Զրույցն արվեստ է, որտեղ երկու կողմից զրուցակիցները ներկայացնում են մարդկությունն իր տարբեր դիմագծերով: Մարդկության մասին իմ զրույցները հիմնականում գրականության ֆոնին են իրականացվել: Դա է եղել ինձ տրված բաժինն այս կյանքում: Գրական ու թարգմանական ոլորտում իմ` բավականին երկարամյա կենսագրության ընթացքում բազմիցս եմ զրույցներով ներկայացել գրքի ու գրականության շուրջ: Բայց միայն այժմ խորությամբ ընկալեցի, որ զրույցն իսկապես արվեստ է: Դա զգացի, երբ Երևան-Դամասկոս թռիչքն իրականացնող օդանավն ինձ իջեցրեց Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի օդակայանում` 2018-ի դեկտեմբերին: Հենց այստեղ էլ հանդիպեցի նրան` մեզ դիմավորելու եկած, 2017-ից Հալեպում Հայաստանի Հանրապետության Գլխավոր հյուպատոս, իսկ 2019 թ. փետրվարի 27-ի ՀՀ նախագահի հրամանագրով Արտակարգ դեսպանորդ և լիազոր նախարարի դիվանագիտական աստիճանով Սիրիայում աշխատող Արմեն Գուրգենի Սարգսյանին: Հենց նրա` պատվարժան այս անձնավորության հետ անցկացրած իմ օրերն ու ժամերն էլ անցան արվեստի մակարդակով ծավալվող զրույցների թևին:
Մեր` իրար անմիջական ջերմությամբ ընկալելու հիմքում որքա՞ն էր այն իրողության նշանակությունը, որ նա ինձ այնքան հոգեհարազատ հայրենի եզերքի` Լոռվա ծնունդ էր, չեմ կարող ասել, բայց և փաստ էր այն, որ մինչ ճամփորդության մեկնելս, երբ ծանոթանում էի նրա կենսագրությանը, ինձ վրա մեծ տպավորություն էր թողել ոչ միայն ծննդավայրի անունը, այլև ծննդյան օրն ու ամիսը` 6-ը հունվարի: Այդպես էլ, հայոց հավատքի, մայրենիի ու հայրենիի նկատմամբ ունեցած նրա բարեպաշտ պահվածքն ակնկալելով հանդիպեցի նրան և չսխալվեցի:
Մինչև Հալեպ մեկնելս, որտեղ նախատեսված էր սիրիահայ գաղութի մասին իմ գրքերին նվիրված միջոցառումների շարքը, մեկ օր անցկացրինք Դամասկոսում (մեզ հետ էին նաև հյուպատոսի կինն ու որդին): Այդ մեկ օրն անցավ հայ գրականության մեծությունների շուրջ մեր ծավալած զրույցի արվեստն ըմբոշխնելու անմոռաց իրականության մեջ:
Պատմական ու քաղաքական ծանր ժամանակներով անցած, ինչպես նաև իր զուտ արևելյան ինքնությունով հանդերձ, Դամասկոսն ինձ համար պետք էր, որ զարմանալի հետաքրքրությունների աղբյուր լիներ, մանավանդ, որ ինձ էքսկուրսիաների ուղեկցողն ու ընկերակցողը նման անձնավորություն էր: Սակայն իմ զարմանքն այստեղ բոլորովին այլ առիթներ ուներ, և այն Արմեն Սարգսյանի ոչ միայն աշխարհաքաղաքական իմացություններն էին, այլև գրականությանն այդքան նրա քաջ տեղյակ լինելն ու դրանց շուրջը խոր վերլուծություններ անելու նրա հմտությունը: Հենց այս վերջինն էլ արվեստի արժեքավոր ոլորտում էր պահում մեր զրույցները: Արվեստ, որ ճշմարիտ գրականությունը նոր ընկալումներով էր հանում ճշմարիտ իրականության միջից:
Հաջորդ օրը, Հալեպ տանող ճանապարհին, ես հասկացա, որ մարդ արարածը, ավելի շուտ` հայ մարդը, որտեղ էլ լինի, իր հետ այնտեղ է տեղափոխում իր մայրենին ու հայրենին, սպասելով հարմար առիթի` ներկայացնելու դրանք մարդկային որակների իր վաստակած չափաբաժնի օգնությամբ: Իմ մարմինն ու հոգին կենդանի պահող մայրենին ու հայրենին, որ կազմավորվել ու ինձ համար կենսական անհրաժեշտություն են դարձել մայրենի գրականության ու հայրենի երկրի շնչառությամբ, բարեբախտաբար, այստեղ` արևելյան հեքիաթների գաղտնազերծվող իրականության մեջ մենակ չէին: Սկսած օդակայանից, դամասկոսյան էքսկուրսիաներից, Դամասկոս-Հալեպ ավտոճանապարհից մինչև հալեպյան զգացմունքառատ ու լիաթոք հայկականությամբ լցված օրեր, ես չդադարեցի հիանալ Արմեն Սարգսյանի գրական իմացություններով: Այդ առումով, երբ փորձեցի ետ գնալ նրա անցած ճանապարհով, հասկանալու համար այդ իմացությունների կապը նրա ստացած կրթության հետ, նրա կենսագրության մեջ հանդիպեցի այսպիսի փաստերի` ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետ, արաբական բաժին, Կահիրեի համալսարան (Եգիպտոսի Արաբական Հանրապետություն), արաբերեն լեզվի և գրականության ֆակուլտետ, ԵՊՀ ասպիրանտուրա, ՌԴ դիվանագիտական ակադեմիա. Միջազգային հարաբերությունների ֆակուլտետ, Ջորջ Մարշալի անվան ռազմավարական հետազոտությունների կենտրոն, Գարմիշ-Պարտենկիրխեն, Գերմանիա:
Արմեն Սարգսյանի աշխատանքային կենսագրությունն սկսվել է ՀՀ արտաքին գործերի նախարարության հասարակայնության հետ հարաբերությունների վարչությունից: Այս կենսագրության մեջ ես չգտա հայ գրականության վերաբերյալ նրա իմացությունների աղբյուրի ակը, ուստի` դժվարությամբ կտրվելով նույն գրականության մասին նրա հետաքրքիր մեջբերումներից, հարցրի նրան այդ մասին և ստացա հուզումնառատ պատասխանը` Մելսիդա Մարանջյան: Ահա թե ով էր նրա մայրենիի սիրո աղբյուրը. հայ գրականություն դասավանդող նրա ուսուցչուհին` Ալավերդու միջնակարգ դպրոցում ուսանելու տարիներին:
Մայրենի գրականության նկատմամբ սերն Արմեն Սարգսյանի հետ դուրս է եկել Լոռվա աշխարհից, դասական գրողների` Թումանյանի, Իսահակյանի, Նար-Դոսի, Շիրազի, Սևակի ու այլ մեծությունների նկատմամբ իր հետաքրքրությունները լրացնելով նոր, ժամանակակից գրողների անուններով:
Ի՞նչ էր փնտրում միջազգային հարաբերություններով զբաղվող անհատը գրականության էջերում… Իմ այս հարցն ստանում է իր պատասխանը, երբ լսում եմ նրա վերլուծությունները գրողների, նրանց ժամանակի ու գրականության շուրջը: Հասարակարգ ու հասարակություն, և նրա կենտրոնում` մարդը: Ի՞նչ մտքեր է ծնել այս ամենը, որին հանդիպել է նա գրական աշխարհում, որքանով է այն ավելի կիրթ, գիտակ ու պատրաստված դարձրել միջազգային արենայում երկիր ներկայացնող անհատին… Ինձ զարմացնողը գրասեր անձնավորության իմացությունն ու խոհերն էին Լևոն Շանթի, Մուշեղ Իշխանի և, հատկապես, Ստեփան Ալաջաջյանի գրականությունների շուրջը: Խոսել այս մեծությունների գրականության մասին ըստ նրանց բաժին ընկած ճակատագրերի, ժամանակի, հասարակական հայացքների, հնարավորությունների, ունակությունների և այլն, հատուկ է տվյալ ոլորտի մասնագետներին: Իսկ դիվանագիտության ոլորտում աշխատողի նման իմացություններին երբ ավելանում է նաև նրա անկեղծ սերը, նվիրումը, անհանգստությունը, սրտացավությունը, որոնց ականատեսը եղա մեր զրույցների ընթացքում, այդ ամենի ակունքն, անշուշտ արդեն, մեր նույն զրույցների մեջ շողացող խնկաբույր մայրենին ու պայծառ հայրենին են:
Առիթը, որով եղա ես Հալեպում, դարձյալ վերաբերում էր գրքին ու գրականությանը: Այնտեղ, որտեղ դեռևս խաղաղ գոյության գլխին կախված վտանգի զգացողությունը չէր լքում մարդկանց, ես ականատես եղա, թե ինչպես էր հալեպահայ համայնքն իր կրթական, հոգևոր, հասարակական, քաղաքական միավորներով միասնաբար վայելում իր սերն ու հարգանքը ոչ միայն գրքի, այլև պատասխանատու աշխատանքով հայրենի երկրին ու համայնքին անբասիր ծառայող Արմեն Սարգսյանի նկատմամբ: Անձնավորություն, ում հետ ունեցած զրույցներն ինձ համոզեցին, որ, իսկապես, զրույցն արվեստ է: Ավելին` գրականության շուրջը տարվող զրույցը արվեստ է` կրկնակի առավելությամբ: Եվ այն, թե որքանով է մարդը ինքն իրենով զարդարում իրեն զբաղեցնող ոլորտը, կախված է այն բանից, թե որքան խոսուն է նրա ներսում թագավորող մայրենին ու հայրենին: Դրանում համոզվեցի Արմեն Գուրգենի Սարգսյանի հետ ունեցած իմ զրույցների ընթացքում:
Մարդն իրենով է զարդարում զբաղեցրած ոլորտը / Ֆելիքս ԲԱԽՉԻՆՅԱՆ
