ՊԱՏՄՈՒԹՅՈՒՆ ՋՈՒԹԱԿԻ ՄԱՍԻՆ/ Անուշ ՎԱՐԴԱՆՅԱՆ

Դուք լսե՞լ եք, թե ինչ բազմահունչ ձայներ է արձակում ջութակը գնչու երաժշտի ձեռքում…

Այս պատմությունը պատմել է «Լոյկա» գնչուական խմբի մեներգիչը: Նրան պապից, որը հռչակավոր երաժիշտ էր, ժառանգություն էր հասել մի հրաշալի ջութակ, այն 200 տարվա պատմություն ուներ: Գործիքը ցոլում էր մուգ շագանակագույնից մինչև արնակարմիր երանգը: Ջութակահարը նրա հետ խոսում էր ինչպես սիրած աղջկա հետ: Եթե երաժիշտը մոռանում էր և գործիքը ձեռքն էր առնում ասես անշունչ իր, ջութակը հազում էր, փռշտում և չէր ցանկանում ենթարկվել: Իսկ երբ երաժիշտը շոյում էր թավշե կաշվով և քաղցր խոսքեր մրմնջում, ջութակը զնգում էր ինչպես կովի վզին կապած զանգակը, կչկչում հավիկի նման, փայտփորի նման կափկափում, ծառերի նման սոսափում և գետակի նման կարկաչում:

Ջութակի ամեն ելույթի ժամանակ սիրահար զույգերը իրար նայում էին ջերմ հայացքով, ծերուկի սիրտը տրոփում էր երիտասարդական ավյունով, վշտահարը բոցավառ սփոփվում էր, իսկ մյուսները ցնծություն էին զգում, և համերգը վերածվում էր գեղեցիկ տոնի:

Երաժիշտը իր ջութակի հրաշալի հնչյուններով ձգում-կանչում էր ամենալավ կիթառահարին, երգչուհուն, պարուհուն: Բոլոր ճամփորդությունների ժամանակ ջութակը ուղեկցում էր թավշե աչքերով, երկար վարսերով գնչու երաժշտին: Ջութակի շնորհիվ նորանոր մեղեդիներ էին ծնվում, իսկ ամեն կատարում զարմացնում էր երաժշտին՝ ջութակի անսպառ հնարավորություններով:

Բայց այն, ինչ պատահեց հետո, վեր է ամեն երևակայությունից:

Երաժիշտը մեքենայով սլանում էր դեպի ռուսական քաղաքը, որտեղ պետք է տեղի ունենար հերթական համերգը: Նա նստած էր վարորդի կողքին, իսկ ջութակը թավշեկաշվե պատյանով դրված էր ետևում: Երաժշտի սիրտը ուռչում էր արագության սլացքից, իսկ մտքում հնչում էին նոր երգի ռիթմերը.

«Օ՜, հյուսիսի աղջիկ, սառը հմայքով՝

Ես սպասում եմ հրաշքի և սիրո»…

Երբ անկյունից հայտնվեց այդ սև մեքենան, երաժիշտը չնկատեց, մինչ վարորդը ուշքի կգար, մեքենան հարվածեց երաժշտի կողմից: Մեքենավարը զարմացած նայում էր գնչու երաժշտին, որը մնացել էր անվնաս: Ետևից ջութակը թռել էր ու երաժշտի և մեքենայի արանքում հայտնվել: Մեքենայի հարվածը իր վրա էր վերցրել ջութակը և փրկել իր երաժիշտ ընկերոջ կյանքը: Երբ երաժիշտը բացեց պատյանը, տեսավ, որ ջութակը փշուր-փշուր է եղել…