ԲԱՐԵՎ, ԲԵՄ
Բեմն ազատ էր: Ոչ ոք չկար: Առավոտ վաղ ծնկներիս հենված՝ խոնավ կտորով լվանում էի տախտակե հարթակը: Անգիր գիտեի յուրաքանչյուր հատվածը: Հետո սկսում էի վարժությունները: Ամենօրյա կրկնվող վարժություններից մարմնիս զգայությունը դարձել էր բացարձակ: Զգում էի յուրաքանչյուր բջջի շնչառությունը: Այլևս մենակ չէի բեմում: Էներգետիկ կուտակումները, որոնց բերել էի բեմի մակերևույթ, մարդկային կերպարանքներ էին ստացել և շարժվում էին շուրջս: Նրանց հետ պարում էի, խոսում…
Ափումս հավաքվում էր հրե գունդն ու պտտվում շուրջս: Տեսանելի խաղ էր: Անտեսանելիի արթնացում: Ներսես Շնորհալին հառնել էր դարերի խորքից, բռնել ձեռքս ու ուղեկցում էր իր հոգևոր թրթռումներում, որոնք ապրում էին մեն-միակ ճրագով լուսավորվող նեղ մենախցում՝ պատերը մրոտված, իսկ պատուհանից ներս թափանցող լույսը հազիվհազ ճաղավանդակն էր լուսավորում: Ես չգիտեի, թե ինչ է խաչակնքումը, և չգիտեի, թե ինչպես են խաչակնքում… և երբ ծնկեցի այդ հոգևոր լույսով լուսավորված տարածության ներսում, մատներս միացան ու ինքնըստինքյան խաչակնքեցի:
– Դու ճիշտ ես խաչակնքում,- լսեցի ձայնը, որ եկավ դրսի դռնից ներս թափանցող լուսաշողից:
Ձայնը գնդվեց, դարձավ հրե գունդ ու նստեց աթոռի թիկնակին: Շարունակեցի աղոթքս…
Ես եթերային մարմին էի:
․․․
Չեմ հիշում, որովհետև չնշեցի, չառանձնացրի թվագրումով կյանքիս այդ օրը: Բայց օրն առանձնացավ և ինքնիրենով հիշողություն դարձավ: Այդ օրն էր, որ ասացի. «Բարև, ձայն»: Իսկ ձայնն ինքնիրեն ինքնիշխան հռչակեց ու իշխեց ուղեղումս: Ու այդ իշխանությունը բառերի տեղատարափ էր, բառերի հեղեղ, աղմուկ ու գոռոց, բառաճահիճ ու բառախաղ:
Դիմախաղերս փոխվեցին: Վայրկյան-վայրկյան, ըստ ձայնի ու ըստ մտքի: Որոշեցի ինքնիշխան լինել սեփական ուղեղում, գանգատուփում: Այդ խոսող ձայնին տեղավորեցի լուսամփոփի վրա ու… ասացի. «Բարի լույս»:
ՔԱՂԱՔԱՅԻՆ ՊԱՏԿԵՐՆԵՐԻ ՊԱՏԱՌԻԿՆԵՐ
Տարածքը փոխվեց: Շարժասանդուղքն իր համաչափ բզզոցով ինձ իջեցրեց մետրոյի կայարան: Օդը սառն է: Ի տարբերություն վերևի տապին, շուրջը տարածված աղբին, այստեղ մաքուր է ու զով: Նույնիսկ մտածում եմ նստել այստեղ ու գիրք կարդալ: Ե՛վ հանգիստ կլինի, և՛ զով: Գալիս է գնացքը: Այն շողշողում է տոնական տրամադրությամբ: Վագոնը գունանկարված է 2800-ամյա Երևանի տրամադրությամբ: Էրեբունի թանգարան, գորգեր, զարդանախշեր, Արգիշտի արքա, այդպես…
Երկու աղջիկներ, բեռնավորված ամենաժամանակակից բջջայիններով, զարմացած ու հիացած, արագ-արագ լուսանկարում են վագոնը՝ տարբեր անկյուններով, ու միանում… այո, այդ ես գիտեմ՝ այսօրվա հաղորդակցության միջոցներն են՝ ֆեյսբուք, ինստագրամ, թվիթեր, և, իհարկե, վագոն-ժամանակագրությունն անմիջապես հայտնվում է դրանցից որևէ մեկում:
Մետրոյից շարժասանդուղքով կրկին միանում եմ տապին: Շատրվաններն ինչ-որ չափով փարատում են ազդեցությունը: Մարդիկ թաքնվել են ծառերի ստվերներում: Տարօրինակ են, նույն այս մարդիկ կտրել ու անապատի են վերածել երկիրը:
Փողոցում երկու կողմը գրաված-շարված են ավտոմեքենաները: Շքերթ է՝ ավտոմեքենաների: Քիչ մնա՝ կբարձրանան մայթերին:
Կանգառում սպասում եմ: Փոխադրամիջոցն ուշանում է: Դեղին գծին մոտ կանգնում է տաքսի մեքենան: Դուրս է գալիս վարորդը, նստատեղի ինչ-որ մասից հանում մի իր, փակում մեքենայի դուռը և առաջանում: Կռանում է, ձեռքի իրով փակում համարանիշը և գնում իր գործերով: Նայում եմ՝ ձայնասկավառակ է:
Ահա, կանգառում քիչ կանգնելուց հետո բարձրանում եմ ավտոբուս: Վերջում ազատ նստատեղ կա, տեղավորվեցի ու հանեցի գիրքը, որը հենց նոր վերցրել էի Իսահակյանի անվան գրադարանից: Չինական բանաստեղծություններ: Ժամանակակից հեղինակ է: Միանգամից կլանում է: Կարդում եմ մեկը մյուսի ետևից: Հաջորդ կանգառում բարձրանում է մի գեղեցկուհի, որը, պարզվում է, ճանաչում է կողքիս գեղեցկուհուն. «Վա՜յ»… «Ի՜նչ լավ է…»… «Նկարները…», «Փնտրո՜ւմ եմ…», «Ամբողջ լենտան դուք եք…», «Հա՛, բոլորն ինձ են ուղարկում…», «Ինձ էլ ուղարկի, խնդրո՜ւմ եմ…», «Կուղարկեմ…», «Թե չէ, ինձ ընկեր չեն…», … և այսպես…
Ամբողջ դիմագրքյան ծանոթ զրույցն ինձ պոկում է պոեզիայից, և ես պարտադրված փակում եմ գիրքն ու վեր կենալով՝ առաջանում… իմ կանգառն է:
Տարօրինակ բնավորություն ունի մեր ժողովուրդը… կանգառում իջնում է մի դեռատի մայր, աղջնակի հետ, որը երեք-չորս տարեկան է, մայրը վճարում է.
-Երկու տոմս, մեկը՝ անցյալ կանգառում իջած կնոջ համար:
Վարորդը վերցնում է և հանկարծ, դուռը դեռ նոր փակված, գլխի է ընկնում ու բղավում պատուհանից.
– Հարկավոր չէ, ընկերուհի ջան, ի՞նչ եք անում, գիտեք՝ ես չէի՞ կարող վճարել…
Իսկ մի քանիսն արդեն արագ-արագ բարձրաձայն բացատրում են. «Կինը շնորհակալություն էր հայտնել և իջել, առանց վճարելու»: Ահա: Ինձ համար պատկերը պարզ դարձավ. կինն իջել է առանց վճարելու, իսկ վարորդը ետևից փնթփնթացել է ու դժգոհել, և դեռատի մոր սրտին դարդ է եղել, ու նա որոշել է՝ ինքը կվճարի:
Այսպես:
ՀԱՄԲՈՒՐՎՈՒՄ ԵՄ
Մոռացված զգացումներն արթնանում են: Չէ՞ որ բառն էի փնտրում: Բառի հոգին, ձայնը… բառի երաժշտությունը, որ տարածվում էր ինձանից ներս ու ինձանից դուրս, տարածվում բոլոր թրթռումներում, որոնք իրենցով բառն էին կրում:
Բառն անհանգիստ տրոհվում էր, զգում, որ իր տառի ելևէջը խորհրդավոր քողը դեմքին ժպտում է:
Ամեն բառի արտասանության հետ շրթունքներս համբուրվում էին բառի ու հնչյունի հավիտենության հետ…
Տիեզերքում տրոհվում էր միտքն ու տարածվում անսահմանության լաբիրինթում… Ի՞նչ իմանամ… Տեսանելիության սահմանագիծը մարդկային է և…, իսկ աստվածային թրթիռը` բառինը, բառինը…
Աշխարհի գրեթե բոլոր գաղտնիքները նորովի ծնվում են բանաստեղծության գրկում և իրենք դառնում բանաստեղծություն, անզուսպ, խառնիխուռն բնավորությունը համակերպվում ու տեղավորվում է տողում:
ԱՆԿԱԽՈՒԹՅՈՒՆ
Մարդն ազատ է:
Քայլում է:
Ոտքերը հողի ուժն են զգում:
Բարձրացնում է հայացքը:
Արևն այրող հայացքով փոխադարձում է և… միևնույն է․․․
Ազատ է:
Շնչառությունն արգելք չունի: Օդն իրե՛նն է, միմիայն իրենը:
Եվ այդ պահից էլ վերջացավ ազատությունը:
Այն պահից, երբ հողի ուժը ներխուժեց մարմին ու գոռաց.
– Դու ի՜մն ես:
Այն պահից, երբ արևի հայացքն այրելով՝ խառնվեց հայացքին և պայթեց․
– Ի՛մն ես։
Այն պահից, երբ օդը ներխուժեց շնչառություն և լիաթոք քրքջաց․
– Ի՛մն ես:
– Ի՜մն ես, դո՛ւ, մա՛րդ, որ կապված ես ամենին, ինչը կարող է շրջապատել քեզ և կամ չշրջապատել: Դու տեղյակ չես օդի բաղադրությանը, որը կարող է ներծծված լինել որևէ հեռավոր էության շնչառության արտաշնչումով, գուցե երջանկության զգացումով, գուցե տխրության… և հետաքրքիր է, արդյոք իրավունք ունե՞ս շնչելու ուրիշի երջանկության զգացումը, իսկ ազատության զգացո՞ւմը, ախր, այնքա՜ն ազատ է մարդը, որ կարող է տեղյակ չլինել իր կոխոտած հողի բաղադրության բովանդակությունից, որը գուցե կրել է որևէ հեռավոր նախնիի ֆիզիկական մարմնի փոխակերպված հատիկը․․․ և դու տրորո՜ւմ ես…
Անկախություն:
Ասված է. «Հարգի՛ր ծնողիդ»:
Հարգում է:
Պարտավորվածությունն ապրում է:
Գենը ծաղկած ծառ է:
Հոգում:
Ազատ քայլող մարդը չի կարող ասել` չկաս, որովհետև երբեմն չի տեսնում:
Արարիչը հայրն է մարդկության:
Պարտավորությունը՝ պատասխանատվության զգացում:
Անտեսանելի:
Որն ազատ ու անկախ չի կարող թողնել քայլող ու շնչող մարդուն:
Եվ միևնույնն է, ազատության բարձրագույն ձևը Սերն է:
Պայթող արև, որն իր էներգիան սփռում է ջերմացնելու:
Ես քեզ սիրում եմ:
Շաքե ջան, էսքանը…
ԲԻԶՆԵՍ
Սեփական բիզնես ունենալու ժամանակներ են:
Իսկ ահա, ես բռնել եմ բառի պոչից ու պոկ չեմ գալիս, ասեմ որ այդպես մայրս է ասում: Ասենք ասում է. «Գնա՛ մի գործ արա՝ առևտուր, թխվածք, չգիտեմ էլ ինչ… միայն թե փո՛ղ աշխատիր»:
Իմ մատներն էլ արհեստ կերած մատներ են: Ճիշտ է, լեզուս՝ բառի համար է, բայց մատներս էլ զուրկ չեն իրենց բառից:
Ահա որոշեցի հենց նրանց էլ դիմել: Մի քանի գիշեր մոմի լույսի տակ նստեցի ու գլխազարդեր պատրաստեցի: Դրանք վարսերն ամրացնելու համար վարսակալներ էին, որոնց վրա ամրացնում էի իմ պատրաստած ծաղիկները: Այդ տարիներին դրանք նորաձև էին: Վերջացնելով, բոլորը հանձնեցի մոտակա խանութ: Անցավ մեկ ամիս, երկու ամիս… Չեն վաճառվում, օրը մի քանի անգամ մտնում եմ ու հարցնում, կամ թե լուռ նայում եմ ցուցափեղկին, որտեղ շարված են: Հույսս կորցրած մոռացա այլևս վաճառքի մասին, մտածելով, որ առևտուրն ինձ համար չէ, որ այդ հարցում բախտս չի բերում: Եվ ընկղմվեցի կրկին բառաշխարհ: Մի օր էլ պատահաբար, մտնում եմ խանութ, տեսնում եմ՝ դարակները ծայրից ծայր դատարկ են: Ապշած եմ: Ոչինչ չհասկանալով, զարմացած հարցնում եմ, թե ի՞նչ է կատարվում: Վաճառողուհին պատասխանում է.
-Փողը փոխվում է: Մարդիկ գնում են ամեն ինչ՝ հարկավոր ու անպետք, միայն թե փողի դիմաց ապրանք ունենան:
Բացատրելու հետ միաժամանակ, վաճառողուհին ցուցափեղկին, իմ դիմաց է դնում վեց հատ կարմիր թղթադրամ:
-Սա ի՞նչ է,- հարցնում եմ:
-Ձեր վաճառված ապրանքի գումարը:
-Բայց, ես այն ի՞նչ անեմ, եթե փոխվում է,- զարմացած հարցնում եմ ու մտածում, որ մինչև այսօր չկար, թող էլի չլինի:
-Ապրանք գնեք,- առաջարկում ու համոզում է վաճառողուհին:
Նայում եմ՝ ոչինչ չկա: Որոշեցի բախտս փնտրել նպարեղենի բաժնում: Այնտեղ նույնպես մաքուր էր: Եվ ահա, վերջապես տեսնում եմ հարդարման պարագաների բաժնում մի քանի այս ու այն կողմ թափված տարաներ: Եվ այսպես, հուսահատված գնեցի մի քանի այդպիսի տարա, մտածելով, որ միևնույնն է ներկում եմ, ինչ կա որ, թող ներկն էլ այս անգամ անծանոթ տարայից լինի: Բացատրեմ: Դրանք գլանաձև տարաներ էին, որոնց գլխամասում սեղմվող հարմարանք կար, այնպես, ինչպես հոտավետ նյութերն են փչում:
Ահա՝ սեղմում ես և ներկ-փրփուր է դուրս գալիս:
Եվ ես, զինված այդ տարայով, ինքս իմ մազերն եմ ներկում: Ամբողջովին ներկոտ եմ: Սեղմակը վատ է աշխատում, տանջվում եմ: Ներկից, հոտից և անճարությունից նյարդայնացել եմ, ոչինչ չեմ տեսնում, աչքերս փակ, որպեսզի ներկն աչքերս չլցվի, սեղմում-սեղմում եմ՝ չի հոսում փրփուրը…
Մտածում եմ․ այս ի՞նչ գլխացավանք հնարեցի ինձ համար: Վերջապես ինչ-որ կերպ պետք է բացեի այդ տարան: Առանց երկար-բարակ մտածելու գնացի խոհանոց: Ախր, կարող էի չէ, նոր տարա բացել, չէ՛, պետք է այդ բացվեր ու վերջ: Ձեռքս վերցրի հսկա դանակն ու առանց մտածելու, մեկ հարվածով ճեղքեցի մետաղյա տուփը: Այն ձեռքիս էր, հարվածից միանգամից դուրս հոսեց փրփուրը, իսկ ես՝ վախից գցեցի հատակին: Տուփը սկսեց պտտվել ու իրենից դուրս ժայթքել կարմրադարչնագույն փրփուր զանգվածը: Այնպիսի արագությամբ, որ չէի հասկանում, միայն ապշած նայում էի ընթացքին: Երբ վերջապես հասկացա, որ հարկավոր է փակել այդ պտտվող ընթացքը՝ երկու ափով փակեցի տուփը: Այն կանգ առավ վերջնականապես դատարկվելուց հետո: Խոհանոցում խաղաղություն տիրեց: Առաստաղից ու պատերից կախված էին փրփուր-փրփուր՝ կարմրադարչնագույն զանգվածները:
-Մա՞մ, էս մեր գործը դո՞ւ ես արել,- նայելով գույն-գույն պատերին ասացին որդիներս:
ԱՐԵՎԱԼՈՒՍԻՆ
Երբ քնում ես, ինչ-որ բան կորցնում ես` չես տեսնում: Ինչ-որ բան կորցնում ես, երբ` արթուն ես, կասեի` ավելի շատ չես տեսնում ու` չես էլ գտնում: Միևնույնն է, ապրելն ամենագտնվածն է:
Ձյունը հանդարտ քնած է շուրջս: Իմ արթունությունը պտտվում է էլեկտրական տաքացուցիչի շուրջ, որը սառնամանիքին հաղթել չի կարողանում:
Արևը մեկ լուսավորում, մեկ թաքնվում է ձյունակուշտ ամպերի հետևում, ասում եմ` ա՛յ արև, դուրս արի՝ տաքացրու, ի՞նչ ես մերթընդմերթ ծիկրակում, Սիբիր ես սարքել, էս մեր արևոտ երկիրը:
Գիշերն արևաձյուն տեղաց:
Ասում եմ` արևաձյուն, քանզի առավոտյան նրան տեսա արևի ճաճանչների տակ ցոլվտալով, թեև գիշերը նրան ժպտացել էր լուսինը:
Չէ` արևալուսինը:
Ինչ լավ է: Դեռ ամեն ինչ ավարտված չէ: Դեռ վերջը չէ:
Ձյունը` սփռված շուրջս, այնքան, որ սառել է ամեն ինչ: Մի պահ թվում է` լեռնագնաց եմ. բարձրացել եմ ամենաբարձր լեռան գագաթն ու հանդիպել ձնաբուքի: Այդ մտքից թեթևանում եմ, հերոսանում, ու գիտեմ, որ դրա վերջը հաղթանակն է, հաղթանակ է, երբ կանգնում ես ձյունաճերմակ լեռան գագաթին ու շնչում` սառնանշնչելի օդը:
Արևաձյունը ժպտում է:
Տաք, ժպտացող ձյունը` փոշենման փլվում է մատներիս արանքում:
ՍՊԱՍԵԼԻՍ…
Տարվել եմ ծաղիկներով: Ավելի ճիշտ` տնկիներով, սերմերով: Գույն-գույն փաթեթներով սերմեր եմ գնում, բերում տուն, հիանում, ուսումնասիրում… հետո` ցանում: Այ, հենց այստեղ էլ սկսվում է սպասումը:
Եվ հանկարծ, ինքս ինձ համար պարզեցի, որ սպասում եմ` ծաղիկներին: Պարզեցի, որ սիրում եմ սպասելը: Սպասումն ինձ համար բնավորություն է, և ահա այն, որ դադարել էի սպասել նրան, այժմ այդ տեղը լցրեց ծաղիկներին սպասելը: Ինչ-որ նմանվեց Բեքեթի «Գոդոյին սպասելիս» պիեսին, ամբողջ ժամանակդ վատնում ես սպասելու վրա, տրամադրվում ես, հուզվում, պատրանքներ հնարում և չգիտես այդ սպասածդ երբ է գալու: Ամեն օր, վայրկյան առ վայրկյան նայում ես հողին և մի օր հանկարծ տեսնում, որ այնտեղ, փոքրիկ, ասեղի չափ ծիլեր են հայտնվել, ժպտում ես, սիրտդ թրթռում է, ասում ես` վերջապես: Եվ այդ պահից սկսված սպասումը փոխակերպվում է, ավելանում է աճի միլիմետրերը չափող հայացքդ: Քիչ է մնում ձգես ծիլի վզիկը, կամ թե չգիտեմ ինչ ավելացնես, որ այն միանգամից ցույց տա գունագեղ փաթեթի, հրապուրիչ նկարի պատկերը: Եվ ամենաահավորը գալիս է վերջում, երբ պարզվում է` մոլախոտ էր:
Սպառվել եմ: Հետաքրքիր է, երբ սպառվում ես ու ինքդ քեզ տեղավորում ֆիզիկական տանջանքի մեջ: Մոռանում, թե ինչ էիր ուզում մտածել, և արդյոք ցանկություն ունեի՞ր մտածելու… Ապավինում ես սերմին, սերմը` հողին… ջրում, ջրում, փորում, փորում… հետո էլի՛ ջրում, հետո էլի՛… այնքան, որ այդ անհագությունից դու էլ ես անհագանում: Նստում ես, մտածում ջրելու մասին, քայլում ես, մտածում ջրելու մասին, ուտում ես` մտածում ջրելու մասին, հետո հանկարծ հասկանում, որ մտածումը եկել ու թառել է մտքումդ, հոգումդ և այլակերպվել է, և հորդում է, այլևս այլ ընթացքով, ջրի ընթացքով, և ջրում ես, ջրո՛ւմ, ջրո՛ւմ, և հագեցած, հանկարծ կանգ առնում և նայում ծառին: Ծառը բարձր, խիտ, ծեր, տարիները տարիներին կպցրած, գումարած, ավելացրած, ապրած` ապրել է, դարձել հիվանդ, ծեր և այլևս չես ուզում մտածել, որ ընկուզենի է, որ ամենասիրելի ծառն է, որ յուրահատուկ պտուղ ունի: Մտածում ես ստվերի մասին, ստվերի, որի տակ ոչինչ չի աճում, չի աճել թեկուզ ջրել ես, սպասել, սիրել, թեկուզ հոգատարությունդ չես խնայել, բայց նրա պետքը չի, այդ դու նախապես պետք է իմանայիր, որ խանդոտ է, որ իր ստվերում ոչ ոքի տեսնել չի ցանկանում, որ ինքը հսկա է և հսկայի ոտքերի տակ միայն դեղնած մանրուքներն են ծվարում ու մեկ էլ համառ, ինքնասածները: Վերջում, հանկարծ ուրախանում ես, որ նկատել ես մտածելդ, որ ավարտվել է սպասումդ:
ՊԱՀԻ ՍԻՄՖՈՆԻԱ… ԾԼՆԳՈՑՈՎ
Հյուր էին հրավիրել: Որոշեցի խանութ մտնել: Բարձրահարկ շենքի տակ նկատեցի խանութի ցուցանակ և ուղղվեցի դեպի դուռը: Դժվարությամբ հրեցի այն ու… բացեցի… դռան բացվելու հետ համաչափ սկսվեց զանգակների ծլնգոցն ու մինչ ծանր դուռը կհասներ իր բացվելու ավարտին. ծլնգոց-երաժշտությունը շարունակվեց ու դեռ շարունակվում էր, բայց արդեն իմ ականջներում, ուղեղում, հետո տարածվում հոգումս, հոսում մարմնովս ու տարածվում դեպ… ինձ միացնելով հեռու-հեռվում հնչող աստղաձայների հետ ու դառնում սիմֆոնիա, որն ինձ կլանելով վերացնում էր իրականությունից:
Երբ ձայնն ավարտվեց. դուռը փակեցի և նորից բացեցի… երաժշտություն-ծլնգոցը ձգվեց, հասավ իր ավարտին, ապա շարունակվեց ներսումս ուր չէր հագենում ու չէր ավարտվում՝ շարունակվում էր, և ես դուռը կրկին բացեցի, հետո կրկին ու կրկին… հետո…
-Ձեզ նման մի քանի հոգի, որ խանութ մտնի՝ մենք կխելագարվենք:
Սառն ու տիրական հնչած խոսքն ինձ արթնացրեց, պոկեց եթերային երաժշտությունից ու բերեց իրականություն:
-Կներեք:
Թեև, գիտեմ, որ հարկավոր էր շնորհակալություն ասել, քանզի այն հեքիաթը, որն ապրել էի այդ մի քանի ակնթարթում՝ անկրկնելի էր:
ԱՆՀՆԱԶԱՆԴԸ
Այն դժվար տարիներին, երբ դեռ ջահել էի և բոլոր ատամներս իրենց տեղում էին․․․
Մի օր, այլևս չդիմանալով ատամնացավին, որոշեցի գնալ ու հեռացնել։ Ցավացողը վերին ծնոտի ամենավերջինն էր։ Ահա նստած եմ ատամնաբույժի աթոռին։ Ատամնաբույժը, ինչպես հարկն է բերանս բացել տվեց և, նայելուց հետո հաստատեց, որ իսկապես անհրաժեշտ է հեռացնել։ Հարցրեց․
-Ալերգիկ ե՞ք, որևէ դեղի հանդեպ։
Ասացի․
-Այո, սրտի խնդիր ունեմ։ Առանց սրսկելու հանե՛ք, ես ցավ չեմ զգում։
Անկեղծ ասած, ավելի վախենում եմ սրսկելուց, քան հեռացնելու ցավից։ Բժիշկը, առանց երկմտելու վերցրեց աքցանը և աքցանով բռնեց հեռացվելիք ատամը։
Ասեմ, որ սենյակում բուժքույր չկար։
Եվ ահա, հենց այն պահին, երբ ատամնաբույժը ձգեց ատամս․ ես, որ մինչ այդ ամուր բռնել էի աթոռի հենակները՝ բաց թողեցի և աչքերս փակ, դիմացի անորոշության մեջ բռնվելիք փնտրեցի և, բռնելով, սկսեցի ուժեղ ձգել դեպի ինձ։ Դեպի ինձ էր ձգվում բժիշկը, բայց, երբ ես նրան ձգելով մոտեցնում էի դեպի ինձ, վերջինս հետ էր քաշվում՝ կորելով մեջքը, որովհետև աքցանով ամուր բռնած էր ատամս և ձգում էր, որ հանի, իսկ այս ատամը բոլորովին դուրս գալու նպատակ չուներ։
Մի քանի րոպե տևեց այդ ձիգտուրքաշին․ ես դեպի ինձ,․ նա՝ դեպի․․․ հետ։ Վերջապես չդիմացավ և բղավեց․
-Տաբատս ձգե՜․․․
Իսկ ես գլխի չեմ ընկնում, թե ինչ է ուզում ասել ատամնաբույժը, և, տաբատի գոտին, որից ամուր կառչած էի, ուժգնությամբ շարունակում էի ձգել։
-Տաբա՜տս ձգե՜․․․
Մի քանի անգամ գոռալուց հետո․ ատամնաբույժը բաց թողեց ատամս, ցած դրեց աքցանն ու․
-Է՞․․․ ինչո՞ւ տաբատս կձգե՞ս․․․
Ուսերս թոթվեցի։ Բերանս դեռ բաց էր։
Ատամնաբույժը դուրս եկավ և վերադարձավ բուժքույրի հետ։ Բուժքույրն ամուր բռնեց ձեռքերս և միասին վերջապես դուրս քաշեցին այդ համառ ատամը։
ԳԾԱՆԿԱՐ
Ո՛չ, չեմ ուզում այդպիսին լինել: Նկարիչը, վայրկյան առ վայրկյան դեմքիս նայելով, առանձնացրեց դիմագծերս, իր հայեցողությամբ որոշեց՝ թե որ գիծը որ ուղղությամբ պետք է գնա, տեղադրեց ճերմակ թղթին ու՝ գծեց:
Ես մաքուր թուղթը համարում եմ պատասխանատվության հարթակ, որի վրա վազում է գրիչը՝ թողնելով մտքերս:
Դեմքս դարձավ պատասխանատվության հարթակի բնակիչ:
Երբ նայեցի՝ աչքերս ու մտապատկերս չընդունեցին այդ ճերմակ թղթի բնակչին: Ես բարեհամբույր ժպտացի՝ ցուցադրելով համաձայնություն ու բարեկամություն այդ բնակչի հետ, սակայն ներսումս կրկնեցի այն, ինչը բացահայտ ասում էր. գծանկարում տեսա ծերությունս: Նկարիչն առանց հնարանքի, հաճույքով տեղավորել էր ներքին տխրությունս հարթակի բնակչի աչքերի խորքերում, իսկ ժամանակի բեռը գծանախշել ժպտացող շրթունքի անկյուններում: Ահա այն, ինձանից դուրս, ինձանից օտար բնակիչը, ով կարող է ինձ նմանակ իրեն հայտարարել: Իսկ ես այդպիսին լինել չեմ ուզում:
Իմ սեփական բանականությունը իրեն ներհատուկ հայեցողությամբ տնօրինում էր:
Ինձ անհայտ էր այն ալիքների բովանդակությունն ու գույնը, որոնք անգիտակցորեն ճառագում էին: Իսկ նկարիչն այն բացահայտում ու գծի էր փոխակերպում:
Ինչպե՞ս կարող է գեղեցիկ համարվել կնոջ ծերությունը, այնինչ կինն ինքը չի կարողանում համակերպվել այդ փոխակերպման հետ: Դեռևս սեփական մտապատկերում ցոլցլում են երիտասարդ հայելային դիմապատկերները, այդ դեպքում ո՞րն է համաձայնության եզրը: Անզորությունը: Ժամանակի հետ պայքարելու անզորությունը: Ժամանակի փոփոխությունը…
Այնինչ… Ժամանակ գոյություն չունի:
