ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ

ՀԳՄ վարչությունը շնորհավորում է արձակագիր, հրապարակագիր  Բակուր ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻՆ ծննդյան 85-ամյակի առթիվ

«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին

 

 

Մեր Բակուրը՝ բազմաշնորհ ու վաստակաշատ անհատականություն

Բակուր Կարապետյանին ճանաչում եմ 70-ական թվականների սկզբից՝ որպես բազմակողմանի ձիրքերով օժտված անհատականություն: Ստեղծագործական ակտիվ կյանքի ավելի քան կես դարի ընթացքում Երևանում ու Ստեփանակերտում նա հանդես է եկել գեղանկարչական  և լուսանկարչական անհատական ցուցահանդեսներով, վավերագրական ֆիլմերով ու ակնարկներով, հրապարակագրական ու գեղարվեստական գործերով, որոնց թեման, գաղափարական նպատակը հայ ժողովրդի և իր հայրենի Արցախի պատմական արմատների, ազգային ինքնության համար մղած ծանր ու օրհասական պայքարների, ճակատագրի ու ապագայի հեռանկարների վերհանումն ու վերլուծությունն է: Երջանկահիշատակ Զորի Բալայանի դիպուկ բնորոշմամբ՝ «…դժվար է գերագնահատել գրող և կինոգործիչ Բակուրի դերը մեր սուրբ գոյապայքարում»՝ կատարյալ սխրանք համարելով «ոչ միայն մեր պատմության համար նրա արձակ ու վավերագրական էջերը», այլև ամենաթեժ կետերում «նրա նկարահանած կենդանի կադրերը»:

Վերջերս պատասխանելով «Գրական թերթի» 90-ամյակի առթիվ կազմակերպված հարցարանին, թե ո՞րն է համարում թերթում ունեցած իր ամենահիշարժան հրապարակումը` Բակուրն առանձնացրել է «Միտք» հոդվածը՝ նշելով. «Մարդկային հասարակությունում այն երկիրն է առաջընթաց ապրում, որտեղ գնահատվում է միտքը, գաղափարը, նրա կրողը, և մարդիկ գնահատվում են ըստ ուղեղի ունակության, հնարավորություն է ստեղծվում ճիշտ տեղում կիրառելու այն»: Ինչ վերաբերում է հայոց պետականության փրկության նպատակին ուղղված գաղափարախոսությանը, ապա, ըստ նրա, գլխավոր կարգախոսն է՝ «Յուրաքանչյուրիս շահը համընդհանուր շահի մեջ է»: Անկասկած հենց այդ գաղափարներն են մարմնավորված նրա «Վերագտնված օրեր» (1988), «Շուշի բերդաքաղաքը» (2000), «Երկխոսություն Քարվաճառի ճանապարհին» (2003), «Շուշեցու հիշատակարանը» (2013) և մի շարք այլ երկերում: «Բակուրի արցախյան հայապատումի» կապակցությամբ Վարդան Դևրիկյանը նշել է, որ նա «ստեղծեց մի յուրօրինակ գրականություն՝ համադրական արձակ»՝ հիմնված «պատմության և փաստերի ուսումնասիրման, արցախյան և ընդհանրապես ազգային մտահոգությունների հրապարակախոսական հարցադրումների և դրանք գեղարվեստորեն արտահայտելու վրա»: Իսկ ինչ վերաբերում է «Հարյուր տարվա երկխոսություն (Րաֆֆու ճանապարհորդության հետքերով)» (1989) էսսեին, ապա Վ. Դևրիկյանի դիպուկ բնորոշմամբ՝ «Բակուր Կարապետյանին կարելի է համարել Րաֆֆու փաստաուղեգրական արձակի շարունակողը»:

Հարցազրույցներից մեկում Պերճ Զեյթունցյանը, խոսելով պատմավեպի արդիական նշանակության մասին, ընդգծել է, թե՝ «Պատմավեպն ինձ համար գրվում է այն դեպքում, երբ էական առնչություններ ես տեսնում քո ժամանակի և պատմության միջև, և դրա միջոցով փորձում ես քո ժամանակի խնդիրները լուծել»: Այդ նպատակադրումը լիովին կիրառելի է նաև Բակուրի պատմավեպերի, մասնավորապես՝ 2021-ին լույս տեսած «Ջամասպ և Կավատ Սասանյան արքայից արքաները» վեպի վերաբերյալ, որն ընդգրկում է 5-6-րդ դարերի սահմանագծում (488-528 թթ.) Պարսկաստանի, Աղվանքի ու Արցախի բարդ փոխհարաբերությունների պատմությունը, որն, ըստ էության, իր հանգուցալուծումներով նույնքան բախտորոշ ու ճակատագրական եղավ հայ ժողովրդի համար:

Շնորհավորելով նշանակալից հոբելյանի առթիվ՝ բազմաշնորհ ու վաստակաշատ  Բակուր Կարապետյանին մաղթում եմ առողջություն, անսասան կամք ու եռանդ և անսպառ հավատ աշխարհում արդարության անխուսափելի հաղթանակի նկատմամբ:

  Պետրոս ԴԵՄԻՐՃՅԱՆ

 

Բակուր Կարապետյանն այն մտավորականներից է, որոնց կյանքն ու ստեղծագործական ուղին անքակտելիորեն միահյուսված են հայ ժողովրդի նորագույն պատմության կարևորագույն էջերին։ Նրա անունը վաղուց արդեն դարձել է ազգային հիշողության, պատմական ճշմարտության և հայրենասիրական նվիրումի խորհրդանիշ։ Իր բազմաբնույթ գործունեությամբ նա նշանակալի ավանդ է ներդրել հայ մշակույթի, հրապարակախոսության, պատմական վավերագրության և ազգային ինքնագիտակցության պահպանման ու զարգացման գործում։

Դեռևս Արցախյան շարժման վերազարթոնքի նախօրեին լույս տեսած «Հարյուր տարվա երկխոսություն» արժեքավոր երկը դարձավ ոչ միայն Արցախի պատմական փառքի և իրավունքի վկայությունը, այլև ազգային ինքնագիտակցության արթնացման, նախնյաց արժեքներին հավատարիմ մնալու և ազատագրական պայքարին պատրաստ լինելու յուրօրինակ կոչ։ Այդ գիրքն իր ժամանակի համար հնչեց որպես հոգևոր ու գաղափարական մարտակոչ՝ ուղղված ազգային արժանապատվության վերականգնմանը։

Նրան իրավամբ կարելի է համարել Արցախյան ազգային-ազատագրական շարժման տարեգիրներից մեկը։ Բակուրի «Եվ նրա շուրջը» գիրքը ոչ միայն գրական արժեքավոր ստեղծագործություն է, այլև հայ ժողովրդի ազատության ու ինքնորոշման համար մղված պայքարի ոգեշունչ օրերի հավաստի վավերագրություն։ Այդ էջերում արտացոլված են ոչ միայն իրադարձությունները, այլև ժամանակի շունչը, ժողովրդի կամքն ու ազգային զարթոնքի անկասելի ընթացքը։ Սակայն նրա առաքելությունը չի սահմանափակվել միայն իրադարձությունների արձանագրմամբ։ Նա պայքարի առաջին շարքերում էր նաև գաղափարախոսական և տեղեկատվական ճակատում՝ համարձակորեն պաշտպանելով ճշմարտությունը, խորհրդային ապատեղեկատվության ու լռության պատնեշների ճեղքմամբ հասցնելով այն հանրությանը։

Որպես «Ազատամարտ» թերթի բաժնի վարիչ՝ 1992–1994 թվականներին նա լուսաբանել է Արցախում հայ ժողովրդի լավագույն զավակների համատեղ մղած ինքնապաշտպանական պայքարը, ռազմաճակատի առօրյան, ազատագրված բնակավայրերի, այդ թվում՝ հինավուրց Շուշիի վերածննդի հերոսապատումը։ Նրա հրապարակումները դարձել են ոչ միայն պատերազմի տարեգրություն, այլև ազգային դիմադրության ոգու կենդանի վկայություններ, որոնք մինչ օրս պահպանում են իրենց պատմական և բարոյական արժեքը։

Բակուր Կարապետյանի ստեղծագործական ժառանգության կարևոր մասն են կազմում նաև նրա բազմաթիվ հեռուստահաղորդումները, որոնք հազարավոր հեռուստադիտողների համար դարձել են ազգային հիշողության յուրօրինակ դասեր։ Դրանց միջոցով մշտապես կենդանի են մնացել մեր ժողովրդի հերոսական անցյալի ու նորօրյա պայքարի հիշարժան դրվագները, պատմություն կերտած անհատների վառ կերպարներն ու նրանց անմնացորդ նվիրումի օրինակները։

Բակուր Կարապետյանի բազմաբովանդակ և հարուստ մտավոր ժառանգությունը դեռևս սպասում է իր խորաթափանց ու բանիմաց ուսումնասիրողներին, որոնք կկարողանան լիարժեք բացահայտել և վերաիմաստավորել նրա ստեղծագործական աշխարհի ամբողջ խորությունն ու նշանակությունը։ Սակայն նույնիսկ այսօր՝ առանց ժամանակի վերջնական գնահատականին սպասելու, կարելի է վստահորեն արձանագրել, որ նրա գրական, հրապարակախոսական, վավերագրական, գեղանկարչական և հեռուստալրագրողական վաստակը վաղուց արդեն իր արժանի տեղն է զբաղեցրել հայ մշակութային և մտավոր ժառանգության գանձարանում։ Նրա ստեղծած արժեքները շարունակում են հնչել արդիական ու պահանջված՝ դառնալով ազգային հիշողության, պատմական ճշմարտության և հոգևոր դիմադրության կարևոր հենասյուներ։ Այս դժվարին ժամանակներում դրանք օգնում են վերարժևորել անցած ուղին, ամրապնդել ներկան և հավատ ներշնչել ապագայի հանդեպ։ Բակուր Կարապետյանի ժառանգությունը պատկանում է ոչ միայն իր ժամանակին, այլև գալիք սերունդներին՝ որպես ազգային ոգու, մշակութային տոկունության և պատմական հիշողության կենսունակ ու անսպառ աղբյուր։

Շնորհավորելով Բակուր Կարապետյանին ծննդյան 85-ամյակի առթիվ՝ մաղթում եմ նրան քաջառողջություն, երկար տարիների ստեղծագործական բեղուն կյանք, հոգու անսպառ կորով և նոր ձեռքբերումներ։ Թող նրա վաստակը շարունակի լուսավորել մեր ազգային ճանապարհը, իսկ նրա ստեղծած արժեքները՝ ոգեշնչել ներկա և ապագա սերունդներին։

Մհեր ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

պ. գ. թ., դոցենտ, ՀՀ ԳԱԱ պատմության ինստիտուտի Արցախի պատմամշակութային ժառանգության և արդի քաղաքական զարգացումների գիտական խմբի գիտաշխատող, «Կաճառ» գիտական կենտրոնի ղեկավար

 

 

Հիշողության վավերագիրը

Գրականությունը միայն գեղարվեստական երևակայության աշխարհ չէ։ Այն նաև ժողովրդի հիշողության, պատմական ճշմարտության և մարդկային խղճի պահպանման տարածք է։ Այդ գիտակցությամբ է իր ստեղծագործական ճանապարհն անցել արձակագիր Բակուր Կարապետյանը, որի ծննդյան 85-ամյակը առիթ է՝ նորովի գնահատելու նրա վաստակը հայ գրականության մեջ։

Բակուր Կարապետյանը այն հեղինակների սերնդից է, որոնց համար գրիչը պատասխանատվություն կրելու միջոց է։ Նրա արձակում մարդը ներկայանում է իր ապրած ժամանակի մեջ,  իր ցավի և իր հավատի հետ։ Նրա ստեղծած կերպարներն ու պատմությունները ծնվել են կյանքի խոր ճանաչողությունից և իրականության հանդեպ ազնիվ վերաբերմունքից։

Նրա գրական ու հրապարակախոսական գործունեության առանցքում ազգային հիշողության գաղափարն է։ Նա իր ստեղծագործությամբ հավատարիմ է մնացել այն համոզմանը, որ ժողովուրդը կարող է ապրել ու առաջ գնալ միայն այն դեպքում, երբ չի կորցնում իր պատմական հիշողությունը և բարոյական հենարանները։

Այսօր, երբ Բակուր Կարապետյանը բոլորում է իր կյանքի 85-րդ տարին, մենք արժևորում ենք ոչ միայն նրա գրքերը, այլև նրա անցած ճանապարհը՝ որպես մտավորականի, գրողի և ճշմարիտ հայրենասերի։

Սրտանց շնորհավորում եմ սիրելի ընկերոջս հոբելյանի առթիվ։ Մաղթում եմ նրան հոգու անսպառ ուժ և ստեղծագործական նոր վերելքներ։

Շանթ ՄԿՐՏՉՅԱՆ

 

Ճակատագրի բերումով, քսան երկար և ձիգ տարիներ բացակայելով Հայրենիքից` դուրս էի մնացել գրական գործընթացից: 2017-ին վերջնականապես վերադառնալով Երևան` փորձեցի վերականգնել հին կապերը և, իհարկե, նոր ընկերներ ձեռք բերել:

Առաջիններից մեկը, որի  հետ մտերմացա, Բակուր Կարապետյանն էր:

Նա ինձ իսկույն տպավորեց  իր մի փոքր ծանր, ուշադիր, մինչև էությանդ խորքերը թափանցող հայացքով: Իսկ հետո, երբ ծանոթացա նրա բազմաժանր ստեղծագործական աշխարհին, զարմացա նրա գիտելիքների խորությունից  և անվերջ նվիրումից` իր Արցախ աշխարհին:

Թվում է` տարիներն անզոր են նրա անսպառ եռանդի և նվիրումի դիմաց:

Կցանկանայի, որ դու նույն ոգով շարունակես կերտել նորանոր ստեղծագործություններ՝ ի փառս Արցախի և հայ ժողովրդի, իմ լավ ընկեր և արժանավոր մարդ՝ Բակուր Կարապետյան:

Եղիր…

Վարուժան ՂԱԶԱՆՉՅԱՆ

բանաստեղծ

 

 

Հայոց  պատմական  հիշողության բանակի պահապան, նվիրյալ մարտիկը. ԲԱԿՈՒՐ

Հայ  արարչագործ, հանճարամիտ ժողովրդի պատմության մակընթացություններով և տեղատվություններով լի ժամանակացույցերում, դարասկիզբներն ու դարավերջերը ողբերգական իրադարձությունների մի անվերջանալի շղթա են արձանագրում, որոնք, կամա թե ակամա, արձագանք են գտել հայ և համաշխարհային ստեղծագործ մտքի, գրականության և մշակույթի ներկայացուցիչների անդրադարձներում, գրական-գեղարվեստական, հրապարակախոսական, մեկնողական արվեստի գործերում, գեղարվեստի երկերում:  Շարքի տաղանդաշատ անուններից է Բակուր Կարապետյանը (Բորիս Ավանեսի Կարապետյան – հունիսի 9, 1941, Մարտակերտի շրջան, Մարգուշավան գյուղ, ԱՀ)։

Հայաստանի գրողների միության, Հայաստանի ժուռնալիստների միության, Հայաստանի նկարիչների միության անդամ է: 1967 թ. սկսած` տպագրվել է մամուլում:

Անհատականություն` պսակված արցախյան եզակի երանգ կրող հմայքով, մտախառնվածքի հզոր շերտերով, գեղարվեստի զարմանահրաշ ցոլանքներով, մանկավարժի խորամիտ մեթոդոլոգիայով, հրապարակագրի զննող մեկնադաշտով, արվեստագետի եզակի նվիրվածությամբ, հայրենապահի ուխտապահ երդմնակալությամբ….

Ծիածանի յոթ գույների խորհրդանիշ է ներկայացնում Բակուրի արցախյան-հայաստանյան ֆենոմենը, անհատականություն, որի ստեղծագործական ինտելեկտը իր սահմաններում ներառում է հայ մտածող-արարող անհատի յոթ հատկանիշ-ձիրք-շնորհք-մասնագիտացում, անմնացորդ նվիրում, մարտավարում՝ արվեստի տարբեր զենքերով, արցախցու հստակ առաքելություն, տաղանդի սահմանների յոթ դրսևորումներ` որպես գեղանկարիչ-ճարտարագետ, ինժեներ-տեխնոլոգ մանկավարժ, հեռուստալրագրող, հրապարակախոս, արցախյան և հայաստանյան պատմության կրակակիր վայրերի վավերագրող, մատենաշար երկնող (5 հ-ով) և գրող (արձակագիր-վիպագիր-ուղեգիր), որոնք ամբողջացված են ամենակարևորագույնի` հայրենապահ-հայրենասեր մարտիկի կերպարային բարձր որակներում, գնահատանքներում։

Որտեղ հայ ժողովրդի ու նրա անառիկ ամրոց հանդիսացող, հայրենի Արցախի քաղաքական, մշակութային ճակատագրի հետ կապված ահազանգ էր հնչում, Բակուրն այնտեղ հայտնվողների առաջին շարքերում է լինում, եթե ոչ առաջինն ինքը` զինյալ իրենից անբաժան տեսախցիկով, մտքի սուրացող թռիչքով` անհամբերությամբ, մարտավարությամբ` կորզել պատմական բացառիկ կադրեր` պահ տալով Հայոց պատմությանը, նրա չխամրող, հզոր հիշողությանը….

1921 թ. բոլշևիկների խելագար որոշմամբ անբեղ-անմորուք՝ մի քանի օրական,  Ադրբեջան կոչեցյալին նվիրաբերված Արցախ-Նախիջևան հայոց տարածքների քաղաքական ողբերգական ճակատագրերի սևմութ-արնածոր խմորումների գայլերախ դաշտ էր բացված…

«Այսօր Ադրբեջանի՝ Հայաստանի և հայերի դեմ պայքարի միջոցներն ավելի կատարելագործված են դարձել, եթե 1988 թվականին Ադրբեջանը փորձում էր հայերին ոչնչացնել ֆիզիկապես, ապա այսօր Բաքուն փորձում է մասնատել մեր հանրությունը»,- այսպիսի մտահանգումների է գնացել 2011 թ. փետրվարի 28-ին տեղի ունեցած մամուլի ասուլիսի ժամանակ հայ մշակույթի, գրական-հրապարակախոսական, լրագրողական մտքի երևելի դեմքերից, «Շուշի» հիմնադրամի ղեկավար, առաջին անգամ ԱՄՆ Կոնգրեսում ցուցադրված սահմռկեցուցիչ «Սումգայիթյան ալիքներ» ֆիլմի հեղինակ, Ադրբեջանի ղեկավարության կողմից կազմակերպված հայ ազգաբնակչության ջարդերից-կոտորածից անմիջապես հետո հրաշքով հայաշատ Սումգայիթ քաղաքում նկարչական ապարատը ուսին անմիջապես հայտնված, անզեն հայերի նկատմամբ իրագործված զարհուրելի դեպքերի և դեմքերի ականատես-ականջալուր, ֆոտոլրագրող, լրահավաք, հայ ժողովրդի ճակատագրի ողբերգական անցքերի ոճրահետք-արյունահոս կենտրոններում իր հայրենակիցներին սատարելու նպատակով զինված մեծ հայրենասեր-նվիրյալը, նույն ինքը` գրող Բակուր Կարապետյանը՝ փորձելով նրանց անմխիթար, ողբերգական վիճակը ներկայացնել որերորդ անգամ սառը հաշվարկներով զինված անտարբեր աշխարհին…

ՀՀ ԳՄ և ԱՀ ԳՄ խաղացած դերը պատկառանք ներշնչող է հայ գրականության ներկայացուցիչների ճակատագրերում` կապված Հայոց Արցախի, Նախիջևանի քաղաքական ճակատագրերի որոշումների հետ, որի ակունքում պատվո պահակի պես է կանգնել Բակուրը` զինված բացառիկ նվիրվածության և վստահության այցեքարտով… Դրա վկայություններից է նաև այն փաստը, երբ  1987 թ. սկզբներին ՀՀ ԳՄ կայացած ընդհանուր ժողովում քննարկվեց հայրենիքից անօրինաբար կտրված հայկական պատմական երկու բռնազավթված մարզերը Հայաստանի ԽՍՀ-ին միացնելու նպատակով հայարմատ Նախիջևանում  և Լեռնային Ղարաբաղում հայ բնակչության հանրաքվե անցկացնելու կարևորագույն հարցը, որտեղ միության անդամների միաձայն որոշմամբ, որպես պատվիրակ, Նախիջևան գործուղվելու նախաձեռնությունը տրվեց ԳՄ անդամ, Արցախյան Շարժման բացառիկ նվիրյալներից մեկին` հեռուստալրագրող Բակուր Կարապետյանին: Այս  պատվանդանին ևս կանգնած Բակուրը աներեր, պարտաճանաչ զինվոր էր…

Հետապնդումներն ու զգուշացումները չեն կարողացել շեղել Բակուրին իր որդեգրած ճանապարհից… Նա խիզախ մտասևեռմամբ` նկարչական ապարատով զինված՝  հայտնվել է Նախիջևանում` վանդալիզմի ոգի որդեգրած Ադրբեջանի ավերումների, հայկական հետքի վերացման անխոս ևս մի վկան հանդիսանալով, փորձելով նյութեր հավաքել Նախիջևանում եղեռնվող մշակութային կոթողների վերջին հոշոտված փշրանքներից` փոխանցելու հայ ժողովրդի պատմության չներող ու մեծ  հիշողությանը…

ԽՍՀՄ-ի փլուզմանը հետամուտ, արևմուտքն իր բաժինն ուներ պատմական մի կարևոր գործընթացում, ինչն առիթ հանդիսացավ նաև ԽՍՀՄ Գերագույն Խորհրդի նախագահ Մ. Ս. Գորբաչովին առիթավորվել և երկրում հայտարարել ժողովրդավարություն` ազատ խոսքի և գործի պատմական նոր գործընթացի կուրս, որին… հետևեցին անդամ երկրներում ազգային-ազատագրական շարժումների աննախադեպ ալիքները… Արցախն իր ժողովրդով, ինտելեկտուալ մասսայով այդ հզոր կիզակետերից մեկն էր: Արցախահայության` 1988 թ. մարզային խորհրդում ընդունած, Մայր Հայաստանի հետ վերամիավորման-ինքնորոշման հռչակագրի դեմ Ադրբեջանի կողմից հրահանգվեց և պետական լծակներով կազմակերպվեց ցեղասպանության մի նոր ալիք. հայաշատ վայրերում` Բաքվում, Սումգայիթում, Գանձակում և այլուր սանձազերծվեց սահմռկեցուցիչ կոտորածների-ջարդերի և այլ հայահալած գործողությունների վայրենաբարո շղթա. «ԽՍՀՄ-ը փլուզելու համար,- շարունակելով իր խոսքը ասուլիսի ժամանակ՝ համոզմունքով նկատում է Բակուրը,- ԱՄՆ-ն նպատակ ուներ ազգային-ազատագրական շարժումներ սադրել դրա անդամ երկրներում, իսկ Անկարան իր առջեւ խնդիր էր դրել հայերից մաքրել Ադրբեջանը, ինչպես դա արել էր դարասկզբին՝ հենց Թուրքիայում»։

Այսօրվա պարագայում` աշխարհի մեծ ու փոքր խաղացողների հետապնդած քաղաքական արյունապատիր ծրագրերի արդյունքում, դավաճանված բոլորի կողմից, ՌԴ-ի կողմից ուղարկված խաղաղապահներից ևս մնալով անօգնական` դավաճանվելով, ԱՀ դեմ Ադրբեջանի կողմից 2023 թ. սեպտեմբերի 19-ի սանձազերծված պատերազմի արդյունքում մեծ նվիրյալ Բակուր Կարապետյանի, բոլորիս կողմից պաշտած անզուգական Հայրենիքը` շրջափակման ենթարկված Արցախի Հանրապետությունն ընկավ, հայաթափվեց` ցեղասպանվեց՝ լրիվությամբ օկուպացվելով միջազգային ագրեսոր հանդիսացող Ադրբեջանի (ՌԴ, Թուրքիայի, Ադրբեջանի համատեղ ռազմական օպերացիայի արդյունքում) և նրան սատարող-օգնող պրոկսի պետությունների` Իսրայելի, Պակիստանի և այլ երկրների վարձկանների կողմից:

Իսկ մտոք և աչոք կույր, մշտապես խաղացող, անբարո, հոգով-խղճով վաճառված, նավթահոտ փչող աշխարհը քար լռությամբ լուռ էր ու անտարբեր հնագույն ժամանակներից պատմության  մայրուղով քայլող, քաղաքակրթության հիմնաքար դրած-դնող, հրաշափառ կոթողներ արարած Հայոց Արցախի և նրա օկուպացված տարածքների, վտանգավոր անորոշություններում թևածող, ինքնիշխան ՀՀ ճակատագրերի հանդեպ…

Հայ գրականության, մշակույթի պատմության մեջ բակուրյան ստեղծագործության աուրան, գեղարվեստի քրոնիկոնը անգնահատելի էջեր ունի արձանագրած իր նախասիրած ժանրատեսակների, սրտամոտ թեմաների, շոշափած խնդիրների, հետապնդած ծրագրերի նպատակադրմամբ: Ժամանակ, հիշողություն, պատմություն, լեզու, մշակույթ, պայքար, գրականություն, ազգային անհերքելի արժեքների դիտարկում. ահա այն հիմնարար կատեգորիաները, որոնք ոգի, հոգի, արցախաթև-հայաշերտ շունչ, թռիչք, ազգային գաղափարակարգ են տվել, ֆենոմենալ տարրեր են դարձել ստեղծագործող Բակուրի գեղարվեստում:  Բազմաբնույթ հոդվածներ, պատմափաստագրական նյութերի զուգադրմամբ ստեղծված համադրական արձակ (հանդիսանալով Րաֆֆու փաստաուղեգրական արձակի հետևորդ), հրապարակախոսական բազմաթեմատիկ նյութեր ու պատմվածքներ` սփռված հանրապետական մամուլի էջերում և ալյուր, էսսեներ, հեռուստատեսային տարատեսակ մշակութային խնդիրներ շողափող հաղորդումներ, միջնադարյան կոթողներին նվիրված ակնարկներ-հաղորդումներ, «Ազատամարտ» թերթի արցախյան բաժնում զետեղված (Բակուրն այնտեղ աշխատել է որպես բաժնի վարիչ) ռազմաճակատային ռեպորտաժներ, տեղեկատվական և վերլուծական նյութեր, խորհրդանշական սիմվոլիկայով, նշանագիտական մեթոդիկայով ստեղծված, գեղանկարչական և լուսանկարչական, խմբակային ու անհատական աշխատանքների ցուցահանդեսների շարք։

«Աղետ» (վավերագիր), 1990, «Ճերմակ  անդունդ»  (վիպակներ,  պատմվածքներ), 1991, «Շուշի բերդաքաղաքը» (պատմությունը մինչև 1920 թ.), 2000, «Ճողոպրիկի և փոքրիկ Հովիկի արկածները», 2003, «Հեռուստագիշատիչը» (վեպ), 2004, «Նեռը իմ մեջ», 2010, «Շուշեցու հիշատակարանը», 2013, «Գյուլիստան նամե», 2 հ-ով, 2005, «Հարյուր տարվա երկխոսություն» (վիպակ), 1986, էսսե, 2 հ-ով, Արցախյան գոյամարտի համահավաք մատենաշար (5 հտ.), «Վաչական» (պատմավեպ) և այլն:

Անձանձիր մշակը, հայ գրականության մեծերին, երևելիներին` Եսայի Հասան Ջալայանին, Մեսրոպ Թաղիադյանին, Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցին, Ղևոնդ Ալիշանին,  Մուրացանին, Րաֆֆուն ու նրանց անցած հետքերին հետևելով, ձգտում է անցյալի հեղինակներից փաստակտորներ հավաքելով՝ զուգահեռներ անցկացնել ապրած ժամանակաշրջանի և անցյալում կատարված պատմական անցքերի միջև, ուղենշային ընդհանրացումներ կատարել և տեղեկություններ ներկայացնել Հայոց անզուգական նախնիների վարք ու բարքի, մելիքական, իշխանական, նախարարական, արքայական տների, շինականության կյանքի պատմական անցքերի մասին, դրանց գեղարվեստի կերպարանք տալ իր ուղեգրական, փաստագրական, վիպապատմական երկերի տողանցումներում, հարցում անելով անցյալին՝ օգնել պատասխաններ գտնել, ճանապարհ ցույց տալ հայ ժողովրդին՝ նրա առջև ծառացած քաղաքական կործանարար խնդիրների շուրջ…

Րաֆֆուն նվիրած «Հարյուր տարվա երկխոսություն» գիրքը մեծ խորհուրդ ունի. 1981 թ. Բակուրը ձեռնարկել և փորձել է Րաֆֆու հետքերով կատարել ճանապարհորդություն: Թբիլիսից ուղևորվելով՝ անցել է այն ճանապարհով, որով մեծ վիպասանն էր անցել ուղիղ հարյուր տարի առաջ: Այդ իսկ պատճառով ուղեգրությունն իր անվանել է «Հարյուր տարվա երկխոսություն»:

Բացառիկ պատմաքաղաքական, հայագիտական, գրականագիտական ընդհանրական վիպական արժեք է «Վաչական» պատմավեպը: Սարգիս արքեպիսկոպոս Ջալալյանցին («Ճանապարհորդութիւն ի Մեծն Հայաստան») հետևելով՝ Բակուրը նախընտրում է Հայոց արքայի անվան գրության «Վաչական», ոչ թե այլ աղբյուրներում ընդունված «Վաչագան» ձևը: Պատմավեպի սյուժեի և կերպարների համակարգի գաղափարակիր հերոսը Հայոց Վաչական արքան է` իր ծավալած անգերազանցելի գործունեությամբ, նկարագրի տիպական շերտերի ու վիպապատմականության եզրերի բացահայտմամբ, ճակատագրի ողբերգական անցքերի տիպականացմամբ:

V դ. 80-ական թթ. հայոց ապստամբական շարժման արդյունքներից էր Մեծ Հայքի Արցախ և Ուտիք նահանգներում և դրանց հարակից տարածքներում հայկական թագավորության վերականգնումը։ Թագավորության հիմնադիրն էր Հայկազուն-Սիսակյան Առանի տոհմից սերող, Արսվաղեն հորից ծնված Վաչական Գ Բարեպաշտը (մոտ. 453 – մոտ. 518 թթ.)։ Արքայի մատուռը գտնվում է իր իսկ ձեռքով կառուցած Եղիշե առաքյալի վանքի (Ջրվշտիկ) մոտակայքում։ Գահ է բարձրացել երկրամասում ավելի քան երկու տասնամյակ տիրած անիշխանությունից հետո՝ 487 թ., Պարսից արքա Վաղարշի օրոք (484-488)։ Ամրապնդելով Արցախ–ուտիքյան իշխանությունը՝ այն հռչակել է թագավորություն։ Թագավորանիստ է դարձրել Գյուտական (Դյութական) ավանը։  Կարկառ գետի ափերին հիմնադրել է Վարարակնը` ԱՀ մայրաքաղաք Ստեփանակերտը:

Պատմավիպասանի գրչի տակ վերակենդանանում է V դարավերջի Արցախ, Ուտիք աշխարհների պատմության գեղարվեստական դրամատիկական նկարագիրը: Կիզակենտրոնում Վաչական Գ Բարեպաշտի քնարական երանգներով զարգացող կերպարի նրբերանգների բացահայտումներն են: Վաչական Գ Բարեպաշտը ծավալել է եկեղեցական, բարենորոգչական, լուսավորական և քարոզչական, շինարարական բուռն գործունեություն։ Տարվա օրերի թվով եկեղեցիներ է կառուցել Արցախում: Թագավորության վարչական հիմքերն ամրապնդելու նպատակով Վաչական Գ Բարեպաշտ արքան ձեռնամուխ է եղել ներքին կարգուկանոնն ապահովող օրենքների մշակմանը։ ժամանակի նշանավոր մտածողների (Մատթե, Աբրահամ Մամիկոնյան, Պետրոս Սյունեցի) աջակցությամբ և եկեղեցական նախկին կանոնների ու պետական կազմակերպության մասին պահպանված մատենագրական նյութերի հիման վրա Վաչական Գ Բարեպաշտը կազմել-ստեղծել է «Սահմանադրութիւն կանոնական…»-ը, որն իր ամառանոց Աղվենի (Աղվենը գտնվում է ներկայիս ԱՀ Մարտակերտի շրջանի Քոլատակ գյուղի մերձակայքում) կանոնադիր ժողովում (մարերի 13 – մայիսի 20, 488 թ.) ընդունվել է եպիսկոպոսների, քահանաների և ազատների համաձայնությամբ։ Այն համաշխարհային և հայ իրավագիտության պատմության մեջ ամենահին կանոնագրություններից է։

Հետևելով Ստ. Օրբելյանի վկայություններին՝ Կարապետյանը վեպի վերջնամասերը ամփոփում է հետևյալ դիտանկյուններում` շաղախված պատմականության ենթաշերտերով, վիպագրելով հետևյալը. Վաչական Գ Բարեպաշտ արքան իր փեսայի` քրիստոնեություն ընդունած և Պարսից գահից հրաժարված, արքայից արքա Ջավասպի` Խոնչիկ դստեր ամուսնու հետ դավադրաբար սպանվում է Ջավասպի, Պարսից արքայից արքա Կավատի կողմից` Մեծ Սյունիքի Բարգուշատ (Քաշունիք) գավառում…

Իր հիմքում պատմավեպը ուսուցողական, պատմական, արդիական հզոր երանգներ է պարունակում Արցախի պատմության այդ ժամանակաշրջանի ճիշտ նկարարագրի վերհանման տեսանկյունից…

Անպարփակ են Բակուրի ու նրա ստեղծագործությունը արժևորելու սահմանները. այն թողնենք այլ առիթների, ուստի, հավելենք ամենակարևորը:

Ամենարգո՛ ԲԱԿՈՒՐ ԿԱՐԱՊԵՏՅԱՆ ջան, անզուգական հայորդիս, տաղանդաշատ Արցախցիս, համայն հայության քաղաքական, մշակութային, պատմական, հրապարակագրական, ազգաբանական, գաղափարաբանական հոգսերով ապրող, այդ արարչական տարածքներում ստեղծագործող մեծ հայրենասեր բարեկամս, հոբելյանական շնորհավորանքներս Ձեզ` 85-ամյա վաստակաշատ հոբելյարիդ, հրաշատեսությամբ լի լավագույն բարեմաղթանքներս` մեծանուն արվեստագետիդ, ամուր առողջությամբ,  հաջողությունների շարանով, ամենահոգելույս հայրենական աչքալուսանքներով մնացեք դեպի ՀԱՅՐԵՆԻՔ ՄԵԾ ՎԵՐԱԴԱՐՁԻ գրավականով՝  տեր կանգնելու մեր հազար վերքերից քրքրվող Հայրենիքին, որ ներքին ու արտաքին թշնամյաց ցանկություններին հակառակ՝ մեզ է սպասում գիշեր ու տիվ` Մեր Մեծ, իմաստնամիտ Ապ ու Պապերի, Նախապապերի  երազապահությամբ, ոգեկռիվներով լի… Հարգանքնե՛րս, ողջույննե՛րս…, Հայ ժողովրդի սիրո հավաստիքն ընդ Ձեզ, մեծ մտածող…

Ամուր մնացե՛ք, սիրելի՛ ԲԱԿՈՒՐ Հայրենակից…, 100-ամյակը Ձեր` միմիայն վաղուց հաղթանակի բերկրանքից շենացած-վսեմացած-շիկնած-հզորացած ՀԱՅՐԵՆԻՔՈՒՄ…                                                                                   

Զինաիդա ԲԱԼԱՅԱՆ

բան. գիտ. դոկտոր, «Գրիգոր Նարեկացի» համալսարանի

պրոֆեսոր, գրական-մշակութային գործիչ