Այնքան ենք արդեն երես առել, հագեցել ամեն օր, ամեն ժամ տաղանդներ տեսնելով, որ չենք զարմանում: Մի օր կգա (գուցե արդեն եկել է այդ օրը), կասենք՝ «Հա՛, էլի, տաղանդ է, հետո ինչ»:
Բայց երբ անսպասելի նորից ձեռքդ ես առնում ընկերոջդ՝ գրադարակիդ վրա հանգչող, ժամանակին նվիրած գիրքը, չես հասկանում՝ ինչո՞ւ հենց այսօր, ինչո՞ւ հենց այս ժամին… Պետք չէ զարմանալ… Այդ գիրքը հո պատահաբար չի՞ գրվել, պատահաբար չէ, որ տեղ է գտել կյանքդ իմաստավորող մյուս հույժ կարևոր գրքերիդ կողքին:
Այսօր էլ ահա՝ այս խառնիճաղանջ օրերի մղձավանջում ձեռքիս հայտնվեց Գոհար Գալստյանի բանաստեղծությունների վերջին (առայժմ վերջին)՝ «Բառ ընդ ժամանակս» գիրքը: Ամեն մի էջի հետ սկսեցի նորից քայլել 2020 թվականի` սրան նախորդած, հաջորդած մեր օրերով ու տարիներով… Իմ բանաստեղծ ընկերն, ուրեմն, այնպես է ինձ հետ նույն օրն ու նույն ժամին ապրել կյանքը, ինչպես աշխարհի բոլոր մտատանջ, մտամոլոր հայերը… Բայց սա տառապանքներով, խզումներով, պոռթկումներով, անկումներով ու որոշ վերելքներով մի ժամանակ է, որի բոլորաշրջանը դեռ ընթացիկ է: Հայտնի չէ, թե երբ ենք ի վերջո հանգիստ շունչ քաշելու:
Գոհարի այս գրքում բացահայտ է, թե ինչպես է նա բանաստեղծի իր վեհ ու ազնիվ կեցվածքով քայլել 2016-ից մինչև 2020 ճակատագրական թվականը, այնուհետև 2024-ը՝ մինչև այս գրքի լույս աշխարհ գալը:
Դեռ 2016-ից՝ Ապրիլյանից բանաստեղծն իր զինվորի հետ է մտքերով.
Ձյունը ինչո՞ւ է այսքան անարատ-
Հոգու նման է մեր զավակների,
Որ՝ չհասկացան թե հերոսացան,
Որ՝ պարզ-Հայրենին ազատագրեցին…
Դեռ ոչ մեկիս հայտնի չէր, որ գալու է 2020 թվականի սեպտեմբերի 27, դրան հաջորդող հերոսական կռիվ, հաղթանակի գլխապտույտ սպասում… Եվ…
Գրքում պոետական թրթիռներ են թևածում տարվա եղանակների, տարաբնույթ օրերի, սպասումների, հանկարծահաս պարտության, սրընթաց անկումների, հուզաթաթավ, կարճառոտ վերելքների հանգույն…
Բառերս քարեր են.//Մխիթարվելու բառեր չկան… Քարերը կուլ եմ տալիս, որ խեղդվեմ://-Կներե՛ս ինձ, լո՛ւյս տղա, //Որ քեզ բաժին հասավ էս պատերազմը://-Դու իմ հերոս տղա,//Ների՛ր, որ մորդ բաժինն էլ իմը չէ.//Ամոթից կծկվել եմ-//Իմ բաժինն էլ էս քարերն են,//Որ ժամ առ ժամ կուլ եմ տալիս… («Կուլ տված քարեր» 14.10. 2020 թ.):
Ու երբ դեռ խոսք անգամ չկար Հայոց պետականությանը սպառնացող վտանգի մասին, 21. 11. 2016 թ. ասում է.
Հետո մի կեսը տախտակամածի//Լցվեց գազանի վայրագ ուժերով.-//Տե՜ր, գոնե կեսը մի կերպ ազատի՛ր,//Արժանի չենք, բայց զավակներն ենք քո…
Պատերազմից՝ մեր անկումից հետո, մեկ ուրիշը Գոհարի փոխարեն կուզենար այրել, ոչնչացնել սրանից քիչ առաջ գրած աղոթքները, սպասելիքները՝ հուսավառ… բայց պահել է… քանի որ դրանք բառեր են, որ մեծ զորություն ունեն ժամանակների համար:
«Ապաքինության աղոթքները» գրված են 2020 թ.-ին՝ մինչև պատերազմը, Քովիդի օրերին.
Տե՛ր, գթա մարդկանց,//Ների՛ր անխոհեմ արարածներիս,//Ապաքինություն//Տո՛ւր հիվանդներին,//և նենգավորող համաճարակը//վերացրո՛ւ իսպառ…
Դեռ չգիտեինք, որ լինելու է ոգու անկման համաճարակ՝ աշխարհովի…
Էլի շատ աղոթքներ ունի բանաստեղծն այս գրքում (ինչպես և նախորդ գրքերում), որ գրված են մանկան աչքերի պարզությամբ, հավատով, և եթե ո՛չ այն օրերին, եթե ո՛չ երեկ, ո՛չ այսօր, անպայման պատասխանվելու են… Կկատարվեն: Սրանք մանթրաներ են, Գոհարի հավատն առ ԱՍՏՎԱԾ…
Բանաստեղծը գիտի մեր հավատի բոլոր հանգուցակետերը, ծեսերը, գիտի, թե երբ ինչպես պետք է աղոթել, աղոթքի ի՜նչ նոր խոսքեր արարել… Երբեք բաց չի թողնում աղոթքի պահը, հատկապես, երբ հաջողությունը իսպառ լքել է մեզ: Եվ աղոթքները, որ ուղղված էին Երկինք, դեռ ուժի մեջ էին, երբ նյութվում էր չարաբաստիկ նոյեմբերի 10-ը, երբ 9-ին գրել է «Շուշի» շարքը… Երբ դեռ կա հաղթանակի հավատը: Գրել է նաև «համաձայնագրի» հենց հաջորդ օրերին, երբ ազգովի «քարեր կուլ տված» վիճակում էինք: Սրա համար քաջություն էր պետք, սթափ մնալու ուժ.
Տե՜ր, ողորմյա մեզ
Մեր Անմահներին և մեռյալներիս…
Վեց օր էր, ինչ ազգովի մեռած էինք…
Իսկ դեռ 20 թ.-ի հուլիսի 20-ին գրած աղոթքում արդեն կա տագնապը.
Մեր գիշերները բարի լուսավորող Տե՛ր,//Դու ինձնից լավ ես տեսնում,//Դու ինձ միշտ ես լսում.//Միջամտի՛ր ու խափանի՛ր//Իմ երկրում խարդախորեն գործող//Դավադիր ու չարանենգ//Բոլոր բանսարկուներին…//Աջիդ զորությամբ զորավորի՛ր, Տե՜ր,//Լույսն անճառելի փայփայողներին…
Պատերազմի ավարտը… ամոթալի համաձայնագիրը… երբ դեռ երկու օր էր անցել… երբ դեռ քարեր էինք կուլ տալիս, բանաստեղծը արձանագրում է.
Այս պատերազմի վեց շաբաթները՝//Կիրակիներով,//Ինչպես մեծ պահքի ամեն կիրակին…//Ավագ շաբաթվա խաչի ճամփան էլ//Անցանք մատնությամբ-//Գողգոթան տեսանք,//Խաչելությո՛ւնը.//-Ո՛ւր էր Հարության մեր նոր կիրակին: (12.11.2020 թ.)
Եվ այսու բազում են այս գրքի այգում հասունացած բարիքները…
ԱՆՍՈՎՈՐ ԳԱՐՈՒՆ
Կանաչ կյանքի մի դուռ՝
Գարունը նորաբաց-
Բողբոջ ենք մեկուսի՝ բարուրվել ենք փեղկ-փեղկ,
Բայց ջերմացնող մի շող,
Ցողաթաթախ մի թաց
Հերիք է, որ խորքից
Բացվենք, լցվենք մեկտեղ…
Լցվենք կյանքի հյութով
Նորոգ դյութով գարնան,
Այն հավատով ծառի, որ ծաղկում է մեր մեջ,
Ու ավելին գիտե՝
Մեղուները կգան,
Մեր սրտի բուն ծաղկից
Նեկտար կբաժանենք…(06.03.2020 թ.)
Գոհարը երբեք չի խուսափում արդեն տրորված ճանապարհներով քայլելուց՝ նոր արահետներ գտնելու հավատով: Եվ մի՞թե սա նոր խոսք չէ մեր լեզվի մասին, երբ մեր բանաստեղծական արվեստը լեցուն է այս թեմայի գոհարներով.
Քեզ բարբառելով՝ ամեն խոսքիս հետ//Ես համտեսում եմ ավիշն իմ գենի…
Իսկ ընթերցողն այս գրքում համտեսում է տաղանդն իր գենի… Հատկապես երիտասարդ գրականագետնե՛ր, մի՛ շրջանցեք ո՛չ ձեր և ո՛չ էլ ավագ սերնդի տաղանդներին: Հատի՛կ-հատիկ գտե՛ք նրանց, փայփայե՛ք, սիրե՛ք, ուրախացե՛ք, հպարտացե՛ք նրանցով: Նրանց թիվը թող զարմացնի ձեզ ոգևորելու չափ, թող շփոթեցնի: Նրանց յուրաքանչյուր բառը, միտքը, շեշտն ու ստորակետը արժանի են լուրջ ուսումնասիրության ու գնահատանքի… Թեև եթե դուք չանեք դա, անելու են սերունդները, որևէ մի սերունդ… և զարմանալու են…
Ահա ես ինչ-որ չափով անդրադարձա Գոհարի «Բառ ընդ ժամանակս» գրքին, բայց կարող եմ ասել, որ սա միայն շփոթմունքս թոթափելու մի փորձ էր… Դեռ որքա՞ն անգամ էլ ձեռքումս հայտնվի այս գիրքը, այդքան անգամ էլ զարմանալու ու շփոթվելու եմ, թե գնահատանքի ինչ չափանիշներ ու բառեր գտնեմ խոսելու համար…
