ԴԻՏԱՆԿՅՈՒՆ/ Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

ԱԼԵՔՍԱՆ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ

1999 թ. հոկտեմբերի 27-ի ոճրագործությունը, որին զոհ գնացին ՀՀ վարչապետը, Ազգային ժողովի նախագահը, տեղակալները, պատգամավոր­ներ, մեր անկախ պետականության ժամանակաշրջանի ողբերգական էջե­րից մեկն է: Իմ համոգմամբ՝ դա սոսկ ահաբեկչություն չէր, այլ մտածված, ծրագրված գործողություն, պետական հեղաշրջման փորձ:

Քիչ է ասել, թե այդ ոճրագործությունը ոտնակոխ արեց՝ խոցեց մեր ազ­գային արժանապատվությունը: Ում համար թանկ է հայրենիքը, այդ օրն արձակված գնդակները նրա սրտով էլ են անցել: Կատարված ողբերգութ­յունից հետո հաճախակի հնչող զգացմունքային դատողությունները, ինչ­պես նաև հազվադեպ սթափ վերլուծությունները ցույց են տալիս, որ այդ ողբերգության ու նրան հետևած իրադարձությունների գնահատման հարցում հասարակական կարծիքը միանշանակ չէ: Այնինչ անհրաժեշտ է հավասա­րակշռված վերլուծություն, որը ոչ մի կախում չունենա քաղաքական իրավի­ճակից, բացահայտ կամ ստվերային թելադրանքներից…

Ըստ իս՝ նախորդ տարիներին տեղի ունեցած բռնությունները, աղմկա­հարույց «առեղծվածային» սպանությունները, ռազմաճակատում առանձին հրամանատարների՝ տնտեսական և քաղաքական գործիչների խորհրդա­վոր պայմաններում զոհվելը ոչ միայն իրավական, բարոյական, քաղաքա­կան առումներով հանգամանալից քննության ու վերլուծության չենթարկվե­ցին, մեղավորները չպատժվեցին, այլև, կարծում եմ, նոր իշխանությունների կողմից չստացան իրենց քաղաքական և իրավական գնահատականները: Հանրապետությունում իշխում էր բացահայտ անպատժելիության, կամա­յականության մթնոլորտ: Կարծում եմ՝ այդ մթնոլորտում Հայաստանում ներքաղաքական վիճակն ապակայունացնելը մեր թշնամիների ու նրանց դրածոների համար մեծ դժվարություն չէր ներկայացնում:

Դեռևս 1998 թ. «Ազգ» թերթում գրել էի, որ Հայաստանում 5-րդ շարասյու­նը պիտի գործի դներ բոլոր հնարավոր միջոցները երկիրն ապակայունաց­նելու, մեր պետականությունը հարվածի տակ դնելու համար: Իսկ դրա հա­մար պարարտ հող կար… Հայաստանը չուներ ազգային անվտանգության համապարփակ ծրագիր, որը ներառեր Երկրի անվտանգության, քաղաքա­կան, ռազմական, արտաքին քաղաքականության, ինչպես նաև տնտեսա­կան և սոցիալական ոլորտները: 27-ի արյունալի դեպքերն այդ ամենի տրա­մաբանական շարունակությունն են…

Գործի քննությունը պետք է ղեկավարեր և իրականացներ հանրապե­տական դատախազությունը, որն, իհարկե, կարող էր մասնակից դարձնել նաև զինվորական դատախազությանը: Բայց զարմանալիորեն եղավ հա­կառակը… Կարևոր հանգամանք է նաև այն, որ 27-ի ահաբեկչական գործո­ղություններն արագ վերածվեցին քաղաքական գործոնի, որի տխուր հետևանքը եղավ այն, որ տարբեր քաղաքական ուժեր փորձեցին այն ծա­ռայեցնել իրենց քաղաքական շահերին: Ըստ էության՝ նման արյունալի ողբերգության շահարկումն առնվազն ցածր բնազդների տեր մարդկանց գործն է: Այս հանգամանքը իր հերթին դժվարացրեց և՛ քննչական, և՛ դատական օրգանների գործը…

Հատված «Մայրամուտի շեմին» գրքից,

2002 թ.