1828 թ․ ռուս-պարսկական պատերազմից հետո Պարսկահայք նահանգից Ռուսաստանի տիրապետության տակ անցած Արևելյան Հայաստան են տեղափոխվում մոտ 45 հազար հայեր։ Նրանց թվում են լինում նաև որբացած վիճակում սալմաստեցի հոգևորականների շառավիղ Առաքել Տեր-Աստվածատրյանը՝ իր քրոջ հետ, և հանգրվանում են Դարալագյազի (Վայոց ձոր) Գետափ (այդ ժամանակ՝ Ղոյթուր) գյուղում: Մի քանի տարի անց մահանում է Մալիշկայի Տեր-Սարգիս քահանան։ Նրա մահվանից հետո Գետափ գյուղից 1850 թ․ Մալիշկա է հրավիրվում Առաքել Տեր-Աստվածատրյանը և կարգվում է որպես քահանա Մալիշկայում։
«Վահան Տեր Առաքելյանը՝ Առաքել Տեր-Աստվածատրյանի որդի Տեր Խաչատուրի երկրորդ որդին, ծնվել է 1823 թ․ օգոստոսի 24-ին (որոշ տվյալներով՝ 1886 թ․), Եղեգնաձորի շրջանի Մալիշկա գյուղում։ Մյուս որդին Արա Տեր-Առաքելյանն է եղել, մասնագիտությամբ բժիշկ»: (Քաջբերունի, Վայոց ձոր, 2020, Երևան, էջ 502-503):
Վահան Տեր-Առաքելյանը սկզբնական կրթությունը ստացել է հոր՝ Տեր Խաչատուրի մոտ, գյուղի դպրոցում։ Հայրը, տեսնելով որդու արտակարգ ընդունակությունները, նրան 1896 թ․ տանում է Էջմիածին։ Ընդունելության քննությունները հաջող հանձնելուց հետո ընդունվում է Գևորգյան ճեմարանի դպրոցական բաժնի Ա դասարանը։
1902թ․ ավարտելով ճեմարանի վեցամյա դասընթացը գերազանց առաջադիմությամբ` ուսումը շարունակում է բարձրագույն դասընթացում, որը ավարտում է 1905 թ․։ Ճեմարանը գերազանցությամբ ավարտելուց հետո նրան նշանակում են ուսուցիչ՝ ճեմարանում աշխատելու նպատակով:
Վահան Տեր-Առաքելյանը Էջմիածնի Գևորգյան ճեմարանում սովորելուց աշակերտել է հանճարեղ Կոմիտասին և դարձել նրա ամենասիրելի սաներից մեկը՝ իր անզուգական ձայնի (տենոր) շնորհիվ։ Վահանը Կոմիտասի մշակած ժողովրդական երգերի առաջին և լավագույն կատարողն է եղել։ Նրա հանձնարարությամբ իր հայրենի Վայոց ձորում և ծննդավայր Մալիշկայում կատարել է ժողովրդական երգերի գրառումներ և ներկայացրել ուսուցչին։
Վահան Տեր-Առաքելյանը իր «Երեք հանդիպում Ավետիք Իսահակյանի հետ» հուշապատման մեջ գրում է. «Ճեմարանի վեցերորդ դասարանն ավարտել, ամռան արձակումներին գնացել էի գյուղ։ Օգոստոսի վերջերին էր, խաղողի բերքահավաքի լավ ժամանակը։ Մի խումբ պատանիներ, իմ դպրոցական, մանկության խաղակից ընկերները մի կիրակի առավոտյան եկան մեր տուն և առաջարկեցին գնալ Արփա-չայ ձուկ բռնելու, առօրյա դարդը քեֆի մեջ քամուն տալու:
Գնացինք։
Մխոյենց Պետոն գցեց ընդամենը 20 թե 25 ուռկան, և ձկներով լեցուն երկու դույլը ձեռներիս մոտեցանք Հարսնաղբյուրին: Խաշած կապուտակ ձուկը, գառան խորովածը, թեժ կրակի վրա գցած կանաչ պղպեղն ու պոմիդորը իրենց հոտով, խոր ջրի մեջ դրած հին գինու շշերն ու հակինթի պես շողշողացող «Ասկյարին» և «Քիշմիշին» իրենց տեսքով ախորժակ էին գրգռում ու տրամադրում ուրախ ժամանցի։ Դեպի Հարսնաղբյուրն իջնող զառիվայրի վրա երևացին սպիտակազգեստ երկու հեծյալներ, որոնք ձիերի սանձը քաշել կանգնել էին, երևի երգը լսելու համար։
Էյ, Մանթաշի նախշուն հավքեր,
Իմ դարդը, որ ձերն էղներ,
Ձեր էդ զառ-վառ խաս փետուրներ
Կսևնային քանց գիշեր։
Հեծյալները խթանեցին էջքի վրա անհանգիստ կանգնած իրենց ձիերը և մոտեցան սրընթաց։ Նրանցից մեկը Քեշիշքենդի ռուսական դպրոցի վարիչ, նախկին ճեմարանական Արտաշես Բունիաթյանն էր՝ ամենքիս լավ ծանոթ մեր հայրենակիցը։ Նա հեռվից ողջունեց մեզ և ասաց.
– Տղերք, ջան, ղոնաղ կուզե՞ք:
– Ձեզ պես ղոնաղը գլուխներիս վրա տեղ ունի, համեցե՛ք,- ձայնեցին տղերքը միաբերան, ու մենք թռանք ոտքի և ընդառաջեցինք նրանց։
– Տղե՛րք, խնդրեմ, ծանոթանանք,- ասաց Բունիաթյանը` ցած թռչելով ձիուց և նշելով իր ուղեկցին.- սա մեր հազարան բլբուլ, մեր աննման բանաստեղծ Ավետիք Իսահակյանն է, որ եկել է ներշնչվելու իր «Ջա՜ն հայրենիքի» լեռներով։
Գալով Դարալագյազ, այսպես կոչված, լուսավոր վայրերից կտրված այս լեռնաշխարհը,- հազիվ լսելի ձայնով սկսեց Իսահակյանը,- ես ամեն բան կսպասեի, բացի իմ «երգերը» լսելուց։ Որպես բանաստեղծ` ես իմ մտքերը, իմ զգացմունքները խոսքով արտահայտելու վարպետ եմ կարծես, բայց այս րոպեիս այնքան զգացված եմ, որ բառերը կորել են կրծքիս տակ լեռնացած հույզերի ալիքների մեջ։
Իսահակյանը, Վայոց ձոր այցելելուց հետո, Վահան Տեր-Առաքելյանի հետ բարձրացել են Պռոշաբերդ և Սմբատաբերդ, եղել են Թանահատի, Արատեսի, Ցախաց քարի վանքերում։ Լեռների խստաշունչ լռությունը, վանքերի հնամենի պատերը, ձորերի արձագանքը երկար մնացին նրանց հոգում։
1905 թվականին Կոմիտասը կազմակերպում է մի երգչախումբ, որը բաղկացած էր ութսունվեց անդամներից, և համերգներ է տալիս Թիֆլիսում, Բաքվում և Կովկասի տարբեր բնակավայրերում։ Ինչպես Վահան Տեր-Առաքելյանն է գրում «Իմ ծանոթությունը Հովհաննես Թումանյանի հետ» հուշապատման մեջ, Կոմիտասը համերգից առաջ այցելության գնաց Թումանյանին՝ իր հետ տանելով Վահանին։
– Վա՜յ, հազար բարով ես եկել, Կոմիտաս ջան,- բացականչեց Թումանյանը՝ լայնաժպիտ գրկելով Կոմիտասին ընդունարանում։
– Հազար բարին քեզնից, քո օջախից անպակաս,- պատասխանեց Կոմիտասը զրնգուն ծիծաղով, ապա ասաց՝ նշելով ինձ.
– Ծանոթացիր, Օհաննես, սա Վահան Տեր-Առաքելյանն է, իմ առաջին զուռնաչին, այսինքն՝ իմ սոլիստը, մեներգիչը։ Քո էլ տաղանդի երկրպագուն:
– Շատ ուրախ եմ,- ասաց Թումանյանը հմայիչ ժպիտով և ամուր սեղմեց ձեռքս։ Ապա մի վայրկյան ինձ լուռ դիտելուց հետո հարցրեց.
– Որտեղացի՞ ես։
– Դարալագյազցի։
– Ուրեմն, լեռնցի: Լեռնային արծի՞վ, թե՞ Հազարան բլբուլ։
– Լեռնային առյուծ,- վրա բերեց Կոմիտասը։- Այնպիսի ձայն ունի, որ հիշեցնում է առյուծի գիշերային մռնչյուն անապատում։ Բայց չվախենաս, ձեռնասուն առյուծ է։
– Թող արծիվ և առյուծներ շատ լինեն մեր մեջ, թե չէ աղվես ու նապաստակ ծնող ազգերի ապագան ապագա չի էս դաժան դարում,- ասաց Թումանյանը՝ հարցական նայելով ինձ։
Սկսեցինք երկրորդ երգը. «Ձիգ տուր-քաշի, այ եզո» կալի երգը։ Խմբում պահանջվելիք մեներգը կատարում էր Վահան Տեր-Առաքելյանը, որը լավագույն տենորն էր համարվում Հայաստանում։ Բուռն ծափահարությունների տակ նա երգեց մի քանի սոլոներ, նաև եկեղեցական երգերից։ Հատկապես հմայիչ էր «Դլե յաման» և «Այ աղջիկ, ծամով աղջիկ» երգերը։ (Վարշամ Փարսադանյան, հուշեր Կոմիտասի մասին, Կոմիտասը ժամանակակիցների հուշերում, Սարգիս Խաչենց. Փրինթինֆո, Երևան, 2009 թ.)
1969 թվականին մեծ շուքով նշվեց հանճարեղ Կոմիտասի ծննդյան 100-ամյակը։ Մեր շրջանում «Գիտելիք» ընկերության կողմից ամենուր կազմակերպվում էին միջոցառումներ` նվիրված հոբելյանին։ Այդ ժամանակ ես դպրոցական էի և սիրով մասնակցում էի բոլոր միջոցառումներին։ Ինձ համար շատ հաճելի էր լսել մեր հայրենակից Վահան Տեր-Առաքելյանի մասին, որը եղել էր մեծ Կոմիտասի ամենասիրելի աշակերտներից մեկը։ Այդ դասախոսությունների ժամանակ հաճախ էի լսում, որ երբ Կոմիտասը Փարիզի հոգեբուժարանում է եղել, բժիշկները հանձնարարում են, որ հիվանդանոց բերեն նրա երգերի լավագույն կատարողին, որպեսզի նրա համար երգի, որը հնարավոր է, որ դրական ազդեցություն գործի նրա վրա։ Կոմիտասի երգերի լավագույն կատարող էր համարվում վայոցձորցի Վահան Տեր-Առաքելյանը։ Դասախոսները ներկայացնում էին այնպես, որ իբրև Վահանը գնացել է Փարիզ և հիվանդանոցում Կոմիտասի համար կատարել է «Անտունի» երգը։ Կոմիտասը, լսելով երգի կատարումը Վահան Տեր-Առաքելյանի կատարմամբ, մի պահ աչքերը բացել է, ու դեմքին ժպիտ է երևացել, ու նորից հայտնվել է նույն վիճակում։ Այդ դեպքը որքանով էր համապատասխանում իրականությանը, ժամանակին Կոմիտասի մասին եղած գրականության մեջ փնտրեցի, չգտա։ Հոդվածը գրելուց առաջ նորից շարունակեցի փնտրտուքը Կոմիտասի մասին ներկայումս գոյություն ունեցող բազմաթիվ գրքերում ու հոդվածներում, սակայն նորից արդյունքի չհասա։ Ինչևէ, ինձ մոտ համոզմունք ու տպավորություն է առաջացել, որ դա կարող է իրական աղերս ունենալ, որը ներկայացնում եմ ընթերցողներին։ Վահան Տեր-Առաքելյանն էլ ի պատասխան իր նկատմամբ մեծ Կոմիտասի սիրո և հարգանքի, նույնը տածել է նրա նկատմամբ։ Կոմիտասի մասին գրել է «Անհիշաչար մարդը» և «Կոմիտաս » գործերը:
Վահան Տեր-Առաքելյանը հեղինակ է մի շարք գրական գործերի։ 1926 թ. տպագրվում է նրա «Կարմիր դրոշ» բանաստեղծությունների ժողովածուն։ Հետագայում հրատարակվել է «Դեպի նոր կյանք», «Թալանի վանք», «Գրազ կամ շան թաղումը» և այլ գրքեր։ Նրա գրչին է պատկանում «Քյոր-օղլի» օպերայի լիբրետոն։ Վահան Տեր-Առաքելյանը եղել է նաև թարգմանիչ։ Ռուսերենից թարգմանել է Լև Տոլստոյի «Աննա Կարենինա», Յարոսլավ Հաշեկի «Քաջարի զինվոր Շվեյկի արկածները», Բորիս Գորբատովի «Բջիջը», Բրունո Յասենսկու «Ես այրում եմ Փարիզը», Բելլա Իլեշի «Տիսան բոցերի մեջ», Յոհաննես Բեխերի «Լյուզիտ կամ միակ արդարացի պատերազմը», Դմիտրի Ֆուրմանովի «Խռովությունը», Ֆիլիպ Կնյազևի «Վազքի ընթացքում» արձակ գործերը։ Բնագրից թարգմանել է «Չիո-չիո-սան» օպերան։ Երգիչը թարգմանություններ է կատարել նաև ռուսական պոեզիայից (Պուշկին, Գորկի, Եսենին, Մայակովսկի)։
1909 թվականին Վահանը տեղափոխվում է Պետերբուրգ՝ երաժշտական կրթություն ստանալու համար։ Սովորում է տեղի կոնսերվատորիայում և միաժամանակ հետևում է համալսարանի բանասիրական ֆակուլտետի դասընթացներին՝ որպես ազատ ունկնդիր։ Այս տարիներին նա երգում է Մարինյան թատրոնի, ինչպես նաև հայկական եկեղեցու երգչախմբերում։
Առաջին համաշխարհային պատերազմի սկսվելու ժամանակ նրան զորակոչում են բանակ, և այդպես ուսումը մնում է կիսատ։ Նա ռազմաճակատում իրեն դրսևորում է որպես քաջ զինվոր և զորահրամանատար։ Ռազմաճակատում ծառայելու ընթացքում նա իրեն դրսևորում է հերոսությամբ և պարգևատրվում է Գեորգիևյան չորս խաչով, «Աննա», «Վլադիմիր», «Ստանիսլավ» շքանշաններով և ոսկեկոթ սրով։ Վահանը ծառայության ընթացքում աստիճանաբար կրտսեր ենթասպայից հասնում է գնդապետի կոչման։ Նա ռազմաճակատում իր ստորաբաժանման հետ կատարում է մեծ սխրանքներ, առաջին անգամ պարգևատրվում է «Սուրբ Գևորգ» Գեորգիևյան շքանշանով։ Հայաստանից եկած լուրերը Վահանին խիստ անհանգստացնում են, և նա հրամանատարությանը խնդրում է իրեն ուղարկել Կովկասյան ռազմաճակատ։ Հրամանատարությունը համաձայնում է միայն մի պայմանով, որ ոսկե շքանշանից հրաժարվի։ Վահան Տեր-Առաքելյանը համեստորեն համաձայնում է կրել շքանշանի հասարակ տարբերակը՝ ոսկե շքանշանը թողնելով գնդում։ 1917 թվականի վերջից նա ռուսական գնդի կազմում մասնակցում է Էրզրումի, Կարսի գրավմանը, նշանակվում է Էրզրում քաղաքի պարետ, այնուհետև՝ Կարսի ամրոցի շտաբի պետ։
Փետրվարյան հեղափոխությունից հետո ռուսական բանակը նահանջում է՝ հայկական զորամասերին թողնելով մենակ թուրքական բազմահազարանոց բանակի դեմ։ Թուրքական բանակի գրոհներին չի դիմանում նաև Կարսը: Մոտ 150 հայ սպաներ գերի են ընկնում, նրանց թվում էր նաև Վահան Տեր-Առաքելյանը։ Որոշ ժամանակ անց նա թուրքերեն լեզվի իմացությամբ և իր երգով շարժում է թուրքերի բարյացկամությունը և ազատվում է գերությունից, իր հետ ազատում է գերվածների մի մասին ու վիրավորված գեներալ Նազարբեկ Փիրումյանին։
1918 թ. Վահան Տեր-Առաքելյանը մասնակցում է Սարդարապատի ճակատամարտին և իր ներդրումն է ունենում այդ ճակատամարտում։ 1921 թվականին բնակություն է հաստատում Թիֆլիսում և իր ակտիվ մասնակցությունը բերում մի շարք թերթերի խմբագրություններին։ Ակտիվ մասնակցություն է ունենում Հայաստանի զարգացմանը։ Համերգներով հանդես է գալիս Երևանում, Թիֆլիսում, Ալեքսանդրապոլում։ Նա մեծ ճանաչման է արժանանում՝ 1927 թվականին Երևանի կոնսերվատորիայի երգչախմբի հետ Մոսկվայում հանդես գալով համերգներով։
1928 թ. խորհրդային արտիստների խմբի հետ հանդես է գալիս Մայնի Ֆրանկֆուրտում կայացած միջազգային երաժշտական փառատոնին և մեծ փառքի արժանանում։ Վահան Տեր-Առաքելյանը մոտ հարաբերություններ է ունեցել Եղիշե Չարենցի հետ։ Ամեն անգամ հանդիպելուց Չարենցը Վահանից հարցնում էր Էրզրումից, Կարսից:
Չարենցը, լսելով Վահանին, ասել է. «Իզուր են ասում, թե 20-րդ դարը հրաշք չի ճանաչում։ Ահա քեզ համար հրաշք։ Առաջին՝ կոմիտասյան երգերի ձեր կատարումը, երկրորդը՝ ձեր կատարմամբ լսելու այս անակնկալ կատարումները, հանճարեղ Կոմիտասի արժանավոր սանն եք»։
1935 թ. Վահան Տեր-Առաքելյանը, լսելով Ա. Խանջյանի սպանության լուրը, գալիս է Երևան` մասնակցելու նրա հուղարկավորությանը։ 1936 թվականի սեպտեմբերի 23-ին կալանավորում են և 1937 թվականի փետրվարի 17-ին եռյակը նրան մեղադրում է Խանջյանի թաղմանը մասնակցելու, Չարենցի գիրքը ձեռք բերելու ու Ղարաբաղը Հայաստանին միացնելու կոչ անելու համար։ Նրան տասը տարով աքսորում են Կոմի մարզի Ուխտա քաղաքի ճամբար։ Ձերբակալվելուց հետո Վահան Տեր-Առաքելյանը կարծում է` թյուրիմացություն է տեղի ունեցել, որ իրեն ձերբակալել են, փորձում է դիմել Չարենցին՝ չիմանալով, որ նրան էլ են ձերբակալել։ 1940 թ. կալանավայրում սայթաքելուց ընկել, ձեռքը ջարդել է, կողոսկրերը վնասվել են։ Աքսորավայրի ծանր պայմաներին չդիմանալով՝ թոքախտով հիվանդանում է և 1941 թվականի մայիսի 2-ին կնքում է իր մահկանացուն։ Մահից մոտ 20 տարի հետո նրա տիկինը` Զարուհի Առաքելյանը Վահանի ոսկորները մեծագույն դժվարությամբ տեղափոխում է Երևան և թաղում է Երևան քաղաքի արևելյան (Թոխմախի) գերեզմանոցում, մուտքից 20 մետր դեպի աջ: Տապանաքարի վրա գրված է՝ Վահան Տեր-Առաքելյանին, ծնվեց 24-08.1886թ. Դարալագյազում, վախճանվեց 2.05.1941թ. Կոմի ԱՍՍՐ-ի Ուխտա քաղաքում:
2025 թ. մայիսի 2-ին Վայոց ձորի մարզային գրադարանում կազմակերպվել էր Վահան Տեր-Առաքելյանի մահվան 84-ամյա տարելիցին նվիրված հուշ միջոցառում, որին մասնակցում էին մտավորականներ, ազգականներ և գրադարանի աշխատակիցներ:
Մեր մեծ հայրենակցի անունով Եղեգնաձոր քաղաքում անվանակոչել են մի փողոց, որը փողոցի նման էլ չէ, այլ՝ ընդամենը նեղ միակողմանի երթևեկելի, տրանսպորտային միջոցի անշուք ուղի է: Առաջարկում ենք մարզային իշխանություններին Մալիշկա գյուղի դպրոցներից մեկը, ինչպես նաև Մալիշկայում մեկ փողոց կոչել Վահան Տեր-Առաքելյանի անունով՝ որպես երախտիք հռչակավոր երգչին:
