ԱԼԲԵՐՏՈ ՄՈՐԱՏԵ
Իսպանացի բանաստեղծ, դրամատուրգ, թատերական քննադատ
«Մնաս բարով» ասել չգիտեմ
Չգիտեմ նաև ստվերների մեջ մոխրագույնը տեսնել,
և ճանապարհս թաց է հեծեծանքից։
Գիշերները բարուրում են ինձ
այս մենությամբ,
որ ինքս եմ փնտրել։
Թթու են
համբույրներն այն, որ չեմ տալիս,
դառն է այն, ինչը չի կարող լինել,
Մնացել են միայն փշրանքներն ու բեկորները
ցնորածին երջանկության։
Հեռվից տեսնում եմ քեզ,
և դու ինձ ցավ ես պատճառում։
Այրվում եմ
հեռվում։
Նման եմ ավերակի,
որին բոլորը գալիս են դիտելու,
նավաբեկության՝ առանց ջրի,
փակուղու։
Ես
ոչ ոք եմ,
ընդամենը հիշողությունը
մի բանի, որին այլևս հնարավոր չէ դիպչել,
անշոշափելի պատկեր,
գոգավոր կամ ուռուցիկ հայելի,
աղավաղումն
այն ամենի,
ինչը մի օր կարող էր լինել,
իսկ ես թույլ չտվեցի,
որ լուսաբաց լինի։
«Մնաս բարով» ասել չգիտեմ
և չեմ էլ ուզում իմանալ։
Ձեռագիր պոեզիա
Պոեզիա՝ գիշերվա լույսի ներքո,
ներողություն խնդրելով
ու հուշերին տրվելով։
Փնտրելով բառեր՝
իրենց միջավայրից պոկված,
որպեսզի կազմեն
անվերջանալի հառաչանքներ։
Պայքար՝ տարակուսանքի
և ստի դեմ,
փնտրելով մի սեր,
որում չկա մոռացում,
հանդարտության մի պահ՝
մշուշի մեջ։
Սրտի խզված լռությունը՝
տողերի ալեկոծության մեջ,
ճակատագրին ընդառաջ։
Գողտրիկ արձագանքը
անէացած երազների:
Վերնագրեր չունեցող տողեր,
անավարտ,
առանց հասցեատերերի,
որ ներծծվում են
սպիտակ էջերի մեջ,
որպեսզի տխրությունը ներսում չմնա։
Միայն
ինքնաճանաչման
և անպաճույճ մերկության
այդ փորձի ընթացքում
գոյություն ունենք։
Տողերը, որ տալիս են շուրթերդ
Կրկնվող տողեր,
խառնիխուռն՝
անարդարությունների ֆոնին,
որ տարածվում են անտարբերության
ու հակասությունների միջով,
ցմրուր դատարկում եմ սուրճս
միայնության մեջ,
մինչ հանպատրաստից
հորինում եմ գոյությունս։
Մոլորվում եմ
լեզվի նրբերանգներում.
անկատար ուղեբեռի պատրանք։
Ինձ փրկում է անունդ արտասանելը,
դրա համար էլ գրում եմ քեզ
իմ գիշերների անապատում,
առանց ակնկալելու, թե շուրթերդ
վերջակետ կդնեն
այս բանաստեղծությանը։
Թարգմանությունն իսպաներենից՝ Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆԻ
