինակավոր կարծիքը պատերազմի, մարդկային հարաբերությունների ու լեզվի իմացության մասին…
– Ես մի գրամ անգամ չեմ կասկածում, մարդն առանց պատերազմին մասնակցելու չի կարող այդպես գեղեցիկ, այդպես հասկանալի, այդպես մաքուր տիրապետել նեմեցերենին…
Իհարկե, դրանից հետո էլ ոչինչ չփոխվեց մարդկանց մտածողության մեջ ու համոզմունքներում, ընդհակառակը՝ պատերազմի վետերանի հետ ամեն հանդիպումից հետո ավելի ու ավելի էին համոզվում, որ ամբողջ պատերազմում Պետրոսյան Ասծատուրի տեսածը խորը թիկունքում գտնվող զորամասերից մեկում հավաքարարություն անող, ռուս Տատյանա Վլադիմիրովնայի քիչ մը պառաված, սակայն դեռևս ախորժալի օրորվող… չասեմ ինչն էր։ Բայց թե ինչպես և ում միջոցով է նման անպատասխանատու ու գաղտնի տեղեկությունը հասել քաղաք, ոչ մեկը չգիտեր և, պատկերացնո՞ւմ եք, չէր էլ ուզում իմանալ։ Դա արդեն ոչ մեկին չէր հետաքրքրում։
Մի յուրահատուկ բան էլ կար մեր քաղաքում։ Բոլորն էլ զենք ունեին՝ որսորդական հրացանից սկսած, Նիկոլայի ժամանակների մոսիններով ու մաուզերներով դուրս եկած։ Կարևորը՝ դրանցից մեր տանն էլ կար։ Եվ չկար մարդ, որ չիմանար այդ զինվածության մասին։ Ես, օրինակ, իմ երեխա տեղով գիտեի, որ մեր հարևան թուրքը երկու հրացան ուներ, մյուսը՝ մեկը, փողոցի ծայրին ապրողը՝ երեքը։ Բայց, պատկերացնո՞ւմ եք, ոչ մեկը ոչ մի տեղ, ոչ մեկի ներկայությամբ չէր խոսում դրա մասին, և օրենքի պահապաններն էլ ցույց էին տալիս, որ ոչինչ էլ չգիտեն, որ նման բան հնարավոր չէ անգամ պատկերացնել։ Այսինքն՝ սովետական երկիրը որտե՜ղ, զենքը որտե՜ղ…
Ամենաառեղծվածայինն էլի այդ Պետրոսյան Ասծատուրն էր։ Ոչ մեկը չէր կարողանում պատկերացնել, որ նման մարդը նույնպես կարող էր զինված լինել։ Ասենք, որսորդական հրացանի եղածն ինչ է, գոնե դրանից ունենար։ Չէ, չէր բացառվում, բայց չէին հավատում, թեկուզև մի քանիսը չէին ժխտում այն տարբերակը, որ Ասծատուրը ֆրոնտից, հնարավոր է, ինչ-որ բան հետը բերած լիներ։
Մարդ ես, ամեն ինչ էլ հնարավոր է։ Սակայն ընդհանուր, հստակ ձևավորված կարծիքը սա էր՝ Պետրոսյան Ասծատուրը զենքի հետ գլուխ չուներ, ավելի ճիշտ՝ թվանքը Ասծատուրի բանը չէր, նա դրանից զզվում է, չի ուզում նույնիսկ անունը լսել։ Ձրի էլ տային, չէր վերցնի, բայց ոչ մի տեղ էլ բերանը չէր բացի, չէր ասի՝ իրեն ինչ են առաջարկել… դա արդեն պետական գաղտնիքի նման բան էր, անթույլատրելի…
Եվ ինձ թվում էր աշխարհի բոլոր քաղաքներում էլ այդպես է, որ առանց թվանքի ուղղակի հնարավոր չէ, չնայած այդ զենքը հազվադեպ էր օգտագործվում, այն էլ՝ սարերում ու ձորերում, դրանով ոչ մեկը ոչ մեկի վրա չէր գնում։ Տարիքն առած մարդիկ էլ բացատրում էին, որ, եթե, օրինակ, մեկն ունենար, մեկը՝ չէ, ապա այդ հրացաններով սպանությունները թիվ ու հաշիվ չէին ունենա։
Մի հետաքրքիր դիտարկում էլ, ես ինչքան փորձում էի մեր քաղաքի բնակիչներին պատկերացնել, ասենք, մի ուրիշ բնակավայրում, ուրիշ միջավայրում, ուրիշ մարդկանց շրջապատում, չէր ստացվում։ Նրանք, կարծես, հենց միայն մեր քաղաքի համար էլ ստեղծված էին։ Բայց ուրիշներն էլ մեր քաղաքում չէին տեղավորվում։ Մեկ-երկու օրից սկսում էին ձանձրանալ, դժգոհել, տրտնջալ, մտածել աննկատ հեռանալու մասին։ Մենք պարզ տեսնում էինք, որ նրանց համար մեր փողոցները նեղլիկ էին, խանութները՝ պուճուրիկ, մարդիկ՝ ճնշող, չարչարող։ Նրանք մեր աչքի առաջ շնչահեղձ էին լինում, ամռան տապին՝ մրսում։ Քիչ թե շատ համարձակություն ունեցողներն էլ իրենց պարտքն էին համարում մեզ հիշեցնել, որ մենք առնվազն մի հարյուր տարի աշխարհից ետ ենք մնացել։ Հիշում եմ, մեկն էլ ուղղակի ասաց, որ մեզ արգելել են տեղավորվել Նոյի շինած հսկայական տապանում, թեպետ ներսում տեղ՝ ինչքան ասեք։ Դրա ասելով՝ մենք մնացել ենք Մեծ ջրերի տակ, մենք էլ, մեր քաղաքն էլ…
Իսկապես, մեզ մոտ չգիտեին սուտն ինչ է և ինչի համար է, եթե, օրինակ, մեկն ասում էր մեռնում եմ, ուրեմն շուտով մեռնելու է մարդը, և համարյա ամբողջ քաղաքը սկսում էր նրան ճանապարհելու պատրաստություն տեսնել։ Եվ հարևաններին ու հարազատներին անակնկալի չբերելու համար յուրաքանչյուրն էլ իր պարտքն էր համարում ժամանակին տեղեկացնել իր որոշման մասին, ուզում եմ ասել՝ մարդն այդպես գլխին էր հավաքում այդ պահին կողքին գտնվողներին ու ներկայացնում կարևոր որոշումը՝ մեռնում եմ… Եվ ես, ինչքան տեղյակ եմ, դեռ ոչ մեկը չի հրաժարվել կամ վերջին պահին չի փոխել որոշումը։ Ուզում եմ ասել՝ սուտ մեռնելը մեր քաղաքում բացառված էր, սուտ մեռնել չկար։
Չեմ կարող չասել նաև, որ մեր այս բնակավայրում սիրում էին աքլոր պահել, ավելի ճիշտ կլիներ ասել՝ աքլորի պաշտամունք կար։ Բոլորի համար դա, կարծես, պարտադիր պայման էր, պահանջ։ Առանց աքլոր տունը տուն չէր, և այդ աքլորները տարբեր գույնի էին, տարբեր բոյի, ցեղատեսակի ու գեղեցկության, բոլորն էլ՝ մարտական։ Ես երբեք ուրիշ տեղ այդքան աքլոր չեմ տեսել։ Հատուկ էր դրանց խնամքը, սննդակարգը, վերաբերմունքը։ Աքլորը թվանքի նման բան էր, մեկ-մեկ էլ՝ ավելին։ Պետրոսյան Ասծատուրն էլ ուներ դրանցից, էլի մի քանիսը, բայց դրանք մի տեսակ դանդաղաշարժ էին, օրվա բոլոր ժամերին էլ՝ անտրամադիր, ծույլ ու անկիրք և երբեք չէին թողնում բնակության իրենց փոքրիկ տարածքը։ Մի քանի հավ գլխներին հավաքած՝ օրը մթնեցնում էին։ Ասծատուրը, կարծես, դրանով էլ էր ուզում համոզել, որ խաղաղությունից լավ, գովելի ու ցանկալի բան չկար աշխարհի երեսին։
Մերն, օրինակ, ուրիշ էր, մերը թքած ուներ նման ձևականությունների ու զգացմունքայնության վրա, մերը պատրաստ էր ցանկացած պահի, ցանկացած իրավիճակում նետվել մարտի՝ հաշվի չառնելով ո՛չ իր վրա եկողների քանակը, ո՛չ քաշային կարգը, ոչ էլ՝ տեսակը, էլ չեմ ասում՝ բարիդրացիական հարաբերությունները։ Մեր աքլորի համար սուտ ապրել չկար։ Նա և՛ մեր հավերին էր տիրություն անում, և՛ հարևանների հավերին՝ բնականաբար, հերոսաբար լուծելով դրանց ծանրաքայլ աքլորների հարցերը։ Բայց, թաքցնելու բան չկա, մեր աքլորի կենցաղը ոչնչով չէր տարբերվում, ասենք, նույն Պետրոսյան Ասծատուրի պարապ աքլորների կենցաղից՝ ո՛չ հատուկ խնամք, ո՛չ էլ հատուկ վերաբերմունք։
Պինդ, թանձր կարմիր էր, մկանուտ, մանրակատար, եղունգները՝ սուր-սուր դանակներ, կտուցը՝ նիզակ։ Կարգը՝ ցածր քաշային։ Առաջին հարվածի հնարավորությունն ու իրավունքն էլ ոչ մեկին չէր զիջում։ Եվ քաղաքն ապրում էր աքլորակռիվներով։ Եթե ինչ-որ տեղ հարյուրից ավելի մարդ կար հավաքված, ուրեմն, հերթական դաժան, արյունոտ ու աններում աքլորակռիվն էր, որը հաճախ ավարտվում էր պարտված աքլորի սպանդով։ Մարդիկ այդպես զրկվում էին նույնիսկ մի կերպ ձեռք բերած ավտոմոբիլից, թանկարժեք իրերից ու մեծ փողերից։ Իսկ մեր Կարմիրը, պարզապես, շատ էր սիրում կյանքը, շատ էր ուզում ապրել, առավոտյան արթնացնել ամբողջ թաղամասը, ուզում եմ ասել՝ մեր աքլորը չէր սիրում ու չէր կարողանում պարտվել, բոլորի հերն անիծում էր, չնայած, եթե պարտվեր էլ, մենք նրան մորթողը չէինք։ Իսկ ես բացարձակապես չէի հասկանում, որ այդ աքլորները, այդ աքլորամարտերը թուլացնում էի քաղաքում օրեցօր աճող լարվածությունը, որ այդ աքլորները կռվում էին մարդկանց փոխարեն։ Հայրս էր, մի օր, հերթական մարտից հետո, ուղղակի ասաց՝ եթե էս աքլորները չլինեին, մարդիկ մի քանի օրում իրար կուտեին-կպրծնեին։
Ճիշտ է, հաճախ այդ աքլորամարտերից հետո կարգին իրարանցում էր լինում երկու մասի բաժանված բնակիչների միջև, ձեռնամարտի որոշ տեսարաններ էլ երկար-երկա՜ր մնում էին մարդկանց հիշողության մեջ, ժողովրդական բանահյուսությունն էլ իր հերթին հարստանում էր արտահայտամիջոցների, մենախոսության ու երկխոսության յուրատիպ պատկերներով, բայց ոչ մեկը երբեք ձեռքը չէր մեկնում թվանքին, և, բնականաբար, ոչ մի թվանք ինքնուրույն չկրակեց։
…եթե աքլորները չլինեին…
Ընդամենը մեկ անգամ, երբ խառնամբոխը պաշարեց մեր միհարկանին ու պահանջեց մորթել ԿԱՐՄԻՐԸ, երկփողանին ակնթարթորեն հայտնվեց հորս ձեռքին… կրակելն արդեն կարևոր չէր…
…մարդիկ իրար կուտեին…
Ասում են՝ այդ նույն պահին Պետրոսյան Ասծատուրը բուռ-բուռ գարի էր շաղ տալիս իրենց ափաչափ տարածքում ծույլ-ծույլ քջուջ անող աքլորների առաջ և ամենևին էլ չէր պատկերացնում, որ իր երազած խաղաղությունը երբեք այդքան վտանգված չի եղել, որ իր հարազատ, հազար տարվա քաղաքը գտնվում է ՄԵԾ պատերազմի շեմին…
* * *
Հետո՞…
Ոչինչ…
Էլի նույնը… Հրացանները՝ տեղաշորերում ապահով թաքնված, մարդկանց դեմքին՝ կարկատած ժպիտ, աքլորները՝ կատաղած…
Մարդիկ էլ, ընդհանրապես, մեռնելու տրամադրություն չունեին։ Ծերանում էին, բայց հեռանալու մասին չէին մտածում։ Ծերանում էին երկրորդ անգամ, երրորդ անգամ, էլի ոչինչ չէր փոխվում։ Ուրիշ քաղաքներում, օրինակ, նման բան չկար։ Անհարմար բան եմ ասում, բայց ծեր մարդիկ մեզ մոտ աքլորներից էլ էին շատ, երեխաներից էլ։ Նրանք կարգին հագնված, փայլեցրած կոշիկներով շուկա ու խանութ էին գնում, զբոսնում էին, մասնակցում էին աքլորամարտերին, և ոչ մեկը չէր համարձակվում նրանց կողքին բարձրաձայն խոսել, ինչ-որ մեկից բամբասել, ուշունց տալ… Իշխանությունը նրանք էին, նրանք էին հրամաններ արձակողը, մարդկանց հաշտեցնողը, բնակավայրի կարգ ու կանոնը պահպանողը։ Եվ յուրաքանչյուրն ուներ հսկողության իր տարածքը՝ խանութներով, փողոցներով ու մարդկանցով։ Այստեղ առանց նրանց թույլտվության աքլորն անգամ հավաբնից դուրս չէր գալիս։ Անուն առ անուն գիտեին բոլորին, և, եթե, ասենք, մեկը փողոցում երկար ժամանակ չէր երևում, նշանակում էր ենթարկվել է տնային կալանքի, և ոչ մեկը չէր համարձակվում բարեխոսել կամ խնդրել նրա համար։ Ներում-բեկում չկար, և մեղավորները պատիժը կրում էին մինչև պատժի վերջին վայրկյանները։
Բայց մի օր տներից մեկում որոտաց թվանքներից մեկը։ Անհասկանալի, անժամանակ, չպատճառաբանված ու անառիթ։ Աշունը նոր-նոր էր ժամանել, և ամեն ինչ այնքա՜ն գեղեցիկ էր, այնքա՜ն գեղեցիկ էր, որ մարդ չէր ուզում մտնել տուն։ Փողոցն ի վեր բարձրացող գույներ էին։ Գունավոր էր նաև մարդկանց տրամադրությունը։ Բայց որոտաց թվանքը։ Ինչո՞ւ… մի՞թե… ո՞վ… չէ, ամեն ինչ պատահական էր։ Թվանքը պատահականորեն հայտնվեց դպրոցից նոր տուն եկած երեխայի ձեռքին… նա էլ, եղբորը վախեցնելու համար, մատը պատահաբար դրեց ձգանին ու… փողոցն ի վեր բարձրացող գույները դարձան մեկը… միայն կարմիր… թանձր կարմիր… առվակ… գետ… ծով… խեղդող, ոչնչացնող…
Եվ քաղաքում սկսվեցին հրացանների ձերբակալությունները։ Հավաքում էին տասնյակներով, հարյուրներով։ Գիշերը։ Ցերեկը։ Դիմադրողին հրացանի հետ էլ տանում էին։ Թվում էր՝ դատարկվեց քաղաքը, բայց գիշերները մի խուլ, կծու, գիշատիչ ոռնոց գալիս, նստում էր դարպասների առաջ, ծեծում պատուհանները։ Քաղաքը դարձել էր կատաղած շուն ու չէր հանգստանում։ Աքլորներն անգամ չէին ավետում լուսաբացը։
Պետրոսյան Ասծատուրն էր, որ համարյա չէր փոխվել։ Ամեն օր էլի գարի էր շաղ տալիս հավերի առաջ ու շարունակում կիսատ թողած պատմությունները մարդակեր պատերազմի մասին։ Պատմում էր, եթե անգամ կողքին ոչ մեկը չէր լինում։ Պատմում էր իր համար՝ կարծես վախենալով մի օր մոռանալ մանրամասներն ու կարևոր պատկերները։ Եվ մեզ թվում էր՝ Պետրոսյան Ասծատուրի խելքը գլխին հրաժեշտ է տվել, գիշերը եղել է, բայց երբ լույսը բացվել է, թողել-հեռացել է անվերադարձ։ Եվ պատերազմի վետերան, խաղաղության պահապան Ասծատուրը մնացել է առանց խելքի, մենակ, միշտ դարպասի առաջ նստած… ասես ամենաքիչը մի հինգ հարյուր տարեկան…
Ես զգում էի, որ ինչ-որ բան այն չէ, որ քաղաքը և՛ իմն է, և՛ իմը չէ, որ անծանոթ, ցուրտ, անհասկանալի մի ուրվական ամենուր հետևում է մեզ, որ մենք զրկվել ենք օրվա ցանկացած պահի մի թաղամասից մյուսը գնալու իրավունքից ու ազատությունից, որ մեր ցանկությունները դարձել էին զառամյալ ծերունիներ… իսկ Պետրոսյան Ասծատուրը ամբողջ օրվա ընթացքում սկսել էր ընդամենը մի քանի բառ օգտագործել.
– Մարդիկ պատառ-պատառ են արել, լափել են խաղաղությունը… մահը մեծ-մեծ քայլերով մոտենում է մեր քաղաքին…
Ոչ մեկն, իհարկե, լուրջ չընդունեց նրա ասածը, բայց մարդիկ սկսեցին հաճախակի վիճել իրար հետ, ամեն մի ձեռնամարտ էլ ավարտվում էր դանակահարությամբ։ Թշնամացան հարևանները, անգամ՝ երեխաները։ Ամեն ինչ մի տեսակ անկազմակերպ էր, տարերային, հանկարծակի։ Տարիքն առած մարդիկ դարձան ավելորդ։ Երիտասարդները ձեռ էին առնում նրանց, ծիծաղում ամեն արտահայտության վրա։ Աղմուկ-աղաղակի կիզակետում սկսեցին երևալ նաև կանայք։ Սկզբում՝ ընդամենը մի քանիսը, մեկ-երկու հոգի, հետո ավելի շատ, ավելի ու ավելի շատ, տղամարդկանցից դաժան, գիշատիչ, վայրենի, զինված անեծքով, դանակներով ու մահակներով։ Գործի էին դրվում նաև բահեր, կացիններ ու ծանր մուրճեր… Հետո էլ այդ փոքրիկ, երբեմնի շեն ու ծաղկուն բնակավայրը բաժանվեց փողոցների, հետո՝ թաղամասերի ու բակերի, և մութն ընկնելուց հետո քաղաքն ամբողջությամբ դատարկվում էր, մարդիկ մինչև մութն ընկնելը աճապարում էին տուն, իսկ ուշացածները ստիպված գիշերում էին այնտեղ, որտեղ մնացել էին։ Մեկն ասում էր՝ ժամանակը կանգ է առել քաղաքի պատերի տակ, մյուսն էլ՝ ընդհակառակը, համոզված էր, որ այդ ժամանակ կոչվածը ավելի ու ավելի արագ է կատարում իր առաքելությունը, այսինքն՝ այդ քաղաքն էր, որ չէր կարողանում հասնել ժամանակի ետևից… և, թվում էր, անվերջ էր այդ ամենը։ Յուրաքանչյուրը համոզված էր, որ հաղթողը հենց ինքն է, և միայն ինքը իրավունք ուներ արձակել հրամաններ ու կայացնել որոշումներ, որ մինչև ինքը չհաստատեր իր իշխանությունը, խաղաղությունը երբեք չի վերադառնալու քաղաք, և քաղաքը օրեցօր դատարկվելու է, հայտնվելու է Երկնայինի անեծքի տակ, վերանալու է աշխարհի երեսից…
Բայց օրերից մի օր, իրիկնաժամին, երբ իսկական մարտադաշտի էր վերածվել քաղաքի թաղամասերից մեկը, որոտաց հանելուկային, առեղծվածային, նորահայտ մի թվանք։ Ինչ խոսք, մինչ այդ շատ հրացաններ էին վստահ ազդարարել իրենց գոյության մասին և այդպես հաստատվել մեզ մոտ, բայց ուրիշ կրակոց էր իրիկնաժամի այդ կրակոցը, բոլորից տարբերվող, ինքնավստահ, հրանոթի նման, սաստող, զգուշացնող, նաև՝ եզակի… բայց ինչպե՞ս… չէ՞ որ բոլոր հրացանները ձերբակալված էին, և դրանցից ոչ մեկը, ինչքան հայտնի էր, չէր վերադարձել կալանավայրից։ Մարդիկ դեռ չէին հասցրել այս հարցերի դեմն առնել, թվանքը դղրդաց երկրորդ անգամ, հետո՝ երրորդ…
Քաղաքը ծնկի եկավ…
Միայն տարիներ հետո հայրս կրկին ներկայացրեց իր կարծիքը՝ ասելով, որ ինքը երբեք էլ չի կասկածել, որ էդ Ասծատուրը ֆրոնտից հետը ինչ-որ բան բերած կլիներ։ Եվ, բան է, եթե բերած չլիներ, մեր բնակավայրն, իսկապես, վաղուց հայտնված կլիներ ջրի տակ… թեպետ մեր կողմերում ոչ ծով կար, ոչ էլ գոնե մի կարգին, հորդառատ գետ…
