ՆՈՐ և ԲԱԶՄԱԲՈՎԱՆԴԱԿ ԺՈՂՈՎԱԾՈՒ ՄԱՆՈՒԿՆԵՐԻ ՀԱՄԱՐ / Անի ՓԱՇԱՅԱՆ

Նարինե Ավագյանի ‹‹Հայրենիք իմ վեհ›› ժողովածուն նոր խոսք է հայրենիքը մանուկներին ներկայացնելու, նրա մասին պատմելու առումով: Ավելի է ընդգծվում հայրենիքի հանդեպ տածած անմեկնելի զգացումը, այդ սերն այնպես պատկերելը, որ մանկահասակ երեխան հասկանա, թե ինչ հարստության տեր է ինքը…

Պատկերված բազմաշերտ բնությունը, ընտանիքի արժեքը, այբուբենի կարևորությունը երեխայի մեջ կամրացնեն կապը հայրենի եզերքի հետ: Մանկության տարիների վերապրուկները ուղեկցում են ողջ կյանքում: Այդ իսկ պատճառով շատ կարևոր է այս շրջանում արդեն իսկ փոքրիկին դաստիարակելը մշակութային այսպիսի դրսևորմամբ:

Ն. Ավագյանը ստեղծում է պատկերների, խոսքային զարդանախշերի հետաքրքիր միասնություն, ապահովում փոքրիկի հետ խոսելու բնական շփումներ: Գրքում տեղ գտած տաղիկները, թեև առանձին, բայց միասնական են տրամաբանությամբ և ասելիքով: Բանաստեղծը երեխայի հետ խոսում է մտերմորեն, առանց ձևականությունների ու խրատի: Այո, նա սովորեցնում-ցուցադրում է ոչ թե պարտադրանքով, այլ` մտերմորեն, հաճախ իր խոսքն ավարտում մաղթանքով.

Լույսը թո՛ղ բարի բացվի,

Լույսդ թո՛ղ բարո՜վ բացվի…

Որքա՛ն կարևոր է երեխայի համար բացահայտել օրվա խորհուրդը, ցույց տալ ամեն օրվա եզակիությունը, հաստատել լավատեսության, աշխատանքի կարևորությունը: Այս ամենը հնչում է ժողովածուի առաջին բանաստեղծության տողերում: Օրը սկսել հայրենիքը` սրտում, շեն տան մեջ՝ որպես տաճար, կառուցված արդար ձեռքով, որտեղ մանկան ծիծաղն է: Հետո հիշում է զիվորին, մայրերին, գովերգում գյուղացու աշխատանքը, ընկած հերոսին: Մեր էպոսի ճյուղերն էլ են սկսվում հիշողություններով և երախտագիտության բացառիկ դրվագներով: Երեխան պիտի լսի այսպիսի ստեղծագործություններ, որ հետագայում լայնորեն զգա էպոսից ստացած ազդակները և ըմբռնի այնտեղ հնչող ասելիքները:

Հաջորդ՝ ‹‹Նկար խաղաղության›› տաղիկում կարևորված է խաղաղությունը՝ որպես գոյության պարտադիր պայման: Բնությունն է, մանկության բակը՝ ծառ ու ծաղկով, թոնիրը, որի մեջ լավաշ հաց է թխվում: Ամեն ինչ կա ազգայինը զգալու և արժևորելու համար.

Ես մի տուն եմ նկարել,

Տան մեջ՝ անուշ մի մայրիկ,

Կողքին ինձ եմ նկարել

Ու սիրասուն Հայրենիք:

Հայրենիքը մայրենի լեզուն է, բարբառը, կենտրոնում՝ հայոց այբուբենը: Երեխան հետագայում կկարդա Թումանյան, Տերյան, Չարենց, Սևակ, Սահյան, Կապուտիկյան… Բայց մանկական տարիքում մինչ այդ արդեն իսկ կարևորել է ‹‹երեսունինը զինվորի›› նշանակությունը: Այդ նրանք են ամեն օր պաշտպանում մեզ, մեր հոգևոր հարստության ամբողջացումն են: Հայոց լեզուն ընտանիքն է, լեռներն ու գետերը, տարվա եղանակները, հայրենիք տանող բոլոր արմատները, որ հնչեցնում է Ն. Ավագյանը ‹‹Զինվորների երգը››, ‹‹Հայոց լեզուն››, ‹‹Իմ Այբ ու Բեն›› տաղիկներում:

Ժողովածուն ամբողջական չէր լինի, եթե այստեղ տեղ չգտներ ‹‹Պապիկի երազը›› բանաստեղծությունը: Կապը ընտանիքի ավագների հետ, զրույցը, նրանց երազանքները հասկանալը պիտի առաջնորդեն երեխային, օգնեն, գոտևորեն, դաստիարակեն: Երեխան լսում է մեծ հորը, զգում իր արմատները, ծանոթանում հայոց պատմության կարևոր դրվագներին, գնահատում, եզրահանգումներ անում, լսում ‹‹Նարեկի›› մասին: Եվ այսպիսի մեծ հայր ունենալն էլ բախտավորություն պիտի համարել: Սերունդների կապը մեծ արժեք է, ցեղի շարունակության կարևոր նախապայման:

Հայրենիքին նվիրված ժողովածուն աչքի է ընկնում նաև գեղեցիկ ձևավորումներով: Մանուկներն այստեղ կդիտեն Նաիրա Ահարոնյանի գեղանկարները, որոնք արվել են հատուկ այս ժողովածուի համար, թեմատիկ են:
Նարինե Ավագյանի՝ մանուկների համար գրված նոր ժողովածուն ճանապարհ է երեխայի համար, որ նա հետագայում կարողանա լավ ընթերցող դառնալ, արդեն իսկ արժևորած լինի իր համար հայրենիք բառի բովանդակությունը, հասունանա այնքան, որ լիարյուն հասկանա առաջին հերթին ‹‹Ես իմ անուշ Հայաստանի ներբողը››, տոգորվի լավատեսությամբ, հավատա իր վաղվա օրվան, շենացնի իր երկիրը: