ԴԵԿՈՐԱՏԻՎ ՍԵՐ/Աղավնի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Ու կասկածում ես արդեն՝

ով է բանականը, ով է իրականը ձեզնից…

 

***

Ճյուղից կախ

բացիկ-խոստովանություն

համակագչի էկրանին՝

լույս-ստվերի խաղով

(հենց նոր գեներացրիր):

Լույսերը հանես՝ բան չի մնա:

Այսպես՝ «սեր» է ճառագում,

թեկուզ արհեստական,

աչք է շոյում, սիրտ է ջերմացնում,

նույնիսկ հարցնում է

նրբանկատորեն.

մնա՞մ մի քիչ էլ հետդ:

 

***

Չտխրես.
քեզ կհիշեն ինչպես բոլորին՝

պահերին հարմար։
Չտխրես,

քեզ կմոռանան
հաջորդ օրն արդեն`
գործերով տարված։

Կտեսնեն երազում կրկնվող,

կկանչեն անձայն՝
լուսաբացին մոտ
կիրակի օրվա,
մինչև մի օր:

Մինչև մի օր կիրակին

ուրիշ երազ կբերի։

Չտխրես։

ԲԱՌԱԽԱՂ

«Սիրել,
ապրել,
կարոտել,
շուն.

շարքից

ընտրեք ավելորդ բառը»՝

հանձնարարված է տեքստում։

Իսկ եթե ոչ մեկն ավելորդ չէ,

իսկ եթե «ընտրեք»-ը ծուղակ է ընդամենը,

և բառերը՝ թաքստոց։

 

***

«Ննջել»-ը ուրի՜շ,
բոլորովին այլ

իմաստ է ստանում,
երբ հայտնվում է

«հավերժ»- ի կողքին`

նույն տողում։

***

Պահեք

շուն,

կատու,

նապաստակ,

թե ուզում եք:
Եվ մի դժգոհեք,
թե չեն խոսում…

Եվ մի ստիպեք,

որ ժպտան

նկարից ընտանեկան,

էկրանից հեռախոսի,

երբ նորից անձրևում է,

իսկ դուռը փակ է դրսից:

Պահեք

շուն,

կատու,

թութակ,

թե ուզում եք:
Բայց այցելեք սրտաբանի,

ստուգեք

սիրտը պարբերաբար

(Ձերն ու նրանը),
որ չփնտրեք հետո

սենյակում դատարկ,

չշրջվեք անհամբեր,

երբ լսեք հանկարծ

շան կամ

կատվի

անունները

մարդացած:

 

***

Ի՞նչ կարևոր են արկղի չափերը,
թե սիրտ է միջինը։

 

***

Տաք ու մեղմ քամի է,

Տաք ու մեղմ գարուն է…

Ճերմակը ծաղկաթերթ է՝

Ճերմակած մազերին:

 

***

Այսօր նորից հագար սև զգեստը.

այն, որ հագնում ես տխուր առիթներին,

որ ընդգծում է գունատությունը դեմքիդ՝

արցունքներից հետո:

Այսօր նորից խղճացիր քեզ

ու նյարդայնացար.

էլի գնացին, ու էլի դո´ւ մնացիր

լացող իրենց համար:

Անխիղճնե(՞)ր: Էգոիստնե(՞)ր…

Բայց շորդ սազում է, ի՜նչ խոսք:

 

***

Ափդ բա´ց

(ինչպես այն ֆիլմում),

պարզի´ր առաջ,

որ սիրտդ անցնի պատի միջով:

 

Ետ չնայե´ս…

Շնչել չմոռանա´ս: