Սաթենիկ Մկրտչյան – 80

ՀԳՄ վարչությունը

շնորհավորում է  արձակագիր, թարգմանչուհի

Սաթենիկ Մկրտչյանին

ծննդյան 80-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

Ես՝ հազար սերունդ ազատս՝ ազատների մեջ, և ամոթից գլխահակս՝ անազատների դիմաց, ես՝ չօտարվածս իմ մի բուռ մնացած ու իր փոքրիկ շահը ուրիշի գլխից գերադասող աշխարհից խռոված երկրի, ես՝ հավերժական ճամփորդս՝ իմ հավերժական երկրի հավերժական լեռների երթի, անուղղելի մարդասերս ու խենթուխելառ երազանքներ հորինողս, որ երբեք ոչինչ չի ցանկացել ու ցանկանում անձամբ իր համար, մո-լոր-վա՜ծ եմ այսօր…

Թեև այսպես չպետք է լիներ:

 

Սաթենիկ Մկրտչյանը դարձավ… չէ, ուղղակի գեղեցիկ հոբելյան, ամբողջացում անցած հարուստ ու բերրի ճանապարհի, ապրածն ու արարածը բացճակատ ներկայացնելու ժամանակ:

ԵրՊՀ-ի բանասիրական ֆակուլտետն է ավարտել, ՀԳՄ-ում է աշխատել, «Հայաստանի աշխատավորուհի» ամսագրում, «Անահիտ» և «Արևիկ» հրատարակչություններում, «Արմենպրես»-ում: Խմբագիր, պատասխանատու քարտուղար: Հիմնադրել և հրատարակել է «Արծվիկ» մանկապատանեկան հանդեսը, դասավանդել տարբեր համալսարաններում, Հայաստանի դատախազների վերապատրաստման ակադեմիայում, Մոսկվայի Նոր Իրավաբանական Ինստիտուտի երևանյան մասնաճյուղում: Ի թիվս գեղարվեստական գրականության, թարգմանել և խմբագրել է արվեստի անվանի գործիչների, իրավագետների վերաբերյալ մասնագիտական ու վավերագրական աշխատություններ:

Սաթենիկ Մկրտչյանի ստեղծագործությունները՝ վիպակները և պատմվածքները, տպագրվել են ոչ միայն հայաստանյան ու միութենական, այլև արտասահմանյան հանդեսներում: Իսկ «Յունոստ» երիտասարդական ամսագրում 1986 թվականին տպագրված «Հին քաղաքի ամենածեր հնակարկատը» պատմվածքի հիման վրա 1987-ին «ԿԻԵՎՆԱՈՒՉՖԻԼՄ»-ը նկարահանել է մուլտիպլիկացիոն կինոնկար: Նույն պատմվածքը 2002 թ. Ճապոնիայում հայտարարված մանակապատանեկան մրցանակաբաշխությունում արժանացել է առաջին մրցանակի:

Մեծ հետաքրքրությամբ են ընթերցվում նրա «Դաշտային ծաղիկներ», «Քառասունվեց ահեղ հնդկացիներ» վիպակները, «Կյանքի ճանապարհ», «Վերադարձ», «Մերկ, ինչպես Ադամը», «Մենք և մենք» պատմվածքների ժողովածուները:

Շնորհավորում ենք մեր գրչընկերոջը, մաղթում պինդ առողջություն, անցած դարից սկիզբ առած ճանապարհը աներեր շարունակելու տրամադրություն՝ սպասելով նրա նոր պատմվածքներին ու վիպակներին:

ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

 

 

ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐ ԱՌԱՆՑ ՀԱՐՑԱԿԱՆՆԵՐԻ

Ո՞րն է գիրքն ընթերցողին հասցնելու ամենակարճ ճանապարհը:

– Մեր փոքրիկ երկրի ներկա՝ ԲԱԶՄԱԲԱՐԴ կյանքի հորձա­նուտ նետված կամ նետվող գրողի ու նրա ստեղծագործության դիմաց հառնել ու հառնում են ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ խնդիրներ, որոն­ցից ոչ մեկը, ինչպես էլ դասավորենք, չի ցանկանում երկրորդ կամ երկրորդական կոչվել: Դրանք բոլորն էլ առաջին են և վե՛րջ:

Եվ այսպես.

 

ԽՆԴԻՐ ԱՌԱՋԻՆ.

Հարազատ մնալով սեփական հոգեկերտվածքին ու դարավոր մշակույթի ավանդույթներին՝

ստեղծել աշխարհատարածական բոլոր սահմանները կտրող-անցնող, բարձրակարգ ու բարձրարվեստ, գուցե և ոչ բոլորի կող­մից ընկալվող գրականությո՞ւն,

թե.

գնալ օտար ափերից ներս թափանցած հեղհեղուկ և արտա­քո գույների ու ձևերի տակ ենթատեքստ չենթադրող, հեշտ ըն­կալվող, հեշտ մարսվող, հեշտ ընդօրինակվող

ու

կաթի՜լ-կաթիլ անպատրաստ մեծի

և, առավել անպատրաստ փոքրի հոգու մեջ՝ բոլոր առումներով թույնի նման կաթեցվող, սերիալային մտածողության փա­փուկ ճանապարհով…

Թեև կա նաև երրորդ ճանապարհը.

Գեղարվեստական գրականության բոլոր չափանիշներին հա­մապատասխանող, ամեն ինչը տեղը տեղին ստեղծված, տպված, բայց Աստվածային կայծից զուրկ, «ճիշտ» սարքված գրականու­թյան ճանապարհը:

 

ԽՆԴԻՐ ԵՐԿՐՈՐԴ,

որ նույնպես ԱՌԱՋԻՆ է.

Այս բազմաբարդ կյանքի ցավոտ ո՞ր հարցին կամ հարցերին գրողն անդրադառնա, որ դա կամ դրանք չլինեն խիստ սովո­րական ու պարզունակ, մեկ բառով ասած՝ բանալ:

Ապա և.

 

ԽՆԴԻՐ ԵՐՐՈՐԴ՝

ԵՎ.

առավել ևս՝ ԱՌԱՋԻՆ.

Բոլոր դարերում նույն մշտահոլով և նույն քարացած «ԻՆՉ»-ը՝ «ԻՆՉՊԵՍ» ներկայացնելու ԳԵՐԽՆԴԻՐԸ:

 

ԽՆԴԻՐ ՉՈՐՐՈՐԴ և՝ ամենակարևո՛ր,

Այսինքն՝ նույնպես ԱՌԱՋԻՆ.

ամենացավո՜տ.

ՏՊԱԳՐՈՒԹՅԱ՛Ն

հարցը լուծելու

ԽՆԴԻՐԸ,

Երբ, որպես կանոն, թույլ կամ… վատորակ գրականությունը

տպագրվելու հազար ճանապարհ ունի, իսկ նորմալը, էլ չեմ ասում՝ լա՛վը…

Եվ վերջին ու, իհա՛րկե, թվարկված խնդիրների հանգույն.

ոչ թե՝

ԱՌԱՋԻՆ, այլ՝

ԱՄԵՆԱԱՌԱՋԻՆ ԽՆԴԻՐԸ.

Գրքի ճանապարհը դեպի ընթերցողը բացել-լուծելո՛ւ ԽՆԴԻ­ՐԸ՝ իրերի այն իրավիճակում, երբ դպրոցականի ծնողը՝ հեռուստաէկրանից, հավասարության նշան դնելով տեստերի և մեր դասականների բանաստեղծությունների միջև, կարող է դեմ լինել ոչ թե զավակի՝ երևի ամբողջ օրը համակարգչի ու հեռախո­սի անիմանալի բավիղներում թափառելուն, այլ նրան՝ գոնե անգիր արվող մի քանի բանաստեղծությամբ՝ հիշողություն մար­զող, ճաշակ զարգացնող, սիրտն ու հոգին կրթող և խորը վերլու­ծության մղող մի քանի բանաստեղծություններին…

Եվ, վերջապես.

Չբարձրաձայնվող, բայց գրողի ենթագիտակցության մեջ ամուր նստած

ՀԱՐՑ-ԽՆԴԻՐԸ

ԵՎ…

ԱՌԱՋՆԱԿԱՐԳԸ.

Ո՞ւմ կհանդիպի իր հոգու հատոր

ԳԻ՛ՐՔԸ:

07.03.2026թ.

 

 

 

ԿԱՆԳՆԵԼ ԷՐ ՃԱՄՓԵԶՐԻՆ…

Ո՞ր ճանապարհի և դրա ո՞ր եզրին՝ ա՞ջ, թե՞ առաջ, ե՞տ, թե՞ առաջ տանող եզրին, որի սխալ ընտրության դեպքում կա՛մ կհեռանար ընդմիշտ, կա՛մ, չսխալվելու դեպքում (երանի՜), կմոտենար իր հոգու տանը, որը մի օր՝ ընդամենը որպես եզրույթ, արտաբերել էր կարծեցյալ ընկերոջ մոտ…

Եվ աջն ու ահյակը, ետն ու առաջը իսպառ կորցրածի անհու­սությամբ կանգնածի իր դիրքից՝ ծալծլվեց ու նստեց տեղում և սկսեց համոզել ինքն իրեն, որ հիմա…

Հիմա՝ ե՞րբ…
կմոտենա մեկը՝ ո՞վ,
ու կտանի իրեն՝
վերջիվերջո՝ ո՞ւմ,
և

կտանի՝ ո՞ւր,
որը

սոսկ ինքը՝ տանողը կիմանա…

Քանզի՝ անցնող-դարձողները՝ շատ, ու իրեն նկատողները…

Ոչ ո՛ք:

Իսկ եթե ի՞նքն է. աննկատելի կամ անտեսանելի մեկը, իսկ գուցե…

Իսկ գուցե հենց սրընթաց անցնող-դարձողնե՞րն են այդպիսիք…

Եվ ոչ ոք չէր կանգնում ու չէր բռնում ի՛ր՝ մոլորվածի փոքրիկ ու սառած ձեռքը և չէր տանում իր հետ՝ ետ կամ առաջ, աջ կամ ահյակ…

Իսկ եթե այդպես հենց անցնող-դարձողնե՞րն են մոլորված, որոնցից մեկը…

Մե՞կը, թե՞ բոլորը, որ… իր վրայո՛վ, կողքո՜վ, միջո՞վ անցնում ու չեն նկատում իրեն՝ վերջիվերջո՝ ո՞ւմ, որ այդպես անհույս սպասում է, և…

Եվ վերջապես հասկացավ, որ ոչ թե նրանք՝ իրեն չնկատող­ներն են մեղավոր, այլ ինքը՝ հոգնածն ու մոլորվա՛ծը, նրանց՝ նկատվելու անարժաններին նկատածը…

ՆԿԱՏԱ՞ԾՍ.

ԵՍ՝

ՀԱՎԵՐԺԱԿԱՆ ՀԱՅԱՍՏԱ՛ՆՍ:

02.06.2023