***
Ամառանոցից վերադառնում ենք տուն: Ճամփեզրին ձմերուկ են վաճառում: Նարեն, որ դեռ 2 տարեկան չկա, աչքը ձմերուկների կիտուկին, հարցնում է.
– Պապի՛կ, փոքր ձմերուկին հայերեն ի՞նչ են ասում:
***
Իսկ երբ Նարեն չորս տարեկան էր, ինչպես ասում են, շատ վատ էր ուտում: Բոլոր ջանքերն ապարդյուն էին: Փորձեցի մի միջոց կիրառել:
– Նարե՛,- ասացի,- մի հետաքրքիր խաղ ենք խաղալու:
Աշխուժացավ: Նստեցրի ծնկներիս, հացը փոքրիկ խորանարդիկներով կտրատեցի, կարագ քսեցի ու շարեցի իրար կողքի:
– Սրանք գող ու ավազակներ են: Եկել են քո Խրյուշային (հայտնի մուլտիկի իր ամենասիրած հերոս-խաղալիքն է) տանեն, հետո Մարկոսիկիդ կտանեն, հետո` Անուշիկիդ… Դու պիտի սրանց ոչնչացնես: Բացում ես բերանդ ու… երեք ույո՜ւ… չորս…
Իմ օգնությամբ մի քանիսին «ոչնչացնելով»` հրում է ձեռքս:
– Թող, մնացածներին` ինքս, պապի՛կ…
Մի քանի օր գող ու ավազակներին այսպես ոչնչացնելուց հետո նրանց մոռացանք: Եվ Նարեն այլևս «դժվար ուտող» երեխա չէր. սկսեց ամեն ինչ էլ ուտել, որպեսզի ուժեղ լինի ու իր տիկնիկ-հերոսներին պաշտպանի:
***
Մի քանի օր էր՝ իրար չէինք տեսել (հարբուխով հիվադ էի):
Զանգահարում է.
– Պապի՛կ, հինգ-վեց հատ նկար եմ արել ջրաներկով, բայց վերնագրությունները չեմ կարող գրել. դու պիտի գրես:
***
Զանգահարում եմ, Նարեն է պատասխանում:
– Պապան ի՞նչ է անում,- հարցնում եմ:
– Ուզում է քնել, բայց իրոք չի քնում, ձևեր եմ նկատում դեմքին:
***
Ինչ-որ բան եմ ուզում ասել տղայիս, երկմտում եմ` ասե՞մ, պե՞տք է որ…
Մեկ էլ Նարեն թե`
– Պապի՛կ, մի՛ նեղվիր, եթե բան ես ուզում պապային ասել, ինձ ասա, ես կասեմ…
***
Դրսից վազելով տուն է մտնում ու զվարթ փաթաթվում տատիկին.
– Տա՛տ ջան, այսօր էնքա՜ն շատ եմ հավես անում… Էնքան շատ… Ամբողջ օրը հավես եմ անում:
***
Շատ ուշադիր նայում է պատից կախված նկարներին: Տևականորեն հայացքը չի կտրում «Արարատը արևմուտքից» կտավից: Ու մեկ էլ`
– Պա՛պ, Արևմտյան Հայաստա՞նն ես նկարել:
***
Զանգահարում է.
– Պապի՛կ, դույլս ու լապատկաս վերցնեմ, գնանք ավազով խաղանք:
– Էլի՞ օտար բառ…
– Կներես, պա՛պ, մոռացել եմ, մի րոպե մտածեմ… Հա՜, թիակս…
Չարձագանքեցի: Արագ վրա տվեց.
– Թիակ, համ էլ` բահ…
***
Հյուրերի էինք դիմավորում: Նարեն` մեզ հետ: Ընկերս ձեռքը մեկնեց նրան ու թե`
– Էս ի՜նչ սիրուն աղջիկ ես, արի ծանոթանանք:
Նարեն լուրջ-լուրջ մեկնեց թաթիկը.
– Ծովինար:
Զարմացած իրար նայեցինք ու ծիծաղեցինք: Նարեն՝ ավելի լրջացած.
– Ես գնամ, պիտի Սանասարին ու Բաղդասարին դիմավորեմ: Սասունից են գալիս…
(Նարեի հետ տատիկ-պապիկի՝ վերջին օրերի զրույցի թեման Սասնա ծռերի մասին էր):
Գրի առավ
Ռաֆիկ ԵՐՎԱՆԴՅԱՆԸ