ԵՐԲ ԱՆՑՅԱԼԸ ՆԵՐԿԱ Է ԴԱՌՆՈՒՄ
Չգիտեմ ինչու՝ հայացքս նորից գնաց դեպի անցյալ։ Երևի թե հիմա ես ավելի շատ եմ ապրում այնտեղ, քան ներկայի ոլորաններում։ Նորից հիշեցի Սիլվա Կապուտիկյանին, նրա մաքառող և օրինակելի տեսակը հառնեց իմ դիմաց, և ես ակամա նայեցի սրճեփը գազօջախին միշտ դնող իմ հոգնաբեկ ձեռքերին։
Անցել էին սումգայիթյան ջարդի օրերը։
Գարնանային հիասքանչ օր էր։ Գրողների միությունից տիկին Սիլվայի հետ քայլելով գնում էինք տուն։ Բանաստեղծուհու շքեղ ծաղկեփնջերը գրկել էի ու թևանցուկ էի արել տիկնոջը։ Մեր մանրիկ ու անշտապ քայլերը խոսում էին օրվա խորհրդից։ Հանկարծ մեր դիմաց դուրս եկան երկու օտար խոսույթով կանայք և գրեթե հարձակողական ու գռեհիկ բղավեցին.
– Դո՞ւ ես Սիլվա Կապուտիկյանը։
Ես մի պահ ցնցվեցի անսպասելիությունից. անելիքս չգիտեի։
– Այո, ես եմ,- խաղաղորեն ու ժպտադեմ պատասխանեց տիկին Սիլվան։
Կանայք սկսեցին անեծքախառն բղավել։
– Մենք հանգիստ ապրում էինք մեր տներում, էս ի՞նչ դժոխք բերեցիք մեր գլխին։
Երևի այս տխուր սցենարը կերկարեր, եթե մեր շուրջը խմբված մարդիկ չհեռացնեին նրանց։
– Ա՛յ աղջիկ, ձեռքդ թևիս տակ թռչունի պես դողում էր, բանաստեղծուհի՞ն էլ էդքան վախկոտ կլինի։ Բա որ իմ տեղը լինեիր, ի՞նչ կանեիր։
Ես նայեցի Սիլվայի ժպտուն դեմքին և հասկացա, որ պոետ լինելը միայն ծաղիկ ու ծափի համար չէ։ Պիտի ներուժ ունենալ բազկաթոռից դեպի այն կողմ՝ դրսում դիմակայելու։
Հիշեցի ու շատ, շատ կարոտեցի մեծն վանեցուն…
Հիմա ես ինձ հարց եմ տալիս՝ այդ պահին ի՞նչ կանեիր դու, Հռիփսիմէ՛։ Չեմ գտնում պատասխանը…
Բայց և գիտեմ, որ պոետական կոչումը փոխվել է… Մեր ժամանակի ոսկեդրամը դարձել է մանրածախ ռուբլի. նախնական շեփորականչից մնացել է ծիրանափողը…
Էժան էֆեկտների այս ժամանակահատվածում արվեստը քայլում է հենակներով, աչքերին` կարճատեսի խոշորացույց։ Ինքնագոհության մոդելը ավելի նորարար է դարձել, քան քննախույզի հայացքը։
