Պատանեկությունից եկող սովորության համաձայն՝ ամեն օր, իրիկնահացից հետո, իրիկնավերջին՝ գլուխս բարձին դնելուց առաջ, դուրս եմ գալիս իրիկնաճեմի։ Ճեմում եմ բոլոր եղանակներին․ ձմռան իրիկունները՝ ցրտամաղին, ձյունամաղին… Գարնան իրիկունները՝ երկունքից խենթացած բնաշխարհի կատաղի բոցկլտոցներին՝ ծաղկածնունդին, ժպտապարին… Ամռան իրիկունները՝ տաք երկնքի տակ, լուսնի ու աստղերի զովարար արծաթամաղին… աշնան իրիկունները՝ զովախորհուրդ լռության լաբիրինթոսում կամ ձորերից բարձրացող մթան ու սարերից իջնող ամպերից ծնված հանդարտ շաղամաղին… Եվ ամեն անգամ, երբ իրիկնաշաղը բարուրում է աշխարհը, սկսում հերթական իրիկնանվագը, միտքս թռչում է…
Երիտասարդ տարիներին սովորաբար ճեմում էի` աստղերը հաշվելով, բայց ամեն անգամ կիսատ էր մնում․ միտքս բռնում էր հեքիաթների աշխարհը տանող արահետների տուտը, գնո՛ւմ, գնո՛ւմ… Որոնում էի ոսկեթևիկ հավքերի, հրեղեն ձիերի, բրաբիոն ծաղիկների, երազաբեր փերիների հովիտը… Գնացի, որոնեցի յոթ սարի ետևում, յոթ ծովի անդիններում, անգամ յոթ աստղի շրջակայքում… Չգտա՛, չկա՛ր… Չէր էլ լինելու, քանզի հենց այստեղ է, այդ աշխարհը Հայաստանն է… Տե՜ր Աստված, ի՜նչ կույր եմ եղել․ այստեղ են թևում ոսկեթևիկ հավքերը, դոփում հրեղեն ձիերը, մեր սարերում են բացվում բրաբիոն ծաղիկները, և հենց հայուհիներն են այդ երազարար փերիները։
Եվ երբ խորամուխ եղա հեքիաթների երկրի ինչպիսիությունների ու որպիսիությունների մեջ, ինչե՜ր պարզեցի…
Պարզվում է՝ Մեծն Արարիչը, երբ արարելիս է եղել տիեզերքի այս կտորը՝ Հայկական լեռնաշխարհը, ունեցել է շա՜տ բարձր տրամադրություն․ դեմքը լցրել է հիացմունքով, թևքերը քշտել, գործիքներն առել և մի առանձին ոգևորությամբ շարել լեռները, ձորերը, դաշտերը… Հետո մի առանձին պատկառանքով ընտրել գույները, իրար խառնել, ստացել մինչ այդ չարարված երանգներ ու վրձնե՜լ, վրձնե՜լ… Նա այնպես է մեր աշխարհն արարել ու վրձնել, որ այս երկրի գլխի վրայով անցած հազարամյակները ոչինչ չեն փոխել։ Եվ հիմա էլ այնպես, ինչպես տիեզերքի այս կտորի արարման ժամանակ, տարվա ցանկացած եղանակին, օրվա ցանկացած պահին, որտեղ էլ լինես՝ սարերից մեկի գլխին կանգնած, լանջերից մեկին թիկնած, թե ձորերից մեկի ձորապռնկին նստած, առաջդ կբացվեն անկրկնելի համայնապատկերներ, ականատես կլինես հրաշքի ծնունդի կամ հեքիաթի հյուսքի…
Հա՛, տիեզերքի մեր կտորը հետաքրքիր արարում է․ այստեղ բնական բաղադրամասերը՝ օդը, ջուրը, հողը, կենդանական ու բուսական աշխարհները, հանդես են գալիս իրենց միջին վիճակներով, և այդ ‹‹ոսկե›› միջինների յուրօրինակ զուգորդումներով էլ ստեղծվել է այս յուրօրինակ բնական միասնական հրաշալիքը, որ Հայկական լեռնաշխարհ է կոչվում ու երկրի մյուս կտորներից առանձնացված է եզրային հզոր լեռնաշղթաներով։
Բայց ամեն դեպքում ինչ-որ տեղ ինչ-որ չափով նման է տիեզերքի մյուս կտորներին, ամեն տեղ էլ կան լեռներ, ձորեր, հարթավայրեր… Ավազ, կիր, հող… Ցրտաստան, տաքաստան… Աշխարհի մի տեղում ցրտաստանն է շատ, մյուսում՝ տաքաստանը․ մեկում սարն է շատ, մյուսում՝ քարը… Մեր աշխարհն այստեղ էլ հետաքրքիր է, ամեն ինչ էլ կա և գրեթե հավասարաչափ։
Սակայն այդ ամենն աշխարհագրական օբյեկտեր են, բնական հակասություններ․ դեռ հայրենիք չէ… Հայրենիքը ստեղծվում է դարերով, հազարամյակներով, երբ բնականին՝ անձեռակերտին, ավելանում է բանականը՝ ձեռակերտը։
Պեղումների արդյունքներում ի հայտ եկած աշխատանքային գործիքները, զարդերը, զենքերը, մյուս գտածոները բազմիցս ապացուցել են, որ նաև այստեղ է մարդը մա՛րդ դարձել, որ միայն այստեղ է մարդը հա՛յ դարձել… Թե երբ է դա տեղի ունեցել, բնական է, հստակաբար չենք կարող ասել, բայց որ մեր նախնիներն ու պապերը դարեր, հազարամյակներ շարունակ արարել են ու արարել և լեռնաշխարհի օբյեկտները՝ սարերը, ձորերը, դաշտերը լցրել նյութական (բերդեր, ամրոցներ, վանքեր, եկեղեցիներ, կամուրջներ, ճանապարհներ…) և ոչ նյութական (լեգենդներ, առասպելներ, ավանդազրույցներ, տեղանուններ…) արժեքներով, ավելին՝ բազմիցս ներկվել են արյունով, լվացել արցունքով, քրտինքով, դա ակնհայտ է… Հիմա դժվար է հաշվել, թե մեր նախնիները միայն Հայկական լեռնաշխարհում քանի աշխարհիկ (բերդեր, ամրոցներ, կամուրջներ, բնակավայրեր) և հոգևոր (վանքեր, եկեղեցիներ, մատուռներ) են կառուցել ու ինչքան ոչ նյութական (անուններ, լեգենդներ, առասպելներ) արժեքներ են արարել։ Միայն աշխարհագրական անունների թիվը, ըստ երջանկահիշատակ պրոֆեսոր Թաթիկ Հակոբյանի խիստ մոտավոր հաշվարկների, անցնում է 150-ը։
Եվ ահա այս ամենը՝ ձեռակերտը, համահունչ ձուլվելով բնականին՝ անձեռակերտին, դարձել է հայրենիք… Հիմա Հայկական լեռնաշխարհի ո՛ր սարում, ձորում, դաշտում էլ կանգնես, խորամուխ լինես պատմության անցյալին, հնագույն ժամանակներից աստիճան-աստիճան վեր պիտի բարձրանաս, հասնես մեր դարերը։
Այո՛, դարերը, հազարամյակները ոչինչ չեն փոխել բնաշխարհում․ նույն գույները, նույն երանգները… Բայց, ցավոք, շատ բան են փոխել ժողովրդի կյանքում… Աշխարհի չորս կողմերից, տարբեր դարերում Հայաստան թափանցած վայրագ ցեղերը բազում կնճիռներ են թողել հայ ժողովրդի ճակատին։
Մեր խելոք նահապետը՝ Հայկը, լավ գիտեր, որ իրեն դրախտն է բաժին ընկել, և իր երկրի վրա տնկված աչքերը շատ են։ Բելին նետահարելուց հետո կանչում է զավակներին, թոռներին, ծոռներին ու կոռներին, երկիրը բաժանում գավառների, յուրաքանչյուրին մի գավառ տալիս ու պատվիրում․ ‹‹Աշխարհի չորս կողմերից էլ մենք վտանգ ունենք և, որ կարողանանք երկիրը պահել, պետք է չորս անգամ քիչ քնենք, չորս անգամ շատ աշխատենք, որ թշնամուցը չորս անգամ հզոր լինենք››։
Մեր նախնիները նահապետի պատգամը դարեր, հազարամյակներ շարունակ ականջներին օղ ունեին և թշնամիներից չորս անգամ ուժեղ լինելով՝ պարբերաբար դուրս էին մղում աշխարհի չորս կողմերից եկող վայրագ ցեղերին։ Վերջին հազարամյակում այդ օղը կորցրին, իսկ թշնամին եկավ ու եկավ, խլեց մեր քաղաքները, գյուղերը, գավառները, ամբողջական աշխարհներ… Մեզ է մնացել ընդամենը մի պատառ հայրենիք… Ու էլի գալիս են ու էլի ուզում են…
Դառը ճակատագրի բերումով հայերի զգալի մասը թողեց իր բնօրրանները, աստանդական կյանք են վարում օտար ափերում, նրանցից շատերն արդեն չեն էլ հիշում՝ որտեղից են եկել։ Մի մասն էլ, գավառից գավառ տեղափոխվելով, հանգրվանեցին այս փոքրիկ Հայաստանում։ Տոհմեր կան, որ չորս-հինգ անգամ տեղափոխվել են և շատ դժվարանում են մատնացույց անել իրենց փոքր հայրենիքը՝ բնօրրանը։
Հայկ Նահապետը իմ հայրական նախանախապապին տվել է Խոյի գավառը, որտեղից գաղթել են Սյունիք, ապա անցել Արցախ, հետո էլ՝ Լոռի։ Մայրական նախանախապապիս տվել է Տայքը, որտեղից գաղթել են Կարս, ապա՝ Ջավախք, հետո էլ՝ Լոռի։ ‹‹Ո՞րն է, բաբո՛, մեր հայրենիքը››,- հաճախ եմ հարցնում։
‹‹Խոյը, Սյունիքը, Տայքը, Արցախը, Ջավախքը… բոլորն էլ ունեն բարձր երկինք, կարմիր արև… Յուրաքանչյուրում քո պապերից մեկը վանք է կառուցել կամ արյուն թափել, կամ արցունք…››։
Դժվար է բոլորը թվարկել կամ մատնացույց անել մեկը… Իմ հայրենիքը Հայք-Հայաստանն է և վերջ… Եվ բոլոր հայերի հայրենիքն է Հայք-Հայաստանը։ Եվ նա, ով հայերին ըստ գավառի է բաժանում, չիմացության կամ թյուրիմացության արդյունք է, իսկ եթե լո՛ւրջ, ուրեմն՝ թշնամի։ Ախր բոլորս էլ ի վերջո Հայկ Նահապետի սերունդներն ենք, չէ՞, և աշխարհի այս կտորն էլ դրախտն է, չէ՞… Որքան հայերին ըստ գավառների բաժանելն է անհեթեթություն, այնքան էլ դրախտն այստեղ թողնելը և այն այլուրներում որոնելը։
Մենք կհզորանանք, երբ հայերին ըստ գավառների բաժանումը կատակի դաշտից հանելը դիտվի հայրենիքի դավաճանություն, երբ ներգաղթը դառնա անհրաժեշտության ու պատվի գործ, արտագաղթը՝ ամոթ, անհեթեթություն… Երբ ամեն հայ գլուխը բարձին դնելուց առաջ կհաշվի մեր մասունքները…
…Ձմեռ է՝ ցրտամաղ, իրիկնահացս արել եմ, դուրս եմ եկել իրիկնաճեմի… Իրիկնաշաղը բարուրեց աշխարհը, սկսեց հերթական օրորոցայինը… Գիտեմ՝ թիվ կա աստղերին, թիվ չկա հայոց մասունքներին, բայց նորից հաշվում եմ…
