«Արմավ» հրատարակչությունը ռուսերեն լույս է ընծայել Նելլի Ավակովայի բանաստեղծությունների ընտրանին՝ «Повзрослела… на грусть». («Հասունացա… տխրությամբ»): Մեր ռուսագիր հայրենակցուհին ապրում է Լոս Անջելեսում։ ԱՄՆ Հայ գրողների միություն անդամ է:
Արմատներով Մարտակերտի շրջանի Մաղավուզ գյուղից է։ Ծնվել, մեծացել է Բաքվում։ Մի քանի տարի դպրոց է հաճախել Ստեփանակերտում՝ պայմանավորված այդտեղ հոր պաշտոնավարմամբ։ Ստացել է բարձրագույն կրթություն՝ ավարտելով արտասահմանյան լեզուների Բաքվի Ախունդովի անվան պետական մանկավարժական ինստիտուտի ռոմանո-գերմանական բաժինը: Մինչ այլ աշխատանքի անցնելը դասավանդել է տեղի դպրոցներում՝ որպես գերմաներենի ուսուցչուհի:
Իմ կարծիքով՝ կյանքի ութերորդ տասնամյակը թևակոխած բանաստեղծուհու տխրությամբ հասունացումը` իր շատ դրամատիկ կեռմաններով, որքան էլ տարօրինակ հնչի, կարող ենք ընկալել որպես կյանքի դառը փորձությունների բերած իմաստնություն: Այս դեպքում գրքի վերնագիրը կղողանջի այսպես. «Իմաստնացա… տխրությամբ», ասել է թե՝ պատգամ՝ ապրելու և արարելու…
Անձամբ ծանոթ լինելով գրողին և տեղյակ լինելով այն փորձություններին, որոնք նա իր ընտանիքի, իր մերձավորների հետ կարողացել է հաղթահարել, կարծում եմ՝ իրավամբ կարող եմ նման եզրահանգում անել:
1990 թվականին Բաքվի հայերին պատուհասած ցեղասպանությունից մազապուրծ նրանց ընտանիքն ապաստանել է Երևանում։ Մի քանի տարի անց տեղափոխվել են Ուկրաինա, հետո՝ ՌԴ, իսկ 2004-ին՝ ԱՄՆ:
Ամեն տեղ ծիծեռնակի պես բույն հյուսելով՝ չի փարատվում բռնի տեղահանված և ոչ մեկ պանդուխտի հոգին:
Պարզապես առավել հեռուներում կարոտի ճամփան առավել երկարում է՝ հաճախ էլ դառնալով անհաղթահարելի…
Բանաստեղծություններ գրում է պատանության տարիքից: Այսօր հեղինակ է տասներկու գրքի:
Բանաստեղծական նոր ժողովածուն թվով իններորդն է: Նելլի Ավակովան նաև երեք արձակ գրքերի հեղինակ է. «Карабах… Боль и память» («Ղարաբաղ… Ցավ ու հիշողություն»), «Паром» («Լաստանավ»), «С судьбой наедине» («Ճակատագրի հետ միայնակ»):
Բռնագաղթից հետո նրա ամեն տողն այլ հոգետարածք ու դիմագիծ ունի, քանզի ոչ սովորական մարդկանց ու ոչ սովորական երևույթի մասին է: Այնտեղ են ցեղասպանված, Ադրբեջանի հայաշատ վայրերում յաթաղանված խաղաղ հայ բնակիչները, որոնց աղաղակն առայսօր էլ չի լսում իրեն մարդասեր համարող աշխարհը: Նրա ստեղծագործություններում հայ բեկորների հուսահատ ճիչն ու ընդվզումն է: Այստեղ միայն իր ոդիսականը չէ, այլ՝ անցյալ դարավերջին Ադրբեջանի հայությանը բաժին հասած ահասարսուռ ճակատագրի հետագիծը:
«Паром»-ը հենց իր փրկության պատմությունն է: Թուրքերը հրդեհել էին իրենց տունը, ընտանիքի անդամներն անհայտությամբ՝ ցաք ու ցրիվ էին: Մահը հայերին կրնկակոխ էր հետևում Բաքվի փողոցներում…
Հայակեր ոհմակից հրաշքով փրկված` ահա, ինքը ծվարել է լաստանավի մի անկյունում՝ իրեն քողարկելով ձեռքն ընկած լաթերով, որ… աննկատ մնա: Թուրքմենիայի Կրասնովոդսկ քաղաքի նավահանգիստ պետք է հասցներ լաստանավը արյունլվիկ հայերի մի խմբի: Սակայն մինչ տեղ հասնելը լաստանավն ուղեկցող թուրքերը խրախճանք էին սարքել… տանջանքի նոր տեսարաններով: Շատերն իրենց ծովը նետեցին…
Մահվան երախից փրկվածի իր կերպարով ու ստեղծագործությամբ՝ նա մի լուռ երդմամբ իր արարումով ներկայացնում է Ադրբեջանից հալածյալ հայերի դառը ճակատագիրը՝ նպատակ ունենալով աշխարհին ի ցույց հանել հայ ժողովրդին պատուհասած ևս մեկ եղեռնը:
Գիտեր, որ ինչի մասին էլ գրեր, այնտեղ հիշողության անմոռուկն էր երևալու, քանզի հոգու ցավը, եթե նույնիսկ մեկ-մեկ էլ նիրհում է, ապա միշտ առաջինն է արթնանում: Եվ այդ մշտարթուն ցավին ավելացավ նոր ողբերգությունը՝ Արցախի կորուստը:
Ինքնափարատման ու հպարտության ծես էր համարյա ամեն տարի Արցախ գալը: Մի շարք ժողովածուների շնորհանդեսներն անցել են Ստեփանակերտում՝ ջերմ ու հարազատ միջավայրում, ուր իր բերած խոսքը չէր ավարտվում, և շարունակությունը դառնում էր տեսանելի:
Արցախի գոյությունը հոգու սպեղանի էր 20-րդ դարավերջի ցեղասպանությունը վերապրած և աշխարհով մեկ սփռված հայորդիների համար…
Նոր ժողովածուն իր պոետական գործունեության յուրատեսակ հանրագումարն է: Տարբեր հրատարակություններից քաղած գործերի կողքին կան նաև նորերը՝ արցախյան վերջին երկու պատերազմների և հայաթափման ողբերգական դրոշմով:
Մի քանի ենթաբաժիններից կազմված բանաստեղծական նոր ժողովածուն հառնում է մեկ ամբողջությամբ, քանզի պայմանական բաժանումները, սերտորեն կապված միմյանց, իրար լրացնում են հույզի, ապրումի ու սեփական ժողովրդի ուժին ու իմաստնությանը խարսխված աննահանջ հավատի ելևէջներով:
«Խնդրում եմ, հիշողություն, չլքես ինձ»՝ թախանձում է բանաստեղծուհին, քանզի հիշողությունը հայրենի տունն է, հարազատ եզերքը, տոհմականչն արթուն պահողը:
Ու թեև Նելլի Ավակովայի բանաստեղծությունները գրվել են ռուսերեն, բայց դրանց շնչառությունն այնքան արցախերեն է՝ հայերեն ու հայորեն… Եվ իր տողերը բացվում են այնպես, ինչպես կբացվեն մեր հայրական տան գոց մնացած դռները, ուր կարոտը հևասպառ է սպասումից… Բանաստեղծուհու խոսքով` Արցախում ամեն շշուկ ու շրշյուն խորախորհուրդ է, և հենց այստեղ աղոթքն առ Աստված շատ կարճ ճամփա ունի…
Նելլի Ավակովայի չափածոյի մի ստվար հատվածը թարգմանվել է հայերեն, իսկ իսպաներեն և անգլերեն է ներկայացվել «Карабах. Боль и память» արձակ ժողովածուն:
Արժանացել է «Լոս Անջելեսի ոսկե գրիչ», մրցանակին՝ «Բանաստեղծություն» անվանակարգում:
Ամերիկահայ միջավայրում գրական ակտիվ գործունեության համար ստացած պարգևների շարքում է «Շառլ Ազնավուրի անվան» մեդալը:
Ինչ խոսք, հայրենիքի հետ զրույցը միշտ էլ անավարտ է, բայց շարունակելի: Եվ կշարունակվի արարումը, նոր խոսքն արդեն հորիզոնում է…
