Կյանքից 84 տարեկանում հեռացել է տաղանդաշատ արձակագիր, թարգմանիչ, մանկագիր, Հայաստանի գրողների միության վարչության երկարամյա քարտուղար ՎԱՀԱԳՆ ԳՐԻԳՈՐՅԱՆԸ։
Երիտասարդ տարիներից մինչև իր կյանքի ավարտը գրել և հրատարակել է բազմաթիվ գրքեր, որոնք արժանացել են ընթերցողների, գրողների, գրականագետների ուշադրությանն ու դրվատանքին՝ «Ադամամութ», «Թռչունի հոգին», «Առաջնորդի կյանքն ու մահը», «Ժամանակի գետը», «Պողոս-Պետրոս»։
Գրական մեծ վաստակի համար արժանացել է մի շարք բարձր պարգևների՝ Մովսես Խորենացի մեդալի, ՀՀ պետական, Հրանտ Մաթևոսյանի անվան և ՀԳՄ լավագույն արձակ մրցանակների, ինչպես նաև հայ-լիտվական գրական և մշակութային կապերի զարգացման և ամրապնդման գործում ունեցած մեծ ավանդի համար արժանացել է ՀՀ արտաքին գործերի նախարարության Առաջին աստիճանի Պատվո մեդալի։
Ժամանակին «Գարունում» տպագրված «Թագավորի փոքր որդին» վիպակն արժանացել է բազմաթիվ խրախուսական հոդվածների և բարձր գնահատանքի։
Գրողների միությունում ՀԳՄ քարտուղար աշխատած տարիներին Վահագն Գրիգորյանը նպաստել է գրական կյանքի զարգացմանը։ Նրա մարդկային կերպը՝ սիրված ազնվագույն կերպար…
Երկար տարիներ ապրելով Լիտվայում՝ նա գրողների միության գրական դեսպանն էր այնտեղ և միշտ հետաքրքրվում էր մեր գրական կյանքի ամենօրյա անցուդարձով, գրական աշխատանքներով, ՀԳՄ անշարժ գույքի դատական պրոցեսի ընթացքով և այդ առիթով իր անհամաձայնությունն էր եղել հայտարարությամբ։
Նրա վեպերի և վիպակների հիման վրա գրված սցենարներով «Հայֆիլմ» կինոստուդիայում նկարահանվել են լիամետրաժ գեղարվեստական ֆիլմեր, իսկ հեքիաթների թեմաներով՝ մի շարք մուլտիպլիկացիոն ֆիլմեր, պատմվածքներից մեկն էլ էկրանավորվել է Ֆրանսիայում։
Բազմավաստակ գրողի ստեղծագործությունները թարգմանվել են մի շարք օտար լեզուներով՝ ռուսերեն, բուլղարերեն, իտալերեն, ռումիներեն, էստոներեն, ինքը նույնպես կատարել է թարգմանություններ ռուսերենից և լիտվերենից։
Մեր հրաշալի գրող ընկերոջ կորուստը ծանր ցավ է ողջ գրական ընտանիքի համար։
Նրա գրականության սրտի զարկը միշտ կլսվի ընթերցողների և գրողների հոգիներում…
ՀԳՄ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ
ԱՎԱՐՏ, ԲԱՅՑ ԵՎ ՇԱՐՈՒՆԱԿՈՒԹՅՈՒՆ… Վահագն Գրիգորյանն ավարտել է իր երկրային կյանքի ուղին: Ցավալի այս իրողությունը նաև երկակի զգացողությունների և մտորումների տեղիք է տալիս. մի կողմից՝ մի մեծ ու իմաստալից ճանապարհի ավարտ, մյուս կողմից՝ ապրածի, ստեղծածի շարունակություն հարազատների, գրչակիցների, սերունդների հիշողության և ընթացիկ կյանքի բավիղներում: Ակամա մտաբերում եմ տասնամյակներ առաջ դեռ երիտասարդ Վահագն Գրիգորյան արձակագրի առաջին քայլերի մասին արձանագրածս տողերը. «Գրողներ կան, որ իրենց առաջին իսկ երկով ուշադրություն են գրավում, անգամ եղանակ են ստեղծում գրական ընթացքի մեջ: Կան նաև այնպիսիք, որոնք հրատարակում են մի շարք երկեր, բայց դեռ մնում են աննկատ, ստվերում: Եվ ահա նրանց ձիրքը, կարծես կուտակելով իր ուժերը, դուրս է հորդում հանկարծակի, անսպասելիորեն: Ստեղծագործական այս երկրորդ տիպի ճակատագիր ունեցավ Վահագն Գրիգորյանը: Նրա «Թագավորի փոքր որդին» և «Կարմիր ձյուն» վիպակները կարծես նորովի հայտնագործեցին վաղուց ստեղծագործող այդ արձակագրին, նրա անունը դուրս բերին գրական լայն ասպարեզ:
Վ. Գրիգորյանի վիպակների գլխավոր հարցադրումը ժամանակակից երիտասարդի կյանքում անցյալի ներկայության պրոբլեմն է: Անցյալը դիտվում է որպես երկշերտ երևույթ: Դա մի կողմից այն կենսական միջավայրն է, շրջապատի մարդկանց հոգեբանությունն ու վարքագիծը, որ տարիների ընթացքում ձևավորում են ապագա երիտասարդի էությունը, մյուս կողմից՝ մանկությունը, մարդկային հոգու անաղարտ վիճակը: Բայց ահա կյանքի մի որոշակի շրջանում, ինքնահաստատման սահմանագծի վրա, երիտասարդ մարդու հոգում ծնվում է անցյալի հոգևոր և բարոյական արժեքների վերանայման պահանջ: Վ. Գրիգորյանի հերոսները դրված են այս հարցերի ու խնդիրների բավական բարդ հանգույցում:
«Թագավորի փոքր որդին» վիպակում արձակագիրը ներկայացնում է մի ժամանակակից մտավորական ընտանիք: Հերոսի հայրը հարգված պրոֆեսոր է համալսարանում: Հերոսը՝ Հրայրը, դպրոցն ավարտել է գերազանց, սովորել է ինստիտուտում և այժմ քիմիական լաբորատորիայի գիտաշխատող է: Բարվոք վիճակում են նրա կենցաղային պայմանները: «Կարմիր ձյուն» վիպակի Հովոն, ընդհակառակը, դպրոցն ավարտել է մի կերպ, դիրեկտորի՝ իր հոր հովանավորության ներքո, դարձյալ ծնողների կամքով և նախասիրությամբ ընդունվել է համալսարանի բանասիրական ֆակուլտետ և ապա, նախարարի միջնորդությամբ, աշխատանքի անցել թերթի խմբագրությունում: Համեստ են նաև նրա կենցաղային պայմանները: Սակայն կա մի գերխնդիր, որ միացնում է այս հերոսներին: Նրանք երկուսն էլ «հաշիվ ունեն» անցյալի հետ: Հրայրին անհանգստացնում է հոր մեղքի պատմությունը, Հովոյին՝ պապի չապացուցված հերոսության փաստը: Հերոսներին գտնում ենք այն կետում, երբ նրանք սկսում են իրենց յուրատեսակ ճամփորդությունը դեպի անցյալ: Նույնն է նաև նրանց նպատակը՝ բացահայտել ավանդական հոգևոր արժեքների ճշմարտացիությունը: Բայց ահա կարևոր է այն հանգամանքը, որ հերոսների շարժումը, սկիզբ առնելով նույն կետից, ի վերջո շարունակվում է տարբեր ուղղություններով: Վ. Գրիգորյանն այս վիպակներում կարողացել է բացահայտել անցյալի, ժողովրդի հոգեկան ավանդների նկատմամբ ժամանակակից երիտասաարդության մեջ գոյություն ունեցող վերաբերմունքի տարբեր կողմերը: Եթե Հրայրը՝ փաստորեն անցյալից կտրված այդ երիտասարդը, իր կյանքի մի որոշ շրջանում ժամանակավոր տատանում է ապրում հնի ու նորի, անցյալի ու ապագայի միջև («Ես ինձ զգում էի երկու աշխարհների մեջտեղում կախված, կապկպված անհուսալի պարաններով, մի անզգույշ շարժում, և իմ չեզոք մարմինը անդունդը կսլանա») և տրամաբանորեն գտնելով անցյալի հետ իր կենսական կապերը, բայց նույնը չհայտնաբերելով իր հոգու և զգացմունքների մեջ՝ վերջնականապես հեռանում է անցյալից, իր արմատներից, ապա Հովոն, ընդհակառակը, տրամաբանորեն դեմ գնալով անցյալի գունազարդմանը, ընտանեկան հեքիաթներին ու լեգենդներին, միաժամանակ մեծ հարազատություն է զգում դրանց նկատմամբ, հայտարարում է, որ ինքը կամա թե ակամա կապված է այդ ամենի հետ, կապված է արյան և հոգու թելերով: Այստեղից էլ նրա մտավախությունը ճշմարտությունը բացահայտելու նկատմամբ: Ինչո՞վ բացատրել այս երևույթը: Հավանաբար նրանով, որ, ի տարբերություն Հրայրի, Հովոյի համար անցյալի բացահայտումը ոչ թե պարզապես բարոյական մի հարցի լուծում է, խղճի հանգստացման պայման, այլ ապագայի, սեփական ապրելակերպի, կյանքի խնդիր»:
Կարծում եմ՝ նման հարցադրումներն իրենց արժեքն ու կարևորությունը չեն կորցրել մեր օրերում, և Վահագն Գրիգորյանի անունն ու գործը մշտապես ուղեկցելու են հայ ժողովրդին իր դժվարին կյանքի տարբեր կեռմաններում:
Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ
Վահագն Գրիգորյան. պատառիկներ հարցազրույցներից
Վահագն Գրիգորյանի յուրաքանչյուր այցելություն Հայաստան վերածվում էր հայրենակարոտի դրսևորման բազմաշերտ ծիսակարգի: Նա բաց էր շփումների համար, առատաձեռն՝ իր գրքերը նվիրելիս, հետաքրքրված՝ ստանալու նորատիպ գրքեր, որոնք անպայման կարդում էր ու արձագանքում (գոնե իմ դեպքում եղել է այդպես), պատրաստակամ ու բարեհաճ՝ հարցազրույցներ տալու առաջարկների պարագայում: Անհագորեն կլանում էր յուրաքանչյուր նոր ու արժեքավոր տեղեկություն իր հայրենիքի այս կամ այն անցուդարձի մասին:
2019-ի հուլիսի 6-ին Դերենիկ Դեմիրճյանի տուն-թանգարան կատարած հերթական այցելության ժամանակ թանգարանի տպավորությունների գրքում գրել էր. «…Մինչև հաջորդ հանդիպում, սիրելի՛ Վարպետ»: Եվ, այո՛, խոստումը պահեց, եկավ էլի մի քանի անգամ:
Վերջին այցելությունը 2025 թ. մայիսի 5-ին էր: Նրան նվիրեցի իմ «Հայը. ինքնանկար» գիրքը, որում տպագրված էր նաև իր «Անմահը» պատմվածքը, և «Մենիկ» պատմվածքների ժողովածուն: Ինչպես ամեն անգամ, լուսանկարվեցինք և համալրեցինք Դ. Դեմիրճյանի տուն-թանգարանի նշանավոր հյուրերի ֆոտոարխիվը ևս մեկ մասունքով: Գուցե թե ակնհայտ էր, որ հիվանդությունն այլևս խեղճացրել է նրան, բայց չէի ուզում հավատալ, որ վերջին այցելությունն է…
Մի քանի հարցազրույց եմ ունեցել Վահագն Գրիգորյանի հետ, որոնք հրապարակվել են «Իրատես» թերթում: Հիմա փորձում եմ ի մի բերել 2019 թ. արված ծավալուն հարցազրույցի առավել կարևոր պատառիկները, որոնցում Վահագն Գրիգորյան հավերժի ճամփորդն է՝ իր մտահոգություններով, տագնապներով, հույսով, հավատով, գրականության խնդիրներին ուղղված հայացքով՝ ներսի ու դրսի մարդու խորագիտությամբ:
Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
***
Ոչ միայն Եվրոպայում, այլև Թուրքիայում կան թուրքեր, որոնք առաջադիմական, հումանիստական դիրքերից են հանդես գալիս: Սակայն նրանց պահանջը՝ ընդունել, դատապարտել Հայոց ցեղասպանությունը, ամենևին չի արտացոլվում Թուրքիայի պետական քաղաքականության մեջ: Դժվար է պատկերացնել, թե աշխարհում ինչպիսի փոփոխություններ պիտի լինեն, որպեսզի Թուրքիան հասնի իր ոճիրը ընդունելու, ցեղասպանությունը ճանաչելու, դատապարտելու մակարդակին: Թուրքիայի պատմության ինստիտուտի տնօրեն, ներկայումս էլ Մեջլիսի պատգամավոր Յուսուֆ Հալաչօղլուն, օրինակ, ահազանգ է հնչեցնում, թե ծպտված հայերը սկսել են գլուխ բարձրացնել, պետությունը պետք է զգոն լինի: Ի՞նչ է պահանջում թուրք պատմաբան-պատգամավորը՝ ոչնչացնե՞լ այդ համարձակություն առած, իրենց ազգային ինքնությանը վերադառնալու փորձեր անող հայերին… Մենք, ինչ խոսք, պետք է շարունակենք հետամուտ լինել այդ հարցին՝ հավատալով, որ ի վերջո, արդարությունը կհաղթի։
***
Ռուսաստանի կազմում գտնվող Թաթարստանն ավելի անկախ պետական միավոր է, քան իր կարգավիճակով անկախ Հայաստանը: Թե ինչու է այդպես, տարողունակ հարց է, շերտերը շատ են:
***
«Ժամանակի գետում» կանխատեսում էի, որ 100 տարի անց Թուրքիան արդեն նվաճել է Եվրոպան ամբողջությամբ, փոխվել են եվրոպական օրենքները, նույնիսկ 301 օրենքն է սկսել գործել։ Սա գուցե չափազանցություն է, վիպական հնարանք: Հուսամ՝ չի իրականանա։
***
Հայոց լեզուն իսպաներեն, անգլերեն կամ ֆրանսերեն չէ։ Հայերեն գրված վեպը չի կարող ակամա տարածվել աշխարհով մեկ: Դեռ Թումանյանն է ժամանակին ասել, թե հայ գրականությունը ազգային հովանավորության կարիք ունի: Հիմա ազգային ասենք թե պետական, հայ գրականությունն իրոք հովանավորության, հոգածության կարիք ունի: Մասնավորապես «Ժամանակի գետի» թարգմանությունը, հրատարակումը և տարածումը պիտի ֆինանսավորվեր պետության կողմից: Նախատեսված էր Ցեղասպանության 100-րդ տարելիցի ծրագրում, բայց չարվեց: Ինչքան հասկանում եմ, պատճառն այն էր, որ պիտի թարգմանչին զգալի գումար վճարվեր: Իսկ Հոլանդիայում սկսել էր թարգմանել հայերեն լավ իմացող մի հոլանդուհի՝ իր նախաձեռնությամբ, այս դեպքում էլ հրատարակիչները հրաժարվեցին գիրքը տպագրել՝ անհանգստանալով, որ կարող են խնդիրներ ունենալ Թուրքիայի հետ: Այսինքն՝ մե՛նք պիտի անենք, բայց չենք անում: Ոչ միայն իմ գիրքը, այլև հայ գրականության շատ ստեղծագործություններ պետական հովանավորությամբ պիտի թարգմանվեն ու տարածվեն, որ աշխարհը մեզ նաև մեր գրքերով ճանաչի: Իսկ մենք խոսում-խոսում ենք, բայց գործ չենք անում: Սա ոչ թե հայ գրականության, իմ կամ մեկ այլ գրողի, այլ պետության խնդիրն է: Պետական ծրագիր է անհրաժեշտ այս բացը լրացնելու համար: Բայց չկա այդպիսի ծրագիր:
***
«5-րդ փողոցը» իմ գործերում երևաց դեռ անցյալ դարի 70-ականներին, արդեն նոր դարում գրված «Ժամանակի գետը» և «Պողոս-Պետրոսը» նույնպես այդ ծիրում են։ «Զարմանալի իրադարձություններ 5-րդ փողոցում» գրքում տեղ գտած վիպակները տարբեր խնդիրներ են շոշափում, այստեղ ծավալվում են պատմություններ, որոնք ինձ զարմանալի թվացին և հուշեցին գրքի ընդհանուր վերնագիրը։
***
Քաղաքական իրավիճակները մեր ժամանակներում արագ են փոխվում, այսօրվա իշխանությունը կարող է մի դիրքորոշում ունենալ, վաղվանը՝ մեկ ուրիշ: Չանտեսենք նաև նավթադոլարների շնորհիվ ադրբեջանական աշխուժացող հակահայ քարոզչությունը՝ իհարկե, երբեմն անհեթեթության հասնող: Կաշառված մի լիտվացի գրել էր, որ իրենց խորհրդարանի կողմից Հայոց ցեղասպանությունը ճանաչող որոշումը սխալ է եղել, որ ճիշտ կլինի այն հետ կանչել, քանզի Հայոց ցեղասպանություն հեքիաթը հորինել է Թուրքիայի թշնամի ԽՍՀՄ-ը: Ինձ էլ մնաց նույն թերթի էջերից հակադարձել, կարծում եմ՝ այնքան հիմնավոր, որ պատմաբան-լրագրող կոչվածը այլևս ծպտուն չհանեց:
***
Չէի ուզենա ծայրահեղ հոռետես լինել, բայց դժվար եմ պատկերացնում, թե գործի ու կյանքի ինչպիսի պայմաններ պիտի ստեղծվեն Հայաստանում, որպեսզի ԱՄՆ-ի, Եվրոպայի, Հարավային Ամերիկայի հայերը գայթակղվեն ու ներգաղթեն։ Գուցե՝ Ռուսաստանի՞։ Բայց, միևնույն է, զանգվածային ներգաղթ դժվար է պատկերացնել։ Այնպես որ, ես զանգվածային ներգաղթին կհակադրեի զանգվածային արտագաղթի հաղթահարումը։ Ամենասեղմ ժամկետներում այնպիսի պայմաններ պետք է ստեղծել, որ մարդը չմտածի Հայաստանից հեռանալու մասին։ Տարեկան մի քանի տասնյակ հազարի արտագաղթը կանխելն ինձ ավելի իրատեսական է թվում, քան հարյուր հազարների ներգաղթին սպասելը։ Ընդ որում՝ այս մի բանում համոզված եմ. երբ արտագաղթը դադարի, ներգաղթի դուռն էլ կբացվի։ Իմիջիայլոց, «Պողոս-Պետրոսը» նաև այս հարցերին է առնչվում …. Վերջաբանը վերնագրված է «Ինչպե՞ս մեզ փրկենք մեզնից»։ Այո՛, մենք շատ թշնամիներ ենք ունեցել, բայց մեր ողբերգություների և կորուստների համար ինքներս էլ մեղքի մեր բաժինը չունե՞նք։ Ահա թե ինչից պետք է ազատվենք։
***
Երբ Հայաստանը անկախություն հռչակեց, ես մտածում էի՝ այսուհետ ինչի՞ մասին պիտի գրեմ։ Քանի որ մենք ենք մեր գլխի տերը, այլևս կաշառք ու թալան, խաբեություն ու ստորություն չի լինելու, այսինքն՝ քննադատելու ոչ մի բան։ Եղավ ճիշտ հակառակը։ Այնպես որ, թշնամիներից ոչ պակաս մենք ենք մեզ վնասում։ Ինչո՞ւ։ Թումանյանը շատ խիստ էր. «…ներսից ենք փչացած»,- ասում էր։
***
Իրոք, ինչպե՞ս մեզ փրկենք մեզնից։ Անկախ պետականությունը մեր մեծագույն ձեռքբերումն է, խնդիրը՝ այն ամրապնդելը։ «Պողոս-Պետրոս» վեպի վերջաբանում երազ եմ տեսնում, որտեղ հայրենակիցներս գիտակցել են, որ իրենց՝ հայի ներկա սերունդներին, բացառիկ հնարավորություն է ընձեռնված՝ վերածնելու Հայաստան աշխարհը, դարձնելու ավետյաց երկիր։ Եվ հիմա ուզում եմ հավատալ, որ այս երազս երազ չի մնա։
Ամբողջական հարցազրույցները՝ «Իրատես» թերթում (թիվ 77 (998), 22–25.11.2019, թիվ 79 (1000), 29.11–02.12.2019)
Դ. Դեմիրճյանի տուն–թանգարան Վահագն Գրիգորյանի կատարած վերջին այցելությունը՝ 25.05.2025
Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ
ԱՎԱ՜Ղ, ԲՈԼՈՐԸ ՔՐՈՆՈՍԻ ԶՈՀԵՐՆ ԵՆ…
Ցավալի, ցավալի լուր, մեզնից հեռացել է իր մեջ մարգարեություն պարունակող «Ժամանակի գետը» խորիմաստ վեպի հեղինակը՝ Վահագն Գրիգորյանը: Հետաքրքիր ձևով նրա տաղանդաշատ և վաղամեռիկ եղբայրը՝ իմ շատ սիրելի «Դար կորստյան» վեպի հեղինակը, իր «Հավերժական վերադարձ» հրաշալի վեպի բնաբան է ընտրել երկրորդ դարի Հռոմի կայսր Մարկոս Ավրելիոսի «Խորհրդածություններից» հետևյալ միտքը. «Ով տեսնում է ներկան, նա տեսել է ամեն ինչ՝ ժամանակի հավիտենական հոսքում անցած-գնացածը, և այն ամենը, ինչ դեռ լինելու է»:
Պատահական չէ, որ այդ երկու եղբայրները հայ գրականությանը տվել են մնայուն գործեր: Նրանց տանը եղել է գրքի պաշտամունք: Նրանք մեծ Դերենիկ Դեմիրճյանի «Գիրք ծաղկանցի»՝ իր ազգի հոգևոր հարստությանը անմնացորդ նվիրյալ հերոսներից էին:
Վահագն Գրիգորյանը «Ժամանակի գետը» վեպով զգուշացնում է մարդկությանը՝ դիմադրել չարի հաղթարշավին՝ պահել-պահպանելու համար աշխարհի համար այնքան կարևոր մարդասիրությունը: Վահագն Գրիգորյանի խորիմաստ պատգամները հայապահպանության լավագույն դրսևորումներն են, հետևենք դրանց՝ խոնարհվելով նրա պայծառ հիշատակի առաջ:
ՔՈ ԳԻՐԸ ԿՆՔՎԱԾ Է
Գրիգորյան գրական տաղանդավոր և ազնվագույն տոհմից 84 տարեկանում կյանքից հեռացավ Վահագնը։ Հայրը՝ Վահանը, որի «Անիվ իմ, դարձիր» բանաստեղծությունը դրվատել էր Չարենցը։ Եղբայրը՝ Վարդանը, պատմաբանից արձակ խուժած, մահը նրան անգթորեն վաղ կտրեց արդեն անուրանալի, լրջագույն քանքարը երկու պատմական վեպերով հաստատած գրից։
Սիրելի Վահագն, ես քեզ ճանաչել եմ, երբ ուսանող էի, իսկ դու՝ «Թագավորի փոքր որդին» «Գարուն» ամսագրում տպագրած, լայն աղմուկ հանած վիպակի երիտասարդ հեղինակ, որին ԵՊՀ գրական խմբակով հրավիրեցինք համալսարան և N 51 թեք ու մեծ լսարանում կազմակերպեցինք քննարկում։ Ես էլ խոսեցի բարձր դրվատանքով, սակայն երբ «Գրական թերթում» տպագրվեցին հատվածներ ելույթներից, իմ անվան տակ դրվել էր մի այլ մեկի քննադատական հատվածը։ Զանգեցի թերթի գլխավոր խմբագիր Սաղաթել Հարությունյանին և խնդրեցի ուղղում հրապարակել, նա ասաց, թե՝ մի փոքր խոսք է, ինչ իմանանք՝ ո՞ւմն է, որ ուղղենք, մի հուզվիր, կարևորը Վահագնը լսել է խոսքդ։ Հետո Վահագնի հետ հանդիպելիս միշտ հիշում էինք այդ զավեշտը։
Վաթսունականների արձակի հզոր սերնդի շարքում դու գրավեցիր քո ուրույն տեղը ժամանակակից կյանքի իրական ու հոգեբանական խորքերը վեպերի ու վիպակների բացահայտումով, որոնք մշտապես արժանացան գրականագիտական լուրջ գնահատականների։
Ինձ միշտ թվում էր, թե դու՝ ջահել տարիներից մորուքավոր, մանր ու հետագայում խորացած կնճիռներով, եկել ես հայոց պատմական ժամանակներից։ Հետո չզարմացա, երբ գրեցիր «Ժամանակի գետը» ցեղասպանության թեմայով վեպը, որը ՀՀ պետական մրցանակի արժանացավ։ Գիրքը թարգմանվեց այլ լեզուներով։ Ապա գրեցիր «Պողոս-Պետրոս» քննախույզ պատմական վեպը։
Պատմական հայացքը թևածում էր նաև մեր ժամանակների հոլովույթը գրչին հանձնած «Առաջնորդի կյանքն ու մահը» հումորախառն վեպով։
Քեզ հատուկ էր նրբագեղ, մեղմ ժպիտդ տարածող հումորիկ պատմություններ հիշելն ու արձագանքելը նույնկերպ այլոց նմանատիպ պատմությունների ընթացքում։ Չեմ հիշում լիաթոք ծիծաղի որևէ արձագանք։ Միշտ զուսպ, կանաչավուն աչքերիդ սթափության հսկող դիտարկման ներքո։
Նաև տաք լիրիկան էր հասնում գրչիդ ելևէջներին, ինչպես «Թռչունի հոգին» վիպակում, լիտվական անտառներում ներշնչված պատմվածքներում։
Հանդիպել ենք Լիտվայում և մի շաբաթ իրար հետ երկար զրուցել հայ-լիտվական թեմաներով, ժամանակակից կյանքի համեմատական վիճակները բաղդատել։
Երկար զրուցել ենք ՀԳՄ-ում, երբ դու առողջ էիր, և, ցավոք, երբ հիվանդությունն էր քեզ ներսից փորձում նվաճել։ Երբևէ չեմ տեսել պարտվածի վհատություն, էլի մեղմ ժպիտ ու ամեն ինչի նկատմամբ պատմականորեն, օբյեկտիվ նայվածք։
Լիտվայում կամ Հայաստանում նույն խորաթափանց քննությունն էր հայոց ներկայի հանդեպ։ Ուր էլ լինեիր, պատմության ու ժամանակակից ընթացքի բոլորիս հուզող ու տանջող ցավն էր զիգզագվում բանավոր ու գրավոր դաշտում։
Գրողի իսկական, դասական կերպար։
Թարգմանիչ էիր, հրապարակագիր, մանկագիր և, հաստատապես, շատ շատերի կողմից ընդունված հազվագյուտ արձակագիր։ Որը երբեք չփորձեց կուրծք ծեծել իր մեծությունը աչք մտցնելու, փառաբանվելու համար։
Նմանների ետևից է փառքը վազում։
Քո գիրը կնքել է մի հավերժ մանուկի, որն անմահ է։
Էդվարդ ՄԻԼԻՏՈՆՅԱՆ
ԱՅՍ ԱՇԽԱՐՀԻ ԱՆՄԱՀՈՒԹՅՈՒՆԸ
Չեմ հիշում՝ մենք երբևէ հանդերձյալ կյանքի, հոգու անմահության մասին իրար հետ խոսե՞լ էինք։ Պատահեց այնպես, որ Ֆենիքս Սարդարյանի, քո և իմ առաջին գրքերը, հավանաբար արձակագիրների նոր սերնդի հայտնության նկատառումով, միաժամանակ լույս տեսան։ Հետո գրականությունը մեզ տարբեր ուղիներով տարավ, կյանքը անգամ տարբեր երկրներում հաստատեց, բայց մենք, քանի որ գրականության նույն ավազանում էինք մկրտվել, իրար հավատարիմ, հավատարիմն ի՜նչ է, հարազատ մնացինք։ Ու ավելի քան կես դար քո ձեռքբերումներով հիացանք, պարծեցանք, քո հաջողությունները մեր երեքի հաջողությունը համարեցինք։
Չեմ հիշում՝ մենք երբևէ հանդերձյալ կյանքի, հոգու անմահության մասին իրար հետ խոսե՞լ էինք, բայց, Վահագ ջան, դու անմահացար, հավերժացար ա՛յս կյանքում։
Հրաժեշտի դժվար պահին դա է իմ միակ սփոփանքը։
Գրիգոր ՋԱՆԻԿՅԱՆ
ՊԱՅԾԱՌ ԼՈՒՅՍԸ ՉԻ ՄԱՐԻ
Երեկ ստացա սիրելի ընկերոջս՝ Վահագն Գրիգորյանի մահվան լուրը։ Չնայած մի քանի օր առաջ զրուցել էինք հեռախոսով, բայց զգացել էի, որ վերջն է։ Լուրն անսպասելի չէր։ Ինքն էլ գիտեր՝ քանի ամիս էր հիվանդանոցում էր ու հասկացել էր, որ բժշկությունն անզոր է։ Հազիվ էր խոսում։ Ասաց, որ մտածում էր այս տարի անպայման գալ, որ անչափ կարոտել է Հայրենիքը, բայց այլևս չի կարող, քանզի այդպես էլ բժիշկները չկարողացան փրկել… Զգացի ցավն ու կարոտը, հազիվ զսպեցի լացս, հուսադրեցի, բայց ինքն արդեն գիտեր և համոզված էր, որ վերջն է…
Իմ սիրելի, թանկագին ընկերոջը գիտեմ 80-ական թվականներից, երբ աշխատում էր «Պիոներ» ամսագրի խմբագրությունում, Անահիտ Սահինյանի հետ։ Չնայած ինձնից մի քանի տարով փոքր էր, բայց արդեն կայացած գրող էր, իսկ ես դեռ նոր էի մտնում գրականության աշխարհ։ Առաջին մանկապատանեկան պատմվածքս կարդաց ու ժպտաց, և հասկացանք իրար, դարձանք ընկերներ։ Մի քանի տասնյակ պատմվածքներ տպագրվեցին, մրցանակի արժանացա, մտերմացա նաև Սահինյանի հետ և մտա գրական աշխարհ, ինչն ինձ համար կյանքից էլ թանկ էր։ 80-ական թվականներից հարազատների նման էինք, և իմ գրական հաջողությունների համար պարտական եմ նաև իրեն ու երբեք չեմ մոռանա։
Իմ սիրելի Վահագնը եզակի անձնավորություն էր՝ տաղանդավոր ստեղծագործող լինելով, նաև մարդկային եզակի կերպար՝ մեծամտության նշույլ անգամ չուներ, ազնիվ ու հավտարիմ ընկեր էր, միշտ պատրաստ հնարավորության սահմաններում հենարան լինել։
Վահագն Գրիգորյանը ոչ միայն տաղանդավոր արձակագիր էր, մտավորական, այլև՝ մեծ հայրենասեր։ Հայրենիքի նվիրյալ զինվոր էր և վերջին շրջանում, երբ չէր կարողանում լինել Հայրենիքում, տառապում էր դրանից։
Վերջին շրջանում չէր կարողանում գրել, ինչից սաստիկ տառապում էր, բայց անում էր, ինչ կարող էր։ Իմանալով մեր ստեղծած «Հայկազուններ Համահայկական Միաբանություն» կազմակերպության մասին՝ շատ ցանկացավ անդամագրվել և մինչև վերջին շունչն օգտակար եղավ։ Ամռան ամիսներին, երբ կարճ ժամանակով գալիս էր, հաճախակի մեզ հետ էր լինում, իր ազգանվիրյալ մտքերն ու ծրագրերն էր տալիս մինչև գնալը, օգնում էր նաև հրատարակմանը։
Հայկազունների համար նա չի մահացել։ Կարոտած սրտով վերադարձավ Հայրենիք և մեզ հետ կլինի հավերժ։ Նրա մասին մեզ հետ կխոսեն իր գրական տաղանդի ծնունդները, որոնք, որպես պայծառ լույսեր, կլուսավորեն Հայ ազգի քարքարոտ ճանապարհը։ Եվ չի մարի պայծառ լույսը…
Հովիկ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
