ԱՍԵՄ / Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Երբ կանգնած ես կյանքի սահմանին,

Եվ անսահման թվացող տարիները

Հիմա դարձել են ոչ թե ողջ յոթանասուն,

Այլ՝ ակնթարթ յոթ, քանզի, երբ փորձես

Պատմել օրերն անցյալ, կարող ես

Յոթ ակնթարթում ասել ամբողջը`

Ծնունդը, կյանքը,

կյանքը, դե մահը՝

Վերջում…

Ակնթարթը յոթ շնչելու լիաթոք,

Սիրո ծիածանում թաթախվելու,

Ձյան խոշոր փաթիլները բերանով որսալու,

Ծփիների շառաչի տակ համբույրներ տալու։

Յոթ ակնթարթ սիրո, մերժումի, խանդի

Փոթորկուն զգացմունքներ, որոնք

Հուշում են, որ կենդանի ես, սիրտը բաբախում է…

Ուզում եմ

Ասել՝

Արժե ապրել, թեկուզ տրված է ընդամենը

Յոթ ակնթարթ…

 

ԿԱՊՐԻՉԻՈՍ

Միշտ կարծել եմ

(դե, մազը՝ երկար, խելքը՝ կարճ),

Թե գիրը ստեղծում են

Սփոփելու համար,

Ընթերցողը հեգ ինչ մեղք ունի

Զգալու հոգիդ ծվատող

Տագնապները…

Գիշերն անույշ է, գիշերը դյութիչ`

Ավաղ, ոչ այսօր, ավաղ, ոչ հիմա,

Ծորուն մաստակի պես ձգվող։

Գիշերը…

Իսկ դուք գիտեք` մութը խտանում է

Լուսայգից առաջ…

 

ԿԱՆՉԻՐ ԻՆՁ

Կանչիր ինձ, և ես կգամ…

կթռչեմ քամու թևով,

ծաղկաթերթերի պարով

մայիսյան օդում:

Կանչիր ինձ, և ես կգամ…

մետքասե սավանների

շրշյունով մետաքսե,

կարմիր ու սևի

համադրությամբ կրքոտ:

Կանչիր ինձ, և ես կգամ…

ՍԵՐ…

 

ԱՄԲՈԽԸ

Ամբոխը ճչում է, բարձրանում են

վեր բռունցքներ,

Ամբոխը շնչում է հանց մի մարմին

և հոգի մեկ…

Ես կանգնել եմ շարքերում

Խիտ, շարքում հուզիչ,

ձուլվելը նրան հաճելի է…

Միասնություն

միաբանություն…

Օ՜, ամբոխը,

Այսօր այլևս չեմ կանգնի նրա

Շարքերում,

Այսօր ես գիտեմ՝ ինչպես են

Մի պահի

Ամբոխները խելագարվում,

և սկսվում է

քաոսը…

 

ՓՇԱՏԻ ԲՈՒՅՐԸ

Ֆրեզնոյում աճում է հայկական գանգուր

կոկիկ փշատի ծառը…

Դու սիրում էիր տրորել փշատի տերևը, ծաղիկը,

Որի բույրը տարածվում էր, արագ, շատ արագ.

Քո հին երկրի բույրը թող շնչեն

Ամերիկյան երկրի բնակիչները՝

Բոլոր, բոլոր…

Միևնույն է, դու ապրում էիր

փոքրիկ քաղաք Ֆրեզնոյում,

սակայն դա քո ֆանտոմն էր միայն…

Քո միտքը լեռներում էր,

Հայոց լեռներում…

Երբ բերեցին աճյունը քո

Ուիլյա´մ Սարոյան,

Ես հիացած նայում էի

երկաթակուռ սափորին:

Ինչպե՞ս է այն ամփոփել քո

Մեծ սիրտը և էությունը՝

Անչափելի, անչափելի…

 

ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆԸ

Ասված է.

«Պատմության նյութը, առարկան փաստն է…».

Ապա թե ուր մնացին իմ հույզերը, ողբը

Որբության…

Որբությունը ծնվում է, բայց չի մահանում,

Նա մնում է կպած ամենաուժեղ սոսնձից էլ

Ամուր…

Չկան հիշատակներ, միայն պատառիկներ, մայրս  ունեցել է

Վանում քեռիներ, չկան նրանց անունները,

Միայն տատիկս իր պոետական անունով՝

Օղիկ…

Ես երջանիկ էի, քանի որ կողակիցս? ուներ

Յոթ մորաքույր և մեկ քեռի,

Անգամ տատիկ, համարյա համահունչ իմ տատի անվանը՝

Օլինկա:

Ուզում եմ ավարտել վարդագույն նոտաներով.

Դրանք երկու չքնաղագեղ աղջիկներն են,

Եվ թմբլիկ փոքրիկ թոռնիկս՝

Էդիկ…