Թարգմանություններ 17-րդ դարի գերմանացի մեծ կրոնական բանաստեղծ ու միստիկ իմաստասեր Անգելուս Սիլեզիուսի «Քերովբեական թափառականը» գրքից՝ կատարված ռուսերենից (ինչը․․․ խրախուսելի չէ, բայց ի՞նչ արած՝ «չդիմացա» գայթակղությանը…)։ Ցավոք սրտի, համաշխարհային պոեզիայի այս կոթողը դեռևս ամբողջությամբ հայերեն չի թարգմանվել։ Բանաստեղծությունների մի որոշ քանակ թարգմանել ու հրապարակել է նաև Հրաչյա Բեյլերյանը։
Զավեն ԲԵԿՅԱՆ
ԵՐԱՆՈՒԹՅՈՒՆՆ ԱՍՏԾՈ ՄԵՋ Է
Հեռացեք, սերովբեներ, հեռացեք, ձեր կարիքը չունեմ ես,
Եվ դուք, սրբեր, նույնպես հեռացեք, ձեզնով չէ մխիթարությունն իմ․
Առանց ձեզ էլ կտոկամ։ Ինձ միայն սա է պետք —
Հասնել Աստվածությանն ու մերվել Նրա Է-ին։
ԱՍՏՎԱԾ ԻՄ ՄԵՋ Է, ԵՍ ՝ ՆՐԱ ՄԵՋ
Աստված իմ կրակն է, ես՝ ցոլքն Իր կրակի,
Աստված Իր պատկերով իմ կերպը արարեց։
ԵՍ ՄԱՐԴՆ ԵՄ ՀԱՎԻՏՅԱՆԻ
Ես Հավերժին կձուլվեմ ՝ լքելով մարմնականը,
Հարություն կտամ Աստծուն և ինքս կհառնեմ։
ՎՍՏԱՀՈՒԹՅՈՒՆ
Այնքանով, որքանով որ Տիրոջ կամքին տրվես՝
Այդչափով էլ կտրվի քեզ՝ ոչ պակաս, ոչ ավել։
ԱՍՏՎԱԾ ԱՆՀԱՍ Է
Աստված հավերժ Ոչինչ է, Ոչ Մի Տեղ ու Երբեք․
Դեռ հազիվ հայտնված՝ անհետացավ անհետ։
ԱՍՏՎԱԾ ԱՆՍԱՀՄԱՆ Է, ԱՍՏՎԱԾ ՀԱՎԵՐԺ Է
Չես կարող հասնել դու աստծո անսահմանին,
Զի Ինքն է՛լ չգիտի ՝ ուղին Իր ուր է տանում։
ՈՐՏԵ՞Ղ Է ՉԱՓՆ ԱՍՏԾՈ
Աստված չափն է անչափ, պատճառը անպատճառ —
Ով հոգով Իր հետ է, նա՛ գիտի այս բանը։
ԼՈՒՌՔԸ ԲԱՐՁՐԱԳՈՒՅՆ ԲԱՐԻՔՆ Է
Ողջ բարիքը Լուռքի մեջ է, Աստված Լուռ չլիներ՝
Ես ի՛նքս Իր փոխարեն, աչքերս փակ, կլռեի։
ՀՈԳԻՆ ՄԱՆԱՆԵԽԻ ՀԱՏԻԿ Է
Հոգին մանանեխի հատիկ է, մի քիչ էլ՝
Ու Ներսից լույս առած, այն կհասնի Աստծուն։
ՄԱՐՄԻՆ, ՀՈԳԻ, ԱՍՏՎԱԾ
Քո հոգին բյուրեղ է, և Աստված՝ կրակն իր,
Դրանց գանձատուփը՝ մարմինդ կենդանի։
ՓՐԿՈՒԹՅՈՒՆԸ ԴՐՍԻՑ ՉԷ
Խաչը Գողգոթայի քեզ չի փրկի չարից,
Քանի դեռ այն քո մեջ չես բարձրացրել նորից։
Ի՛ՆՔԴ ՀԱՌՆԻՐ ՔՈ ՄԱՀՎԱՆԻՑ
Ոչ, քեզ չի փրկի Քրիստոսի Հարությունը,
Քանի մեղսագործում ես մտոք և գործքով քո։
ՀՈԳԵՎՈՐ ՀՈՒՆՁՔԸ
Աստված Իր ցանքսին է, իսկ Խոսքն Իր՝ սերմացուն,
Ոգին Աստծո՝ գութանն, իսկ մարդը՝ սերմնառուն։
