Մնաք բարով, հիշատակնե՜ր / Մարինա ՖԱՐԱՄԱԶՅԱՆ

 

Մնաք բարով, հիշատակնե՜ր,

Այդքան ուրախ և դառը,

Ձեզ ուղարկում եմ –

Հոգուս խորք․

Լուռ դատաստան է,

Սառը…

Կծառայեք՝ որպես աղյուս

Շարող մի վեհ պարիսպ,

Որ պաշտպանի ընդվզումից

Եւ հայացքից

Նույնիսկ։

***

Կնկատեմ ամեն մի քար,

Որ հեգնանքով նետվեց

Ճամփին։

Եվ ամեն պահ՝

Հուզիչ կամ դառը,

Որ հայտնվեց իր ճիշտ հերթին…

Զգացմունք նետված ամեն մի նետ,

Որ չհասավ  ստույգ նպատակ,

Կհավաքեմ, որ կառուցեմ

Ոգու ամրոց՝

Անհպատակ։

 

***

Ստվերներում են թաքնվել

Մեր բոլոր հույզերը՝

Ցավը, վախը և գաղտնի

Ալեկոծ մտքերը…

Զուսպ ծածկվել են

Շողքերով,

Շվաքով պատիր,

Եվ դողում են

Վախեցած՝

Ստեղծելով

Խնդիր։

 

***

Ժայթքում են խոսքերը՝

Իբրև թե կայծակ,

Պոռթկում, բռնկվում է

Հոգին…

Եվ պարզ է դառնում՝

Արդի ամեն բառ

Ունակ է փոխել

Ողջ ուղին։

Եվ պարզ է դառնում,

Որ այդքան շիկացած

Թեժ խոսքը դառնում է

Խարան՝

Դրոշմող իր ճամփին

Ամեն խոսքն հնամաշ

Այսօր, որ դարձավ

Իրական։

 

***

Թույլ տվեք ինձ պատկերել

Վիթխարի ժայռերը,

Որ բարձել են ուսերին

Ու պահում են բեռը…

Եվ, թեպետ, ամուր կանգնած

Հնազանդ հողին՝

Սլանում բարձունքներով՝

Նշելով ուղին։

 

***

Տողերի արանքում՝

Խորամիտ՝ իբրև սաստ,

Թաքնվել է ընդերձ

Անաչառ մի իմաստ…

Պարուրված միշտ բազում

Զանազան շերտերով

Գիտակցում է ստույգ գին՝

Չնշված թվերով։

Կատարում անաղմուկ

Նա իր դերը վսեմ,

Եվ երբեմն բարձրանում

Հին հարթակ՝

Կյանքի բեմ։

 

***

Եվ ինչքան էլ, որ փորձեք

Դուք թևերն կոտրել հոգու,

Անհնար է կանգնեցնել

Կայծ՝ ծագող նրա խորքում։

Ականջին ձեր օղ արեք․

Ետ կգա՝ իբրև փյունիկ՝

Պատասխան պահանջելու

Խիստ կերպով և շատ սաստիկ։

 

***

Կրկին ամեն ինչ վերածվում է բառի,

Կրկին ամեն ձայն հաղորդիչ է…

Իմաստը վսեմ և իմաստն վիթխարի

Մեկտեղ և փրկիչ, և՜ սադրիչ է։

Տանում է բարձունք,

Հասցնում վերնաշխարհ,

Այնպես որ ամեն լոկ մի բառ՝

Դառնում է հորձանք,

Ուժերի վես ու հին,

Անսկիզբ են որոնք

Եվ անսպառ։

 

***

Եվ այն ամենը, որ դատեն՝

Որպես անհիմն և զուր պայքար,

Ես կխնդրեմ, որ ընկալեն՝

Որպես մի ճիչ հոգու անմար։

Որն համաձայն չէ կլանել

Ողջ մթնշաղն տիեզերքի,

Եվ օրենքով շարժվել մի խենթ,

Խելագարված ամբոխների։

 

***

Երբ հերթական անգամ գտնես

Դու վառ գույներ խավար գիշերը,

Չմոռանաս մի պահ խորհել,

Թե որն է շողքն ու հետին ստվերը…

Երբ հերթական անգամ դու զգաս,

Որ կա պատճառ, որ գույնը վառ է,

Դու վերջապես կհասկանաս

Որ մութն, իրոք,

Մի խոր անտառ է։

 

***

Խիստ անհրաժեշտ է ձեռք բերել

Հոգու մանրադիտակ

Եվ պահպանել այն ոչ հեռու,

Այլ մոտ՝ միշտ ձեռքի տակ։

Երբ հարկ լինի մի բան պարզել

Մինչ խորը էություն,

Անմիջապես այն կհանեմ

Հոգուս խորքից ուրույն։

Եվ կըմբռնեմ ես անկասկած,

Թե որն է աներկբա

Կորիզը սույն երևույթի,

Որ գտնվեց ներկա։

 

***

Հավաքել մեկ ափում

Մի անհուն տիեզերք,

Եվ սեղմել մատներով՝

Անկասկած, անվեհեր։

Հասցնել չափսերի՝

Շարժական, աննկատ,

Ու կրել միշտ հոգում՝

Իբրև լուռ մի խրատ։