Արձակուրդ է, չունեմ դասեր,
Փոխարենը՝ ուրիշ հոգսեր,
Պտտվում եմ ես հոլի պես
Առավոտը բացվելուն պես:
Չեն թողնում ինձ՝ մնամ անգործ.
Ուղարկում են բանջարանոց,
Թե՝ թարմ համեմ բե՜ր, տո՜ւր տատին,
Որ սպասի մեջ կտրատի:
Պապը լավ չի տեսնում մեխը
Ու չի խփում իր ճիշտ տեղը,
– Նարե՜կ, արի՜,- կանչում են ինձ,-
Ժամացույցը կախենք պատից:
Չարաճճի եղբայրս էլ, տես,
Հեծանիվն է նորից կոտրել:
– Նարե՜կ, հասի՜ր, շուտ նորոգիր,
Քույրիկիդ տա՜ր զբոսայգի:
Բակը ջրի՜ր, գնա՜ հացի,
Դուռն են թակում, արագ բացի՜ր,
Գնա՜, շանն ու կատվին տո՜ւր կեր,
Այս բե՛ր, այն տա՛ր, այն տա՛ր, այս բե՜ր:
Մեկն ու մեկը ձեռք չի գցի,
Ոչ էլ մեկի մտքով կանցնի,
Ասի՝ Նարե՜կ, արձակուրդ է.
Մի քիչ էլ դու հանգստացիր:
