Նորայր Ադալյանի մասին

ԳՈՒԳԵՆ ՄԱՀԱՐԻ

ԳՐԱԽՈՍԱԿԱՆ ՄԻ ԳՐՔԻ…

ԵՎ ՄԻ ԳՐԱԽՈՍԱԿԱՆԻ ՄԱՍԻՆ

 

Երկնքից աստղեր վար չի բերել երիտասարդ արձակագիր Նորայր Ադալյանը. նա պարզապես մի լավ գիրք է գրել։ Խոստովանում եմ, վերոհիշյալ նախադասությունը ես երբեք չէի գրի ուրիշ մի հեղինա­կի ուրիշ մի լավ գրքի մասին։ Ես նոր վերջացրի նրա «Շոգ ամառ» վիպակի ընթերցանությունը, և այդ նախադասությունը եկավ գլխիս վրա Ադալյանի արձակի ազդեցության տակ… այսպես էլ է պատահում։

Պատահական չէ այս «պատահարը»։ Նորայր Ադալյանի աճը նախ և առաջ վարակիչ է։ Երիտասարդ արձակագիրը կարող է անցնել ընթերցողի սրտի միջով, հուզել, հմայել։ Գրողի հավակնոտ կեցվածք չունի նա, և քրտինքի հոտ չի զգացվում «Շոգ ամառ»-ի էջերում։ «Շոգ ամառ»-ը լեցուն է լույսով, արևով և կենսահաստատ ջերմությամբ։

Նորայր Ադալյանը մտավ երիտասարդ արձակագիրների ընտանիքը «Ետ մի նայիր» պատմվածքների ժողովածուով՝ 1963 թվականին։ Զարմանալի կերպով մեր քննադատությունը չնկատեց նրա մուտքը։ Հենց առաջին այս գիրքը հուսատու մի մուրհակ էր գալիք գրական-վալյուտային վճարումների դիմաց։ «Շոգ ամառ»-ը և՛ վճարում է, և՛ մի նոր, ավելի պատասխանատու մուրհակ։

…Եկավ «Գրական թերթի» 31-րդ համարը։ Ես ընդհատում եմ իմ գրախոսականը և նայում նրա ներսն ու դուրսը։ Երրորդ էջի վրա՝ գրախոսական, – Նորայր Ադալյան. «Շոգ ամառ»։ Գրախոսականի հե­ղինակն է գրականագետ Սերգեյ Սարինյանը. վերնագիրը՝ «Գրողը և հերոսը ինքնորոշվում են»։ Հաճելի է։

Սերգեյ Սարինյանը բացառություն չէ. նա էլ մեր մյուս քննադատների նման ուրբաթախոս է, երբ խնդիրը վերաբերում է ժամանակա­կից գրականությանը, խոսքաշատ՝ անցյալի գրական արժեքների և երևույթների վերագնահատման խնդրում։ Առաջին բանը, որ անցնում է մտքովս, այն է, որ «կամաց մը» ծալեմ սկսած գրախոսականը և մի կողմ դնեմ։ Կարդում եմ գրախոսականը և…

Չենք ժխտում, իր գրախոսականում Սարինյանը բացահայտել է «Շոգ ամառի» հանգուցային կետերը, նկատել և բռնել է կարևոր մոմենտները, ճիշտ է նկատել գրողի և հերոսի ինքնորոշման փաստը, բայց… Բայց այս ամենը դեռ ինչն է, չէ՞ որ, ինչպես գրարվեստի, այնպես էլ գրաքննադատության մեջ կարևորը միայն ինչը չէ, այլ՝ (և ավելին…) ինչպեսը։

Այս ինչպես-ին է, որ չի բավարարում Սարինյանի գրախոսականը։

Մի տեղ Ադալյանի հերոսը՝ Հովհաննես Սարդարյանը, ասում է.- «Ես փիլիսոփայել չեմ սիրում, բայց տեղը եկել է, պիտի ասեմ, որ անա­պատը ավելի բարդ չէ, քան նրանից վերցված ավազի հատիկը…»։ Այնուհետև նա համադրում է «աշխարհ-անապատը» և «Հարթագյուղ-ավազի հատիկը»։ Գեղեցիկ ասված խոսք է և ուրիշ ոչինչ։ Առաջին հայացքից տպավորություն է թողնում, բայց արդյո՞ք դա ճիշտ է։ Սակայն գրախոսն այստեղ խորհուրդ է տեսնում։ Ահա՛,– «նա իրեն հեռու է պահում մեծության մոլորանքից, նա չափում է անսահմանության մեծությունը, բայց և անապատի համակ (!) բարդության մեջ նշմարում ավազահատիկի խորհուրդը»,– գրում է նա։ Կարիք կա՞ ապացուցելու, որ սա ո՛չ այլ ինչ է, եթե ոչ անհաջող փիլիսոփայություն՝ անհաջող փիլիսոփայության՝ անապատի համակ բարդության (՞) մեջ նշմարված ավազահատիկի… «խորհուրդի» մասին…

Սարինյանը հավանաբար նկատած կլինի, որ կան դասախոսներ, որոնք ամենաբարդ նյութերի մասին խոսում են պարզ, հասկանալի լեզվով, և կան, որոնք, ընդհակառակը, պարզ, հասարակ նյութը մատուցում են այնպիսի լեզվով, որ ուսանողը կամ չի հասկանում, կամ, լավագույն դեպքում, գուշակում է, թե ինչ է ուզում ասել դասախոսը։ Ընկ. Սարինյանը պատկանում է այս, երկրորդ կարգի դասախոսների կարգին։ Ընթերցողը միշտ էլ գուշակում է, թե ինչ է ուզում ասել գրախոսը, բայց ինչո՞ւ ավելի պարզ չգրել, չհասնել ընթերցողին ուղիղ, այլ ոչ թե մանվածապատ ճանապարհներով։

Մենք ասացինք, որ Սարինյանը բացահայտել է «Շոգ ամառի» հանգուցային կետերը, նկատել կարևոր մոմենտները, բայց սա այն ընթերցողների համար, որոնք կարդացել են վիպակը։ Նա, ով չի կարդացել «Շոգ ամառը», շատ քիչ բան է հասկանում գրախոսականից։ Լավ է, անկասկած, որ գրախոսը դասի նման չի շարադրել վիպակի բովանդակությունը, նա աշխատել է վերլուծման ընթացքում պատկերել այն, սակայն նա, ով չի կարդացել գիրքը, չի կարող վերահասու լինել նրա ամբողջական հյուսվածքին և ավելին՝ մոլորվում է բառերի խառնարանում։ Սարինյանը գրում է. «Մի կարևոր տեղի» հայտնության գաղտնիքն, ըստ էության, դառնում է վիպակի գեղարվեստական մտաթեզի (այս ի՛նչ «մտաթեզ» է, չհասկացանք… Գ. Մ.) ձևակերպումը։ Այստեղ էլ չբավարարված հետաքրքրասիրության և անորոշ կասկա­ծի անպատասխան հարցուղիներում (՞) թափառող նրա երևակայությունը կառչում է ոչ այնքան խորհրդավոր, բայց և ոչ անիմաստ «անհայտություն» առեղծվածին՝ հոգեբանորեն կողմնորոշելով դեպի կյանքի այն անկյունը, ուր «չլուծված խնդիրներ» կան և «անհայտով հավասարումներ…»։

Շունչ առնենք, ընթերցո՛ղ։

Վերլուծական նման ոճն ընթերցողին ոչինչ չի կարող տալ։ Գրախոսականի ոլորապտույտ և մոլորապտույտ այս տիրող ոճը ավելի է մթագնում ոչ հայերեն բառերի շռայլ գործածությունը։ Մի ոչ մեծ գրախոսական, և դուք կգտնեք այնտեղ՝ էֆեկտ, ֆորմալիստական, դրամատիկ, սենտիմենտալ, ռոմանտիկ, մտաթեզ (կեսն է հայերեն…), թեմա, սիմվոլիկ, ինտոնացիա, ֆրազ, իռացիոնալ բառերը, որոնցից մեծ մասը հայերենում ունի իր հոմանիշները։

Ինչո՞վ է ամենից առաջ ուշագրավ Նորայր Ադալյանի «Շոգ ամա­ռը». ի՞նչն է ստիպել Ս. Սարինյանին երկար լռությունից հետո վերցնել գրիչը և գրել հատկապես այս գրքի մասին։ Չենք սխալվի, եթե ասենք, որ նրան ոգևորել է երիտասարդ արձակագրի հետաքրքիր գրարվեստը։ Ադալյանի այս հաջողությունը գրախոսականում նշված է որպես «գեղարվեստական մտաթեզի ձևակերպում», «մտադրույթի (՞) փիլիսոփայական լուծում», «գտնված ունակություն» և վերջապես «գեղարվեստական մտահոգություն»։ Բառե՜ր, բառե՜ր։ Գրախոսականում բերված մեջբերումները ոչնչով չեն առնչվում երիտասարդ արձակագրի գրելաձևին ու ոճական առանձնահատկություններին։ Իսկ այդ մասին խո­սելը անհրաժեշտ է։

Ժամանակակից քաղաքի երիտասարդի դեմքը այսպես է գծում Ն. Ադալյանը վիպակի հերոս Հովհաննես Սարդարյանի միջոցով.– «Ես եղել եմ ասֆալտ, քսաներորդ դար, կարճ պատմվածք՝ փոխանակ լինելու մի եզան ճակատ, մի արահետի կեռման, մի լեռան խոտ և սա­տանան կասի՝ էլ ինչ…»։ Ադալյանի վիպակը հարուստ է նման անակնկալ համադրություններով և հակադրություններով, որոնք փայլ ու կշիռ են տալիս նրա գեղարվեստական շաղախին։ Գնացքի ուղեկիցների նկարագրությանը վերաբերող էջերն ապացուցում են, որ Ադալյանը կարող է կարդալ մարդկանց հոգիները, օժտված է ճանաչողա­կան ուժով, կարող է իր զգացածը հանձնել թղթին և ընթերցողին՝ գրողին վայել կարողությամբ։ Վիպակի հիմնական ընթացքին զուգըն­թաց Ադալյանը սիրում է ետ գնալ դեպի մոտ ու հեռու անցյալը (իսկ Սարինյանը գրում է, որ «հերոսը անցյալ չի ունեցել»… հնարավո՞ր է մարդ՝ առանց անցյալի…), նկարագրել դեպքեր, որոնք ծառայում են իր հերոսի դեմքն ամբողջական դարձնելուն։ Այս «հետ զբոսանքները» նա կատարում է փայլուն հաջողությամբ։ Ահա դրանցից մեկի՝ Լիլիի պատմությունը – «…հեռավոր ժամանակներում ես ու ընկերս սիրում էինք մի աղջկա։ Չգիտեմ, սիրում էինք, թե չէինք սիրում, բայց ամեն անգամ նրան հանդիպելիս սրտներս տակնուվրա էր լինում։ Չգիտեմ, ընկերոջս սիրտը տակնուվրա էր լինում, թե չէր լինում, բայց իմը՝ հաս­տատ, ինչ-որ բան լինում էր։ Լիլին էր՝ մեր հարևանի աղջիկը…»։ Երկար մտածելուց հետո նրանք որոշում են Լիլիին նամակ գրել և թատ­րոն հրավիրել, երկար վիճելուց հետո նրանք միասին գրում են.- «Լի­լի, մենք քեզ հրավիրում ենք թատրոն, Լիլի, մենք քեզ սիրում ենք»։ Իսկ արդյունքը լինում է այն, որ երբ Լիլին ստանում է նամակը՝ «…Լի­լին լաց եղավ և նամակը պատռեց։ Իսկ երբ ես և ընկերս լաց եղանք, Լիլին ծիծաղում էր»։

Ահա ձեզ Նորայր Ադալյան։

Հարթագյուղում ուսուցչությամբ զբաղվող Հովհաննես Սարդարյանը Երևան է վերադառնում՝ մայրաքաղաքում աշխատելու համար, իսկ հետո միտքը փոխում է և վերադառնում Հարթագյուղ։ Վիպակի եղած-չեղածն այս է։ Այս առաջին հայացքից անշուք, բայց շնորհակալ նյութը Ադալյանի գրչի տակ շունչ ու հոգի է ստացել։ Շնորհիվ գրական անժխտելի շնորհքի, նրան հաջողվել է տալ հումորով, ազնվությամբ, լավատեսությամբ ողողված մի գործ, որն, անկասկած, մեր երիտա­սարդական արձակագրության աճման ցուցանիշներից մեկն է։ Նոր Երևանը՝ նոր երանգներով և նոր կողմերով բարձրանում է «Շոգ ամառում»։ Ադալյանի կերպարները կենդանի են, չմոռացվող, կերտված փութկոտ, բայց հմտությամբ։ Ինչպես դրական, այնպես էլ բացասա­կան կերպարները նա գիտե պատկերել մարդասեր ներողամտությամբ։ Ահա Բաղդասար-«Բաղդոն», «պաշտոնական պահակը», «Կովկաս» ճաշարանատիպ սրճարանի և «Բաղդո» գիշերային ռեստորանի անպաշտոն տնօրենը։ «Հիսունն անց սառը տարիք, դեմքին սառը կնճիռներ, կախ ընկած սառը քիթ, ներս ընկած սառը աչքեր և հոգեկան, մարմնական ու խոհանոցային այնպիսի սառնություն… այս Բաղդասարը ցերեկը մի զրո մարդ է, մի մրջյուն, մի չգիտեմ ինչ, իսկ գիշերը՝ Երևանի ու, եթե կուզեք, ամբողջ աշխարհի ամենաուժեղ կեն­դանին, չեմ ուզում ասել մարդը, որպեսզի նախադասության մեջ բառը չկրկնվի…»։ Որքա՜ն բծախնդիր է Ադալյանը, քիչ առաջ մի նախադասության մեջ հինգ անգամ «սառը» գործածեց, իսկ հաջորդ նախադասության մեջ, որպեսզի երկու անգամ չկրկնի «մարդ», Բաղդասարին «ամենաուժեղ կենդանին» է համարում և ժպտում ընթերցողին… ժպտում է, և ընթերցողը… ընդհանրապես շնորհազարդ արձակագրի գիրքն է ընթերցվում սիրով և ժպիտով։

Չի կարելի չխոսել Նորայր Ադալյանի կրած գրական ազդեցությունների մասին։ Հատկապես նրա երկխոսությունների վրա սավառնում է Վիլյամ Սարոյանի թեթև շունչը, զգացվում է Չարենցի «Երկիր Նաիրիի» հեռավոր հովհարումն ու Ա. Բակունցի ստեղծագործական մտածողությունը։ Բավականանանք բակունցյան մի փայլատակումով, այրի է հարթագյուղցի Նազանը և, ըստ երևույթին, ուզում է կապվել Բարթուղ Շմավոնյանին, որի կինը նորերս է վախճանվել։ Նազանը գալիս է Բարթուղի տունը, լվանում նրա շորերը, տունը կարգի բերում և ճաշ է պատրաստում Բարթուղի համար։ Հեղինակը գրում է.- «Եվ Նազանը պատրաստել էր ձվով լոբի ու աղցան, եփել բոզբաշ ու սպաս, լվացել-թափել էր, սրբել-փայլեցրել էր, և աղա Բարթուղ Շմավոնյանը չէր զգացել այն շրջադարձային, աշխարհասասան րոպեն ասեմ, թե կետը, երբ գլխում անցյալն ու ներկան, երազն ու իրականությունը խառնվել էին իրար»։

Անհնարին է չհիշել Բակունցին։

Վիլյամ Սարոյանի և մեր նոր արձակի երկու վարպետների բարի ազդեցությունը վկայում է, որ Ադալյանը ոչ միայն ետ չի գնում, այլև ուզում է շարունակել ճանապարհն այն կետից, որտեղ կանգնել են Չարենցն ու Բակունցը։ Այս ավելի դժվար գործ է, քան քայլել Պռոշյանի, անգամ Շիրվանզադեի ու Նար-Դոսի ոտնահետքերով։

Խոսելով թերությունների մասին՝ մենք համաձայն չենք Սարինյանի հետ, որ «հեղինակը դեռևս չի կարողանում զբաղեցնել վիպակի նախընտրած կենսական տարածությունը», որ «ամուր չէ այն ներքին կապը, որ վիպակի սկիզբը միացնում է հանգույցի հետ»։ Ո՛չ, «միջակա տարածությունը (!) խախտված չէ, ուրիշ տեղ պետք է որոնել գործի թերությունը։ Քանի որ Նորայր Ադալյանի գործի հաջողությունն առաջին հերթին կայանում է նրա լեզվական ոճական առանձնահատկությունների հաջող կիրառման մեջ, ապա այստեղ էլ պետք էր տեղի ունենային վթարներ։ Վթարներ կա՛ն։ Հեղինակը նկարագրում է Հարթագյուղի ամառը. «Հարթագյուղում ամառը մի օրական հորթի բառաչի է նման, մեղմանուշ և դուրեկան»։ Ընթերցողն անմիջապես զգում ու տեսնում է, որ երիտասարդ արձակագիրը չի գնացել ծամծմված, հազար անգամ կրկնված պատկերների ետևից և տվել է մի թարմ, զրնգուն պատկերացում Հարթագյուղի ամռան մասին։ Փոխանակ ասելու և առաջ անցնելու, նա կանգ է առնում և ինքն իրենով հիացած՝ «պրոպագանդում է» իր պատկերը.– «Տեսնո՜ւմ եք, Հարթագյուղի ամռան փոքրիշատե ճշգրիտ պատկերը տալու համար,– գրում է Ադալյանը,– ես ջանք չգործադրեցի։ Ես կարող էի մտմտալ և հայտարարել (՞) «մանկան համբույրի նման», «սիրահարված աղջկա ժպի­տի նման», հաջող կամ անհաջող քի՞չ բան կարելի է հնարել, բայց մեկ, երկու՝ ասացի «հորթի բառաչի նման»։ Եղա՞վ։ Երևի Ադալյանը մտածել է, թե ընթերցողը չի նկատի, իսկ քննադատը չի էլ կարդա իր գիրքը, հետևաբար չի գտնվի մի մարդ, որ վեր հանի իր ճարտարությունը, դրա համար էլ դիմել է «ինքնասպասարկմա՞ն…»։

Նման վթարներ տեղ-տեղ կան, բայց այս դեպքում կարևորը վթարները չեն, կարևորն այն է, որ երիտասարդ արձակագիրը գտնվում է մեծ ճանապարհի վրա։

…Ես նորից կարդացի Սարինյանի տպված և իմ գրած գրախոսա­կանները ու եկա այն եզրակացության, որ մենք կարողացել ենք գրել քիչ-շատ տանելի մի գրախոսական։ Երկու հոգով մի գրախոսական… բայց չէ՞ որ կարելի է մի հոգով էլ լավ գրախոսական գրել։ ճիշտ է վերնագրել Սարինյանն իր գրախոսականը՝ «Գրողը և հերոսը ինքնորոշվում են»։ ժամանակը չէ՞, որ քննադատը նույնպես ինքնորոշվի։ Եվ որքան շուտ, այնքան լավ։

«Գրական թերթ», 1965 թ., դեկտեմբերի 24

 

* * *

Աշխարհի վրա անհայտ կետ մը գրականության մեջ հայտնի դարձնելը դյուրին գործ չէ։ Որոշ շնորհներ ու նույնիսկ տաղանդ կենթադրե։ Այդ անհայտ կետերեն մեկը հայ գրականության քարտեզին վրա Հարթագյուղն էր ցարդ։ Նորայր Ադալյանի գրչով հայտնագործված է անիկա։ Որովհետև հիմա, կասկած չկա, որ «Հարթագյուղը ինչ-որ չափով աշխարհի մեջ է, աշխարհն ինչ-որ չափով՝ Հարթագյուղի մեջ»։

ՊՈՂՈՍ ՍՆԱՊՅԱՆ

(«Բագին», Բեյրութ, 1966 թ., թիվ 3)

 

* * *

Նորայր Ադալյանը ձգտում է պարզ համադաս, լայնաշունչ, նախնական խոսքի, ուր բառակուտակումները, բազմաթիվ մակդիրների միաժամանակյա կիրարկումը, համանման վիճակների ու արտահայ­տությունների տևական թվարկումը չեն խախտում խոսքի կազմա­կերպման ներդաշնակությունը, քանի որ այս բոլոր ստորոգելիները մի­ակ նպատակն է հետապնդում՝ ձգտել վերջավորել ճշմարտությունը, սպառել երևույթը։ …Հաճախ այդ հաջողվում է հեղինակին, որովհետև նրան անծանոթ չէ բառի տառապանքը, որի շնորհիվ նա այդպիսի դեպքերում Ճշգրտությունից բխեցնում է նաև հույզը, այն անհրաժեշտ տարրը, առանց որի խոսքը կզրկվեր իր գեղարվեստական հմայքից։

ԱԼԲԵՐՏ ԿՈՍՏԱՆՅԱՆ

(«Սովետական գրականություն», 1965 թ., թիվ 12)

 

 

* * *

Ժամանակի զգացողությունն է մշտապես ուղեկից եղել Նորայր Ադալյանին, ուստի, նրա արձակը երբեք չի կորցրել իր նկատմամբ ձևավորված հետաքրքրությունը, չի վերածվել սովորական կենցաղա­գրության, լինելով իրապաշտական զգացողությունների և ըմբռնումնե­րի արգասիք՝ չի դարձել պարզունակ ժամանակագրություն, երևույթ­ների արտաքին կեղևին լոկ հենված պատմությունների շարք։ Այո, գրողն ունի հրաշալի տեսունակություն, սակայն նա գրականություն է բերում ոչ թե այդ տեսունակության շնորհիվ մտապահածը, այլ՝ դրանց անհանգիստ գրգիռներն ու ծնող հոգեբանական դրդապատճառները, հոգեբանական կատարսիսների անատոմիան, որը հնարավորություն է տալիս նրա արձակը դիտել որպես նոր երևույթ, որպես համաշխար­հային արձակում տիրապետող դարձած սկզբունքների գեղարվես­տական արտացոլում։

Յուրատեսակ իրադարձություն դարձավ մեզանում գրողի՝ վեր­ջերս լույս տեսած «Դավայաթաղ» վեպը, որը մարդկային մեծ ու բա­ցառիկ սիրո խորապատկերին պարզում էր ամենատարբեր բնավորու­թյուններ ու վարքագծեր՝ ներծծված ինքնատիպ գավառային ֆրան­տությամբ ու կիսագեղջկական-կիսաուրբանիստ էլեգանտությամբ, բարոյականության մասին ունեցած յուրատիպ պատկերացումներով։ Սա վեպ էր մեր ու ձեր թաղի մասին, ուր ստվերների պես հառնում էին նահապետականության խլյակները՝ միախառնվելով ժամանակի բե­րած պատկերացումներին ու տրամադրությունների, կենցաղի այն զարմանալի պոետիզացիային, որն էլ դառնում էր Ադալյանի վեպի գլխավոր արժանիքներից մեկը։

ԼԵՎՈՆ ՄՈՒԹԱՖՅԱՆ

(«Ապոկալիպսիս» վիպակի առաջաբանից, 1999 թ.,

Տես նաև «Մասիս» շաբաթաթերթ, Լոս Անջելես, 1999 թ., ապրիլի 17)

 

 

ՊԵՐՃ ԶԵՅԹՈՒՆՑՅԱՆ

ԱՊՈԿԱԼԻՊՍԻՍ ԿԱՄ ՈՒԺԵՂ ԴԱՏԱՍՏԱՆ

Նորայր Ադալյանը պատկանում է հայաստանյան արձակագիրների այն սերնդին, որը գրականություն մտավ 60-ական թվականներին՝ իր հետ բերելով թարմ շունչ և գեղագիտական նոր մտածելակերպ։ Հայտնի բացառություններով հանդերձ՝ արձակի մեջ գերիշխում էր, Սևակի խոսքով, հեքիաթա-նաղլական և աշուղական մտածողությունը, որ նոր սերունդը Նորայր Ադալյանի հետ մերժեց, Ադալյանի հետ ավագների կողմից քարկոծվեց, բայց Ադալյանի պես հավատարիմ մնաց իր սկզբունքներին։

Սերունդ ասելով՝ պետք է ընդգծել, որ Ադալյանը չմնաց «երգչախմբի մեջ», ձայնը հնչեց առանձին, եթե կարելի է ասել՝ ադալյանավարի։

Այսօր նա հայ գրականության ավանգարդում է, մեր լավագույն արձակագիրներից մեկը, որը, դարձյալ Սևակի բնորոշմամբ, նայում է նույն ուղղությամբ, որով ընթանում է համաշխարհային արվեստը։

Վերջին տարիներին, երբ հայրենի գրականությունը դոփում էր տեղում, և գրողներն առանձնապես հաշտ չեն մուսաների հետ, Նո­րայր Ադալյանը, ի պատիվ իրեն, եռանդուն աշխատում է՝ իրար ետևից հրապարակ հանելով նոր ստեղծագործություններ։ Վերջինը «Ապոկալիպսիս» վիպակն է, հայ գրականության մեջ համարյա առա­ջին լուրջ փորձը՝ հասկանալու և իմաստավորելու մեր հայրենի արդի իրականությունը, դժվարագույն մի խնդիր, քանի որ կյանքի հոսանքը թավալգլոր քշում է քեզ, և շունչ առնելու դադարներ չկան, գրեթե ան­հնար է գեղարվեստորեն իմաստավորել քո և քո շրջապատի կեցությունը։ Ադալյանը հաղթահարել է այդ դժվարությունը, և գիտե՞ք ինչու, ավելի ճիշտ՝ ինչպես։ Որովհետև հրաժարվել է «կյանքը ինչպես որ կա» գեղագիտական սահմանումից և դիմել է «կյանքը այնպես, ինչպես տեսնում ես» սկզբունքին, այսինքն՝ գրել է ոչ թե կյանքանման պատ­կերներով, այլ՝ այլաբանությամբ, ոչ թե վրձնի մանրամասն, այլ՝ խոշոր հարվածներով, ոչ թե առարկայի կոնկրետ գծագրությամբ, այլ՝ փորձե­լով առարկայի էությունը տալ, հավաստիության հասնել, ոչ թե լուսան­կարչական ապարատով, այլ՝ նկարչի պայմանականության միտվող վրձնով։ Փորձառու ընթերցողը ծանոթ ու վարժ է այս տեսակի գրականությանը, որի արմատները ձգվում են մինչև Ջոնաթան Սվիֆթ և Վոլտեր, ապա հասնում մինչև 20-րդ դար, մինչև Ֆրանց Կաֆկա և Ալբեր Կամյու։

Ընթերցողը քաջ գիտե, որ ամեն պայմանական պատում կամ ֆանտասմագորիա հիմնված է ոչ միայն երևակայության, այլև իրական դեպքերի ու իրական անձերի, այսինքն՝ կյանքի վրա։ Ջ. Սվիֆթի «Գուլիվերի ճանապարհորդությունը» հանրահայտ վեպի վերջում արված է բազում էջերից բաղկացած ծանոթագրություն, որտեղ նշվում է, թե այսինչ կամ այնինչ հեքիաթանման պերսոնաժը նկարագրելիս հեղինակը ում է նկատի ունեցել, այսինքն՝ պատմականորեն իրական դեմքեր են դրանք։ Այս վիպակում թեև նման ծանոթագրություններ չկան, բայց հայ ընթերցողի համար դժվար չէ կռահել who is who, ով ով է։ Թեև դա, մեր մեջ ասած, այնքան էլ կարևոր չէ, ինչպես որ կարևոր չէ անգլիացի ընթերցողի համար, թե սվիֆթյան ֆանտաստիկ հերոսների իսկական նախատիպերն ովքեր են։ Կարևորը գործի ինքնաբավ արժեքն է։ Կարևորն այն է, որ Ադալյանը, ֆանտասմագորիայի դիմելով հանդերձ, մեզ վերադարձնում է, ինչպես ինքն է ասում վիպակի վերջում, մեր ելման կետին, այսինքն՝ մեր իրական և շոշափելի կեցությանը։ Դրա համար էլ նա իրավունք ունի ասելու. «Այս ամենը ես բեմադրեցի՝ նայելով ձեզ»։

Վիպակն սկսվում է «Ահեղ դատաստանով», որը տրված է աղբի ճնշող, շնչարգելում առաջացնող պատկերներով։ Այդ աղբը մոտավորապես նույն դերն է կատարում, ինչպես ժանտախտը Կամյուի համանուն վեպում։ Դա հեղափոխության բերած աղբն է, որը բառացիորեն ծածկել է ամբողջ քաղաքը և դարձել քաղաքային համայնապատկերի անբաժան մասը։ Որովհետև ամեն մի հեղափոխության սկսվում է լավագույն միտումներով և ավարտվում իր հակապատկերով։

Սոսկալի է, անշուշտ, աղբի գոյությունն ինքնին, բայց առավել սոսկալի է աղբին վարժվելու իրողությունը, զուտ մարդկային մի ֆենոմեն, որ հանգեցնում է ծիծաղելիորեն տխուր կամ տխրորեն ծիծաղելի հետևանքի. մարդը տնից դուրս է գալիս և նկատում, որ, այ քեզ բան, դռան առջևի աղբը չկա, մտածում է, որ երևի քամին քշել-տարել է, և իսկույն գնում, հարևանի դոնից մի քանի բուռ աղբ է բերում և լցնում իր տան առաջ։ Կարծում եմ՝ դժվար չէ կարդալ այս տողերի տակը և ճանաչել մարդ արարածին, որի մեջ, իմիջիայլոց, մենք էլ ենք մտնում։ Վարդավառի, Զատկի, կանանց ու տղամարդկանց տոների, Թարգմանչաց տոնի, խաղողօրհնեքի, երկրի անկախացման և ուրիշ տոնախմբությունների շարքում այդ նույն մարդը սիրով տոնում է նաև Աղ­բի համազգային տոնը։ Հիմնադրվում է «Աղբ» շաբաթաթերթը, հորինվում են օպերա, բալետ, սիմֆոնիա, կանտատ, ռոմանսներ, տոնական ու հարսանեկան երգեր աղբի թեմայով, գրվում են հոդվածներ, մենագրություններ, փիլիսոփայական տրակտատներ, պաշտպանվում են գիտական թեզեր… Աղբը դառնում է մարդու անբաժան ընկերը և ուղեկիցը, նրա կեցության հիմքը։ Եվ նա՝ մարդը, կատարում է ամենամեծ դաժանությունը՝ սեփական ես-ի ուրացումը, նա մտնում է ուրիշի մեջ, հարմարվում ուրիշին և ինքն իրեն մոռացած՝ սեփական կյանքն ապրում ուրիշի ես-ով։

Նորայր Ադալյանի վիպակի արժեքն այն է, որ այլաբանական պատումի հիմքում, ինչպես տեսնում ենք, իրոք մեզ այնքան ծանոթ, ցավ պատճառելու չափ ծանոթ մեր կյանքն է, մեր երեկվա և այսօրվա իրականությունը, սակայն լի ոչ թե չարախնդությամբ, այլ՝ խորին ցավով, և որ ամենակարևորն է, որոշակի հասցե ունենալով հանդերձ՝ միաժամանակ ունի շատ ավելի լայն շառավիղ, համամարդկային հնչեղություն։

Չկարծեք, սակայն, թե վիպակում գերիշխում են միայն մռայլ գույները։ Այնտեղ կարևոր տեղ է գրավում խորհրդավորի խորհրդանշա­կան կերպարը, մեր ժամանակների յուրատիպ մի Քրիստոս, որը մաքրություն է բերում իր հետ, մեզ ստիպում է նայել մեր խորքը, խոստո­վանել մեր մեղքերը և ձգտել ինքնամաքրման, մանավանդ նոր հազարամյակի շեմին։ Խորհրդավորը՝ այդ նորահայտ Մեսսիան, ունի ամենակարևորը՝ երրորդ աչքը, որ ունի նաև յուրաքանչյուր մահկա­նացու, բայց ինքը չգիտե այդ մասին, մտքով իսկ չի անցել երբևիցե, որովհետև նրան թվացել է, թե երկուսը միանգամայն բավարար են իրեն։

Աղբի թագավորության մռայլ գույները մեղմացնում է նաև գրոտեսկը՝ հոգեբանական կամ քաղաքական, սվիֆթյան չափազանցությունները, մասշտաբների դեֆորմացիան, փոքրի խոշորացումը և մեծի փոքրացումը, նաև հեղինակի ընդգծված վերաբերմունքը, քանի որ նկարագրելով Ահեղ դատաստանը՝ նա չի ուզում հաշտվել աշխարհի կործանման հետ, փորձում է չհավատալ անկումին և, բազում մեղքե­րով հանդերձ, հավատալ մարդուն, հավատալ նրա բանականությանը։

Այս վիպակն ավանդական իմաստով սյուժե չունի, նրանում սյուժե կոչվածը հրում և առաջ է տանում ոչ թե դեպքը, այլ՝ միտքը։ Սա, եթե կարելի է ասել, մտքի սյուժե է և ենթադրում է մտածող-վերլուծող ընթերցողի առկայությունը, որն ունակ է կարդալու նաև ենթատեքստը, փնտրելու ոչ թե առարկան, այլ՝ առարկայի էությունը, նրա վերացարկված բարձրագույն իմաստը։

Փորձառու ընթերցողի համար բնավ էլ դժվար չէ հասկանալ, թե ինչ է նշանակում հհղափոխականավարի կործանել երկրի բանտերը, կործանել հանդիսավորությամբ, ծնծղաներով ու շեփորներով, հետո նայն հանդիսավորությամբ, նույն ծնծղաներով ու շեփորներով կառուցել… նոր բանտեր։ Մանավանդ պարզ է, որ խոսքը իրական բանտի մասին չէ, այլ՝ մեծ բանտի, որ երբեմն կոչվում է երկիր, երբեմն՝ մեն մի հատիկ մարդ։

Վիպակում կան հատվածներ, որոնք անձնապես ինձ տարակուսանք են պատճառում։ Խոսքը վերաբերում է նատուրալիստական էջե­րին, որտեղ աղբը դադարում է գեղարվեստական-իմաստային հնարանք լինելուց, այսինքն՝ գրական բարձրությունից իջնում է գետնա­տարած հողին։

Ես բնավ դեմ չեմ «բաց» տեսարանների, պայմանով, որ թելադրված լինեն վիպական պատումի ներքին անհրաժեշտությամբ։ Բանն այն է, սակայն, որ այստեղ այդ տեսարանները, որոնք քիչ էջ չեն գրավում, հիմնականում անհրաժեշտության սահմաններից դուրս են մնում։ Թեև, նյութից փոքր-ինչ շեղվելով, հիշեցնեմ, որ «փակ» ու «բաց» գեղարվեստական խոսքը երբեմն թյուրիմացության մեջ է գցել ոչ միայն շարքային ընթերցողներին, այլ նաև նույնիսկ մեծերին։ Ալ. Շիրվանզադեն, օրինակ, գրչի մի հարվածով իր չափ խոշոր մի այլ գրողի՝ Դանիել Վարուժանին, կոչել է «մի ոմն պոռնկագիր»։ Չի նկատել բանաստեղծության հեթանոսական տարերքը և «անամոթ» բառերի ետևում չի տեսել դրանց շռայլ գեղեցկությունը և մարմնի վերածննդյան գովերգը։

Համեմատության համար չդիմեցի այս օրինակին, այլ՝ պարզապես հիշեցնելու, որ «բացն» ու «փակը» արվեստում ոչ թե քննության խնդիր են ընդհանրապես, այլ՝ միայն տվյալ համատեքստում՝ ըստ նրա դերի և անհրաժեշտության;

Նորայր Ադալյանի այս նոր վիպակը, վերոնշված ստվերոտ կողմե­րով հանդերձ, նրա ստեղծագործական ճանապարհի օրգանական շարունակությունն ու զարգացումն է և իր յուրահատուկ գույներն է ավելացնում արդի հայոց արձակին։

 («Ասպարեզ», Լոս Անջելես, 1999 թ., հունիսի 26

Տես նաև «Ազգ» 1999 թ., հուլիսի 1)

 

 

ԹԱՏՐՈՆԸ

Թատրոնի գլխավոր հերոսը Դիմակն է՝ անցյալ ու գալիք հազարամյակներին անթարթորեն նայող իր արձակ աչքերի խորհրդավորությամբ։ Նա լուռ է, հաճախ բացակայում է առարկայական բեմից, սա­կայն միշտ ներկա է ինչ-որ կարևոր կետում, մենք լսում ենք նրա անվերծանելի գաղտնիքը՝ մենակության, հավերժական սպասումի, խնդության ու տա­ռապանքի քարացած բառերով։ Ոչ մի տեղ բառն այնքան արտահայտիչ չէ, որքան Դիմակի վրա, այն միտված է մեր հոգու տարածքներին։ Իզուր մի որո­նեք բացարձակ երջանիկ սեր, նրա մեջ և դրամայի սիրտն է բաբախում ամեն վայրկյան։ Սա վեհ, բարձրագույն լարվածության գործողություն է՝ եր­ջանկության ու դրամայի հակադրությունների մի­ասնության տրոփյունը։ Այդ բարձրագույնի նշանապատկերը Դիմակն է։ Դիմակից է սկիզբ առնում թատրոնը։

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

 

ԳՐԱԿԱՆԱԳԻՏՈՒԹՈՒՆԸ ԵՎ ՀՐԱՊԱՐԱԿԱԽՈՍՈՒԹՅՈՒՆԸ

Գրականագիտությունը, գիտությունն ընդհանրապես, չպետք է լինի հրապարակախոսական, բայց հրապարակախոսությունը պիտի լինի գիտա­կան, այսինքն՝ ճշմարիտ, բացահայտելու հասա­րակական կյանքի ոչ միայն մակերեսը, այլև առա­վել խորքերը, որոնք հաճախ անտեսանելի են սովո­րական աչքին։

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

 

 

Ես նրանցից մեկն եմ, ովքեր կասկածում են իրենց արածին, ավելի դժգոհում, քան հպարտա­նում, և այդ կասկածանքն ու դժգոհությունը ինձ պահում են անվերջ շարժման ու գործողության մեջ, որոնելու առավել գեղեցիկն ու ճշմարիտը, որոնք չկան, որոնք սահմանագիծ չունեն։

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

 

 

«ՄԵՆՔ ԵՆՔ ԿՌԵԼՈՒ, ՈՒՐԻՇ ՈՉ ՈՔ…»

Հայ ժողովուրդը կարող է հարատևել, եթե չամայացնի իր նախնյաց ճանապարհը։ Մեր հավաքական ձեռքերում է և՛ փրկությունը, և՛ կործանումը, ուրիշ ոչ մի տեղ։ Մենք ենք կռելու մեր ապագան, ուրիշ ոչ ոք, ուրիշ ոչ մի ուժ։

Մտավորականը մտքով չէ միայն, այլև հոգով ու հոգեղենությամբ։ Որքա՜ն գիտուն մարդիկ կան, որոնք մտավորական չեն, քանի որ ղեկավարվում են նյութի ու մարմնի գետնաքարշ օրենքներով՝ անտարբեր, խուլ և կույր մարդկանց տառապանքներին։

Ժառանգություն թողնելը, իհարկե, շատ կարևոր է, սակայն կյանքում վերցնող ժառանգորդ պետք է լինի, թե չէ, ասեք, ո՞ւմ և ինչի՞ համար է ղողանջում զանգը։

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

 

Մարդիկ ապրում են արդարացի կամ անարդար աշխարհագրական սահմաններում։ Բայց նրանց համար կա գոյատևման ավելի ընդարձակ մի տարածություն ևս, որ ոչ բոլորն են տեսնում՝ հոգու աշխարհագրության հեռաստանը։ Այդ հեռաս­տանը կարող են իրացնել միայն գրականությունը՝ իր բառի զորությամբ, արվեստի թռչող սիրտն առ երկինք և ժողովրդի ազնիվ ու արթուն հիշողությունը։

ՆՈՐԱՅՐ ԱԴԱԼՅԱՆ

 

 

 

Աելիտա ԴՈԼՈՒԽԱՆՅԱՆ

ՈՉ ԹԵ «ՎԵՐՋԻՆ ՁՆՀԱԼ», ԱՅԼ ՄՇՏԱՄՆԱ ԽՈՍՔ

Նորայր Ադալյանի արձակն իր ուրբանիստական ուղղվածությամբ ինձ հետաքրքրել է դեռ ուսանողական տարիներից: Չափազանց հիացած էի նրա եղբոր նկարչական արվեստով  ու դիտել եմ վերջինիս ցուցահանդեսները: Այդ ընթացքում անձամբ չճանաչելով նրանց: Հետագայում ոչ միայն ճանաչեցի, այլև մտերմացա Նորայր Ադալյանի հետ հետաքրքիր հոգևոր մի կապով, որն, իմ կարծիքով, այնքան էլ հաճախ չի պատահում կյանքում, և որի հիմքը սերն է արվեստի, ազգայինի, համամարդկայինի, հոգևորի նկատմամբ: Կարդացել եմ նրա բոլոր գրքերը, դիտել պիեսների բեմադրությունները և հաստատում եմ այն ճշմարտությունը, թե մեծ գրողները տարիների կուտակած գիտելիքների, կենսափորձի, Աստծու տված շնորհի պարգևով առավել մնայուն ու բարձրարվեստ գործեր են ստեղծում, երբ ստեղծագործելու մղումը մնում է հրամայականի նման: Ինձ համար մեծագույն հաճույք էր «Վերջին ձնհալ» ժողովածուի հանճարեղ առաջաբանը, որն ինքնադիմանկարի հրաշալի դրսևորում է՝ արժանի հատուկ ուշադրության:

Ամերիկյան հայտնի “Vanity Fair” ամսագրի վերջում մշտապես դրվում է  «Պրուստի հարցարան» բաժինը, որում հարցեր են ուղղվում հռչակավոր արվեստագետներին՝ կինոգործիչներ, դերասաններ, գրողներ և այլն: Այդ հարցարանի օրինակով տարիներ առաջ ես հարցեր ուղղեցի Նորայր Ադալյանին: Դրանցից մեկն էր՝ արդյոք կուզենա՞ր գրել պատմավեպ: Նա պատասխանեց, թե վեպի այդ տեսակն իրեն չի հետաքրքրում: Սակայն նրա  «Սև քառակուսի կարմիր անապատում» վեպը, որի համար արժանացել է ՀՀ նախագահի մրցանակին, պատմական հզոր ու ցասումնալից բողոք է՝ ուղղված 1915-ի երիտթուրքերի կազմակերպած հայերի ցեղասպանությանը՝ գեղարվեստորեն կատարյալ, պատմականորեն ճշգրիտ: Երբ 2008 թ. մեկնել էի Արևմտահայաստանի դեռևս պահպանված սակավաթիվ  պատմական հուշարձանները տեսնելու, եղա նաև Սարիղամիշի հրաշք անտառում, որի նկարագիրը Ն. Ադալյանն այնքա՛ն իրական էր ներկայացրել վեպում՝ առանց տեղանքը տեսնելու:

Զարմացած հիշեցի վեպի տեսարանները և վերադարձիս հարցրեցի, թե ո՞րն է այդ ճշգրտության գաղտնիքը: Պարզվեց՝ պրպտել է Արևմտահայաստանի տեղանքը ներկայացնող գիտական աղբյուրները: Ն. Ադալյանը Երզնկայում ծնված Մարտիրոս Ադալյանի որդին է. հայրը միակ փրկվածն է ողջ գերդաստանից, որը է Սիմֆերոպոլում՝ Նորայրի ծննդավայրում: Հայրը չորս տաղանդավոր զավակներ է պարգևել ապրող Հայաստանին՝ Ռուբենը, Նորայրը, Ռաֆֆին, Ջեմման:

Երբ դարձա հայ հին և միջնադարյան գրականության ամբիոնի վարիչ, իմ աշխատասենյակի պատին կախեցի Ռաֆֆի Ադալյանի՝ հայկական հինավուրց երկու եկեղեցիները պատկերող նկարը: Անվանի նկարիչ Զախար Խաչատրյանը, տեսնելով նկարը, հարցրեց, թե ով է այս տաղանդավոր նկարիչը, ու երբ իմացավ, թե դա իմ անձնական նկարն է, խորհուրդ  տվեց տանել տուն և փայփայելով պահել: Այս շեղումը կատարեցի, որ փաստեմ, թե մեկ և կես միլիոն հայ նահատակների մեջ որքան աստվածային շնորհքով մարդիկ նահատակվեցին:

Նորայր Ադալյանը բանասիրական գիտությունների դոկտոր է դարձել Վահան Թոթովենցի ստեղծագործությունը գրականագիտորեն քննության ենթարկելու համար: Հիանալի ձևով երկու մենագրություններում Ադալյանը մեկնաբանում է Թոթովենցի ստեղծագործությունը: Սակայն «Վերջին ձնհալի» առաջաբանում նա իրեն գրականագետ չի համարում: Շատ իզուր, որովհետև 2026 թվականի ապրիլի 17-ի թիվ 12 «Գրական թերթում» տպագրված «Արձագանք» գրախոսականը գրականագիտական բացահայտումների փայլուն նմուշ է: Այն խրախույս է ոչ միայն երիտասարդ արձակագիր Արթուր Միկոյանին, այլև ուղեցույց բոլոր նրանց, որոնք ոտք են դրել գրող լինելու դժվարին ճանապարհի վրա:

Ադալյանը բազմաժանր գրող է: Գրում է վեպեր, վիպակներ, պատմվածքներ, էսսեներ, դրամատիկ գործեր: Նրա հրապարակախոսության մեջ լսվում է մեծն Միքայել Նալբանդյանի  խիստ ու անկողմնակալ ձայնը:

«Ապոկալիպսիս», «Ծաղրածուն մեծ քաղաքում», «Դավայաթաղ», «Պարականոն», «Լռությունից այն կողմ», «Շրջանակից դուրս» և այլ գրքեր առհավատչյա են, որ Ադալյանի գրականությունը համընթաց է աշխարհի առաջադեմ ու մեծատաղանդ գրողների ասելիքի հետ:

Հայ գրողի, նկարչի, կոմպոզիտորի, քանդակագործի և արվեստի այլ բնագավառների դեմքերի մեծ մասամբ համաշխարհային ձևով ճանաչված չլինելը խնդիր է, որը տանջել է մեր մեծերին՝ Մովսես Խորենացուն, Սայաթ-Նովային, Խաչատուր Աբովյանին, Հովհաննես Թումանյանին, Եղիշե Չարենցին, Ավետիք Իսահակյանին:

Բավական է կարդալ Վահան Տերյանի «Հայ գրականության գալիք օրը» կամ Եղիշե Չարենցի Ճառը՝ արտասանած ԽՍՀՄ գրողների առաջին համագումարում՝ 1934-ի օգոստոսին: Չարենցը զգում էր իր հանճարը և բնականորեն ձգտում էր, որ իր ասելիքը հասնի աշխարհի ժողովուրդներին. «Որքան էլ փոքր լինի ժողովուրդը և նրա գրականությունը, վերջինս չի կարող չունենալ իր ինքնատիպ, եզակի և անկրկնելի նրբերանգը, որպիսին հատուկ է միմիայն տվյալ գրականությանը և նրա լավագույն  ներկայացուցիչներին»,- ասում է Չարենցը:

Ադալյանի «Էմբրիոն» և «Արտույտը» երկերն արժանացել են Հայաստանի Թեքեյան մշակութային միության մրցանակին: «Արտույտը» գրված է հայերի ցեղասպանության թեմայով, և նրանում երևում է, թե որքան խորն է ընկալել Ադալյանը հայոց ողբերգության ողջ էությունը՝ քաղաքականը, սոցիալականը, մարդաբանականն ու հոգեբանականը: Գրողը պատկերում է եղեռնի մի դրվագ, գողտրիկ մի հյուսվածք, որ կարդացվում է մի շնչով: Զարմանալ կարելի է, թե ինչու այդ հրաշալի գործը չի գրավել հայ կինոբեմադրիչներին ու ցարդ չի նկարահանվել: Ցնցող է «Արտույտի» գլխավոր կերպարը՝ Մռթոն, որը դավաճան է, իսկ ըստ գրողի արդար ու խիստ դատաստանի՝ դավաճաններն ազգություն չունեն:

Ադալյանը գրողի ազատ մտածողության կողմնակիցն է, դրա համար էլ նրա գրվածքներում ռեալիզմն ու գերիրապաշտությունը հայտնվում են կողք կողքի:  Երբեմն  գերիրապաշտությունը դառնում է գերակշիռ` որպես առավել հարմար գրական մեթոդ հասարակության արատների գրոտեսկային պատկերը ներկայացնելու:

Ոմանք կարող են մտածել, նույնիսկ քննադատել գրողին նրա որոշ գրվածքներում եղած լիբիդոյի տեսարանների համար: Ահա Մարսել Պրուստի հարցարանում իմ տված հարցի՝ գրողի պատասխանը.

Ա. Դ. – Ի՞նչն է պատճառը, որ Հայաստանի անկախացումից հետո Ձեր գեղարվեստական գրեթե բոլոր երկերում՝ վեպ, վիպակ, պատմվածք, դրամա, անպայման բավականին տեղ եք տալիս լիբիդոյին:

Ն. Ա. – Դա ես չեմ տեղ տալիս, այլ` բնությունը: Ըստ իս՝ լիբիդոն մարդկային բնության գեղեցկություններից մեկն է:

Նույն հարցազրույցում ահա թե ինչ ասաց գրողն ընտանիքի մասին իմ հարցադրմանը.

Ա. Դ. – Ի՞նչ է ընտանիքը Ձեզ համար:

Ն. Ա. – Ընտանիքը ժողովրդի և պետության ամրության հիմքն է:

Նկատենք, որ այս պահանջն առկա է «Սասունցի Դավիթ» վիպերգի ողջ շարադրանքի մեջ:

Քանի որ հոդվածը հոբելյանական խոսքի ազատություն ունի, ապա նշեմ, որ գրող Ադալյանի մեծագույն արժանիքներից մեկն էլ անսահման ընտանեսեր ամուսին և հայր լինելն է: Նորայր Ադալյանը շատ զարգացած, բազմագիտակ գրող է, և այդ ամենի ակունքը եղել է նրա Մարտիրոս հոր՝ իր զավակներին տված ճիշտ դաստիարակությունը, որն աներկբա հոգևոր հարստություն է պարգևել նրանց:

Ադալյանի ստեղծագործությունը մեր օրերի մարդու էությունը ներկայացնող հոգեբանական գյուտերով լի երևույթ է, որի արձագանքը ապագայի համար կունենա ճանաչողական աներկբա արժեք:

 

 

Կարինե ՌԱՖԱՅԵԼՅԱՆ

Բեղմնավոր հունձքի ինը տասնամյակ

Վերջերս, մի հանդիպման ժամանակ, Նորայր Ադալյանը կատակեց. «Դուք խոսեք, իսկ ես կարող եմ լռել․ 90 տարի խոսել եմ»։ Ես էլ գլուխ գովեցի․ «90-ից մեկ տարին մեր կուրսում եք խոսել»։

Այո՛։ Ես այս նյութը գրում եմ ոչ թե իբրև գրող կամ գրականագետ, այլ` իբրև Նորայր Ադալյանի երբեմնի ուսանողուհի, որ նրան այդպես էլ մինչև վերջ չընկալեց իբրև դասախոսի, որի ներկայությունից պետք էր օրինաչափորեն լարվել, անհանգստորեն ձգվել, նրա մեջ տեսնել գնահատական նշանակողի, ինչ-ինչ պահանջներ, նախապայմաններ առաջադրողի։ Ինչո՞ւ։ Որովհետև մեր լսարան մտնելու պահից սկսած մինչև քննական հարցաթեթիկին պատասխանելու րոպեները ես Նորայր Ադալյանին ընկալել եմ իբրև «Կապույտ Երզնկայի» հեղինակի։

Հետո կյանքը մեզ կանգնեցրեց հարաբերությունների նոր հարթության վրա։ Եվ փա՜ռք Աստծո, որ բոլոր այդ հարթություններում թագավորել է նորին մեծություն Գրականությունը։

Նորայր Ադալյանի գիրը, գեղագետի հայացքը բազմափեղկ է, 3D կամ գուցե ավելին։ Բայց նա չի խճճվում այդ բազմափեղկության ծալքերում։ Նա հմտորեն գտնում է անհրաժեշտ հանգուցաթելերն ու կապակցում իր երկնումների բոլոր տեսանելի և աներևույթ բեկորները։

Գրող, գրականագետ, գեղագետ մտավորականը վեր է հանում մեր կյանքի ճշմարտությունները` մատուցելով դրանք իմաստասիրական, գրոտեսկային, առօրեական ու շատ այլ երանգավորումներով: Նրա հերոսների պատկերասրահը բազմազան է ու բազմամարդ: Նրանցից շատերին մենք ճանաչում ենք անձամբ, և գրողն էլ ոչ հազվադեպ հիշատակում է նրանց հականե-հանվանե:

Նորայր Ադալյանը ստեղծագործում է տարբեր ժանրերում։ Թեև ժանրերի բազմազանությունը ենթադրում է որոշակի սահմանագծերի առկայություն, սակայն գրողի, գրականագետի, փիլիսոփայի ընդգրկուն միտքն ու հայացքը փոխլրացնում են իրար բոլոր գործերում։ Դժվար է հստակորեն սահմանազատել գեղարվեստական արձակ, թատերգություն, հրապարակագրություն երկնած հեղինակի գիրը և որոշակիորեն տեղորոշել նրա ասելիքը այս կամ այն տարածությունում՝ առանձին վերցրած։

Նորայր Ադալյանի գրականության մեջ հառնում է մերօրյա հայ (և ինչո՞ւ միայն՝ հայ) մարդը՝  իր հոգեբանական, սոցիալական, քաղաքական, կենցաղային, սենտիմենտալ-ներանձնական նկարագրով։ Մենք տեսնում ենք քննադատության թիրախ դարձած մեծ ու փոքր ժամիշխանների, տառապյալ, խեղճուկրակ փոքր մարդկանց, հայրենիքի, ինքնության ջահակիր քաջազունների, հուզառատ, անկանխատեսելի սիրատարփների, անխելքության չափ սնամեջ արարածների և մարդ երևույթի էլի ու էլի այլ տարատեսակների Ադալյանի հերոսների պատկերասրահում։ Սակայն ես նկատել եմ մի օրինաչափություն․ Նորայր Ադալյանի համակրանքը ստեղծագործող մարդուն է ուղղված։ Մի քիչ խելառ, մի քիչ տարաշխարհիկ, մի քիչ անպաշտպան, երևակայության անսանձ թռիչքների տրվող ստեղծագործողին, ինչպիսին, ասենք, «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպի հերոս, ծաղրածուի վերածված ջութակահար Նավասարդն է։

Թումանյանի նշանավոր «Վերնատան» անդամ Նիկոլ Աղբալյանը ընդարձակ ուսումնասիրություն է նվիրել քաջնազարականության թեմային, որում զուգահեռներ է անցկացրել Դոն Քիշոտի և Քաջ Նազարի միջև` վերջինիս համարելով համաշխարհային գրականության անդաստանից սերող դոնքիշոտյան տիպ: 21-րդ դարում Քաջ Նազարի հենց այս տիպն է պատկերել Նորայր Ադալյանը «Ծաղրածուն մեծ քաղաքում» վեպում՝ տալով պատուհաս արքաների ու նրանց գահին բազմեցրած պակասավոր հասարակության համապատկերը` երևակված գեղագետի իր հայացքի միջով: Գեղարվեստական երևակայության և գրական հնարանքների իր ոստայնը հյուսելով Մարկեսի հարյուրամյա մենության և կյանքի աշունն ապրող Նահապետի գրական խարիսխների «մերձակայքում»՝ մերօրյա հայ գրողը բանաձևել է իր ու մեր իրականությունը այդ վեպում. «…ժողովուրդը տխուր է ու հուսահատ, որոշ չափազանց հուսակորույս մարդիկ զարկերակ են կտրում, հրապարակում դիմում ինքնակիզման, կախվում, կամրջից նետվում»:

Ավելի ուշ՝ «Շրջանակից դուրս» ժողովածուում, Ադալյանը գրում է․ «Սխալ է, թե հույսը վերջինն է մեռնում։ Հույսը չի մեռնում երբեք` մնալով հավերժական մի հոգեվիճակ։ Սակայն որպեսզի չմեռնի, մենք այսօր բանիվ ու մտոք պետք է ազգովին համախմբվենք, բռունցք դառնանք և սիրենք իրար։ Սերը կփրկի Արմենիան ու արմեններիս»:

Նույն ժողովածուի մեկ այլ ստեղծագործության մեջ՝ «Ներողություն» հեքիաթ-պատմվածքում կարդում ենք․ «Քանի որ «Ներողությունը» չկար, ոչ մեկի մտքով ու սրտով չէր անցնում գործած մեղքերի համար ապաշխարել, ամենուրեք՝ հյուսիս թե հարավ, արևելք թե արևմտյան հորիզոնականներում բացվեցին առանց երթևեկության կանոնների ու նշանների լայնահուն ճանապարհներ՝ նախանձի ու ատելության, թալանի, կաշառակերության, դավաճանության ու պոռնկության, ապստամբ գողերի, տմարդի դատավորների, բարոյազուրկ կրոնավորների, տգետ ուսուցիչների, սուտ ու կեղծավոր քաղաքագետների առջև։ Նոր հասարակարգ եղավ, որ դեռ ակադեմիական անուն չուներ»։

«Շրջանակից դուրս» ժողովածուում համատեղվում է անհամատեղելին։ Ամոթի, վախի, մեղավորության, ազատամտության, ատելության, անտարբերության, փողի, շուկայի, բարոյականության, բարեկամության, թշնամանքի, արվեստի և այլնի շուրջ ծավալվող դատողություններում մենք հանդիպում ենք, թվում է, միմյանց հետ ժամանակի ու տարածության մեջ չառնչվող դեմքերի։ Սա հենց մերօրյա կյանքն է՝ իր բարդ ու քմահաճ դրսևորումներով։

«Շրջանակից դուրս»-ը, թերևս, Նորայր Ադալյանի համար առանցքային նշանակության գիրք է, հակառակ դեպքում այն չէր դառնա հոբելյանական տորթի պատկերանմուշ և չէր մատուցվի իննսունամյա իմաստուն հային շնորհավորելու եկածներիս՝ որպես հոբելյանական երեկոյի նրբանուշ ամփոփում։ Սա նաև գրական հունձքի ինքնօրինակ ամփոփում է ներկայանում Նորայր Ադալյանի ստվարածավալ ժառանգության մեջ։ Բայց մենք՝ նրա ընթերցողները, մտադիր չենք հրաժարվել նոր երկերի սպասումից ու վստահաբար հայտարարում ենք, որ մեր գրադարաններում հայտնվելու են Նորայր Ադալյանի նոր գրքերը, որոնց մասին մեր համեստ կարծիքները հրապարակվելու են այս ու այն պարբերականներում։

Կարելի է երկար գրել Նորայր Ադալյան ստեղծագործողի ու մեզ ժառանգած նրա ստեղծագործության մասին, բայց կարծում եմ՝ ավելի խելամիտ է պարզապես շնորհակալ լինել նրան՝ մեր կողքին լինելու, իր իմաստնության, անսպառ երևակայության, գրական մուսայի հետ չխզվող մեծ բարեկամության սերմնահատիկներից ծլարծակած հունդերը մեզ բոլորիս նվիրելու համար։

Նորայր Ադալյանի վաստակի հանդեպ հիացումով շնորհավորում եմ նրա բեղմնավոր հունձքի ինը տասնամյակը և անվերապահ հավատով ապասում նոր հոբելյանների՝ նոր գրքերի տեսքով ձևավորված տորթերի առկայությամբ։