Լինում է, չի լինում, մի ծեր կին է լինում, աշխարհում միայն մինուճար տղա է ունենում, անունը՝ Հասանի։ Ծեր կինը տղային անչափ շատ էր սիրում, բայց ափսոս, որ Հասանին ծույլ, անբան, շատակեր, անամոթ ու պարապ-սարապ մարդ էր։ Առավոտից մինչ գիշեր այնքան էր կերել-քնել, որ հսկա դյուցազնի էր նմանվել։ Այդ պատճառով էլ նրան Բամբակյա դյուցազն էին անվանում։ Մի խոսքով, Բամբակյա դյուցազնը առավոտից գիշեր ուտելուց, քնելուց զատ ուրիշ ոչ մի բան չէր անում։
Ծեր մայրը շարունակ խրատում, հորդորում էր տղային, բայց օգուտ չուներ ու չուներ։ Ի վերջո Հասանիի ծուլությունից ու շատակերությունից հոգնեց, հոգուն հասավ։ Եվ մի օր, երբ Հասանին տանից դուրս էր եկել, տան դուռը փակում ու թույլ չի տալիս ներս մտնել։
Հասանին լացուկոծ է անում, աղաչում, պաղատում է, բայց մայրը դուռը չի բացում որ չի բացում։ Հասանին հարկադրված, գլուխը կախ ճանապարհ է ընկնում։ Գնում է, գնում, մինչև հասնում է մի ծառի ու տակը նստում, ու քանի որ սաստիկ հոգնած էր, աչքերը փակվում են՝ քնում է։
Երազում տեսնում է, որ իր առջև ճոխ սեղան է փռած։ Հենց այդ պահին մի քանի մոծակ խայթում են քնած Հասանիին։ Նա արթնանում է, բայց մոծակները համառորեն վզվզալով էս կողմ, էն կողմ են թռչում՝ նստելով Հասանիի դեմքին, գլխին՝ աջ ու ձախ խայթում։ Ի վերջո, այնքան զայրացրին, ու նա մի «հզոր» հարվածով զգետնեց մի քանիսին։ Մի քանի մոծակ անշնչացել էին, մյուսներն էլ կիսամեռ փռվել էին գետնին։ Հասանին նայեց դրանց, ուրախությունից տեղից վեր թռավ ու ինքն իրեն ասաց․ «Այ քեզ զարմանք, ես էսքան ուժեղ էի ու չգիտեի, տես, ինչ եմ արել, բռունցքի մի հարվածով քանիսին եմ ոչնչացրել։ Էս ինչ զարմանալի բազկի ուժ ունեմ, իզուր չէ, որ ինձ դյուցազն են ասում»։ Քթի տակ կրկնելով՝ պառկեց ու քնեց։
Թագավորը, որ զինվորների ուղեկցությամբ անցնում էր այդ տեղով, նկատեց նրան, Հասանիի հսկա հասակը տեսնելով՝ հարցրեց․
– Սա ո՞վ է, մա՞րդ է, թե՞ հսկա դև։
Ապա հրամայեց զինվորներին, որ գնան ու արթնացնեն նրան։ Զինվորները, վախից դողալով, մոտեցան Հասանիին ու արթնացրին նրան։
Հենց Հասանիի աչքն ընկավ զինվորներին, ասաց․
– Մի քանիսին սպանեցի մի հարվածով։
Զինվորները Հասանիին տարան թագավորի մոտ։ Թագավորը հարցրեց․
-Ո՞վ ես դու, մա՞րդ ես, թե՞ դև։
Հասանին պատասխանեց․
– Ես Հասանին եմ ու շատ քաղցած եմ։
Թագավորը հրամայեց․
– Ուտելիք բերեք նրա համար։
Զինվորները Հասանիի համար հորթի մսով խորոված արեցին։ Նա մեկ ակնթարթում ամբողջը կերավ, ապա հորանջեց ու ասաց․ «Հոգնած եմ… քնել եմ ուզում»։ Եվ հենց էդտեղ պառկեց ու քնեց։
Թագավորն ինքն իրեն ասաց․ «Սա հենց նա է, ում ես փնտրում էի»։ Ապա Հասանիին արթնացրեց ու ասաց․
– Ո՛վ դու դյուցազն, եթե քնելու համար փափուկ ու տաք տեղ ես ուզում և ուտելու համար լիքը, բազմազան համեղ ճաշատեսակներ, արի իմ պալատը։ Էնտեղ ինչ-որ ցանկանաս, կպատրաստեն քեզ համար։
Հասանին համաձայնեց, ու բոլորը միասին շարժվեցին դեպի պալատ։
Ճանապարհին թագավորը դիմեց Հասանիին․
– Դյուցազն, իրոք բազկի զարմանալի ուժ ունես։ Առ այսօր դեռ ոչ մեկին չեմ տեսել, որ կարողանա բռունցքի մեկ հարվածով մի քանի հոգու սպանի։
Հասանին զարմանքով նայեց թագավորին, բայց ոչինչ չասաց` մտածելով՝ մի՞թե մի քանի մոծակի սպանելն այդքան կարևոր է։
Մի խոսքով, գնացին, գնացին, մինչև հասան պալատ։ Թագավորը կարգադրեց Հասանիին տանել բաղնիք ու նոր հագուստներ հագցնել, հետո նրան նշանակեց իր զորքերի հրամանատար։
Այդ օրվանից նա ապրում էր պալատում ուրախ ու երջանիկ կյանքով. երբ ցանկանում, ուտում էր, երբ ցանկանում, քնում էր։ Մինչև որ թագավորին լուր տվեցին, որ հարևան երկրի թագավորը մեծ զորքով հարձակվել է։ Թագավորն ասաց․
– Քանի դեռ մենք դյուցազն Հասանի ունենք, ոչնչից մի վախեցեք։
Ապա հրամայեց կանչել Հասանիին։ Երբ նա եկավ, թագավորը հրամայեց․
– Հնարավորինս արագ զինվորներին պատրաստիր ճակատամարտի։
Հասանին, որ մինչ այդ երբեք չէր կռվել, զենք ու զրահ չէր տեսել, ձեռքը սուր չէր վերցրել, կռվի անունը լսելով՝ վախից գույնը գցեց, վեր ցատկեց, որ փախչի, գնա հայրական գյուղ՝ մոր մոտ։ Բայց թագավորն ու նրա մերձավորները կարծեցին, թե ուզում է առանց զենք ու զրահի, միայնակ գնա, հասնի թշնամուն ու սև բերի նրա գլխին։ Ուստի, զինվորները վազելով՝ դեմը կտրեցին և հազար ու մի աղաչանք-պաղատանքով խնդրեցին, որ համբերի, սպասի։ Թագավորն էլ ասաց․
– Դյուցազն, ախր էդպես չի լինի, առանց զենք ու զրահի, առանց ձիու չի լինի, կսպանվես, գլուխդ քամուն կտաս։
Թագավորի հրամանով նրան տարան թագավորական ձիերի հատուկ ախոռ ու ասացին․
– Ընտրիր քո ցանկացած ձին։
Հասանին նայեց ձիերին և աչքն ընկավ մի նիհար, սատկած ձիու: Ուրախացած մտածեց․ «Էս ձին շատ լավն է, էնքան նիհար է, կարծես փայտ լինի, կհեծնեմ, սանձը պինդ կձգեմ, որ չկարողանա քայլել, էս կողմ, էն կողմ գնալ»։ Ապա մատնացույց արավ ձիուն ու ասաց․
– Այ, ես սա եմ ուզում։
Բոլորը միասին գոռացին․
– Կեցցե՛ դյուցազնը, կեցցե՛ս, իրոք շատ լավ ընտրություն է, միայն դո՛ւ կարող ես հեծնել այդ ձիուն։ Սա աշխարհի ամենակամակոր ու անհնազանդ ձին է։ Էնպես արագ է սլանում, որ անգամ քամին նրան չի հասնի։
Հասանին դա լսելով՝ գունատվեց ու մտածեց․ «Ախ, Աստված ջան, էս ինչ արեցի»։ Հանկարծ գլխում մի միտք ծագեց՝ որպեսզի ձիուց չընկնի, կարգադրեց իրեն պարանով կապել ձիուն։
Նրա այս խոսքից կրկին զինվորներն ու մնացածները վեր թռան տեղերից ու բացականչեցին․ «Ինչպիսի՜ անվախություն, ինչպիսի քաջություն, ցանկանում է, որ քանի դեռ շնչում է, կռվի»։
Կարճ ասած, Հասանիի այս խոսքերը զինվորների մոտ այնպիսի խանդավառություն ու աշխուժություն առաջացրին, որ էլ չասած ու չլսած։ Բոլորը, ընդօրինակելով նրան, պարանով իրենց կապեցին ձիերին, այդ լուրը շուտով հասավ թշնամու զինվորներին ու վախ գցեց նրանց սրտերում՝ ձեռքերն ու ոտքերը սկսեցին դողալ։
Հասանին, ձիուն հեծած, կանգնեց իր զորքի առջև։ Բայց ձին խրխնջաց, բարձրացավ երկու ոտքերի վրա, պտտվեց իր առանցքի շուրջն ու կարծես թևեր առած՝ տեղից պոկվեց, ցատկեց առաջ և կայծակնային արագությամբ սլացավ դեպի թշնամին։
Խեղճ Հասանիի երեսին գույն չկար, սիրտը սկսել էր արագ խփել՝ թըփ-թըփ։ Իսկ զինվորներին թվաց, թե արդեն հարձակումը սկսել է, իրենք էլ չհապաղեցին, սրերը հանեցին պատյաններից ու սլացան հրամանատարի ետևից։ Հասանիի ձեռքից սանձը ընկել էր, ձին վերուվար էր ցատկում, նա միայն մտածում էր, թե ինչպես փրկվի։ Աչքը հանկարծ ընկավ շատ հաստաբուն մի ծառի, որի ուղղությամբ սլանում էր ձին։ Հասանին մտածեց, որ եթե ծառի ճյուղից բռնի, կկարողանա ձիուն կանգնեցնել, բայց ծառը փտած էր, ու հենց բռնեց մի ճյուղից, այն արմատախիլ եղավ… Թշնամու զինվորները, որ Հասանիի քաջագործությունների մասին առասպելներ էին լսել, տեսնելով, որ նա մեն-մենակ, հսկա ծառը ձեռքին սլանում է իրենց ուղղությամբ, սարսափահար փախուստի դիմեցին։ Բայց երբ տեսան, որ Հասանին հետևում է իրենց ու հանգիստ չի թողնելու, հանձնվեցին, ընկան նրա ոտքերը։
Եվ այսպիսով, թշնամին ջախջախիչ պարտություն կրեց։
Երբ հաղթանակի լուրը հասավ ժողովրդին, բոլորը շատ ուրախացան, դուրս եկան նրան դիմավորելու և մեծարելով, հարգանքի ու պատվի արժանացնելով՝ ուղեկցեցին քաղաք։
Թագավորն էլ իր հերթին անչափ ուրախությունից գլուխը կորցրել էր, հրամայեց քաղաքը զարդարել։ Յոթ օր ու գիշեր հաղթանակը տոնեցին, ուրախացան ճոխ սեղանների շուրջ։
Բայց Հասանին շատ լավ գիտեր, որ այդ ամենը, ինչ տեղի էր ունեցել, զուտ պատահականություն էր։ Ուստի, որոշեց ծուլությունը մի կողմ թողնել ու նոր կյանք սկսել։ Եվ մեծ ուրախությամբ վերադարձավ մոր մոտ՝ խոստանալով, որ այդուհետ կաշխատի, նեղություն կկրի, մինչև որ դառնա իսկական քաջ դյուցազն։
Պարսկերենից թարգմանեց Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆԸ
