ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԳՐԱԿԱՆՈՒԹՅԱՆ ՇԱԲԱԹՎԱ ԵԶՐԱՓԱԿՈՒՄԸ

Ապրիլի 8-ին Խնկո-Ապոր անվան ազգային մանկական գրադարանում կազմակերպված միջոցառմամբ եզրափակվեց հանրապետական մանկապատանեկան գրականության շաբաթը: Ավանդույթ է դարձել, որ  մանկապատանեկան գրականությանը նվիրված շաբաթը մեկնարկում է մարզերում և ավարտվում Երևանում: Շաբաթվա ընթացքում մանկագիրները հանդիպումներ են ունեցել դպրոցներում, գրադարաններում, աշակերտներին  ծանոթացրել են իրենց ստեղծագործություններին ու նոր հրատարակած գրքերին:

Խնկո – Ապոր անվան գրադարանի ազատ զբաղմունքի ենթաբաժնի վարիչ Նառա Աղեկյանը ողջունեց ներկաներին՝ ասելով, որ մանկապատանեկան գրքի և երաժշտության  շաբաթվա ընթացքում կազմակերպված բազմաբնույթ միջոցառումները հնարավորություն են ընձեռում երեխաներին ընդլայնելու իրենց գիտելիքները, ինչպես նաև ծանոթանալու  ժամանակակից  հեղինակներին և նրանց գրքերին: Այնուհետև բեմ բարձրացան  երեխաները: Գրադարանի  ընթերցողները  և Քասախի Ռ․ Գևորգյանի անվան թիվ 1 միջնակարգ դպրոցի աշակերտները ներկայացրեցին ժամանակակից մանկագիրների ստեղծագործությունները՝ ընթերցելով Էդվարդ Միլիտոնյանի, Անուշ Վարդանյանի, Օլգա Դարյանի, Նարինե Ավագյանի, Տիգրան Նիկողոսյանի, Գոհար Գալստյանի,  Սաթենիկ Ղազարյանի, Ալվարդ Հովսեփյանի, Ժաննա Աբրահամյանի և այլ հեղինակների ստեղծագործություններ:

«Ծիծեռնակ» ամսագրի խմբագիր Անուշ Վարդանյանը խոսեց մանկապատանեկան գրականության շաբաթվա, ժամանակակից  մանկագիրների, մանուկների հետ հանդիպումների կարևորության ու ամսագրում նրանց ստեղծագործությունների տպագրության մասին և ներկայացրեց միջոցառմանը ներկա մանկագիրներին: Նանեն,  Օլգա Դարյանը, Նարինե Ավագյանը, Սաթենիկ Ղազարյանը, Ժաննա Աբրահամյանը և Մարիամ Սարգսյանը խոսեցին մանկապատանեկան գրականության, մանուկների համար ստեղծագործելու  առանձնահատկությունների մասին՝  ներկայացնելով իրենց գրքերը:  Նրանք գրքեր նվիրեցին գրադարանին: Անուշ Վարդանյանը գրադարանին նվիրեց «Ծիծեռնակ» ամսագրի նոր հրատարակված գարնանային և այլ համարներ: Միջոցառումն անցավ ջերմ մթնոլորտում՝ հաստատելով, որ մանուկները մշտապես հետաքրքրված են   իրենց համար գրված ստեղծագործություններով:

Սեփ. լրտ.