ՀՐԱՆՏ ՄԱԹԵՎՈՍՅԱՆԻ ԳՐԱԿԱՆՈՒԹՅՈՒՆԸ ԵՎ ԱՅԴ ՀԵՆՔՈՎ ՍՏԵՂԾՎԱԾ ՖԻԼՄԵՐԸ/Դավիթ ՄՈՒՐԱԴՅԱՆ

Հրանտ Մաթևոսյանը ծանրակշիռ ներկայություն ունի ինչպես հայ գրականության, այնպես էլ մեր ազգային կինոյի բնագավառում։ Նրա գրիչը բազմաստեղծ է։ Պատմվածքներ, վիպակներ, հրապարակախոսական էջեր։ Բեղուն էր նաև Մաթևոսյանի ստեղծագործական մասնակցությունը մասնավորապես «Հայֆիլմ» կինոստուդիայում արտադրված տարբեր բնույթի ֆիլմերի ոչ քիչ հյուսվածքին։

Պետք է արձանագրենք, որ գրողի այդ պտղաբեր աշխատանքը տևել է գրեթե երկու տասնամյակ։

Առաջին մուտքը հայկական կինոարվեստ միանգամից դարձավ նշանակալից։ «Մենք ենք, մեր սարերը» վիպակի հիման վրա ստեղծված ֆիլմը (բեմադրող ռեժիսոր՝ Հենրիկ Մալյան) ասպարեզ ելավ 1969 թվականին։

Փաստորեն, գալիս էր սերնդակիցների մի տաղանդավոր փաղանգ։ Արձակագիրներ, դրամատուրգներ, սցենարիստներ և, իհարկե, նաև կինոռեժիսորներ։

Հենրիկ Մալյանից փոքր-ինչ վաղ իր կարևոր գեղարվեստական գործունեությունն սկսեց Ֆրունզե Դովլաթյանը։ 60-ական թվականները գարնանաշունչ և մշակույթի տարբեր ճյուղերի համար բարենպաստ ժամանակներն էին։

Ավելի ուշ, 70-ականներին, կինոպրոցես ներգրավվեցին սցենարիստներ Պերճ Զեյթունցյանը, Արմեն Զուրաբովը և արձակագիր Ռուբեն Հովսեփյանը։

Եթե վերադառնանք Մաթևոսյանի առաջին կինոքայլին, ապա «Մենք ենք, մեր սարերը» վիպակի և ֆիլմի վերնագրերը դարձան յուրովի խորհրդանշական։

Սարերը բարձրություն են։ Լեռնաշխարհ։ Իսկ բարձրությունը կոփում է այդ սարերի թեք լանջերին կառչած և օրն ի բուն աշխատող մարդկանց: Ըստ այդմ՝ ձևավորում նրանց բնավորություններն ու մարդկային տեսակը։

Սարերը, որպես աշխարհագրական գոտի, ընդլայնում են նաև տեսողություն և հայացք։ Բացվում են լայն հորիզոններ։ Ինքնին հետաքրքիր է՝ հենակետդ քեզ ծնած հողն ու քարն են։ Իսկ տեսնում և ընկալում ես բովանդակ հայրենիք։

«Կարևորը մենք ենք ու Ավստրիան, չէ՞»,- ասում է գիշերային խարույկի կողքին կռթնած հովիվներից մեկը։ Այս ռեպլիկով ֆիլմի գործողության մեջ է թափանցում շրջապատող աշխարհը։

Հովիվներ։ Վիպակի տեքստում արդեն   ասված է՝ հովիվների հանրապետություն։ Սա հավելյալ չափում է հաղորդում իմաստային  ատաղձին։ «Մենք ենք, մեր սարերը»։ Այսինքն՝ հայոց ինքնիշխանություն։

Հրանտ Մաթևոսյանն առաջինն էր, որ գեղարվեստորեն ձևակերպեց այդ քաղաքական գաղափարը։ Ու հետն էլ՝ ինքնության գաղափարը։

Իսկ  սարի գլխին հավաքվածների խիղճը բաց է, ես-ը՝ ազնիվ։ «Ոչխա՛ր ենք գողացել»,- միահամուռ գոռում են նրանք իրենց դատարան ուղեկցող միլիցիոների հետ։

Եկան 70-ականները, որոնց սոցիալ-հոգեբանական շաղվածքը էականորեն զանազանվում էր 60-ականներից։ Ավագներս  երևի կհիշենք, որ այդ տասնամյակն անվանեցինք լճացման շրջան։

1975-ին արտադրության  իջավ «Աշնան արև» գեղեցիկ վերնագրով ֆիլմը նույնանուն վիպակի հիման վրա։ Հրանտ Մաթևոսյանի այդ գրական երկը նվաճեց հսկայական ընթերցողական դաշտ, այդ թվում՝ Հայաստանից դուրս, Անահիտ Բայանդուրի շքեղ թարգմանությամբ, ռուսերեն։ Կարդում էին ամենուրեք՝ Մոսկվայում, Ղազախստանում, Լիտվայում, Բուլղարիայում։ Ռուսերեն տեքստից վիպակը թարգմանվեց այլ երկրներում։

Բայց մեր խոսքը նախևառաջ վերաբերում է ֆիլմին։ Գրքի հեղինակն այս անգամ սցենար չգրեց, վստահեց կինոռեժիսոր Բագրատ Հովհաննիսյանին, որը Ա. Տարկովսկու «Անդրեյ Ռուբլյով» մոնումենտալ կինոնկարում եղել էր նշանավոր ռեժիսորի ստաժորը՝ առաջին օրվանից մինչև վերջինը։ Իսկ դրանից հետո Տարկովսկին ստանձնել էր գեղարվեստական ղեկավարի գործառույթը Բագրատ Հովհաննիսյանի դեբյուտային՝ «Հնձան» ֆիլմում, որի սցենարի հեղինակը արձակագիր Ռուբեն Հովսեփյանն էր։ Արդեն մեկ ամբողջ լիամետրաժ կինոնկար թողարկած երիտասարդ ռեժիսորն ընտրել էր վերնագրին համահունչ կինեմատոգրաֆիական մթնոլորտ, անշուշտ, նախ՝ պատկերային։ Այդ ֆիլմում առաջին իսկ կադրերից համեստորեն ցոլցլում է աշնանային մեղմալույս արևը։ Համարյա վերջին շողեր։ Այսինքն՝ սա ֆիլմ  է ծերանալու շեմին ոտք դնող մարդկանց մասին, որոնց սրտում անբառ տրտմություն է բնավորվել։

Հոգեբանական ռեժիմը թելադրում է գլխավոր հերոսուհին՝ Աղունը։ Այդ դերը, Հովհաննիսյանի ընտրությամբ, հանձնարարված էր դերասանուհի Անահիտ Ղուկասյանին։ Նրա անձնավորած կերպարը աշխատասեր է,  երբեմն՝ հեգնոտ, խոսքի մեջ՝ կծու ու կռվազան։ Սակայն նրա հոգնած սիրտը լի է անսահման  սիրով հանդեպ իր անչափահաս որդին։ Անկոտրում ձգտումով ու անխորտակելի համառությամբ նա տենչում է մայրաքաղաք տանել իր զավակին, որպեսզի նա ստանա լիարժեք կրթություն։ Անչափ հուզիչ է Աղունի վերաբերմունքը ամուսնու հանդեպ, որն արդեն գլխահակ է,  անսեր։  Աղունը նրա կողմն  է նայում մեղմ խղճահարությամբ։ Կարեն Ջանիբեկյանի այս դեը, կարծում եմ, ամենահաջողվածն է իր ողջ կինոգործունեության ոչ քչաթիվ ցուցակում։

Մի քանի ներմուծումներ բեմադրող ռեժիսորի կողմից։ Իրոք, հայտնվել էր վտանգավոր ճոճանակի վրա։ Մեջբերումները Հրանտ Մաթևոսյանի այլ պատմվածքներից էին և «Մեսրոպ» հույժ յուրահատուկ գրական  գործից, որը ակնարկի ու պատմվածքի միաձուլվածք էր։ Պայթուցիկ ունեցանք, երբ Անահիտը անընդմեջ խոշոր պլանով, նայելով հանդիսատեսի աչքերի մեջ, կարդում էր այդ մենախոսությունը՝ «Մի լինի էնքան քաղցր, որ քեզ կուլ տան, մի լինի էնքան դառը, որ թքեն»։

«Աշնան արև» ֆիլմը մեծ հաջողություն գրանցեց Վիլնյուսի կինոֆորումում։ Մոսկովյան ռուսալեզու մամուլը գրեց այդ ֆիլմի մասին։

Մեծապես խորհրդանշական էր Հրանտ Մաթևոսյանի մասնակցությունը «Այս կարմիր, կանաչ աշխարհը» կինոնկարի սցենարը մշակելու աշխատանքներին,  որի ռեժիսորը բազմափորձ Յուրի Երզնկյանն էր։ Սցենարը նախատեսվում էր կազմել Ակսել Բակունցի «Միրհավ» պատմվածքի հիմքով։ Այդ պատմվածքը ինքնին ոսկեղենիկ էջ է հայկական արձակի գանձարանում։ «Հայֆիլմի» ղեկավարությունը որոշել էր՝ Բակունցի պատմվածքը պետք է սցենարի վերածի միայն Հրանտ Մաթևոսյանը։

Երզնկյանը նկարահանեց պոետիկ ֆիլմ։ Այդպիսի էսթետիզացիա Հրանտ Մաթևոսյանը չընդունեց։ Հրանտը ձգտում էր կինեմատոգրաֆիական հավաստիության, ինչն ավելի հարազատ կլիներ Բակունցի գրականությանը։ Մաթևոսյանը բարձրաձայնեց իր քննադատական մոտեցումը։

Մաթևոսյանի գրչին պատկանող ևս մի  ազդեցիկ կինոնկար է «Տերը»։ Սա կինովիպակ է, գրողն այդ այդպես է նշել հենց առաջին էջում։ Նկարահանման ծանրությունն իր ուսերին վերցրեց անխոնջ Բագրատ Հովհաննիսյանը։ Այդ վիպակի հերոսը անտառապահ է, որը շուտով թոշակի կանցնի։

Ռեժիսորը, որպես գլխավոր դերակատար, հրավիրել է մեծանուն Խորեն Աբրահամյանին։ Նա  արդեն խաղացել է «Մենք ենք, մեր սարերը» ֆիլմում իր երիտասարդ տարիներին։ Աբրահամյանը յուրահատուկ ձայնային հնչերանգ ընտրեց։ Նրա անտառապահը խռպոտ էր, խզված կոկորդով մարդ։ Այսինքն, նա կորցրել էր ձայնը տարբեր անիրավ դուրսպրծուկների ու թարմաթուխ փողավորների վրա բղավելով։ Ու բողոքելով անարդարությունների դեմ, որովհետև չորս կողմը ծառեր էին հատում՝ առանձնատներ կառուցելու համար։ Կա՞ր այս ֆիլմում ոչ միայն այդ թվականներին  աչքներիս առջև փոփոխվող իրականության պատկեր, այլև վաղվա օրվա կանխատեսում։ Իհարկե կար։

Բնության ու  սարերի մշտական մոտիվը, որով շղարշված է Հրանտ Մաթևոսյանի գրականությունը և դրանից անբաժան կինոն, վերածվում է գեղարվեստական ամբողջականության։ Այդ խոշորացույց-ոսպնյակի մեջ առկա է Հայրենիքի կերպար ու գոյափիլիսոփայություն։

«Տերը» եղել է վերջին ֆիլմը, որի համար Մաթևոսյանը ստեղծել է գրական ատաղձ։ Թույլ տամ ինձ ենթադրել, որ արագորեն կերպարանափոխվող ժամանակի դիմագծերը հարիր չէին Հրանտ Մաթևոսյանի գեղարվեստական աշխարհին։

«Տերը»  կինովիպակում կա մի էպիզոդ՝ թափանցիկ ասելիքով. Խորեն Աբրահամյանի հերոսը պետական դրոշակ է ամրացնում գոմի վրա։ Կինոստուդիայի գեղարվեստական խորհրդի որոշ անդամներ տարակուսել էին այդ դրվագի կապակցությամբ։ Մաթևոսյանը անվրդով մեկնաբանեց. «Մեր երկրի ամեն մի թիզը Հայրենիք է»։ Ցավոք, վերջին ֆիլմն էր, որին որպես սցենարիստ մասնակցեց Հրանտ Մաթևոսյանը, թեպետ ավելի ուշ նրա «Մեր վազքը» փայլուն, տեղ-տեղ աբսուրդային մոտեցումով պատմվածք հիմքով երիտասարդ մի ռեժիսոր նկարահանեց տպավորիչ կարճամետրաժ ժապավեն։ Պատմվածքը դպրոցում «պարտադիր ռազմական գործ» վարժանքի մասին է։ Աշակերտները հակագազեր հագած և անտառով մեկ դանդաղ վազողներ են, բայց, միևնույն է, հևասպառ են լինում։

Հրանտ Մաթևոսյանի ամբողջ գրականությունը կինեմատոգրաֆիկ է։ Պատմվածքներից մինչև «Խումհար» վիպակ։ Ցավոք, այդ վիպակի հիմքով լիամետրաժ ֆիլմ չստեղծվեց, մինչդեռ բոլոր գեղարվեստական նախադրյալներն առկա էին։ Վիպակը Մոսկվայի բարձրագույն սցենարիստական կուրսերում ուսանելու տարիների մասին է։ Գործողությունը երկչափ է։ Ռուսաստանի մայրաքաղաք ու հայրենի գյուղաշխարհ։ Ենթադրում եմ՝ այդ ֆիլմը չիրականացավ, քանի որ կրկնակի ծախսեր կպահանջեր՝ Մոսկվա և Լոռվա բնաշխարհ։

Հրանտ Մաթևոսյանը մեր գրականության և կինոյի հարստությունն է։ Նրա պատմվածքներն ու վիպակները կարող ենք կարդալ բոլոր տարիքներում՝ յուրաքանչյուր անգամ նոր շերտեր տեսնելով։ Սակայն որպես գրող, մտավորական ու քաղաքացի՝ նա երես չի դարձրել ներկայից։ Նրա անհանգիստ գրիչը շարունակել է շոշափել արդիականության  երակն   ու որսալ ժամանակի շունչը։ Երբեմն վեր է հանել ցավոտ հարցականներ՝ հարազատ երկրից անբաժան ու տաք սիրով։ Մինչդեռ նրա գեղարվեստական արձակը և այդ արձակին արմատներով միահյուսված կինոն շարունակում են մնալ հրատապ ու պահանջված արժեքներ քսանմեկերորդ դարի համար։