ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ԱՌԱՋԻՆ ԱՐԴՅՈՒՆՔՆԵՐԸ
ՀԳՄ Սուրեն Քոչարյանի անվան «Պոեզիայի թատրոնը», ի դեմս հիմնադիր տնօրեն, Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի դերասան, ՀՀ վաստակավոր արտիստ Սամվել Բաղինյանի՝ սեպտեմբեր ամսից սկսած, հաշվի առնելով նաև այն փաստը, որ ԿԳՄՍ նախարարության կողմից 2026/27 ուսումնական տարին հայտարարվել է ընթերցանության տարի՝ աջակցությամբ արձակագիր, ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, ՀԳՄ Գեղարքունիքի բաժանմունքի ղեկավար Տիգրան Նիկողոսյանի, սկսել և հաջողությամբ շարունակում է հանդիպումները դպրոցներում։
«ՍԱՍՆԱ ԾՌԵՐ» էպոսի առավել խորքով ճանաչման և թարգմանական գրականության մատուցման շրջանակներում սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսների ընթացքում հանդիպումներ են կայացել մայրաքաղաքի, Արագածոտնի, Գեղարքունիքի, Տավուշի մարզերի շուրջ երեսուներկու դպրոցների աշակերտների հետ։
Առավել հուզիչ էին հանդիպումները Գեղարքունիքի մարզի սահմանամերձ Ճամբարակ և Թթուջուր, ինչպես նաև Տավուշի մարզի սահմանամերձ Այգեհովիտ և Վազաշեն համայնքներում գործող դպրոցների աշակերտների հետ (այս դեպքում «Նարեկացի» արվեստի միության աջակցությամբ), որոնք անցան նախապես կազմված ծրագրին համապատասխան. նախ՝ էպոսի մասին բանախոսություն (Տիգրան Նիկողոսյան), ապա՝ ասմունք ոչ միայն էպոսից ամբողջական հատվածների մատուցմամբ (Սամվել Բաղինյան), այլև հայ դասականների (Թումանյան, Չարենց) գործեր՝ այս դեպքում նաև դերասան Քաջիկ Հարությունյանի մասնակցությամբ։
Նախատեսվել և արդեն ընթացքի մեջ են «Դասականներ և ժամանակակիցներ» շարքը, ինչպես նաև առանձին հուշ-ցերեկույթ է պատրաստվում` նվիրված բանաստեղծ Արտաշես Արամի հիշատակին:
