«ՆՈՒՌ ՈՒ ՎԱՐԴ ԻՐ ՀԵՏ ՏԱՐԱՎ…»
Դարձյալ հուշն է ծխում, հուշը իբրև բաց վերք…
Արտաշես ԱՐԱՄ
Այս օրերին, երբ տաղանդավոր մեր ընկերոջ հոգին երկինք բարձրանալուց առաջ արծվային ծանր ու սլացիկ վերջին պտույտներն է գծում բոսոր ու ոսկեդեղին աշնանային կապույտ երկնքի անսահմանության մեջ, իմ աչքի առջև շուրջ կես դար առաջվա «Գարունի» հերթական համարն է, որի էջերից մեկում տակավին Թալինի շրջանի Կաթնաղբյուր գյուղի միջնակարգ դպրոցի տասներորդ դասարանի աշակերտ Արտաշես Ղազարյանի բանաստեղծությունների մի փունջ էր ներկայացված։
Գրականությամբ տարված պատանիներիս համար «Գարունում» տպագրվելը շատ դեպքերում արդեն իսկ գրականության` այնպես ցանկալի աշխարհ մուտքի այցեքարտ էր, և Արտաշեսը ստացած այցեքարտն ամբողջ կյանքում կրեց ասպետավարի արժանապատվորեն և իր տեղն ու չափն իմացող մարդու պատվախնդրությամբ։ Կարծում եմ՝ իր նախնիներից որպես կյանքի ուղեկից ու գլխավոր դաս ստացած ներքին ըմբոստությունն իր հետ Երևանի պետհամալսարան բերած պատանին, այնուհանդերձ, շատ լավ էր ըմբռնել «կտրվելուց հետո է միայն երևում ծառի բուն հաստությունը» սևակյան չափածո տողերի իմաստությունը (քառասուն օր առաջ սկսվել և այսօր արդեն նաև իր պարագայում է հաստատվում մեծի տողը)։
Իսկ ի՞նչ էր բերել իր հետ զարմանալիորեն միշտ թախծոտ աչքերով այդ տղան. իր ավագների էպոսային պատմություննե՞րը, հայդուկային շարժման առասպելական հերոսների անուննե՞րն ու անհավանական թվացող պատմություննե՞րը, նաև իր հայրենակիցների կատարմամբ հնչող և լսողի սիրտն ալեկոծող խրոխտ երգե՞րը, Էրգրի չմարող կարո՞տը, թե՞ հազար ցավ տեսած ծերունիների ապշելու բարությունն ու մայրական այն գորովանքը, որն արտահայտելու համար, թվում էր, ոչ մի կերպ ժամանակ չէր լինում։
Եվ մի՞թե պատահական էր, որ իր կեսդարյա գրական գործունեության հիմքում որպես ուղղորդող խարիսխ մնացին հատկապես իր մանկության օրրանում ամեն երեկո ջղարայի ծխի պես աչք ու սիրտ մրմռացնող զրույցները, որոնցից հորդում էին ՍԵՐԸ, ՑԱՎԸ, ԿԱՐՈՏԸ, որ հասունացող տղայի գրչի ներքո պիտի դառնային ապրող ու ապրեցնող բանաստեղծություններ։
Իսկ մինչ այդ Կաթնաղբյուրի հայրական հացատան նեղլիկ պատուհանից հայացքը հարավ` փոքրիկ տղան փորձում էր գտնել նախնյաց թանկ ծննդավայր տանող ճամփան, որ համարյա անսխալ գիտեր մեծերի ամենօրյա պատմություններից, իսկ հայացքը փակող ժայռը նրա երևակայության մեջ դառնում էր ծաղկած մասրենի, հուշում ամենալավ ուրցի ձոր տանող արահետը։
Արագածից սկիզբ առնող ձնհալի ջրերի վճիտ սառնության մեջ տարրալուծվող առօրյա խնդիրներն ու մանկութ օրերի` սիրտ ցավեցնող հիշողություններն ուղեկցեցին նրան միշտ` ճանապարհ բացելով բանաստեղծության, էսսեի, գրականագետի մակարդակով ու ավելի գրված գրախոսության կամ իր հավանած ավագ ու հասակակից գրչընկերների ստեղծագործական դիմանկարի համար, որ անում էր ամենայն պատասխանատվությամբ։
***
Բնավ չէի մտածի, որ մի օր այսպիսի խոսք պիտի գրեմ հասակակից գրչընկերոջս համար, որն ավելի քան երկու տասնամյակ առաջ այնքան խորն ու գեղեցիկ գրեց «Աչքերի մեջ` լույս, շուրթին` ժպիտ, սրտի մեջ` կրակ» գրականագիտական էսսեն «Գոյի ազնվական կերպը» ենթավերնագրով` իմ ծննդյան հիսունամյակի առիթով։ Դա, իհարկե, այդ բնույթի միակ գործը չէ, գիտեմ, որ ամբողջն հավաքել-կազմել-հրատարակելու դեպքում ծանրակշիռ և ծավալուն մի հատոր է կազմելու` իսկական սեղանի գիրք բոլորիս համար։ Եվ եթե նման գործ ձեռնարկվի, անպայման պիտի առաջարկեմ նաև իմ արխիվում սրբորեն պահվող իր մի ձեռագիր էսսեն` գրված համարյա մեկ աշակերտական տետր։ Մի քանի տարի առաջ, երբ նաև իմ օգնությամբ Երևանում լույս տեսավ Բուլղարիայի նախկին վարչապետ, մայրական կողմից հայուհի Ռենետա Ինջովայի «Արմատներ և ծաղիկ» շատ հուզիչ գիրքը, մեկ օրինակ իր շնորհալի և խոնարհ դուստր Շուշանիկի միջոցով ուղարկեցի Արտաշեսին։ Ինչ սիրուն էր գրել, ինչ խորքով էր հասկացել երկուսիս հասակակից, իր պես եղեռնազարկ տոհմի շառավիղ, Բուլղարիայի Ստարա Զագորա քաղաքում ծնված կնոջը։
Եվ ընդհանրապես, ինչպես էր ուղարկածդ մի գործի մեջ գտնում ու առանձնացնում մի տող` ընդգծելու արածիդ կարևորությունը, ոգևորելով ու վերստին մղելով դեպի գրասեղանը։
Իսկ ի՜նչ ուրախ էր, երբ իմ հայրենի եզերքում էինք` Գավառի Կարմիրգյուղում հայրենյաց զինվորներին նվիրված մի հուշակոթողի բացման առիթով, և գյուղական համեստ միջավայրում իրեն հենց իր ափսեի մեջ էր զգում…
Հեշտ չապրեց։ Մնաց մտավորականի իր կերպարին և հայ գրին ու գրչությանը հավատարիմ։
Այդպես անարծաթ ու անշահախնդիր մեր խոնարհ դպիրներն էին վանքի իրենց խցում ջրի ու հացի փոքրիկ պաշարով բավարարված` գրում մեր պատմությունը։
Որպեսզի սերնդից սերունդ պահպանվի հողի և արյան հիշողությունը։
Արտաշես Արամ Ղազարյանն իր կյանքն այդպես ապրեց և իր գիրն այդպես արարեց։ Ուզում եմ հավատալ, որ իր գիրն էլ կմնա սերունդների համար։
Տիգրան ՆԻԿՈՂՈՍՅԱՆ
ՀՀ վաստակավոր ժուռնալիստ, արձակագիր
