Մայիսի 26-29-ը Բուլղարիայի Բուրգաս քաղաքում տեղի ունեցավ «Սրբազան բառ» (“Свято слово”)՝ միջազգային գրական փառատոնը: Փառատոնը կազմակերպվում է Բուրգասի գրողների միության և «Լյուբեն Կարավելով 1940» մշակույթի տան համագործակցությամբ: Նշվում էր փառատոնի հիմնադրման 20-ամյակը: Փառատոնին մասնակցում էին գրողներ Բուլղարիայից, Լեհաստանից, Խորվաթիայից, Մակեդոնիայից, Չեխիայից, Չեռնոգորիայից, Սերբիայից: Հայաստանից փառատոնին մասնակցում էր բանաստեղծ Հերմինե Նավասարդյանը: Մասնակիցներին ողջունեցին փառատոնի հիմնադիր, բանաստեղծ, թարգմանիչ Ռոզա Բոյանովան, կազմակերպիչներ «Լյուբեն Կարավելով 1940» մշակույթի տան քարտուղար Վիլի Կոլևան և Բուրգասի գրողների միության նախագահի տեղակալ, բանաստեղծ, թարգմանիչ Նատալյա Նեդյալկովան: Այնուհետև ողջույնի խոսք ասացին մասնակից գրողները և ընթերցեցին իրենց բանաստեղծությունները մայրենի լեզվով: Հնչեցին նաև բանաստեղծությունների բուլղարերեն թարգմանությունները: Փառատոնի կազմակերպիչները գրողներին հանձնեցին փառատոնի մասնակցության հավաստագրեր, նրանց ստեղծագործությունները պարունակող բուլղարերեն «Բուրգասի ոգեշնչմամբ» անթոլոգիան, ինչպես նաև գրքեր ու հուշանվերներ փառատոնի հովանավոր Բուրգասի քաղաքապետարանի կողմից: Անթոլոգիայում տպագրվել էին 2022-2026 թթ. փառատոնի մասնակիցների ստեղծագործությունները:
Մայիսի 29-ին փառատոնի մասնակիցներն ուղևորվեցին Ստրանջա լեռներում գտնվող հնագույն մեգալիթյան Բեգլիկտաշ սրբավայր ու աստղադիտարան: Այնտեղ բանաստեղծներն ընթերցեցին իրենց ստեղծագործությունները: Լավագույն ստեղծագործություններն արժանացան մրցանակների: Մրցանակներ ստացան Միոդրագ Յակշիչը՝ Սերբիայից, Ռոման Կիսյովը՝ Բուլղարիայից, Դանիելա Անդոնովսկա-Տրայկովսկայան՝ Մակեդոնիայից, Հերմինե Նավասարդյանը՝ Հայաստանից, Դուշիցա Իվանովիչը՝ Սերբիայից և Վենցիսլավ Յոսիֆովը՝ Բուլղարիայից:
Սեփ. լրտ.
