«ԳՐԱԿԱՆ ԹԵՐԹԸ»
շնորհավորում է
Ավ. Իսահակյանի անվան
կենտրոնական գրադարանի տնօրեն
Հասմիկ Կարապետյանին
աշխատանքային գործունեության 40-ամյակի
առթիվ
***
Հասմիկ Կարապետյանը Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի մեր շատ սիրելի տնօրենն է: Գրադարանն իր ընթերցողներով, ինչպես նաև գրողների հետ կապվածությամբ, նշանակալի գործ է անում գրական մթնոլորտի ձևավորման համար: Հասմիկն էլ իր գեղեցկությամբ, բարիկամեցողությամբ ոչ միայն գրողների, այլև մերձգրական մթնոլորտն է կարողանում ապահովել՝ անվերջ հանդիպումներ կազմակերպելով գրադարանում: Դա օգտակար է և՛ գրողներին, և՛ ընթերցողներին: Նրա շնորհիվ այն միջավայրը, որ գրականության, գրական միջավայր է կոչվում, ամենօրյա սրտխփոցի պես գործում է: Հասմիկին ցանկանանք ավյուն, որ ինքը ունի, բազմապատկի, գեղեցկություն, որ նույնպես ունի, ավելի շքեղանա տարիների հետ, և մեր գրողները մշտապես իրենց հարկը համարեն մեր մեծ Իսահակյանի այդ գեղեցիկ օջախը ոչ միայն որտեղ իրենք նստում են, աշխատում են, այլև քաղաքի մասնաճյուղերը, որոնք բուռն, լայն գործունեություն են ծավալում:
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ՀՅՈՒՐԸՆԿԱԼ ՕՋԱԽԻ ՏԻՐՈՒՀԻՆ
Ժամանակները նպաստավոր չեն այսօր ոչ միայն գրականության, այլև արվեստի, կյանքի բոլոր ոլորտների համար: Եվ նման պայմաններում բնավ չթերանալու, գրականություն, արվեստ ստեղծողների կողքին հոգատար ներկայությամբ կանգնելու համար մեծ ջանքեր են պետք, սեր և նվիրում գործին: Մեր շատ սիրելի Հասմիկ Կարապետյանը Ավ. Իսահակյանի անվան գրադարանը միշտ կյանքով, աշխուժությամբ, ժպիտներով լեցուն, ստեղծագործող մարդկանց ոգևորող, նոր լիցքեր հաղորդող մի տաքուկ օջախ է դարձրել:
Եվ շնորհավորելով այդ հյուրընկալ օջախի տիրուհուն երկարամյա գործունեության հոբելյանի առիթով՝ շնորհավորում եմ նաև մեզ՝ այդ ուշադրությունն ու ժպիտները վայելողներիս: Նվիրյալ հայուհուն ուժ, եռանդ մաղթենք և նորանոր համատեղ տոն-օրեր սիրելի գրադարանի հարկի տակ:
ՆԱՆԵ
***
Սիրելի՛ Հասմիկ, քեզ տեսել եմ Իսահակյանի անվան գրադարանում տարբեր ու տարբեր իրավիճակների մեջ: Տեսել ու լսել եմ քո կառուցած ճշգրիտ խոսքը այս կամ այն ժամանակակից գրողին բնութագրելիս, նայել եմ, թե ինչպես է քո մեջ եղած անսպառ էներգիան ճշգրիտ ու շռայլ, բայց երբեք ոչ անանուն ու անտեղի հոսում, ինչպես ես հրճվում գրադարանի բակում բարգավաճող աղունիկների, քո տան պատշգամբում բուն դրած թռչունների ընտանիքներով, ինչպես ես հյուրընկալում բոլորիս, ի՜նչ հմտությամբ ու ի՜նչ ազնվական պահվածքով ես կարգուկանոնի մեջ պահում քեզ վստահված գրադարանային այս մեծ տնտեսության ամենապարզից մինչև ամենաբարդ խնդիրները: Ի վերջո՝ քո մարդկային գեղեցիկ տեսակը…
Շնորհավորում եմ… Ամենօրյա մեծ ու փոքր, անձնական ու անանձնական ուրախություններ եմ մաղթում քեզ: Չեմ պատկերացնում, թե ո՞վ է կարողանալու փոխարինել քեզ… 20 տարի անց…
Ալիս Հովհաննիսյան
***
Ավետիք Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանի տնօրեն, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Հասմիկ Կարապետյանի աշխատանքային գործունեության 40-ամյակն է նշվում: Բոլոր նախապաշարմունքները «հանգստանում» են. 40-ամյակ չնշելու օրակարգը ժխտված է: Ի՞նչ նախապաշարմունք կարող է սպառնալ այսքան վառվռուն մարդուն և գործչին:
Սիրելի՛ Հասմիկ, կան կառույցներ, գաղափարներ, որոնք ուղղակի բնութագրվում են մեկ անձով: Այդպիսին ես դու՝ քո անխոնջ մշակի նկարագրով: Թող մշտապես ուղեկցեն քեզ անսահման հմայքդ, պրպտող-գտնողի էությունդ: Թող մեր կյանքը շարունակի այսուհետ ևս գեղեցկանալ քո գիտամշակութային սխրանքների շնորհիվ, որոնք ուժ են տալիս հաղթահարելու այն գորշությունը, որը համառորեն ներխուժում է մեր իրականություն ու փշուր-փշուր լինում՝ քեզ նման մարդկանց արարումի լույսին բախվելով: Լավագույնը՝ քեզ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
***
Հին օրերի հանգույն, այսօր՝ առավել քան երբևէ, շագրենի կաշվի նման չարի ու չարքերի ձեռքերով փոքրացած ու դարձյալ փոքրանալու միտվող մեր իսկ երկրում միմյանցից չօտարվելու, միմյանց նկատմամբ չթշնամանալու «դատապարտվածներս» և մի պուտ անպիղծ օդի կարիք ունեցողներս սրդողած հավաքվում ենք քեզ մետ՝ ափեափ քո մեծ սիրով լեցուն ԼՈՒՅՍԻ տանը, որտեղ «սեփական» հոգսերդ թաքցնելով և սեր ու ջերմություն սփռելով՝ կարողանում ես ՕՐԸ հմտությամբ ու իմաստնությամբ տոնի վերածել, մեր փոքրիկ «Ագորայի» մշտաջահել տիրուհի՝
ՀԱՍՄԻԿ ջա՛ն ԿԱՐԱՊԵՏՅԱՆ:
Սաթենիկ ՄԿՐՏՉՅԱՆ
ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆ ԳՐՔԻՆ ՈՒ ԿՐԹՈՒԹՅԱՆԸ
Հայաստանում ու մայրաքաղաքում, իհարկե, գրադարաններ շատ կան, ու յուրաքանչյուրը շնորհակալ իր առաքելությանն է ծառայում: Բայց որ Երևանի Ավ. Իսահակյանի անվան կենտրոնական գրադարանն, իր մասնաճյուղերով հանդերձ, տարիների ընթացքում առանձնահատուկ սիրված, միշտ կանչող ու հյուրընկալ մշակութային օջախ է դարձել բազմաթիվ գրասերների, արվեստագետների, հենց գրողներիս համար, վստահ եմ, ինձ հետ շատերը կհամաձայնեն: Ու համոզված եմ նաև, որ շատ-շատերը այս օրերին առիթը բաց չեն թողնում անձամբ ու հեռակա մեկը մյուսից ջերմ, հաճելի խոսքեր հղելու նրա երկարամյա տնօրենի, բարեհամբույր, մշտաժպիտ, բոլորի հանդեպ այնքան ուշադիր ու սիրալիր Հասմիկ Կարապետյանի հասցեին. նշանակալի մի իրադարձություն է նշում Հասմիկը՝ աշխատանքային գործունեության 40-ամյակը: Լեցուն տասնամյակներ, որ հարուստ կենսագրություն են հյուսել, բարի անուն, մնայուն հեղինակություն բերել նրան…
Մենք էլ հաճելի այս առիթն օգտագործենք՝ մեր ջերմությունը, երախտագիտությունը գրողներիս լավ բարեկամի հանդեպ արտահայտելու, նրան սրտաբուխ խոսքեր ասելու համար: Աշխատանքային առաջին քայլերից սկսած՝ նա իր կոչումը համարել ու համարում է «ծառայություն գրքին, կրթությանը», իսկ մենք բազմիցս ենք համոզվել, որ դա անում է հավատարմորեն, նվիրումով ու վայելքով: Մաղթենք, ուրեմն, որ մեր սիրելի Հասմիկ Կարապետյանը իր շնորհակալ այդ ծառայությունից դեռ երկար շարունակի բավականություն ու վայելք զգալ և, անշուշտ, միաժամանակ վայելք պատճառել կարևոր, ցանկալի իր ներկայությամբ՝ թե՛ սիրելի կոլեկտիվին, շրջապատին, թե՛ գրադարանի հարյուրավոր բաժանորդներին, այցելուներին, մասնավորապես հենց գրողներիս. մենք միշտ վստահորեն ենք բացում սիրելի գրադարանի դուռը ու ամեն անգամ տանտիրուհու սիրալիր վերաբերմունքին, վարակիչ ժպիտին հանդիպելով՝ հարազատ տանն զգում մեզ:
Թող լիուլի շնորհավոր լինի գրքի նվիրյալի աշխատանքային վաստակած հոբելյանը:
Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ
ԱՆԿԵՂԾ ՆՎԻՐՅԱԼԸ
Հասմիկ Կարապետյանի հետ ծանոթացել ենք 90-ականների Արցախյան պատերազմից հետո: Բանաստեղծ Լիպարիտ Սարգսյանն ինձ հրավիրեց մասնակցելու գրադարանում կայանալիք միջոցառմանը, և մինչև այսօր ես ինձ այնտեղ զգում եմ ինչպես իմ տանը: Սակայն ամենակարևորն այն է, որ միայն ես չեմ այդպես զգում ու մտածում: Բոլոր մտավորականները, որոնք մեկ անգամ առնչվել են գրադարանի ու տնօրենի հետ, այլևս չեն հեռանում. Հասմիկ Կարապետյանն աջակցում և հնարավորության սահմաններում օգնում է բոլորին, գրադարանի դահլիճը տրամադրում հանդիպումներին ու շնորհանդեսներին: Այն համարյա ամեն օր մարդաշատ է լինում, ընդունում է նաև արտերկրից եկած հայ մտավորականներին:
Մեր սիրելի տնօրենը ո՛չ ժամանակն է խնայում, ո՛չ միջոցները, անում է ամեն ինչ, ինչը կարող է նպաստել անհատների կայացմանը և ամենակարևորը՝ ազգային պետականության անվտանգության ամրապնդմանն ու իր երկրի հզորացմանը: Նրա և անձնակազմի ջանքերով կրթվել և հայրենասիրական դաստիարակություն են ստացել և ներկայումս էլ ստանում են մի քանի սերունդներ, որոնցից շատերը դարձել են ազգի նվիրյալ զինվորներ:
Այսպես կարելի է երկար շարունակել, բայց առայժմ այսքանով բավարարվենք և մեր սիրելի Հասմիկ Կարապետյանին՝ անկեղծ նվիրյալին ու հայրենասերին, մաղթենք ևս քառասուն տարվա աշխատանքային եռանդ, ուժ և առողջություն՝ հայրենասիրական, ազգային գործունեությունը շարունակելու համար:
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ