Որքան էլ ուզենաք ինձ համոզել, որ ինչպես ամեն անհատ, այնպես էլ յուրաքանչյուր ազգ ունի իր ճակատագիրը և այն փաթեթավորված պահում է իր բարձի տակ, միևնույն է, ես չեմ հավատալու, որովհետև ես միայն իմ աչքի տեսածին եմ հավատում, իսկ աչքը խոսում է սրտի հետ, որի անհատակ խորքերը դժվար է թափանցել: Նյութը գրելու այս պահին Թել Ավիվում ու Թեհրանում հրթիռների հարվածներից բնակելի շենքեր են հողին հավասարեցվում, նրանցից մեկում երիտասարդ մայրը գուցե կրծքով իր մանկանն էր կերակրում… Նորածինը ի՞նչ իմանար, որ Նաթանյահուն ու Թրամպը անխնա սպանում են այն երկրների մանուկներին, որոնք հզորանում են` իրենց սերնդին անվտանգ ու պաշտպանված պահելու նպատակով:
Ու ես ապրում եմ ընդամենը վեց տարի առաջ, այս օրերին մեզ հասնող կորստի մորմոքները, որ հետո պիտի դառնային հայաթափված Արցախ ու Եռաբլուր… Պատերազմներ և պատերազմողներ միշտ եղել են ու կլինեն, և ես հեռվից եկա, որովհետև պատերազմը մեզնից հեռու չէ, իսկ Հայաստանը մագնիսի նման հաճախ դեպի իրեն է ձգում կրակի բոցերը, որովհետև նրա անցյալի փառքն ու հզորությունը, հաճախ նաև թուլությունն ու անտարբերությունը, ստեղծագործ ու շինարար ձեռքը հակառակորդին ջղագրգիռ է դարձնում, ինչը մենք տեսանք 2020 թ. 44-օրյա պատերազմի ժամանակ: Ի՞նչ վիճակում է հայտնվել վարչապետի ասած այսօրվա իրական՝ Սև լիճ, Ջերմուկի բարձունքներ, Իշխանասարի լեռնաբլուրներ, հայկական արոտավայրեր՝ շուրջ 250 ք. կմ հակառակորդին թողած իրական Հայաստանը: Չէ՞ որ բազում կորուստների գնով մենք ազատագրել էինք Արցախը և Հայաստանը՝ երկրաշարժից ու արտագաղթից քամված, կտրոնով հացի ու ֆուջիկաների գոլ ջերմության տակ՝ մեր վերջին հացով պահեցինք Արցախը, որ ինքը հզորանար ու պահեր իրեն…
Բայց… երամ-երամ եկան Երևան՝ Արցախի պաշտպանական զենքերը թշնամուն զիջելով և շահրամանյանական արցախալուծարման բարաթներով: Ջուրն ընկավ ազգային ազատագրական շարժումը, ազգը վերածեցին խոնարհված զանգի, իսկ Հաղթանակ տարած Հեյդարի որդին հայտարարեց. «Մինչ դուք դղյակներ էիք կառուցում, ես զենքեր էի գնում և հզորացնում իմ բանակը»… Կարո՞ղ եք առարկել, արցախցի ու հայաստանցի գեներալներ ու պաշտոնյաներ, իհարկե` ո՛չ… Հիմա իրար գլխի ենք հավաքվել, հավաքվե՞լ ենք որ… հիմա էլ կորուստները թողած՝ Հայաստանն ու հայոց պետականությունը հզորացնելու փոխարեն Հայաստանը բզկտում են ներսից, զի Արցախի Դրմբոնի ոսկիներն ու բանկերից կողոպտված փողերը ամուր աթոռ ու հովանավորներ են փնտրում: Իմ խե՜ղճ Հայաստան, ոգիդ ու տարածքներդ թալանված, որդիներդ 120 կուսակցությունների մեջ բաժան-բաժան, չորս կողմից շրջափակված, Սյունիքը՝ արևմտյան ադրբեջան, 300000 բաշիբոզուկների ներմուծման հայտարարությունների ամենօրյա ահաբեկումների կողքին ես չտեսա Հայաստանը հզորացնող սրտացավի կոչը: Վարչապետի ընտրություններ են, փաստորեն դուք ընտրում եք աթոռներ… Իսկ ո՞վ պիտի վերադարձնի մեզնից տարածները, շարունակի լրացնել նորակառույց դպրոցների ու մանկապարտեզների քանակը, սպորտային հրապարակներն ու բակերը, նոր տեխնոլոգիաների կենտրոնները և, ամենակարևորը, հզորացնի հայոց բանակը, անչափ հզորացնի, և վերջին տարիների ՀՀ ՊՆ Պապիկյանի արած գործը ջուրը չլցնեն…
Երկիր ղեկավարելը խաղ ու պար չէ, արժանապատվություն պետք է ունենալ՝ ազգի ու երկրի բեռը ուսելու, այլապես Հայաստանը որբի գլուխ համարողների հերթի վերջը չի երևում: Հեռո՛ւ մնացեք օտար գործակալներից, հանցագործներից, անբարոյականներից, հայրենիքի դավաճաններից, կիսագրագետ մեծամիտներից, ագահներից ու եսասեր տգետներից: Մենք նոր սերնդի համար պետք է նոր ու լուսավոր Հայաստան կառուցենք:
