ՀԱՄԼԵՏ ԿԱՐՃԻԿՅԱՆ 90

Ես արդեն ես չեմ, ոչ էլ՝ ուրիշը,
Կյանքս մշուշ է, փոշի ու հուշ է,
Բայց հայտնվում է
հանկարծ ուրիշը
Ու կոտրում մտքիս գինով
լի շիշը…

Ախ, ես ուրիշ եմ,
ես արդեն ես չեմ,
Շուտով կփչեմ իմ վերջին հուշը,
Ինչքան էլ այսօր
պայծառ անրջեմ,
Մեկ է` կյանքս որբ գինով
լի շիշ է:
Իսկ գինին հայոց արդեն ուրիշ է,
Ե՛վ դառնահամ է, և՛ հոգեկործան,
Քանզի աշխարհը քաղցր
մի հուշ է –
Եվ մահից առաջ` ոսկե մի հնձան:

***
Պատմությունս գլորվում է ինքնակամ,
Մի տեղ չկամ ու մի տեղ էլ կարծես կամ,
Թե չլիներ կյանքը այսքան անզգամ,
Հավերժական պիտի թվար ապագան:

Վերջ պատմության արձագանքին այս դժնի,
Ես գնում եմ մոլորակից այս ունայն,
Թե արթնանա մարդկությունը, կգժվի –
Ինքը իրեն սպանելով հավիտյան…

Բայց ժպտում է տիեզերքը միամիտ,
Եվ ապրո՜ւմ են մարդիկ իրար զրկելով,
Աստվածները զայրանում են խելամիտ`
Մարդկայինը տիեզերքում փրկելով:

***
«Դանդաղ է քայլում հոգնատանջ իմ ձին»…
Եվ ուր է տանում՝ ինքն էլ չգիտի,
Եթե գնում ենք Սուրբ Էջմիածին,
Ես հավերժությամբ պսակվեմ պիտի…

Տառապանքներս կցնդեն իսպառ,
Սուրբ խաղաղությամբ կարբենա հոգիս,
Չի ասի երբեք ոչ ոք ոչ մի բառ,
Միայն հուշերս կարտասվեն Նորքիս…

Եվ ինձ կթաղեն ծնողներիս մոտ,
…Օղորմի նրանց՝ կարոտել են շա՜տ…
Օրը կլինի ջինջ ու արևոտ,
Եվ կապրի հոգիս Աստծո հետ հաշտ…

***
Ժամանակը լրացավ,- գնալու եմ արդեն ես,
Կյանքս եկավ ու անցավ,- ճանապարհին եմ արդեն,
Եթե նորից աշխարհում չհանդիպեմ արդեն ձեզ,
Ուրեմն, լավ իմացեք,- ճանապարհին եմ արդեն:

Եթե ճամփան ինձ տանի դեպի անդունդը մահի,
Լաց մի՛ եղեք, ժպտացեք, ճամփիս փռեք փուշ-վարդեր,
Ես ոգին եմ սիրահար և թշնամին եմ ահի,
Դե լուսավոր ժպտացեք՝ ճանապարհին եմ արդեն…

***
Էրեբունիից մինչև Երևան
Վայրկյան է անցել դարերի միջով,
Ժամերն են դարձել Հայոց օթևան,
Լցվել արարման փառահեղ շնչով:

Հիմա մենք կանգնել վայրկյանների դեմ`
Փորձում ենք շնչել փոշին դարերի.
Ես՝ Աստծո որդիս, բնավ չգիտեմ
Իմաստնությունը գալիք օրերի…

…Գալիս է մահս-վայրկյանների մեջ –
Որ պիտի ահով սրտիս մեջ խուժեն,
Ես չեմ ափսոսում, որ կունենամ վերջ,
Բայց վայրկյաններ կան, որ հավերժ արժեն…

***
Դարձել եմ մի մեծ երեխա,
Էլ հոգիս հուշից չի ծխա…
Չի տնքա էլ սիրտս արյունոտ,
Չի զնգա էլ խինդս արևոտ,
Էլ Աստված չի նայի երկնքից`
Ազատված կլինեմ նոր երգից…

 

 

«Սիրտ իմ, ընդե՞ր ես խռովել…»
Ֆրիկ

1.
Արդեն ո՛չ դու, ո՛չ էլ ես
Էլ հանճարեղ չենք լինի-
Քեզ չեմ սիրի խենթի պես,
Դու չես դառնա թունդ գինի:

Արդեն օրերը մթնած
Հողմ են միայն առաքում,
Եվ մեր սերը մթնդած
Հայտնվել է առակում…
…………………………….
– Որտե՞ղ է լույս ճառագում:

2.
Ի՜նչ խայտառակ գործընթաց,
Ձյուներն անկախ են հիմա,
Նոր պատեր են մեր դիմաց,-
Ու Չարն … անկախ է հիմա:

Օրերում այս անհմա
Լոկ խաբկանքը մեզ մնաց,
Եվ Հայրենիք մի ամա`
Անձև, անհայտ, անիմաց…
………………………………..
– Գերեզմանիդ դուռը բաց:

3.
Մեր ոգին ո՞վ թալանեց,
Ո՞վ սասանեց սերը մեր,
Հայրենիքն ո՞վ կալանեց
Իր շահերի համար, տեր:

Ժողովրդին խաբեց ո՞վ,
Ո՞վ քար նետեց իր ազգին,
Եվ երկիրը – անվրդով
Հանձնեց հուր ու կրակին:
………………………………
– Ուժ առաքիր մեր բազկին:

4.
Հիմա ումի՞ց ենք կախված
Եվ անկախ ենք մենք ումի՞ց,
Այս ինչ արիր, տե՛ր Աստված,
Հրաժարվե՞նք մեր հունից:

Թողնենք ամեն դավաճան
Հողմերի՞ն տա հողն Հայոց,
Եվ երթը մեր անվախճան
Դառնա խաբկա՞նք մի վայոց…
……………………………………
– Բա՜ց աչքերը մեր այս գոց:

5.
Փակ են ճամփեքը բոլոր,
Ի՞նչ լուրեր կան Իրանից,
Դարձել ենք թույլ ու մոլոր,
Ի՞նչ հողմեր կան Թուրանից:

Երեկ ելել վրանից,
Այսօր դարձել են արքա,
Դուրս են քշում մեզ տանից
Տերերի հետ մեր առկա…
………………………………
– Իսկ մի՞թե դեռ ազգը կա:

6
Հանուն ինչի՞ մենք ելանք
Ազգային վեհ պայքարի,
Որ հիմա էլ բլբլա՞նք,
Թե ազգ ենք մենք անարի:

Որ հիմա էլ այպանե՞նք`
Ով պահում է ոգին դեռ,
Եվ նորովի՞ պայքարենք
Ընդդեմ սիրո մեր անմեռ…
………………………………..
– Ախ, մարդացիր մի քիչ, տեր:

7.
Բոլո՞րն են մեզ հակառակ,
Թե՞ մենք ենք դեմ բոլորին,
Ինչո՞ւ եղանք խայտառակ,
Սև կապեցինք մեր օրին:

Ինչ որ անում էր Օրին,
Սրանք տվին ոտնատակ,-
Հիմա էշերն ու ջորին
Փառք են տենչում անհատակ…
……………………………………
– Անդո՞ւնդ է սա, թե՞ կատակ:

8.
Ով խաղում է ազգի հետ,
Ով ծառան է օտարի,
Նրան պիտի առհավետ
Ազգը մի օր վտարի:

Թե չէ առանց վթարի
Չի ունենա ոչ մի օր,
Եվ միշտ պիտի կատարի
Սգո հանդես ահավոր…
……………………………
– Տեր, ո՞ւր է մեր օրը նոր:

9.
Ո՞վ ասաց, թե ճշմարիտ
Խոսքը զենք չէ առավել,
Չե՞ք տեսնում, որ անառիթ
Սուտն է միայն վարարել:

Որովհետև չեն կարող
Ոչ մի լավ բան արարել,
Ազգին խփում են քարով
Ու ստերով` առավել…
……………………………
– Ճիշտ խոսքի ենք ծարավել:

10.
Կեղծ ու պատիր օրերում
Ո՞րն է ելքը փրկության,
Երբ ժողովուրդն աններում
Տերը չէ իր դրության:

Երբ ամեն մի համբակի
Գրպանում է բախտը մեր,
Հարվա՞ծ է պետք սմբակի,
Թե՞ իշություն հավերժ, տեր:

– Մեղա, մեղա, իմ օրեր:

11.
Ով տեսնում է ու լռում,
Սադայել է անկասկած,
Ով ճանապարհն է ծռում,
Երբ տեսնում է ազգն ընկած,

Դուրս է ցեղից մարդկության,
Հայությունից դուրս է նա,
Եվ ոչ մի շող գթության
Նա երբեք չի ունենա…

– Ե՞ս եմ, դո՞ւ ես, սա՞ է, նա՞:

12.
Գրպաններդ դատարկ, ծակ,
Բերաններդ եք ջուր առել,
Դեռ ոգուն էլ հակառակ`
Փնթփնթում եք առավել:

Ո՞վ պիտի ձեր փոխարեն
Ձեր քայլերը կատարի,
Որ չդառնա անօրեն
Երկիրը դեզ աթարի…

– Դեռ պատրաստ եք վատթարի՞:
13.
Թե չես դառնում դաշնակից,
Ո՞ւմ վրա է հույսդ դեռ,
Ո՞վ կհանի կրակից
Զավակներիդ կիսամեռ:

Ո՞վ կբացի փրկության
Միակ ուղին ազգային,
Եռանդ տված ազգության
Գոյատևման պայքարին…

– Հայն հավատա թող հային:

14.
Մի՞թե, հայեր, պետք է մեզ
Չարչիների հայրենիք,
Դե, դուրս ելեք հրակեզ
Բարքերի դեմ վայրենի:

Մենք պիտի մերը դառնանք
Ոչ թե անցյալ սողալով,
Այլ՝ Ապագա ընթանանք`
Ազգի վրա դողալով…

– Տեղ չենք հասնի այս խաղով:

15.
Անգիտության ծմակում
Տատանվում է ազգը դեռ,
Սոցիալական ծուղակում
Դառնում անդեմ ու անտեր:

Բայց այդ ովքե՞ր են քանդել
Դաշնությունը հայության,
Որ խարխափում ենք արդեն
Մշուշներում գոյության:

– Ինչ դաշինք է… լռության:

16.
Ի՞նչ էինք մենք ցանկանում
Եվ այս ինչի ենք հասել,
Ո՞վ է արդյոք հասկանում,
Թե ով ում է հակասել:

Եվ թե ինչ է պակասել
Չեղած աղ ու հացի մեջ,
Ո՞վ կարող է ինձ ասել`
Սա սկի՞զբ է, թե՞ չար վերջ…

– Հազարամյա հիմար վեճ:

17.
Մեզ ի՞նչ ճամփա խոստացան
Եվ այս ո՞ւր են մեզ տանում,
Քանդողները շատացան
Մեր անուշիկ ոստանում:

Նույնիսկ նախկին զնդանում
Մենք մեր հարգը ունեինք,
Հիմա այս ուր ենք գնում`
Առանց տուն ու հայրենիք…

– Այս ե՞րբ դարձանք վայրենի:

18.
Ահելները զարմացան
Ու լռեցին մտագար,
Ջահելները ամլացան,
Դարձան ցինիկ ու անկար:

Ազգը իր դե՞մքն է փոխում,
Թե՞ կատակ է մի վերին,
Ինչ ծանրություն է կախվում
Հայոց հրաշք թևերին…

– Մենք ենք այսօր մեր գերին:

19.
Բոցն է ելնում Արցախից
Եվ նոր Վահագնն է ծնվում,
Աջից լինի թե ձախից,
Ոգին ոգով է սնվում:

Հողը տիրոջն է տրվում,
Թե կամք ունի առնական,
Թե պատմությունն է գրվում
Կանոններով հայկական…

– Ո՞ւր են տերերը սակայն: