ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, թարգմանիչ
ՖԵԼԻՔՍ ԲԱԽՉԻՆՅԱՆԻՆ
ծննդյան 70-ամյակի առթիվ
ՙԳրական թերթը՚ միանում է շնորհավորանքին
Սամվել ԿՈՍՅԱՆ – Նախ` բոլորիս շնորհավորանքը Ձեր 70-ամյակի առթիվ: Սովորաբար մարդու կյանքը բնորոշվում է որպես հիշողությունների շարունակվող շղթա: Արդյոք հիշողություններո՞վ է պայմանավորված մարդու ոչ միայն ներկան, այլև ապագայի նկարագիրը:
Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ – Շնորհակալություն: Այո՛, կյանքը հիշողությունների շարունակվող շղթա է, իսկ ներկան և հատկապես ապագան՝ երազանքների: Ստեղծագործող մարդն ապրում է հեքիաթներ հորինելով, սակայն դրանք երբևէ չեն իրականանում:
Ս. Կ. – Անգամ Ձեր կենսագրության հպանցիկ ծանոթությունը հուշում է, որ հաճախ եք սահմանային իրավիճակներում հայտնվել: Խոսքս մասնավորապես վերաբերում է «Չեչենական օրագրի» նախապատմությանը: Սիրո՞ւմ եք ռիսկի դիմել…
Ֆ. Բ. – Այո՛, սիրում եմ համարձակ քայլերի դիմել: Դրա վառ ապացույցն էր 1978-ին Լիտվա մեկնելս՝ սովորել Վիլնյուսի պետական համալսարանում, 1989-1992թթ. լինել Վրաստանում, ուժերիս ներածին չափ աշխատել կանխելու հայ-վրացական որևէ ընդհարում: Եվ վերջապես մեկնել Չեչնիա, որպես «Паспорт в новый мир» հանդեսի (գլխավոր խմբագիր՝ Հենրիկ Բորովիկ) թղթակից, ականատեսի աչքերով վավերագրելու ռուս-չեչենական պատերազմն ու մեկնելու օրվանից չեչեն գրոհայինների կողմից գերեվարվել և 29 օր ու գիշեր սպասել մահվան սարսափին: Արդյունքում՝ գրվեց «Վագրի տարի կամ չեչենական օրագիր» գիրքը, որը թարգմանվեց ռուսերեն: Երբ աշխարհում չկային պատերազմներ, կրոններ, ու մարդիկ միասին էին պայքարում բնության ուժերի դեմ և «Սիրիր մերձավորիդ»՝ այժմ արդեն ուժասպառ պատվիրանի կարիքն անգամ չկար, քանի որ մարդու Աստվածն իր նմանն էր, և իր նմանին պաշտպանելով՝ նա պաշտպանում էր ինքն իրեն, ահա այդ վաղնջական ժամանակներում մարդկային ցեղն ապրում էր միայն մի զգացումով՝ սիրով: Ցեղի հոգին իր նախասկզբնական ժամանակներում չէր ատում իր նմանին, իր նմանն իր ցեղի կրոնն էր ու Աստված: Զարմանալիորեն տխուր փաստ է, բայց ատելությունն ավելի ուշ ժամանակների, քաղաքակրթության ծնունդ է, երբ ցեղը տարրալուծվեց ավելի փոքր ցեղախմբերի մեջ: Բարեբախտաբար, մարդու մեջ իսպառ չմեռավ նախասկզբնական ցեղի ոգին, որը չէր ատում իր նմանին. նա թաղվեց գիտակցության ու խղճի խորքերում՝ հազարամյակների մեջ երբեմն-երբեմն հառնելու, կենդանության նշաններ ցույց տալու խորհուրդով:
Ս.Կ. – Ձեր ստեղծագործական ժառանգության կարևորագույն մաս են թարգմանությունները, հատկապես «Կալեվալա» կարելաֆիննական էպոսի թարգմանությունը: Արդյոք գրականությունների այսօրինակ երկխոսությունները կարո՞ղ են նպաստել ազգերի միջև այլ հարաբերությունների բարելավմանը:
Ֆ.Բ. – Ոչ միայն «Կալեվալան», ես թարգմանել եմ նաև լիտվացի և ուկրաինացի դասականների և ժամանակակիցների ստեղծագործություններ, լատվիական «Լաչպլեսիս» էպոսը, իսկ վերջերս ռուս հայտնի լրագրող Վլադիմիր Պոզների «Հրաժեշտ պատրանքներին» ինքնակենսագրական ծավալուն հատորը: Ի դեպ, իմ ծննդյան 70-ամյա հոբելյանը շնորհավորեց միայն Լատվիայի մշակույթի նախարար Նաուրիս Պունտուլիսը՝ առանձնակի արժևորելով իմ կողմից «Լաչպլեսիսի» թարգմանությունը. «Հարգելի՛ պարոն Բախչինյան, կցանկանայի իմ գնահատանքն արտահայտել Անդրեյ Պումպուրի «Լաչպլեսիս» էպիկական պոեմը հայերեն թարգմանելու և հրատարակելու շնորհիվ Հայաստանում լատվիական գրականության խթանման գործում Ձեր նշանակալի ներդրման համար: «Լաչպլեսիս» էպոսը լատվիացի ժողովրդի գոյության ամենակարևոր վկայություններից մեկն էր, և դրա ստեղծումը կարևոր ներդրում էր ազգային ինքնագիտակցության ամրապնդման գործում: Էպոսում ընդգրկված խորհրդանիշերն ու հերոսները ժամանակ առ ժամանակ հասցեագրվել են մարդկանց և հատկապես կարևոր են եղել Լատվիայի պատմության վճռական պահերին՝ կոչ անելով մարդկանց ոտքի կանգնել հանուն մեր ժողովրդի անկախության: Ես ուրախ եմ, որ էպոսը թարգմանվել է 13 լեզուներով, և հատկապես շնորհակալ եմ, որ
2012-ին, Ձեր մասնագիտական նվիրյալ ջանքերի շնորհիվ, այն ընթերցողներին հասանելի է դարձել նաև Հայաստանում: Հուսով եմ, որ Լատվիայի և Հայաստանի համագործակցությունը գրականության ասպարեզում փոխըմբռնման նոր կամուրջներ կստեղծի: Պարո՛ն Բախչինյան, ընդունեք հարգանացս խորին հավաստիքը և անկեղծ շնորհավորանքներս Ձեր տարեդարձի կապակցությամբ»:
Ս. Կ. – Դուք այն հազվագյուտ գրականագետներից եք, ովքեր հետևողականորեն անդրադառնում են արդի գրականությանը՝ օժանդակելով նրա հանրաճանաչմանն ու օգնելով ընթերցողներին կողմնորոշվելու ներկայիս գրահրատարակչական լաբիրինթոսում: Չե՞ք կարծում, որ որքան էլ անհրաժեշտ լինի դասականներին անդրադառնալը, նոր գրականության իրական գնահատականը ժամանակակիցների պարտականությունն է:
Ֆ. Բ. – Այո՛: Ես ոչ միայն գրախոսականներով և հոդվածներով եմ անդրադարձել ժամանակակից հայ գրողներին, այլ նաև հրատարակել եմ մի շարք մենագրություններ նրանց մասին (Վարդգես Պետրոսյան, Զարեհ Խրախունի, Դայանա Տեր-Հովհաննեսյան, Ռազմիկ Դավոյան, Հրաչյա Թամրազյան, Հենրիկ Էդոյան, Արտեմ Հարությունյան, Հովհաննես Գրիգորյան, Հովիկ Հովեյան, Էդվարդ Միլիտոնյան, Ալվարդ Պետրոսյան, Արին Արմենյան, Կամիլա, Անդրանիկ Հակոբյան, Մկրտիչ Գրաբսկի, Նորայր Գրիգորյան):
Ս. Կ. – 1990-ականներից գործում է Ձեր հիմնադրած, մեծ մարդասեր Ֆրիտյոֆ Նանսենի անունը կրող հիմնադրամը: Յուրաքանչյուր հայի ծանոթ է նրա հայանպաստ գործունեությունը, ով, Ձեր բնորոշմամբ, աշխարհի խիղճն է: Ո՞րն է հիմնադրամի առաքելությունը:
Ֆ. Բ. – Հիմնադրամի առաքելությունը Ֆրիտյոֆ Նանսենի հայանպաստ գործունեության հանրահռչակումն է: Ինչպես գիտեք, եղեռնից մազապուրծ 320.000 հայ գաղթականներ Նանսենյան անձնագրերով աշխարհի 54 երկրներում կարողացան ստեղծել իրենց նոր օջախները: Նրանց թվում՝ Արշակ Չոպանյանը, Շարլ Ազնավուրի ծնողները և քույրը, Էդուարդո Էռնեկյանի, Անտոնիա Արսլանի, Գրիգոր Ջանիկյանի ծնողները…
Ս. Կ. – Որպես ամփոփում՝ համառոտ Ձեր արձակ գործերի ու ծրագրերի մասին:
Ֆ. Բ. – Առաջին պատմվածքս գրել եմ 12 տարեկանում: Մինչև այսօր հրատարակել եմ պատմվածքների չորս ժողովածու («C’est La Vie», «La Vie Est Belle», «Թափառաշրջիկը», «Ներիր ինձ, բարեկամ»), երեք վեպ («Մի գիշեր Աթաթուրքի սենյակում», «Վագրի տարի կամ չեչենական օրագիր» և «Déjà vu. Հալեպ՝ սիրո և մահվան հովիտ»): Արդեն ավարտել եմ ծերանոցի կյանքին նվիրված «Կողոպտված ծերություն» վեպը: Տա Աստված՝ մինչև տարեվերջ կհրատարակվի:
Անկեղծության խտությունը
Գրականության մեջ էլ կա լինել և կա երևալ։
Համո Սահյան
…Տառապանքի մեջ ոչ մի լավ բան չկա, բայց ամեն լավ բան ծնվում է տառապանքից: Այդ ազնիվ տառապանքից է ծնվել նաև Ֆելիքս Բախչինյանի «Թափառաշրջիկը» վերնագիրը կրող պատմվածքների ժողովածուն, որտեղ անցած-գնացած տարիների տերևակույտի մեջ բաբախում է մի տաք ու լուսավոր ճառագայթ` այդ տարիների մեջ անապական մնացած, ափսոսանքով բաբախող գրողի սիրտը:
Գրողը գերադասում է հնարավորինս հեռու մնալ վերացարկումներից, որոնք ավերում են իրականությունը, այն իրականությունը, որը կարող է միաժամանակ ժպիտ ու հառաչ ծնել բոլոր մտածող մարդկանց մոտ:
…Ֆելիքս Բախչինյանն իր մեծ ուսուցիչներ Էդուարդաս Մեժելայտիսի, Ֆրիտյոֆ Նանսենի, հայ արձակի ու քնարերգության մեծերի մարդասիրության, բարության գեղեցիկ, ծաղկահյուս շղթան է տանում իր տողերի մեջ` փայփայելով ու գուրգուրելով այդ շղթայի հավերժական, նուրբ ու անուշաբույր ծաղիկները` սերը, գթասրտությունը, հավատարմությունը, թախիծը և լավատեսությունը: Այո՛, այսպիսին է կյանքը, և նա սիրում է այն այնպես, ինչպես այն կա:
Նա հավատում է բարու հզոր ուժին: Աստված բարի է ստեղծել մարդուն, օժտել իր կերպարանքով, իր համբերությամբ, իր սիրով, իր ներողամտությամբ: «Բոլոր մարդկանց մեջ էլ փոքրիկ Աստված կա, պետք է որոնել ու գտնել նրան»,- գրում է մարդասիրության մեր մեծ քրմապետը` Հրանտ Մաթևոսյանը: Ֆելիքս Բախչինյանը փորձում է պեղել, գտնել մարդու մեջ ապրող այդ փոքրիկ Աստծուն, սիրով ու գուրգուրանքով ապրեցնել, ապաքինել, մեծացնել և ուժեղացնել նրան:
Սկսեցինք Համո Սահյանի տողով` «Գրականության մեջ էլ կա լինել և կա երևալ»:
Ֆելիքս Բախչինյանն իր գրականության մեջ երևում է այնպիսին, ինչպիսին կա կյանքում: Նրա գրականության անկեղծության խտությունն ուղիղ համեմատական է մարդկային անկեղծության խտությանը: Եվ երկուսն էլ թանկ ու անփոխարինելի արժեքներ են յուրաքանչյուր քաղաքակիրթ ազգի, հասարակության և գրականության համար:
Լևոն ԱՆԱՆՅԱՆ
Հայաստանի գրողների միության նախագահ
2009 թ. փետրվար
Էդուարդաս Մեժելայտիսի
նամակը Ֆելիքս Բախչինյանին՝
«Մարդը» գրքի մասին
տպագրած
գրախոսականի առթիվ
Motko*:
Բախչինյանն աստիճանաբար դառնում է Բախտին։
Էդուարդաս Մեժելայտիս
Բարեողջո՜ւյն, սիրելի՛ Ֆելիքս,
Շնորհակալություն ամսագրի համար. Ձեր հոդվածը կարդացի մեծ ուշադրությամբ և պետք է նախ` երախտագիտությունս հայտնեմ իմ «Մարդու» Ձեր հայեցակետի, մեկնաբանության և ծանոթագրումների համար, երկրորդը՝ ասել Ձեզ, որ Դուք դառնում եք իսկական գրաքննադատ, գիտնական ու լուրջ մարդ։ Դուք միանգամայն նոր մեկնաբանություն եք տվել բոլորի կողմից մոռացված իմ «Մարդուն», և նա վերհառնում է։ Դուք սկսել եք թարմ, նորովի, խելամիտ, խորքային. ես պարզապես զարմացած եմ։ Նաև զարմանում եմ, թե այդ ինչպես է տպագրել ամսագրի խմբագիրը (Ալեքսանդր Միխայլովը), բավական գավառական քննադատ, որի նախընտրած հոդվածները հիմնականում ապացուցում են, թե այս կամ այն բանաստեղծը Մ. Գորկու, Վ. Մայակովսկու, Մ. Շոլոխովի և այլոց էպիգոնն է։ Դուք քաջություն եք ունեցել այդ ամենը ոչ միայն հերքելու, այլև ավելացնելու այնպիսի մեծ անուններ, ինչպիսիք են Ուոլթ Ուիթմենը, Ապոլիները… Կարելի էր հավելել Լորկային, իհարկե, Գյոթեի «Ֆաուստը», Դանթեի «Աստվածային կատակերգությունը», Շեքսպիրի «Համլետը», անշուշտ նաև Պոլ Էլյուարին, Ռիլկեին, Արթյուր Ռեմբոյին, Շառլ Բոդլերին և այլն, և այլն։ Այս քննադատն ատում է ինձ և իմ «Մարդը»: Ահա թե ինչու է այդքան ժամանակ հոդվածը մնացել խմբագրի սեղանին (հավանաբար, մեկ տարի՞)։ Այդուհանդերձ, տպագրվեց։ Ի՞նչն է, արդյոք, հարկադրել նրան։ Ո՞վ է այդ գավառացուն և անուղղելի յամբականին հարկադրել։ Ուղղակի զարմանք եմ ապրում։ Այն էլ` այս բավական համարձակ հոդվածը։
Կարող եմ Ձեզ հավատացնել, իմ երիտասա՛րդ բարեկամ, որ «Մարդը» գրելիս ես դրսից որևէ ազդեցություն չեմ կրել։ Ո՛չ Ուիթմենից, ո՛չ Գորկուց, ո՛չ Ապոլիներից, ո՛չ Մայակովսկուց։ Դա իմ ինքնուրույն աշխատանքն է, մարդու իմ ինքնուրույն մեկնակետը և իմ ինքնուրույն պոետիկան։ Խնդրում եմ, այս հանգամանքը նկատի առնեք նաև ապագայում։ Մինչ իմ «Մարդը» նման «Մարդ» չի եղել։ Եվ իմ «Մարդուց» հետո էլ նման «Մարդ» չկա։ Եվ չի լինի։ Գուցե ավելի լավը գրեն, բայց այդպիսին չի եղել և չի լինելու։ Ես ես եմ։ Մարդիկ կան, որոնք շատ էին ուզում, հիմա էլ են ուզում, գուցե հետո էլ ուզենան ջնջել ու «վերաջնջել» իմ «Մարդը» (հետն էլ՝ ինձ), բայց դա չի հաջողվի։ Նրանք ցանկանում են, որ ընթերցողները մոռանան «Մարդը»՝ և՛ կոնցեպցիան, և՛ պաթոսն ու պոետիկան, բայց դա նրանց չի հաջողվի։ «Մարդը» գրելիս արդեն հասուն արվեստագետ էի, և իմ մտածողությունը գործում էր միանգամայն ինքնուրույն, դա իմ ինքնուրույն արգասիքն է։ Իսկ «Մարդու» թեմայի և կոնցեպցիայի հետագա զարգացո՞ւմը։ Ի՞նչ գիտեն այդ մասին հարգարժան խմբագիրներն ու քննադատները։ Ոչի՛նչ։ Բայց ստիպված են այդ էլ իմանալ։
Ահա թե, կարդալով Ձեր հոդվածը, ինչ կուզենայի ասել այդ առիթով։ Որ Դուք էլ Ձեր հոդվածում ինքնուրույն եք։ Դուք Դուք եք։ Տարբեր եք գրել «Մարդու» մասին (գովել-փնովել եք), գրել եք՝ ինչպես ոչ ոք։ Ի՞նչ եմ ուզում ասել։ Ուզում եմ ասել, որ սոսկ ինքնուրույն միտքն է երաշխավորում ստեղծագործության (պոեզիայի, արձակի, քննադատության, գրականության) միտքը։ Ուզածդ էպիգոնությունը և նմանակումը դատապարտված է ձախողման։ Եվ սա, թանկագի՛ն Ֆելիքս, միշտ պետք է նկատի առնել։
Ուրիշ ի՞նչ։ Իմ մասին. առողջությունս լավ չէ, բայց աշխատում եմ։ Պետք է շտապել։ Վախենում եմ չհասցնել։ Իսկ մարդկանց դեռ ասելիք ունեմ։ Ունեմ, դրա համար էլ շտապում եմ։
Գրեք, անհամբեր սպասում եմ Ձեր նամակին։
Ամուր գրկում եմ։
Ձեր՝ Էդուարդաս Մեժելայտիս
Վիլնյուս, 18.11.1982
*նշանաբան
Թարգմ.՝ Կ. Խոդիկյանի