Այնտեղ, ուր ապրում է Գայանե Բաբայանը / Գայանե ԲԱԲԱՅԱՆ

Այնտեղ, ուր ապրում է Գայանե Բաբայանը,

Ամեն ինչ սատանայակերպ թափթփված է

լինում,

Մոխրամանի ծխուկների նման անփույթ.

Եվ այդ լաբիրինթոսը,

Ուր չկա սերը,

Կլանում է օրը, ամիսը, տարին…

Եվ խճճուկն այդ դաժան է,

Որովհետև կինը կգնա,

Կմնա լոկ սատանան,

Բայց չէ՞ որ սատանան շատ լավն է,

Երբ կին է, գեղեցիկ ու կրակ…

 

***

Նա նվաճեց աշխարհը

Սան-Ռեմոյի միսս-շոու փառատոնում,

Հետո վար իջավ

Ու քերեց իր տան կաթսաների մուրը:

Նա ուզում էր… թեև ամաչում էր,

Որ ինքն էլ, Մերիլինն էլ կին էին,

Եվ սակարկեց ամուսնու հետ,

Եվ սպանած հմայքներն իր գնահատեց

Մի կիլո միս,

Մարգարին

Եվ կոշիկ բոբիկ երեխայի համար,

Բայց չմոռացավ իր երազանքից

Անհնազանդ մի փունջ

Ուղարկել Սան-Ռեմո…

 

***

Ես, որ գզգզված մի կատու էի,

Սիրատարփ ու ցինիկ,

Որ լիզում էր քրտինքդ աղի

Եվ չգիտեր էլ ինչ անի,

Եվ դու, որպես փողոցի լղար շուն,

Որին հաջողվել էր մի էգ կատու բռնել,

Երբ հոգնատանջ ու… վերջ՝

Արդեն կրակ էինք երկուսս էլ.

Երբ կրակը արդեն պիտի որ թուլանար,

Ես վազվզում էի սենյակիդ չորս պատերի մեջ,

Մերկ ոտքերով ցատկոտում էի ապակիների

վրա,

Գովում էի մարմինդ լղար, ձիգ շուն,

Կետ առ կետ կպչում էի բոլոր ջղերիղ,

Հետո քնում էինք այնպե՜ս տաք ու կպած,

Ուրախ, որ նույնիսկ անկողին ունենք,

Չէ որ ես գզգզված էգ կատու էի,

Իսկ դու՝ փողոցի լղար շուն…

 

ԱԼՊԻԱԿԱՆ ՄԱՆՈՒՇԱԿ

Երբ մենակ գիշերվա ցուրտ անձրևի մեջ

Վնգստում եմ շան քոթոթի նման,

Իսկ հնձվորը արդեն խռռացնում է

Իր փոխուկի կողքին պառկած,

Հանգած վառարանի աշխարհում

Ես հավաքում եմ մեկ-մեկ

Արցունքներս,

Դրանցից մանյակ-բան եմ սարքում,

Որով զարդարում եմ ինձ,

Եվ ուզում եմ մի քիչ արցունք էլ

Քեզ ուղարկել,

Որով դու աղի-բլիթ կուտես,

Եվ տեսնես` այս անձրևում

Ո՜նց եմ ինձ սիրուն զարդարում…

 

***

Ամեն ինչ շատ վատի առաջ

Երբ թվում է, թե` արդեն վերջ,

Ես վերջի եզրին գտնում եմ կորցրած բառերս,

Բառերի հետ մի քիչ հուշ եմ խառնում ու կիրք,

Մի քիչ մեծ գրողի կարծիքն եմ խառնում

Ու համարյա արդեն լավ եմ լինում…

Եվ մեծ գրողը համարյա գլուխս շոյել էր,

Ինչպես նրա հերսուհուն, երբ աղջնակ էր ու

ցուրտ աշուն,

Քաղաքի մի չբեր կին էր շոյել ու անցել,

Բայց ինքը հիմա այլևս այն մրսող աղջնակը չէր,

Եվ իհարկե` քաղաքի չբեր կինը չէր,

Բայց մեծ գրողը կար դեռևս,

Եվ ինքը կար, թաքո՜ւն նրան սիրող…

 

***

Եվ որովհետև անհնար էր անվերջ նվնվալ

Կնոջը բաժին ընկած ստրկությունից…

Կարևորը ոտքերն էր՝ ուներ,

Կարևորը ճանկերն էր` ուներ,

Եվ կարևորը կինն էր`

Դեռ կար,

Նա ճանկռոտելով ու սողեսող գնաց

Դրախտի այգիների չափարը քանդելու.

Եվ խնձորը արդեն շուրթերին էր հասցրել,

Բայց հրաժարվում էր առաջ գնալ,

Որովհետև շուրթերից այն կողմ էլ ի՜նչ կա…

Բայց կծեց, և այնպես ափսոս էր,

Եվ այնպես սիրուն էր, երբ հեռու էր,

Եվ այնպես սիրուն էր, երբ շուրթերին էր,

Բայց իմաստնացավ օձի պես, ասում էր.

Ոտքեր` ինքը ունի,

Ճանկեր` ինքը ունի,

Եվ կարևորը կինն է`

Դեռ կա:

 

***

Մի բառ փոխեք իմ տողի մեջ.

Ձեր ձեռքերով մի բառ գրեք,

Հետո, երբ մենակ մնամ,

Երբ խելագարվեմ իմ երգերի ու գիշերվա հետ,

Երբ սիրտս ցամաքի սպասման տրոփից,

Ու դուք լուռ հրամանով արգելեք ինձ

Որևէ քանդող բան անել

Ցեղի, արյան ու դաշինքի դեմ,

Ու ես հմայվածի պես ենթարկվեմ ձեզ,

Կհանեմ այդ բառը, կդնեմ իմ աչքերի առջև

Ու կհամբուրեմ նախ բառը` ամբողջ ձեռքը,

Հետո մատները հատ-հատ

ամեն տառն առանձին…

***

Ախր ես սպասելուց տգեղանում եմ,

Սիրելիս,

Մտել եմ սենյակդ հանկարծ,

Որ առանց քեզ դատարկ է.

Ես ու մահճակալդ նախ սիրունացանք,

Բայց դու ուշանում ես,

Սիրելիս,

Եվ գեղեցկությունս, որ ստեպ-ստեպ

թարմացնում եմ,

Արդեն նմանվում է

Հազար անգամ տաքացվող ճաշի…

 

***

Քաղաքը. առհասարակ անձրևներ էին լինում,

Իսկ կնոջ երևալուն պես հատկապես սաստկացան,

Որովհետև կինը օրն ի բուն,-

Լուսամուտի փեղկերը բացած

Ու լուսամուտի գոգին նստած,-

Օրն ի բուն կանչում էր անձրևին,

Ոգևորում էր շշուկով և մրմնջյունով,

Ոգևորում էր մեջքին խփելով,

Ոգևորում էր լեզուն դուրս հանած…

Արագ, անձրև, արագ,

Ավելի կատաղի,

Ավելի փոթորիկ,

Ավելի ջրհեղեղ…

Անձրև, այնքան արագ,

Որ կնոջն էլ դուրս գցես

Չորրորդ հարկի իր լուսամուտի գոգից…

 

***

Ես նկարել էի տուն, որտեղ ապրում էի,

Նկարել էի սերը, որը պահում էի սրտիս

շրջանակում,

Նկարել էի համբույրը, որը պահում էի շուրթերիս,

Նկարել էի մկնիկ, որին պաշտպանում էի իմ

նկարած կատվից,

Նկարել էի երեխաներ, որոնց սիրում էի:

Ու երբ մի օր այդ երեխաների համար ես

թիթեռ նկարեցի,

Նրանք ծիծաղելով դուրս նետեցին և ուզեցին

իսկականը.

Աստվա՜ծ իմ, ասացի ես ու վազեցի թիթեռի

ետևից,

Աստվա՜ծ իմ, բայց չէ որ չի կարելի շպրտել

երազները…

***

Չսիրեցի՜ք դուք ինձ, տղերք,

Պոետ տղերք, ես փակ էի ձեր դեմ.

Մենք այնքան աղքատ, այնքան մերկ էինք,

Ես լսում էի ձեր շնչառությունը հեռվից,

Քիչ-միչ շորորում էի, զրույց էի անում,

Դուք պոետ էիք և ձեռքներդ գրպաններում

սուլում էիք:

 

Չսիրեցի՜ք դուք ինձ, տղերք,

Խեղճուկրակ պոետ տղերք,

Իմ բույրը ձեզ չէր հասնում,

ես դրսից անփայլ էի,

Չսիրեցի՜ք դուք ինձ, տղերք…

 

Չսիրեցի՜ք դուք ինձ, տղերք,

Դուրս չքաշեցիք դուք իմ որջից,

Քանզի զբաղված էիք և սուլում էիք,

Արդեն ո՜ւշ է, արդեն ախպե՜ր ենք,

Չսիրեցիք դուք ինձ, տղերք…