Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպը լայն արձագանքներ ունեցավ ընթերցողների և հետազոտողների շրջաններում: Վ. Փիլոյանը այս վեպում և բանակային թեմայով գրված այլ գործերում կարևորել է գրողի անձնական փորձառության հանգամանքը: Վեպը հետազոտական հետաքրքրությունների առարկա է եղել նաև մեզ համար, և տարբեր առիթներով անդրադարձել ենք դրա ձևակառուցվածքային հատկանիշներին: Այդ ուսումնասիրություններում մեր աչքի առաջ ունեցել ենք վեպի առաջին հրատարակությունը: Սույն հոդվածում մեր նպատակը վեպի երկրորդ հրատարակության վերջաբանի քննությունն է: Հերմենևտիկայի մեթոդի օգնությամբ կփորձենք վերհանել վերջաբանում արծարծված խնդիրները:
Ի՞նչ գործառույթներ է կատարում այս վերջաբանը: Նախքան այս հարցին պատասխանելը համառոտ կերպով անդրադառնանք գրական ստեղծագործությունների առաջաբանների և վերջաբանների ներքին շերտերի հարաբերություններին: Հարկ է շեշտել այն հանգամանքը, որ գեղարվեստական երկերի առաջաբանները և վերջաբանները կարող են ունենալ մասնավոր և ընդհանուր գործառույթներ: Մասնավորը ներկայացնում է բուն գեղարվեստական երկի մասին լրացուցիչ տեղեկություններ: Դրանք կարող են վերաբերել երկի ստեղծագործական պատմությանը, կառուցվածքին, բովանդակությանը և այլ հանգամանքներին: Այսինքն` մասնավոր նշանակությունը կապվում է միայն բուն երկին վերաբերող տեղեկությունների հետ:
Առավել ընդգրկուն են առաջաբանների և վերջաբանների ընդհանրական գործառույթները: Սրանք ներկայացնում են ժամանակի գրական ընթացքին, գերիշխող ուղղություններին, որևէ ժանրի տեսությանը և այլ ընդհանրական հանգամանքներին վերաբերող տեղեկություններ: Իհարկե, այդ տեղեկություններն անպայման կապված են նաև բուն գրական երկի հետ, բայց առաջնայինը դրանց ընդհանրական նշանակությունն է: Առաջաբանների և վերջաբանների ընդհանրականության բարձրագույն աստիճանը դրանց մանիֆեստային նշանակությունն է: Այդպիսի նշանակություն ունեն Խ. Աբովյանի «Վերք Հայաստանի» վեպի և Վ. Հյուգոյի «Կրոմվել» դրամայի առաջաբանները: Այդպիսի առաջաբաններում առաջին պլանի վրա են դրվում ընդհանրական տեղեկությունները: Հեղինակն ընդգծում է նոր գրական միտումների դերը, տալիս է որևէ գրական ժանրի կամ ուղղության համառոտ բնութագիրը, իսկ բուն գրական երկը դառնում է այդ ընդհանրականության մասնավոր, կոնկրետ արտահայտությունը: Կարճ ասած` գրական երկը դառնում է առաջաբանում կամ վերջաբանում ասվածի իրացումը:
Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպի վերջաբանում ընդհանրական շերտը նկատելիորեն գերազանցում է մասնավորին: Այս վերջաբանն արդեն իսկ որոշակի ճանապարհ անցած գրողի խորհրդածությունն է գրականության դերի, ծագման և գործառույթների մասին: Գրողը լայն հայացք է նետում համաշխարհային գրական ընթացքին, շոշափում է գրականության նախահիմքերը, սկեպտիցիզմի դիրքերից ներկայացնում է սեփական ստեղծագործության գնահատման երկու հայեցակետերը. «Ես ուզում էի կատարյալ գիր ստանալ, կատարյալ վեպ գրել` չիմանալով, թե ինչպես են կատարյալ գիր ստանում, ինչպես են կատարյալ վեպ գրում: Բարեբախտաբար հիմա արդեն համոզված եմ, որ երբեք չեմ կարող ո՛չ կատարյալ գիր ստանալ, ո՛չ էլ կատարյալ վեպ գրել…. Ես գտա, որ ունակ եմ արդարացնել իմ գրեթե բոլոր նախադասությունները, բառերը և այն գաղափարներն ու իսկությունները, որոնք ուսումնասիրվում են պատմվածքներում ու վեպերում… Գտա, որ ունակ եմ ինքս ինձ և ուրիշներին, հնարավորության դեպքում նաև աշխարհին ներկայացնել, սեփական գործերի վերաբերյալ մենագրություններով հայտնել, անգամ համոզել, որ իմ պատմվածքներում, վեպերում, էսսեներում որևէ նախադասություն, բառ, գաղափար, իսկության վարկած բացարձակ արժեք չունեն, անգամ դույզն-ինչ հետաքրքրական կողմ, որ դրանց լույս աշխարհ գալը լրիվ զուր էր, որ կապիտալիստական աղբի հերթական թափուկ էր»: Գրականության պատմության մեջ եղել են դեպքեր, երբ գրողները սեփական գործերի մասին գրել են վերլուծական աշխատություններ և տվել են օբյեկտիվ գնահատական: Ա. Պաչյանի վերջաբանն այդպիսի նպատակ չի հետապնդում, բայց սկեպտիցիզմի գաղափարախոսությամբ տոգորված այս հատվածում տեսնում ենք նմանատիպ օբյեկտիվ հայացք:
Ա. Պաչյանն այս վերջաբան-էսսեում քանիցս անդրադառնում է այն հարցին, թե ինչի համար են պայքարում գրողները. «Անհայտ է` ինչի համար են պայքարում գրողները: Իհարկե, եթե պայքար ասելով հասկանում ենք ձգտում առ հանգուցալուծում: Անհայտ է, մինչդեռ, յուրաքանչյուր գրողի հարցնես մեծ հաշվով կտա իրեն պիտանի դարձրած մի պատասխան»: Սա մի հարց է, որ ենթադրում է տարբեր պատասխաններ, բայց վերջին հաշվով դարձյալ մնում է անպատասխան: Ա. Պաչյանն այս հարցերի շուրջ խորհրդածելիս անհրաժեշտաբար մեջբերում է համաշխարհային գրականության և փիլիսոփայության նշանավոր ներկայացուցիչների խոսքերը: Այս հարցի մասին խորհրդածություններից է բխում անդրադարձը գրողներին հանգստացնող միջոցներին, քանի որ տևական և անարդյունք պայքարը ենթադրում է նաև հանգստացուցիչների որոնում: Հետաքրքիրն այն է, որ այդ միջոցները ոչ բոլոր դեպքերում են վեհ և բարձրարժեք: Ա. Պաչյանն այստեղ հիշատակում է հենց այդ հիվանդագին միջոցները. «Կան ավելի ծանր հանգստացուցիչներ` ասենք` գրչընկերոջ անհաջողությունները, իբր թե նրա գրողական տաղանդի ակնհայտ բացակայությունը, նրա միջակ գործերը, իր բացառիկ գործերի ֆոնին` (իշխանություն կռելու այս կերպերից մեկը` մանրամասնորեն ուսումնասիրված է Էլիաս Կանետիի «Զանգված և Իշխանություն» գրքում)»: Հանգստի հիվանդագին տարբերակներ են նաև վնասակար սովորությունները` խմելը, թմրանյութեր օգտագործելը, խելագարվելը, ինքնասպանությունը: Ա. Պաչյանի այս էսսե-վերջաբանը փաստորեն նախ և առաջ ուշադրություն է դարձնում գրողի ստեղծագործական հոգեբանությանը, վերհանում է դրա հիվանդագին կողմերը: Գրականության հավերժական հարցերին անդրադառնալիս հեղինակը հանգում է յուրօրինակ եզրակացությունների. «Ու նորից հարցեր, թեկուզև հռետորաբար, գալիս են հարցնելու` ի՞նչ է հիշողությունը, ի՞նչ է հավերժությունը, ի՞նչ է վայրը, ի՞նչ է մնալը: Գրականությունը ոչ թե ի զորու չէ այս հարցերին պատասխանել, այլ ուղղակի` չի պատասխանում: Պատկերացրեք պատասխաներ` սա է հավերժությունը, սա է հիշողությունը, սա է վայրը, սա է լինելը: Այդ դեպքում կարելի է և հանգուցալուծում գտնել` ազդարարելով պայքարի վերջնական ավարտը»: Փաստորեն գրականության շարունակականությունը պայմանավորված է նաև այս հարցերի անպատասխան մնալով: Հարցերի անպատասխան մնալը ենթադրում է նոր որոնումներ, և գրականության ընթացքը չի ընդհատվում, այնինչ պատասխանը կենթադրեր հստակություն և ավարտ: Իսկ ինչո՞վ է պայմանավորված գրականության սկիզբը: Ա. Պաչյանն այստեղ տեսնում է բնախոսական, ֆիզիոլոգիական նախահիմքեր. «Ավելի պարզ, հնամաշ, դեն նետված ու արհամարհված փաստարկներից մեկն ասել է ու ասում է` մարդը ի վերջո նաև պատմող կենդանի է, մարդը ինչպես սիրում է սիրել, երգել, պարել, ուտել, խորհել ու քնել, այդպես էլ պատմել է սիրում, ավելի ճիշտ վերապատմել այն, ինչ տեսել է, լսել, զգացել ու երևակայել: Խարույկի շուրջ հավաքվածները ավելի շատ հավատում են այն վերապատմողներին, ովքեր ավելի համոզիչ են վերապատմում` անհավանականորեն հավանական»: Այսպես` գրականության նախահիմքը մարդու պատմելու պահանջն է: Պատմելու գործընթացն ինչ-որ փուլում վերածվում է վերապատմելու անհրաժեշտության, և համաշխարհային գրականության հանճարեղ երկերից շատերը ծնվում են արդեն պատմվածի վերապատմման արդյունքում: Վերապատմումը պայմանավորում է դեպքերին նոր հայեցակետով նայելու անհրաժեշտություն, և գրականության հոլովույթում մեծ նշանակություն է ստանում ուրիշի տեքստի վերաիմաստավորումը: Ովքե՞ր են համաշխարհային գրականության ամենատաղանդավոր վերապատմողները, և ի՞նչ են վերապատմում նրանք. «Հոմերոսը վերապատմում է: Շեքսպիրը վերապատմում է վերապատմության պատմությունը: Ռաբլեն, Սերվանտեսը, Դեֆոն, Սթեռնը վերապատմում են: Վալզերը վերապատմում է զբոսանքը: Պրուստը վերապատմում է Պրուստի հիշողությունը: Վիրջինիա Վուլֆը վերապատմում է Վիրջինիա Վուլֆը: Կաֆկան վերապատմում է Մելվիլը: Ջոյսը վերապատմում է Հոմերոսը: Բորխեսը վերապատմում է գրականությունը: Կալվինոն վերապատմում է իտալական հեքիաթները: Բրունո Շուլցը վերապատմում է Կաֆկայի երազները: Երվանդ Օտյանը վերապատմում է «Անիծյալ տարիները»: Պրիմո Լեվին վերապատմում է Աուշվիցը: Աննա Ֆրանկը վերապատմում է մահը: Բեքեթը վերապատմում է հոգեվարքը: Հանդկեն վերապատմում է ինքնասպան մորը: Յասունարի Կավաբատան վերապատմում է Չանոյուն` թեյախմության ծեսը: Ռոբերտո Բոլանյոն վերապատմում է «2666»-ը: Մաքս Զեբալդը վերապատմում է մոռացությունը: Հակոբ Օշականը վերապատմում է քոքուրները: Թումանյանը վերապատմում է ամեն ինչ: Ռուբեն Ֆիլյանը վերապատմում է վեդաները»: Ասվածը բավական է, որ ընկալենք գրականության նախասկզբի, շարունակականության և անավարտության պաչյանական տեսակետները: Միգուցե վիճելի են վերապատմման պաչյանական ընկալումները, բայց դա այս համապատկերում բնավ նշանակություն չունի: Մենք փորձում ենք ամբողջացնել այս վերջաբանի ընդհանրական շերտը, որ վերջին հաշվով ներկայացնում է գրականության հոգեբանական և բնախոսական նախասկզբի, դրա զարգացման և գործառույթների մասին էսսե: Այս ամենից հետո Ա. Պաչյանը դարձյալ խոսում է գրողի պայքարի բնույթի մասին: Նա գտնում է, որ գրողի պայքարը բառերի հետ է և բառերի համար: Կան պայքարի տարբեր տեսակներ, որոնցից մի քանիսը հիշատակվում են այս վերջաբանում: Փաստորեն վերջաբանի ընդհանրական շերտն անցնում է այս ուղիով` կատարյալ գիր ստեղծելու անհնարինության գիտակցում-սկեպտիկ հայացք սեփական ստեղծագործությանը-հռետորական հարցեր գրողի պայքարի բնույթի մասին-ստեղծագործողի հոգեբանության հիվանդագին շերտերի բացահայտում- գրականության բնախոսական հիմքերի քննություն-գրականության զարգացման գործընթացում վերապատմման երևույթի կարևորում և ուսումնասիրություն-դարձյալ խորհրդածություններ պայքարի բնույթի մասին: Սա ներկայացնում է վերջաբանի ընդհանրական շերտի տարրերի ամբողջությունը: Իսկ ինչպե՞ս է կատարվում անցումը մասնավորի, և ինչպե՞ս են միմյանց հետ հարաբերվում վերջաբանի ընդհանուր և մասնավոր շերտերը: Մասնավոր շերտում ակնարկային կերպով խոսվում է վեպի գրության պատմության մասին: Այստեղ ավելի շատ առկա են հարցադրումներ, քան որոշակի պատասխաններ: Այդ հարցադրումների պատասխանները պետք է որոնել վերջաբանի ընդհանրական շերտում. «Հիմա գիտեմ, ինչ այստեղ գրում եմ ու մտածում, ընդհանրապես ինչ գրել եմ ու մտածել, շատ անգամներ և՛ գրվել է, և՛ մտածվել: Դրանից էլ չեմ ուժատվում, ինչպես տարիներ առաջ, հակառակը` դրանով գնում եմ ու միանում այն ամբողջությանը, որի արդյունքն եմ»: Սա գրական ընթացքի առողջ ընկալման արտահայտություն է: Ընդհանրական շերտում վերապատմման ողջ ընթացքը ներկայացնելը հենց այս նպատակն է հետապնդում: Ա. Պաչյանը, գիտակցելով, որ ինքը այդ բոլոր վերապատմումների մերօրյա շարունակողն է, փորձում է մերվել ընդհանուր գործընթացին, չկտրվել ակունքներից: Կարճ ասած` և՛ ընդհանրական, և՛ մասնավոր շերտերում տեսնում ենք գրական ընթացքի ամբողջական ընկալման նույն արտահայտությունը:
Վերջաբանի մասնավոր շերտի հռետորական հարցումները հիմնականում ծավալվում են քննադատական արձագանքների շուրջ: Ա. Պաչյանը ներկայացնում է բոլոր հնարավոր արձագանքները, որոնք հակադրական դիրքերի վրա են և ներկայացնում են ընթերցողի, վերլուծողի փոխբացառող հայեցակետերը. «թույլ էր-ուժեղ էր… հետաքրքիր էր-անհետաքրքիր էր… թերի էր-կատարյալ էր…»:
Այսպիսով` Արամ Պաչյանի վեպի վերջաբանը ներկայացնում է գրականության նախասկիզբի և ընթացքի հեղինակային ընկալումները: Այդ ֆոնի վրա Ա. Պաչյանը փորձում է իմաստավորել սեփական գիրը: Սա նաև գրողի ստեղծագործական կյանքում նոր միտումների, նոր սկզբունքների ձևավորման վկայությունն է:
Գրականություն
– Աբովյան Խ., Վերք Հայաստանի, Երևան, Երևանի համալսարանի հրատ., 1981, 384 էջ:
– Մանուչարյան Կ., Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հայեցակերպերը գրական երկի կառուցվածքում, Միջազգային գիտաժողով, լեզու, խոսք, իրականություն, հոդվածների ժողովածու, Երևան, «Արման Ասմանգուլյան» ԱՁ, 2017, 480 էջ:
– Մանուչարյան Կ., Հավանականի և իրագործվածի փիլիսոփայական հարաբերությունը Արամ Պաչյանի «Ցտեսություն, Ծիտ» վեպում, Գրեթերթ, 2017, հմ. 4:
– Պաչյան Ա., Ցտեսություն, Ծիտ, Երևան, «Անտարես» հրատ., 2012, 223 էջ:
– Պաչյան Ա., Ցտեսություն, Ծիտ, Երևան, «Դարակ» հրատ., 2017, 175 էջ:
– Փիլոյան Վ., Ակնարկներ արդի հայ գրականության, Երևան, «Լուսակն» հրատ., 2018, 408 էջ:
– Гюго В., Избранные драммы, в двух томах, том 1, Ленинград, Государственное изд., 1937, 407 с.