ՆՈՐՈՎԻ ՍԻՐԱՀԱՐՎԵԼՈՎ ՈՍԿԵՂԵՆԻԿ ՀԱՅԵՐԵՆԻՆ/ Լևոն ԲԼԲՈՒԼՅԱՆ

Թարգմանությունը մշակույթների երկխոսությունն է, իսկ այդ երկխոսությունը հայ իրականության մեջ սրբագործվել է դեռևս Սուրբ Թարգմանիչների ժամանակներից։ Ահա ինչու Հայաստանի գրողների միության և Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համագործակցությամբ կյանքի կոչված «Կանթեղ» թարգմանական մրցանակաբաշխությունն առանձնահատուկ խորհուրդ և նշանակություն ունի։ Արդեն երկար տարիներ այն անգնահատելի դեր է կատարում մեր մշակութային կյանքում՝ միավորելով գրական միտքն ու հոգևոր արժեքները և արժանին մատուցելով նրանց, ովքեր հայերենի տիրույթում նոր կյանք են տալիս օտար լեզուներով ստեղծված գրականությանը։

«Կանթեղ»-ը յուրատեսակ կամուրջ է հայ և համաշխարհային գրականությունների միջև։ Ոգեղեն մի կամուրջ, որի շնորհիվ մեր ազգային արժեքները հասանելի են դառնում աշխարհին, իսկ համաշխարհային գրականության գանձերը հնչում են մեսրոպյան ոսկեղենիկ հայերենով։

Տարիներ առաջ, երբ ես էլ պատիվ ունեցա արժանանալու հեղինակավոր այս մրցանակին, այն ինձ համար ոչ միայն կատարված աշխատանքի գնահատանք էր, այլ նաև մեծ պատասխանատվություն, որն այդ օրից ուղեկցում է ինձ։ Անկասկած, մեծապես դրա արդյունքն է, որ 2014 թվականից ի վեր, արդեն որպես «կանթեղակիր»՝  թարգմանական յոթ ժողովածու եմ հրատարակել, բազմաթիվ հրապարակումներ ունեցել մամուլում։ Ընդ որում, հայ ընթերցողին ներկայացրել եմ համաշխարհային ճանաչման  մի քանի հեղինակների՝ Օմար Խայամի, Աննա Ախմատովայի, Բուլատ Օկուջավայի, Վլադիմիր Վիսոցկու ստեղծագործությունները, հայերեն գրքերով մեր սեղանին դրել ժամանակակից ռուս մի շարք անվանի բանաստեղծների գործեր։ Թերևս ավելորդ չէ նշել, որ այդ գրքերից երկուսը տարվա լավագույնն են ճանաչվել ՀԳՄ «Հովհաննես Մասեհյան» ամենամյա թարգմանական մրցանակաբաշխությունում։

Ինձ երբեմն հարցնում են՝ թարգմանությամբ զբաղվելը չի՞ խանգարում բուն ստեղծագործական աշխատանքիս։ Պատասխանը միշտ նույնն է՝ ոչ միայն չի խանգարում, այլև հաճախ նպաստում է դրան։ Ու ես իսկապես բարեբախտություն եմ համարում, որ ավելի քան չորս տասնամյակ գեղարվեստական թարգմանությունը իմ ստեղծագործական կյանքի անբաժանելի մասն է կազմում: Թարգմանելիս գրեթե նույն վայելքն եմ ապրում, ինչ սեփական ստեղծագործություններիս վրա աշխատելիս, հատկապես այն դեպքերում, երբ թարգմանում եմ հոգեհարազատ հեղինակների։ Զուր չէ, որ տարիներ առաջ անվանի բանաստեղծ Գևորգ Էմինն իր թարգմանությունների ժողովածուն վերնագրել էր՝ «Այն, ինչ ես պիտի գրեի»։ Իրոք, թարգմանիչը պետք է ընտրի հատկապես այն հեղինակներին և նրանց հատկապես այն գործերը, որոնք համահունչ են իր հոգուն, մտածողությանն ու ներաշխարհին։ Այդ դեպքում հաջողությունն առավել հավանական է։

Սակայն այս սկզբունքը չպետք է բացարձակացնել։ Լինում են հեղինակներ, որոնք առաջին հայացքից կարծես «քոնը» չեն, բայց ինչ-որ խորհրդավոր ուժով ձգում ու գրավում են քեզ։ Նրանք կարող են տարբերվել ոճով, մտածողությամբ, աշխարհընկալմամբ, սակայն աշխատանքի ընթացքում հանկարծ բացահայտվում է մի ներքին հարազատություն, որը մինչ այդ անտեսանելի էր։ Եվ խոստովանեմ՝ երբեմն հենց այդ անտեսանելի խոչընդոտների հաղթահարումն է թարգմանական աշխատանքի ամենահետաքրքիր ու հաճելի կողմը։

Առհասարակ, թարգմանական արվեստը կարելի է դերասանական արվեստի հետ համեմատել։ Ինչպես իսկական դերասանը պետք է կարողանա մտնել իր հերոսի աշխարհը, զգալ նրա հոգեբանությունը, բացահայտել նրա ներաշխարհը, այնպես էլ թարգմանիչը պետք է վերապրի հեղինակի ստեղծագործական ընթացքը, ներթափանցի նրա մտքի և զգացմունքների խորքերը, որպեսզի կարողանա արժանավայել փոխանցել դրանք այլ լեզվով։

Իհարկե, թարգմանությունը երբեք չի կարող բնագրի հետ լիովին նույնանալ։ Պատահական չէ, որ նույնիսկ թարգմանական գլուխգործոցների հեղինակ Հովհաննես Թումանյանը բանաստեղծության թարգմանությունը ապակու տակ դրված վարդի հետ է համեմատել։ Ինչ-որ տեղ անողոք այդ համեմատությունը սակայն ոչ թե պետք է հուսահատեցնի, այլ հակառակը՝ ավելի մեծ պատասխանատվություն ներշնչի թարգմանչին։ Յուրաքանչյուր նոր գործի ձեռք զարկելով՝ նա պետք է հնարավոր առավելագույնին ձգտի՝ իր ողջ կարողությունը ծառայեցնելով բնագրի ամենանրբին երանգների վերարտադրմանը։

Թարգմանության էությունն ու իմաստը  շատ  ավելի դիպուկ, ավելի «շահեկանորեն» է արտահայտել ոլորտի մերօրյա հրաշալի վարպետ, երջանկահիշատակ Վահագն Դավթյանը. «Իսկական բանաստեղծությունը նկարչություն է: Իսկական պոեզիան երաժշտություն է։ Նկարչությունն անթարգմանելի է, անթարգմանելի է երաժշտությունը։ Հետևաբար, բանաստեղծությունն անթարգմանելի է,- ասում է նա, բայց և իսկույն ավելացնում.- այնուհանդերձ, բանաստեղծություն թարգմանել են, թարգմանում են ու պիտի թարգմանեն, քանզի թարգմանելիս իսկական թարգմանիչը կարողանում է  իր լեզվի էությունից բխող նոր երաժշտություն ստեղծել և նոր գեղանկարչություն է ստեղծում՝ իր հոգու գույներից»։  Ըստ իս՝ հրաշալի ձևակերպում է մի մարդու կողմից, որն  իր ասածը հաստատող բազում ապացույցներ է տվել և թարգմանությունը ստեղծագործական իր աշխատանքի անբաժանելի մասն էր համարում։

Անշուշտ, ինձ վարպետի հետ չեմ համեմատում, բայց կրկնվելով՝ ասեմ, որ ես էլ այդպես եմ համարում, թարգմանելիս հաճախ ստեղծագործական իսկական վայելք ապրում։ Իսկ երբ երկար որոնումներից հետո հաջողվում է լեզվական որևէ դժվարություն հաղթահարել, երբ թվում է՝ անհաղթահարելի պատնեշը վերջապես տեղի է տալիս, ստեղծագործական բավարարվածությունը բազմապատկվում է պարզապես։ Այդ պահերին կարծես նորից ու կրկին սիրահարվում ես ոսկեղենիկ հայերենին, նրա անսպառ հնարավորություններն ու թաքուն հմայքները նորովի բացահայտում։

Կրկին վերադառնալով «Կանթեղ» մրցանակաբաշխությանը՝ ցանկանում եմ խորին շնորհակալություն ու երախտագիտություն հայտնել այն կյանքի կոչողներին՝ թարգմանական արվեստի սրբազան լույսը վառ պահելու, ոլորտի նվիրյալներին գնահատելու և մեծարելու համար։ Թող միշտ անմար մնա «Կանթեղ»-ը՝ շարունակ լուսավորելով մեր մշակույթի անդաստանը և նոր սերունդների համար պահպանելով թարգմանական արվեստի բարձր առաքելությունը: Իսկ քանի դեռ հայերենը շարունակում է իր մեջ աշխարհի լավագույն գրականության ձայներն հնչեցնել, քանի դեռ կան այդ ձայներին նոր կյանք պարգևող նվիրյալներ, թարգմանական արվեստի կանթեղը չի մարի երբեք։