ՆԱՄԱԿ ԳՐԻԳՈՐ ՆԱՐԵԿԱՑՈՒՆ/ Ռաֆ ԲԱՐԱԹՅԱՆ

Եվ պահը եկավ նամակագրության՝
Դարերի միջով հասնելու դատին,
Ես՝ ստորոտում դարավոր այս տան,
Աստվածությունը՝ խաչի գագաթին։

Իմաստնությունից զուրկ ու անհարիր
Եվ գայթակղության այս ձևերին մերձ
Խաչատյացության տենդն ահավասիկ
Հոգի առ հոգի թևում է անվերջ։

Նավը գնում է՝ չհասնելով տեղ,
Կայմադետների աչքը՝ ցամաքին,
Որտեղ խաչ կա ու Աստծո մատնահետք՝
Գոյութենության սերմեր տակավին։

Այս շրջանակը անձև է, վերքոտ,
Զուրկ խղճմտանքից, նաև անհոգի,
Աղոթաբարբառ մատյանիդ ներքո
Ալեբախում է Աստծո և հոռի։

Ես՝ այս երկրային գոյության մի ձև,
Գոյապաշտություն՝ դու այն երկրային,

Առևանգիր ինձ ցնորքից անթև,
Աղանդավորաց մտքից դիվային։

Պարզիր դու լույսդ հավատավորիս
Բարեխոսության քո ձայնով անպարտ՝
Հաղորդակցելու ինձ Աստծո հետ իմ
Դաշնությամբ քո հին՝ որպես ճանապարհ…

 

ՆԱՄԱԿ ՍԱՅԱԹ-ՆՈՎԱՅԻՆ
Քո երգերով քեզ կգրեմ․
Այդ եմ լսել, Սայաթ-Նովա,
Լսել եմ ու վերքս դրել
Լույսի գոգին, որ հովանամ։

Լսել եմ ու առել գիրկս
Այն աղջկան, որ իմ տունն է,
Որին դիպչող սիրտ ու միտքս
Հազար քամի չի գուրգուրել։

«Ո՞ւմ է նման» հարցով իզուր
Չթաթախեմ լեզուս հիմա,
Պարզ չէ՞՝ երգիդ նման լազուր
Հասակ ու շուք ունի միշտ նա։

Գիտե՞ս՝ ծոցիս վարդ է աճում
Ու մանուշակ ամբողջ տարին,
Այնքա՜ն սմբուլ, սուսան դաշտում
Չեն շաքիլվում` ոնց սրտում իմ։

Հազար վրձին պետք չէ, գիտե՞ս,
Նկարելու կյանքն իմ հուռթի,

Վրձինն ի՜նչ է, արի ու տես
Պատկերը իմ լույս ու մութի։

«Թամամ աշխարհ պըտուտ էկայ»,
Քեզնով դիպավ նրան հոգիս,
Քո երգերով ձգված երկար
Ճամփան կտրեց աչքս հոգսից։

Ապրես ինձ պես, Սայաթ-Նովա,
Հազար կյանքդ՝ հազար երգով,
Ապրես, որ իմ ամեն օրվան
Լույս տվիր քո սիրերգերով…

 

ՆԱՄԱԿ ՊԵՏՐՈՍ ԴՈՒՐՅԱՆԻՆ
Ես շոյում եմ ապշանքը քո ալյակի
Դողով գրչի, բառ ու բանի հին դողով՝
Հասցնելու և՛ քեզ, և՛ ինձ լճակի
Թրթիռները՝ մե՛րթ փշապատ, մե՛րթ ողորկ։

Կանգ է առնում ինձնից առած ժպիտով՝
Հագած հրդեհ, հագած հուրը իմ հագի,
Կանգ է առնում աչքերի մեջ մի քիչ թով
Ու մի քիչ էլ՝ պաղություններ անհարկի։

Նայում անհոգ, նետում պղտոր քչքչոց
Իմ ճակատի կնճիռներին իր գործած,
Նետում հայացք՝ շուրթերին մի քչփչոց,
Որ նման չէ քչքչոցին տաք ու թաց։

Ու շրջվում է լճակն ինձնից՝ նոր ու հին
Ջրին տալով հալումաշս անվրդով,
Ջուր ցփնելով իմ կիսափուլ թևերին՝
Հեռանում է լճակն ինձնից՝ քո խռով։

Հեռանում եմ ես լճակի հետ՝ անքուն,
Լցվում ճերմակ ընդերքներն իմ վաղեմի՝

Ընդգրկելով հոգի-մարմինն իմ տրտում,
Ընկղմվելով ծովի ծոցը հայրենի։

Ես շոյում եմ ապշանքը քո ալյակի,
Այն ալյակի, որ հիշատակն է հուշիս,
Այն ալյակի, որ աշխարհի հագին հին
Հագուկապ է՝ անցյալներով իր ուշիմ…

 

ՆԱՄԱԿ ՀՈՎՀԱՆՆԵՍ ԹՈՒՄԱՆՅԱՆԻՆ
Դար է անցել, բայց չի գտել
Տեղս հունը իր արյան,
Ահա այսօր հուն է դարձել
Այս նամակը, Թումանյա՛ն։

Հիշո՞ւմ ես այն ընկուզենին՝
Մեզ նստեցրած ծալպատակ,
Եվ ստվերոտ այն թզենին,
Որ զովացրեց անհատակ։

Մենք Լոռու հետ՝ երեք եղբայր,
Երեքս էլ՝ մի մորից,
Ծառ ու ծաղկի խորհրդավայր՝
Խորհուրդ արած մեր Հորից։

Քոշաքարով մենք ելել ենք
Գագաթները երազի,
Ձոր ու սարով որ միշտ մերենք

Մենք մեզանից երկրացի։

Իսկ հիշո՞ւմ ես մեծ Ուխտը մեր,
Որ դաջեցիր մեր հոգուն…

Երախի մեջ անդեմ մի դև

Պատառոտեց օրնիբուն։

Բայց վերջացան, ա՜խ,  անց կացան
Ծառ ու ծաղիկ, հույս և Ուխտ,
Մեզ մոտ եկող ամեն կածան
Դարձավ լլկված մի պանդուխտ։

Խնդությունը՝ սեղան կլոր՝
Աշխարհների մերձեցման,
Սակայն աշխարհն այգն ի գլոր

Միակ ճամփորդն այս եղծման։

Բավ է, Պոե՛տ, շունչ չմնաց՝
Թոքերիս պաղն առնելու,
Երնեկ քո և իմ անմոռաց
Եղելության հառնելուն…

 

ՆԱՄԱԿ ԱՎԵՏԻՔ ԻՍԱՀԱԿՅԱՆԻՆ

Նամականիշը՝ ծրարի վրա,

Գրված է նաև հասցեն՝ Պանթեոն,

Այս նամակն էլ թող իմ սիրտը լվա

Պատասխանովդ՝ քո մտքից թևող։

 

Ինձ ասում էիր. «Կգա Ոգու սով,

Եվ կդանդաղի պտույտը օրվա,

Բառը չի մնա մի նետ սլացող,

Տխեղծությունը գուրգուրող կգա։

 

Եվ կմրմռա իսկությունն անգո՝

Գարշապաշտության մրուրի հանգույն,

Ծարավն ի՜նչ է, որ ամեն երեկո

Չգցի սովին ծուղակն իր գանգուր»։

 

Ահա եկել է, վարպե՛տ, սովը ծով՝

Համաճարակը ոգեմերկության,

Եվ հռհռոցում մի խուլ բերկրանքով

Ծփում է հոգին այս անհերկության։

 

Այսքանը, վարպե՛տ, ձեռքս դողում է,

Հպվում է վերքս գրած նամակիս,

Ես հոգու տեր եմ, որն իմ Ոգում է՝

Ամեն ժամ նայող դեմքին զավակիս։

 

Մի բան էլ. սակայն լսելի են միշտ

Քո քարավանի ղողանջները ջերմ,

Ասա՛ ինձ, Վարպետ, ի՞նչ հղել առ միտք,

Որ քարավանն այս մեղմ չղողանջե…

 

ՆԱՄԱԿ ՎԱՀԱԳՆ ԴԱՎԹՅԱՆԻՆ
Ձայնն եմ լսում ես Եփրատի,
Որ կարկաչում է քո ձայնով,
Ոսկեկանչից քո գետակի
Այս նամակն է ծնվում ցավով։

Գրում եմ քեզ հանց մանկություն՝
Ծփանքներով ցող ու ցորյան,
Որն իջնում է անտակ, անհուն

Կարոտն ի վար ակնաձորյան։

Ու ման տալիս ալյակն անքուն
Աչքերը իր՝ ցասումնալից,
Ման է տալիս՝ չգտնելով
Մանկության հետ քեզ խաղալիս։

Ու հոսում է Եփրատն անծիր՝
Որոնելու խաղն ալիքի,
Բայց գտնում է մի Արաբկիր՝
Առանց խաղ ու խաղալիքի։

Եվ տեսնում է գետից հեռու,
Բույրից հեռու՝ լքված թոնրի,

Կարկաչահեղձ մի մանկություն՝
Կարկաչամերձ հին օրերի…

Ես Եփրատի ձայնով համակ
Ալիքվելու ունակ չեղա,
Բայց Եփրատի տեղ մի նամակ
Ալյակում եմ՝ ո՞ւր ես, տղա՛…

 

ՆԱՄԱԿ՝ ԶՈՒԼՈՅԻՆ

(ՍԱՄՎԵԼ ԶՈՒԼՈՅԱՆԻՆ)

Նամակը ձեռքիս՝ բախեցի դուռդ,

Բացողը շնչեղ երկինք էր մի պուտ,

Ասացի՝ պարզիր բառաչափ բուռդ՝

Առնելու ձեռքիս նամակը կապույտ:

 

Ասացի ու ինձ իսկույն թափ տվի.

Մի՞թե ցնդել եմ լիովին արդեն.

Բայց այս ցնորքը որքան էլ տևի,

Կսպասեմ մինչև հառնելդ իմ դեմ:

 

Բայց զուր կարծեցի. քո բառոտ ձեռքով

Երկինքը առավ նամակն իմ ձեռքից,

Նամակն առավ ու կապուտան հևքով

Շլացրեց քեզ հետ իր մերման ձևից:

 

Ու շողարձակեց երկինքը կապտաչ՝

Մինչև հասնելը նամակի վերջին,

Ու երկինքը մի բան խառնեց կանաչ

Իր հիշողության դանդաղկոտ երթին:

 

Եվ սեղան բացվեց նամակի հանգույն,

Թասի մեջ եռաց վարքը անցյալի,

Ու հայացքներում մեր մեռալաբույն

Դողաց գալիքը մեր Բարձրյալների։

 

Եվ լռությունը՝ բաժակը ձեռքին,

Բառերը ծածկած աչքերի լացով,

Շշնջաց դողով՝ հլու իր եռքին՝

Զուլոյավարի անփույթ ծխացող։

 

Նամակը ծալվեց, ննջեց գրպանում,

Ինչպես ննջում եմ հիմա ես այստեղ,

Ինչպես ննջում է Զուլոն մեծանուն

Գրպանում հողի՝ որպես մի կանթեղ…

 

ՆԱՄԱԿ ՄԻԳԵԼ ԴԵ ՍԵՐՎԱՆՏԵՍԻՆ
Բարի լո՛ւյս, բարի լո՛ւյս, Սերվանտե՛ս,
Ինչպե՞ս ես, ինչպե՞ս են գործերդ,
Մի՛ տնտղիր․ դժվար թե ճանաչես
Քեզ նամակ գրողի փորձերը։

Հեռու ենք, մղոններ հեռու է
Հայաստանն Իսպանիա աշխարհից,
Սակայն միշտ իմ հոգին եռում է
Կաթսայում օրերի դառնալից։

Իմ դարը քո դարի որդին է,
Նման է իր հորը և՛ դեմքով,
Ե՛վ հոգով, որից հին ոգի է
Ձգվում իմ կողմերը նույն վերքով։

Ասպետը այլևս չկա, չէ՞,
Չի անցել, չէ՞, նա էլ քո երկրով,
Բայց կա նա, քշել ու բերել է
Մոլորակն իր ահեղ պտույտով։

Այստեղ է, ապրում է միայնակ՝
Աչքերում երկնագույն հեքիաթներ,

Պանդոկը թվում է մի դղյակ՝
Տարածող մանյակներ ագաթե։

Անունը կարծես Դոն Կիխոտ էր,
Ճիշտ է, չէ՞, հիշում իմ մերկ հուշը,
Որ դրախտ հորինած դժոխք էր
Բաժանում, մինչև գար անուրջը։

Դե՛, բարի գիշեր քեզ, Սերվանտե՛ս,
Կիխոտյան օրը ինձ կանչում է,
Մինչև դու երկու բառ կգրես,
Հավաքեմ մարմինն իմ աճյունե…