Կարինե ԽՈԴԻԿՅԱՆ

Եվ այսպես, Սահմանադրական դատարանը անփոփոխ թողեց (ով էր կասկածում) ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ ԿԸՀ-ի որոշումը:

«Ուժեղ Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները և գնում է ԱԺ։

«Հայաստան» դաշինքը վերցնում է մանդատները և նույնպես գնում է ԱԺ: (Ի դեպ, այս երկու ուժերը մոտ մեկ ամիս «կռիվ էին տալիս» Բարգավաճ Հայաստանի 4 մանդատի համար, բայց երբ վերջինիս մուտքը ԱԺ արգելեց ՍԴ-ն, բողոքի ծպտուն անգամ չլսվեց…):

«Քաղաքացիական պայմանագիրը» (ՍԴ-ում ներկայացված էր որպես երրորդ կողմ) միակն էր, որի մանդատ վերցնելը սենսացիա չառաջացրեց՝ ընտրություններում ստացած 727820 ձայները նման որոշում ենթադրում էին, թեև շատերը (այդ թվում՝ և ես) կողմնակից էին վերաքվեարկությանը, որը թացն ու չորը կպարզեր աներկբա ու վերջնականապես: Սակայն… ավաղ…

Իսկ մինչ այս «դարակազմիկ» որոշումները…

Հինգ ընդդիմադիր ուժեր («Ուժեղ Հայաստան», «Հայաստան», ԲՀԿ, ՀԱԿ, ԱԺԲ) ՍԴ-ի որոշման վերաբերյալ համատեղ հայտարարությամբ հանդես եկան, որտեղ նշանային բառերը ՈՉ ԼԵԳԻՏԻՄՆ էին, որով բնութագրվել էր գործող իշխանությունը, իսկ իրենք խոստացան սկսել քաղաքական դիմադրության ակտիվ փուլ…

Ու մինչ ոմանց մտապատկերում փողոցները հեղեղած դժգոհ ընտրազանգվածն էր, մյուսները փորձում էին գուշակել՝ եթե երկրում ձևավորվել է ոչ լեգիտիմ իշխանություն, ուրեմն և՝ ոչ լեգիտիմ խորհրդարան, երկու ընդդիմադիր ուժերը կվերցնե՞ն իրենց մանդատները, իսկ առավել սկզբունքայինները միանգամից մերժում էին այդ վարկածը, քանզի այդ քայլով հենց իրենք՝ «Ուժեղ Հայաստանն»  ու «Հայաստանն» են լեգիտիմացնելու և՛ ընտրության արդյունքները, և՛ նորընտիր խորհրդարանը, և՛ իշխանությունը…

Բայց եղավ այն, ինչ չէր կարող չլինել: Ընդդիմադիրները՝ մանդատներով զինված,- պարզվեց՝ մանդատը զենք է,- գրոհելու են Ազգային ժողովը արդեն հոգնելու աստիճանի ծանոթ օրակարգով: Եվ իզուր են իրապես սկզբունքային-շարքային ընդդիմադիր աջակիցները բողոքում կամ ընդվզում, նաև զարմանում ու զայրանում, թե մինչև հունիսի 7-ը ռազմաշունչ հայտարարություններ անողները ինչո՞ւ մարդկանց փողոց չհանեցին, ինչո՞ւ են փոշիացնում իրենց հեղափոխական ներուժը: Ումի՞ց ի՛նչ են պահանջում. նրանք մանդատ են վերցնում իրո՞ք «կործանվող» երկիրը, թե՞ սեփական կապիտալը, ապօրինի ձեռք բերած հարստությունը փրկելու համար: Այ, այստեղ է հարցերի հարցը՝ ո՞վ է ընդդիմադիր առաջնորդը: Համենայնդեպս, ո՛չ օլիգարխը: Սա իմ գնահատողական եզրահանգումն է:

Իսկ ի՞նչ է սպասվում օգոստոսի 2-ից հետո… Ամենայն հավանականությամբ՝ նախորդ Ազգային ժողովի պատճենը, որտեղ հայրենափրկչական պաթոսն ու հակադարձման 9-րդ ալիքները կբախվեն իրար, կարող են լինել նաև թեժ մարտեր՝ ուղղակի և անուղղակի իմաստներով (արդեն հնչում են սպառնալից կոչեր), ու որ մտածում ես, այդ ամենը կրկնվելու է ևս 5 տարի…

 

Հ.Գ.  Հուսամ՝ Քպ-ականներից գոնե մեկը կհարցնի՞, թե ուր մնացին այն խոստացված 300000 ադրբեջանցիները: