ՍԱՌԸ ԳԱՐԵՋՈՒՐ / Հրաչ ԲԵԳԼԱՐՅԱՆ

Երազիս մեջ գետը հոսում էր պղտոր ու խելագար: Երկար ժամանակ երաշտ էր եղել, հետո մեր կողմերին ոչ հատուկ հորդ ու անսանձ արևադարձային անձրև էր տեղացել, ու գետը խելռել, վարարել, դուրս էր եկել ափերից, քանդել էր արտի մի մասը: Բերանն առած` տարել էր մշակած հողը և յուղոտ հումուսի փոխարեն քար, տիղմ ու ավազ էր լցրել: Վա՜յ մաքրողին: Ինչքա՞ն պիտի տանջվի, որ էդքան քարը հավաքի, հավաքածի միջից լավերը ջոկի, բերի-շարի գետի ափին, որ բան է, եթե նորից գետը խելագավի, արտը գոնե պատ ու պատնեշ ունենա: Հետո մնացած քարերը սայլակով կրի, արտից հեռացնի պիտի ու նորից քրտնելով վարի-ցանի և հույսը սրտում, աչքը երկնքին՝  բերքահավաքի սպասի:

Երազիս մեջ նոփ-նոր շագանակագույն կոստյումը հագին էդ փրփրաբաշ, էդ տղմախառն գետի ափին մի քարի վրա նստել էր Բալայան Աբելն ու կապույտ աչքերը ջրին էր հառել: Նայում էր գետին: Ինձ չէր նայում, բայց համոզում էր գարեջուր խմելու գնալ:

– Հա, բայց գետը,- ձեռքս առաջ էի մեկնում ու փորձում էի ինչ-որ բան հասկացնել նրան: Իբր՝ ախր եթե ուզենամ էլ գալ, մեկ է, գետն անցնել չենք կարողանալու: Գետը քշել, տարել է կամուրջը, և մինչև այն նորոգեն, համ քո գարեջուր խմելու հավեսը կանցնի, համ քեզ հետ չգալու  իմ ցանկությունը կամրանա:

– Է, գետն ի՞նչ,- ասես չի հասկանում նա,- արի գնանք գարեջուր խմելու: Գետը լավ, թունդ գարեջրի գույն ունի: Արի գնանք, ծախսը քո վրա,- ասում է:

– Ծախսն անեմ,- մտքումս նեղվելով` պատասխանում եմ նրան,- բայց գետը…

Հետո հիշում ու հասկանում եմ, թե ինչու չեմ ուզում նրա հետ գնալ: Ախր Աբելը մեռած է: Նա այն աշխարհում  է վաղուց:

– Ախր դու մեռած ես,- նեղանում եմ բացահայտ,- ինձ ո՞ւր ես տանում հետդ: Ես հազար մուրազ ունեմ, ախր: Մեռած մարդն էլ գարեջուր խմի՞:

– Մեռած մարդ չկա,- հոդատապից ծռված ցուցամատը վերև է տնկում նա,- ոչ այս աշխարհում մեռած կա, ոչ այն:

Ոչ այն է ժպտում է, ոչ այն է` հերսոտում: Իբր՝ հազիվ էր համոզել, որ ես գարեջրի ծախսը քաշեի, իսկ ես ահա պատճառ եմ բերում գետը և հրաժարվում եմ, թեև ոչ բացահայտ: Նեղանում է, որ ես պատճառ եմ բերում իր մահացած լինելը:

– Իմացիր, ես կամ ու գարեջուր խմելու հավես ունեմ,- իր ասածը հաստատում է կրքոտ:

– Ձեր աշխարհում է՞լ են գարեջուր խմում,- հետաքրքրվում եմ,- ախր էդտեղ  կարծեմ ուտել-խմել չկա:

– Է՜,- անորոշ ծոր է տալիս նա, և ես այդպես էլ չեմ հասկանում՝ էն աշխարհում ինչ կա ու ինչ չկա: Բայց նա հայացքը չի կտրում կատաղած գետից ու տնքում է:

– Ի՞նչ է եղել,- նրան խղճալով` հարցնում եմ երազիս մեջ:

– Մեղք է,- ասում է,- ամեն մարդ մեղք է: Գիտես ինչո՞ւ է մեղք,- հարցնում է, ասես բացակա լինի, ասես ոչ թե ինձ հետ է խոսում, այլ հեռու-հեռավոր մեկի:

Ես լռում եմ` չիմանալով ինչ պատասխանեմ:

– Չգիտե՞ս,- հարցնում է մի քիչ նեղսրտած:

– Դու ավելի լավ պիտի իմանաս,- ասում եմ,- էն աշխարհ գնալու ճանապարհին երևի հասկացած կլինես, որ ամեն մարդ մեղք է, մեռած լինի, թե ապրող, մեղք է: Եթե Աստծո փեշի մեջ չէ, եթե Աստծո աջը նրան հովանի չէ, մեղք է:

– Էդ մեկը ճիշտ ես ասում,- գլուխը տմբտմբացնում է նա ու շարունակում,- մարդու կյանքն այս աշխարհում խտանում է այնքան, մինչև վերածվում է պատուհանի:

– Ի՞նչ պատուհան:

– Ի՞նչ  պատուհան: Երկու մետրը մի մետրի վրա՝ հողի մեջ բացված պատուհան:

– Այսինքն` գերեզմա՞ն,- ճշտում եմ զարմացած:

– Հա բա՞: Չգիտես, որ ամեն գերեզման այն աշխարհ տանող  պատուհան է:

– Ցավոտ պատուհան է, սառցապատ պատուհան,- հոգոց եմ հանում վախեցած ու մտածում. «Տեսնես էս մարդն ինձնից ի՞նչ է ուզում: Էլ ուրիշ հոգս չունի՞, որ հայտնվել է երազիս, ինձ գարեջուր խմելու է հրավիրում: Առաջարկում է գարեջրատուն գնալ քիչ է, դեռ պահանջում է, որ ծախսը ես քաշեմ: Ախր ողջ ժամանակ ես նրա ո՛չ ընկերն եմ եղել, ո՛չ բարեկամը, ո՛չ մտերիմը: Ծանոթ ենք եղել իրար: Նույն դպրոցում ենք աշխատել: Ես՝ երիտասարդ ուսուցիչ, ինքը՝ վաստակավոր ու… էդքանը»: Մտածում եմ ու կրկնում.

– Ցավոտ պատուհան է:

– Նայած ում համար,- վերջապես հայացքը կտրում է գետից, նայում է երեսիս, ու կապույտ աչքերը ժպտում են, ասես մայիսի նորաբաց անմոռուկներ լինեն:

Գետը հոսում է վարար, գետը հոսում է պղտոր, ճիշտ է, հիմա հուն է մտել, բայց մեջքն ուռեցնում է կատաղած հովազի նման ու մեկ-մեկ բերանից փրփուր է բաց թողնում: Նայում եմ ու սարսռում, նայում եմ ու փշաքաղվում, իսկ Աբելը ժպտում է: «Նրան ի՞նչ, նա արդեն մեռել է,- մտածում եմ,- մարդն ամենաշատը վախենում է մեռնելուց: Մարդն ամենաշատը վախենում է մահվան անորոշությունից: Աբելը վախենալու բան չունի, նա արդեն մի անգամ մեռել է»:

– Հեղեղի տարերքից խենթացած գետը խանդոտ կնոջ է նման,- ասում է Աբելը առանց ժպիտը դեմքից ջնջելու:

Ես ձայն չեմ հանում: Ի՞նչ ասեմ, ես աշխարհում մի կնոջ եմ սիրում, սեփական կնոջս ու նրան երբևէ խանդելու առիթ չեմ տվել: Չգիտեմ, գուցե թե տվել եմ, բայց կինս այնքան խելք է ունեցել, որ իր խանդն ինձ ցույց չի տվել: Կամ էլ շատ լավ է ճանաչել  ինձ ու իմացել է, որ ես իրեն որևէ մեկի հետ փոխել չեմ ուզում, ու չի խանդել:

– Դու սիրող կնոջ խանդ տեսե՞լ ես,- հարցնում է նա, ու ես բացասաբար շարժում եմ գլուխս:

– Կնոջ խանդը կատաղած, վարարած գետից ավելի մոլեգին է և ավերում, բերանն առած` տանում է  իր ճանապարհին հանդիպած ամեն բան: Լավ ու օգտակար լինի այն, թե վատ, նրա համար հաշիվ չէ:

Ես չեմ հասկանում, թե նա ինչու է այդ ամենի մասին խոսում ինձ հետ: Իսկ նա վեր է կենում նստած տեղից, երկու ձեռքով թափ տալով մաքրում է քարից տաբատին կպած փոշին, տիղմի մնացորդներն ու դառնում է ինձ.

– Հիշո՞ւմ ես, խորհրդային պետության վերջին տարիներին ճարպիկ, գործարար կանայք ի՞նչ էին անում:

– Ի՞նչ,- մեխանիկորեն հարցնում եմ:

– Գնում էին Չինաստան, Թուրքիա, Իրան, ապրանք էին բերում՝ հատկապես շորեղեն, ու ծախում էին իրենց տներից: Էդ հետո խանութներ բացեցին, էդ հետո իրենց աշխատած փողերով մեծ վաճառասարահներ բացեցին, իսկ էդ ժամանակ… Հիշո՞ւմ ես:

– Հա, հիշում եմ, հետո՞:

– Հետո, ուրեմն, ինձ հետ ինչ որ եղավ, էդ կանանցից մեկի պատճառով եղավ:

Ես չեմ ընդհատում, չեմ հարցնում՝ ի՞նչ եղավ, չեմ հետաքրքրվում՝ ի՞նչ կնոջ պատճառով եղավ, թողնում եմ, որ ինքը պատմի: Եթե մարդն ինձ է ընտրել ու եկել, ինչ-որ բաներ է ուզում պատմել, թող պատմի: Իսկ նա խորը շունչ է քաշում ու շարունակում է.

– Ուրեմն, այդ տարիներին ես էլի դպրոցում էի աշխատում, սիրում էի իմ աշխատանքը, սիրում էի ընտանիքս, սիրում էի իմ երկու սենյականոց փոքրիկ բնակարանը, որ ինձ աշխարհի թերևս ամենամեծ պալատն էր  թվում: Կնոջս էի սիրում նաև: Մի օր կինս զանգեց դպրոց: Այն ժամանակ դեռևս չկային ձեռքի հեռախոսները, եթե հիշում ես, լարով հեռախոս էր: Մի ապարատ՝ ամբողջ դպրոցի համար և դրված էր ուսուցչանոցում, բայց էս պատմության մեջ դա կարևոր չէ: Դասամիջոց էր, ասացին՝ ինձ հեռախոսի մոտ են կանչում: Կինս էր:

– Դասերից հետո մտիր Մանիկի տուն:

– Մանիկն ո՞վ է,- չհամբերելով ընդհատեցի:

– Այ տնաշեն, համբերիր, էլի,- գծի այն կողմում իմ սովորական անհամբերության վրա նեղսրտեց կինս,- միշտ անհամբեր ես եղել,- ասաց՝ նույնիսկ այդ պահին փորձելով դաստիարակել ինձ:

– Լավ, ասա,- ընդհատեցի նրան:

– Հա, ուրեմն կմտնես Մանիկի տուն: Առևտրական Մանիկի տուն,- ճշտեց` իմանալով մոռացկոտ լինելս,- տոպրակով շորեր կտա, կբերես:

Հասկացա, էլի առևտրականից շորեղեն պիտի առնի և էլի պիտի փող ծախսի: Դա ինձ նեղություն էր պատճառում, դա ինձ հունից հանում էր: Գիտեր, բայց ինձ էլ էր մասնակից դարձնում իր գործողությանը: Այդպես էր անում, որ հետո վրան խոսելու առիթ չունենայի: Հիշո՞ւմ ես, խորհրդային տարիներին չէր խրախուսվում մասնավոր առևտուրը, մասնավոր առևտրականները «սպեկուլյանտ» էին կոչվում: Ճիշտ է, այդ օրերին արդեն այդքան խեթ չէին նայում նման մարդկանց, բայց որ ուսուցիչը «սպեկուլյանտի» տուն գնար…

Մի խոսքով, կնոջս «հա» ասացի ու անջատեցի հեռախոսը:

Դասերն ավարտվեցին: Տուն գնալս չէր գալիս: Քաղցած էի ու հոգնած, բայց Մանիկի տուն գնալու միտքը կապի նման բռնել էր ոտքերս ու նստել, մնացել էի ուսուցչանոցում: Ծխեցի մի հատիկ, քաղցած փորին ծխախոտի ծուխը նույնպես տհաճ էր: Ես տարիներ շարունակ ծխում էի օրը մի քանի հատիկ, այն էլ՝ հաց ուտելուց հետո: Հիմա խախտեցի կարգը, ծխեցի անհավես` ծուխը դեպի առաստաղն արձակելով: Հետո մի պարտիա շախմատ խաղացի ուսմասվարի հետ: Պարտվեցի ու տրամադրությունս ավելի ընկավ: Վաղուց անցել էր կեսօրը, այլևս հնարավոր չէր ուսուցչանոցում նստել մնալն, ու վեր կացա: Այն ժամանակ կարմիր «Ժիգուլի»  ունեի, հիշո՞ւմ ես:

Ես չպատասխանեցի, ասենք նա պատասխանի չէր էլ սպասում ու շարունակեց.

– Մեքենան հեռու կանգնեցրի Մանիկենց շենքից: Թող մարդիկ չիմանան, որ Բալայան Աբելը ուսուցիչ տեղով «սպեկուլյանտի» տուն է գնում: Զանգը տվեցի՝ մտածելով, թե Մանիկի տանը հիմա ո՞վ գիտե` ինչքան մարդ կա: Դուռը Մանիկը բացեց:

– Բարև Ձեզ,- ասացի կակազելով,- կինս… շորերը…

– Վա՜յ, համեցեք, ընկեր Բալայան,- ժպտաց Մանիկը,- տանը մենակ եմ: Համեցեք:

Ես էլի կրկնեցի դասը վատ սովորած աշակերտի պես.

– Կինս… շորերը… տոպրակը…

– Տանը մենակ եմ,- էլի ասաց նա:

Ես էլի կրկնեցի.

  • Տոպրակը… շորերը…

Հետո մի պահի ուշքի եկա ու տեսա, որ Մանիկն ինձ արդեն առաջ էր տարել: Չիմացա ինչպես՝ հայտնվել էի խոհանոցի սեղանի մոտ: Նստել էի, ու Մանիկը սուրճ էր պատրաստում: Խոհանոցը նեղ էր, ու նա շատ մոտիկ էր կանգնած ինձ: Կանգնած էր կիսադեմով ու կողքով ակամա քսվում էր թևիս:

– Դա՞ռն եք սիրում, թե քաղցր,- հարցնում էր ժպիտը դեմքին:

– Ը… ը… մեկ է,- ասացի ես ու վախեցած նայեցի չորս կողմս:

– Մի անհանգստացեք,- էլի ժպտաց նա,- մենակ ենք:

Ես ինչ-որ բան էի հասկանում նրա ակնարկներից, բայց չէի ուզում հավատալ: Մանիկից մի անբացատրելի ջերմություն ու կիրք էր գալիս, օծանելիքի մի յուրահատուկ բույր, որ ներսումս ինչ-ինչ բնազդներ էր արթնացնում: Խմում էի սուրճը, Մանիկը շոկոլադի սալիկի կտոր էր դրել ափսեիս մեջ ու խոսում էր: Ի՞նչ էր խոսում, չգիտեմ, բայց նրա ձայնը հաճելի էր, հաճելի էր նրանից եկող բույրը, հաճելի էր նրա տաք ազդրի հպումն իմ ոտքին: Մանիկը գեղեցիկ կին էր  և ինձ իր հմայքի մեջ առած` տանում էր վարարած գետի նման: Սկզբից ուզում էի փախչել, հեռանալ, բայց հետո ներսումս ինչ-որ բան թուլացավ, ու  արթնացավ տղամարդը:

– Հետո…- հարցրեցի ես:

– Ի՞նչ հետո,- մի քիչ նեղացավ Աբելը,- չգիտե՞ս ինչ է լինում տղամարդու ու կնոջ միջև, երբ նրանք ժամանակի ինչ-որ հատվածում գտնում են իրար: Ես միայն գիտեմ, որ նրան էի ձուլվել իմ բոլոր բջիջներով, գիտեի, որ մարմնիս բոլոր մասերը տնքում էին սիրուց ու հաճույքից: Գիտեմ, որ նրա նիհարուկ, սիրուն մարմինը  ձեռքերիս տակ բոլորովին այլ բույր ու համ ուներ: Ձեռքերս էին զգում այդ, մարմնիս բոլոր մասերը: Ինչքան տևեց մեր սերը, չգիտեմ: Ժամ ու ժամանակ մոռացել էի: Մինչև այսօր էլ չգիտեմ, թե Մանիկն ինչու այդպես վարվեց, և ինչու այդպես վարվեցի ես: Գիտեմ, որ նա վարքից թույլ կին չէր, գիտեմ, որ ես պարկեշտ տղամարդ էի: Մինչև հիմա էլ չգիտեմ, թե ինչ կատարվեց և ինչու, բայց, հավատա, չեմ զղջացել: Ոչ այդ օրն էի զղջացել, ոչ էլ հետո:

Երբ տուն հասա, մութ էր:

– Ի՞նչ եղար, աչքս ջուր կտրեց,- նեղսրտած ասաց կինս:

– Եսիմ, նախ դպրոցում էի, տղերքի հետ նստած էինք, հետո գնացի շորերի ետևից,- ասացի: Ասածիս մեջ ճշմարտություն կար: Կարծես թե չէի ստում, բայց շուրթերիս վրա Մանիկի բույրը կար, ձեռքերիս նրա մարմնի հպումը և նրա խուտուտ տվող  փսփսոցը ականջիս.

– Ոչի՜նչ, մի անգամ էլ ես գողանամ քեզ: Աստված քեզ հո միայն Լալայի համար չի՞ ստեղծել: Մենք էլ ենք կին, չէ՞:

Հետո ճաշ էի ուտում խոհանոցում, ու մտքիս մեջ էլի Մանիկն էր: Չգիտեի՝ էլի կգնայի՞ նրա մոտ, չգիտեի՝ հետո ի՞նչ էր լինելու, բայց ես գողություն արած երեխայի պես էի: Գիտեի, որ վատ բան եմ արել, բայց մեղքը քաղցր էր: Մեղքի գիտակցությունն էր քաղցր, մեղքի պատճառած հաճույքն ու ցավն էր քաղցր: Թվում էր՝ կինս ուր որ է կանգնելու է դիմացս ու խիստ ուսուցչուհու նման ասելու է.

– Հապա ձեռքերդ ցույց տուր:

Ես ձեռքերս թաքցնելու եմ ետևումս, ցույց չեմ տալու՝ մտածելով, թե նա ձեռքերիս վրա տեսնելու է Մանիկի տաք ու թրթռուն մարմնի հետքերը:

– Մի զարմանա,- ասաց Աբելը,- մարդու մարմնի վրա միշտ երևում է մեղքը: Գիտեմ, չես հավատում: Ձեր աշխարհում դա չի երևում, բայց հավատա, ոչ մի բան հենց այնպես չի անցնում: Նայիր ափերիս մեջ,- ասաց ու ձեռքերը պարզեց աչքերիս դեմ: Ափերի մեջ սև կետեր կային:

– Դե, երկար ժամանակ նստել էիր քարին, երևի քարին կպած ցեխի մնացորդներն են:

– Չէ՜,- տնքաց նա,- ինչքան էլ լվանաս, չի անցնի: Էդտեղ չի երևա, բայց հետո, երկնքի ճանապարհին կշռաքարի նման ներքև կքաշի: Բայց էլի կրկնեմ՝ չեմ զղջացել: Աշխարհում ապրող մարդը, մանավանդ իմ նման տղամարդը, գոնե մի անգամ պիտի հասկանա, թե կինն ինչ է: Իսկական կնոջ համը պիտի զգա, չէ՞:  Իսկ ձեռքերս, տե՛ս: Նման հետք կա նաև հոգուս վրա,- ասաց ու նորից ձեռքերը մեկնեց աչքերիս առաջ:

– Պառավական զառանցանք է,- ասացի թերահավատորեն:

– Չես հավատում, քո գործն է,- ասաց Աբելը,- բայց լսիր, թե ինչ եղավ հետո: Ես չգիտեի, որ կինս անմիջապես զգալու է: Հա, զգալու է: Ինչի՞ց, չգիտեմ: Երևի հայացքս էր փոխվել, երևի աչքերիս մեջ, ձեռքերիս, շուրթերիս վրա ինչ-որ բան էր ի հայտ եկել, ու նա զգում էր: Զգում էր յոթերորդ զգայարանով ասեմ, թե՞ կանացի  հոտառությամբ: Երևի կինն զգալու ուրիշ եղանակ ունի, չգիտեմ:

– Էս ի՞նչ շրթներկի հետք է վերնաշապիկիդ օձիքի վրա,- հարցրեց հաջորդ առավոտյան:

– Ի՞նչ շրթներկ,- ասացի իրար խառնված:

– Տե՛ս,- վերնաշապիկը աչքերիս առաջ թափահարեց նա: Նայեցի, բան չտեսա: Կամ դիտմամբ էր անում ինձ բռնացնելու համար, կամ գուցե թե ինքը տեսնում էր, ես՝ չէ:

– Երևի քո շրթներկն է,- ասացի՝ հաստատ իմանալով, որ նրան վերջին անգամ գրկել եմ չգիտեմ երբ:

– Ես այս գույնի շրթներկ չեմ օգտագործում: Ո՞ւմն է,- հարցրեց անողոք քննիչի սառնությամբ:

Ես նրան չպատմեցի իմ արկածի մասին, չասացի, թե որքան քաղցր էր այդ մեղքը և որքան անսպասելի: Չասացի, թե բջիջներս ինչպես են իրենց մեջ պահել Մանիկի խենթ ու բոլորանվեր կանացիությունը, չասացի, թե ես էլ չիմացա, ինչպես եղավ ու ինչ եղավ: Ի՞նչ ասեի, մանավանդ, որ բառերով բացատրել չէր լինի բոլոր զգացողություններս: Ես պարզապես ժխտում էի: Ասում էի՝ չէ, չնայած թե ինքը գիտեր, թե ես, որ ինչ-որ բան եղել է: Նա չգիտեր, թե ում հետ եմ դավաճանել իրեն: Երևի մտքով էլ չէր անցկացնում, որ Մանիկը կարող է լինել դա: Իսկ ես ժխտում էի ու նեղանում:

Ես կյանքում գաղտնիք չէի պահում նրանից: Բայց այդ մեկի մասին չէի ասում, որքան էլ որ քննում էր, որքան էլ որ կանացի ձևեր ու խորամանկություն էր բանեցնում: Չէի ասում, չէի ուզում իմ կյանքի այդ մի քաղցր պահը կիսել որևէ մեկի հետ, ով էլ որ լիներ: Նա այդպես էլ մինչև իմ վերջին օրը չիմացավ, թե ում հետ եմ եղել ես այդ օրը:

Դրանից հետո չգնացի Մանիկի տուն: Մի երկու անգամ հանդիպեցինք պատահաբար, բայց գլխով բարևեցինք իրար ու անցանք: Մեր փոքրիկ քաղաքում մարդիկ հաճախ են հանդիպում իրար:  Իրար կողքով անցանք այնպես, ասես հեռու ծանոթներ էինք:

Իսկ կնոջս հետ հարաբերությունները փչացան վերջնականապես: Դրանից առաջ էլ նա շռայլ ու բաց կին չէր, հիմա՝ առավել ևս: Ապրում էինք նույն հարկի տակ, երեխաներ էինք մեծացնում, աշխատում էի ու աշխատավարձը բերում էի տուն, տալիս էի նրան: Քնում էինք նույն մահճակալի վրա, բայց ամեն մեկս մեր վերմակով փաթաթված, իրար հետ, բայց օտարի պես: «Ի՜նչ սիրող զույգ է»,- նախանձում էին ուրիշները, «Ի՜նչ համերաշխ ընտանիք է»,- ախ էին քաշում ծանոթներն ու բարեկամները: Բայց մենք ապրում էինք առանձին, ամեն մեկս մեր աշխարհում: Ես Մանիկի միանգամվա սիրո հուշի մեջ, ինքը… Ինքը չգիտեմ:

– Դե դու ասա, ո՞վ էր մեղավոր էդ ամենի մեջ,- ասաց, բայց չսպասեց պատասխանիս ու շարունակեց,- իմ կարծիքով ես մեղավոր չէի, Մանիկն էլ մեղավոր չէր:

– Ուրեմն, կի՞նդ էր մեղավոր,- էլ չդիմացա ես:

– Չէ, երևի նա էլ մեղավոր չէր, բայց ես գիտեմ, որ նա ինձ չէր սիրում:

– Բա ասում էիր՝ սիրող կնոջ խա՜նդ:

– Ես այն ժամանակ այնքան էլ ճիշտ չբնորոշեցի: Նախքան այդ դեպքը մենք ապրում էինք սովորական զույգի նման: Ես կարծում էի, թե նա սիրում է ինձ, բայց հետո հասկացա, որ դա սեր չի եղել: Ես նրա սիրած տղամարդու տիպարը չէի երևի: Հասկանո՞ւմ ես, սիրող կինն ուրիշ է լինում: Սիրող կնոջ վերաբերմունքն է ուրիշ լինում: Միայն անկողնում չէ, առհասարակ: Ես հիմա ավելի եմ համոզվել, որ նա ինձ չէր սիրում: Պարզապես ես նրա սեփականությունն էի, և այդ օրը կասկածեց, որ իր սեփականությունն ուրիշ մեկն էլ է օգտագործել: Ես ավելի լավ ու առավել ճշգրիտ բառեր չեմ գտնում միտքս արտահայտելու համար: Մի քիչ գռեհիկ է ստացվում, բայց դա ճշմարտություն է:

– Լավ, իսկ ինձ ինչո՞ւ ես պատմում այդ ամենի մասին,- հարցրեցի՝ գետի ուռչող ու իջնող մեջքին նայելով:

– Է՜,- հառաչեց անորոշ ու լռեց երկար՝ հայացքը գետին: Գետը չոր կոճղեր էր բերում, պլաստիկ շշերի հսկա մի կույտ, որ զարմանալի պար էր բռնել պղտոր ջրի երեսին: Վարարած, ափից դուրս եկած գետը գտել էր դրանք իր ափերից, որ խաղաղ ժամանակ հանգիստ պառկած էին եղել հունի չոր մասերում, ու իր հետ տանում էր: Կամ ճանապարհին ինչ-որ մի տեղ դուրս կնետեր, թունավոր սննդի նման բերանից դուրս թքելու պես, կամ կշարունակեր տանել մինչև ծով:

– Է՜,- հառաչեց Աբելը,- ասացի, որ ամեն մեղք հետք է թողնում մարդու մարմնի, և հատկապես, հոգու վրա: Երբ մեղքդ խոստովանում ես, անմիջապես ջնջվում է: Քանի դեռ ողջ էի, ոչ ոքի չխոստովանեցի, քանի որ չէի զղջում: Դա մի քաղցր պահ էր, որ իմն էր միայն: Գուցե նաև՝ Մանիկինը: Ես չգիտեմ, նրա հետ չեմ խոսել, որ իմանամ, բայց ես հաստատ այդ պահի քաղցրությունից չէի ուզում բաժանվել և այդ հիշողությունից բաժանվել չէի ուզում: Հիմա այն տանջում է ինձ: Ճիշտ է, էլի քաղցր է, բայց տանջում է:

– Հա, բայց ես քո քահանան հո չե՞մ,- նեղսրտեցի:

– Քանի դեռ մեռած չէի, ոչ մի քահանայի չէի վստահում ու աչքի էլ չէի ընկնում հավատով: Հիմա էլ… եկել եմ երազիդ:

– Ինչո՞ւ ես ինձ խոստովանում և ինչո՞ւ երազում:

– Մտածում եմ, թե դու համեմատաբար մաքուր մարդ ես: Չնեղանաս, բայց երբ ողջ էի, ու աշխատում էինք միասին, ուսուցիչներից շատերը թաքուն ծիծաղում էին քեզ վրա ու միամտությանդ համար «Իշու հրեշտակ» էին անվանում:

– Ի՞նչ ասացի՜ր,- նեղացա ես:

– Մի նեղանա, դու երեխայի  միամտություն  ու անմիջականություն ունես: Դրա համար որոշեցի քեզ պատմել:

– Իսկ ինչո՞ւ երազում:

– Ինքդ մտածիր,- ասաց ծիծաղելով,- ես քեզ ասել եմ իմ մեղքի մասին, բեռնաթափվել դրանից: Ճիշտ է, դու քահանա չես, բայց մարդ ես, որի առաջ մեղքը բացելով՝ մաքրվում են, էլի: Իսկ երազում… Դու պարզ ու միամիտ մարդ ես: Եթե ասենք ես ողջ լինեի ու այդ ժամանակ քեզ պատմած լինեի, դու ում ասես կասեիր: Չէ, մատնիչ չես, բայց միամիտ ես՝ իշու հրեշտակ, մտքիդ մեջ բան պահել չգիտես, ցանկացած գաղտնիք քեզ անհանգստացնում է, և ուզես-չուզես՝ պատմելու ես մեկին: Իսկ եթե վեր կենաս ու ասես. «Երազումս տեսա Աբելին: Եկավ ու ինձ պատմեց իր ու առևտրական Մանիկի մի երկու ժամանոց սիրո մասին, ո՞վ կհավատա, մանավանդ, որ ես մեռած եմ: Եթե նույնիսկ մեռած էլ չլինեի, երազում տեսածն ո՞վ է լուրջ ընդունում»…

– Համա թե խորամանկ ես, հա՜,- ասացի ես:

– Հիմա տանո՞ւմ ես գարեջուր խմելու,- էլի իրենը առաջ տարավ նա,- մեծ ծախս չէ:

– Լավ,- համաձայնեցի ես ու վեր թռա: Զարմացած նստեցի անկողնում: Այս ու այն աշխարհների սահմանները որքան էլ անթափանց ու հաստ թվան, մեկ է, հանկարծ մարդու համար չնախատեսված մի պահի բացվում են երևի: Քունս թռել էր վերջապես: Բոբիկ ոտքերս մտցրեցի հողաթափերի մեջ: Հողաթափերը սառն էին: Աշխատեցի անձայն խոհանոց գնալ: Զգույշ շարժվեմ՝ կինս չիմանա, չարթնանա: Բացեցի սառնարանը, հանեցի քրտնած գարեջրի շիշը: Աչքս գցեցի խոհանոցի ժամացույցին՝ գիշերվա ժամը չորսն էր: Բացեցի շիշը և դրեցի բերանիս: Սառը գարեջուրը հաճելի էր ու իր տտիպ դառնությամբ ջնջո՞ւմ, թե՞ ավելի էր ընդգծում այս ու այն աշխարհների սահմանագիծը, չիմացա:

  1. 01. 26 թ. Սևան