ԵՐԿՈՒ ԳՐՔԻ ՇՆՈՐՀԱՆԴԵՍ

Տեղի ունեցավ Արարատ Ղուկասյանի (Իսպանիա) «2020 գողացված տարի» և «Երեք հետգրություն» գրքերի շնորհանդեսը: ՀԳՄ նախագահ Էդվարդ Միլիտոնյանն իր խոսքում նշեց. «Արարատ Ղուկասյանը մտածողական, պատկերավոր գիր ունի» և խոսեց սփյուռքում բնակվող գրողների ներուժի մասին՝ հայ գրականությունը  թարգմանաբար հրատարակելու և հանրահռչակելու ասպարեզում:

Շնորհանդեսը վարում էր բան. գիտ. թեկնածու Արմեն Ավանեսյանը, որ «Երեք հետգրություն» գրքի խմբագիրն ու առաջաբանի հեղինակն է: «Տրոփող, ժամանակի հետ քայլող բանաստեղծություն է Արարատ Ղուկասյանի բանաստեղծությունը: Նրա պոեզիային հատուկ է զգայականությունը և մտքերի տրամաբանական կառուցվածքը: Նա կարողանում է երկխոսել ընթերցողի հետ. ընթերցողը մասնակից է լինում գրական տեքստի ձևավորմանը»,- նշեց նա:

«Հայաստանի հանրապետություն» թերթի նախկին խմբագիր Արթուր Ղարագյոզյանը խոսեց Արարատ Ղուկասյանի՝ հայկական մշակույթի ու հայապահպանության ուղղությամբ Իսպանիայում կատարած աշխատանքների մասին: Արձակագիր Տիգրան Նիկողոսյանը, շնորհավորելով հեղինակին, նշեց. «Ուրախալի է, որ սփյուռքում ապրելով՝ Արարատ Ղուկասյանն իր ստեղծագործությամբ և գործունեությամբ ներկայացնում է հայրենիքը»:

Երևանի Մ. Մկրտչյանի  անվան արտիստական թատրոնի դերասան Սարգիս Վարդևանյանը և թիվ 164 դպրոցի աշակերտները ընթերցեցին Արարատ Ղուկասյանի բանաստեղծություններից:

Արարատ Ղուկասյանը շնորհակալություն հայտնեց Գրողների միությանը՝ հյուրընկալության համար, նաև ելույթ ունեցողներին, դպրոցականներին և մասնակիցներին: Նա ընթերցեց իր բանաստեղծությունները, ինչպես նաև Չարենցի ու Սևակի բանաստեղծությունների իր իսպաներեն թարգմանությունը: «Մենք պիտի կարողանանք մեր դասական ու արդի գրականությունը հասցնել համաշխարհային գրականությանը, որպեսզի մեր տեղը լավ ընկալվի, մեզ ճիշտ հասկանան, որպեսզի Թումանյանը, Չարենցը, Իսահակյանը, Տերյանը, Սևակը նույն ձևով հնչեն, ինչպես օտար հեղինակները»,- նշեց նա:

Սեփ. լրտ.