Մարդկության ստեղծած մեծագույն հրաշքներից է գիրքը՝ գրի բնական ու տրամաբանական շարունակությունը. մտքի մեծագույն ամբարիչ ու բաշխիչ, հոգու ընկեր ու բարեկամ։ Գիրն ու գրավոր խոսքը մարդկանց կյանք են մտել շատ վաղուց՝ հազարամյակներ առաջ։ Մինչ գրքի ի հատ գալը մտքի գրավոր ամբարումն ու փոխանցումը տեղի էին ունենում գրե հուշարձանների միջոցով, հետո, երբ մարդկային միտքը հերթական թռիչքն արեց և աշխարհին պարգևեց թուղթն ու դրա վրա գրավոր խոսքն անմահացնելու հրաշքը, լույս աշխարհ եկավ գիրքը։ Հարյուրամյակներ առաջ էր դա՝ հին աշխարհում՝ Եվրոպայում։ Հայ ժողովուրդը այդ սրբազան ծննդյանը առաջին արձագանքողներից մեկը եղավ։ Հայ ազգի մի մեծ զավակ լույս աշխարհ բերեց հայերեն խոսող առաջին թղթե հրաշքը։ Եվ դա բնական է միանգամայն, որ հայ ժողովուրդը առաջիններից մեկը այս աշխարհում գիրքը պիտի իր կյանք ընդուներ, բնական, ինչպես սրտի բաբախյունը, ժամանակային միավորների հաջորդականությունը, երեկվա ու վաղվա անկրկնելիությունը, քանզի քաղաքակրթության բոլոր ոլորտներին արարական մեծ հրայրքով մոտեցող ազգս այլ կերպ վարվել չէր կարող։ Եվ այսպես՝ հայությանը մեծ ավետիս տրվեց՝ ծնունդը հայ գրքի հսկա գերդաստանի առաջնածին զավակի՝ ճակատագրի բերումով՝ մտքի օտար կամարների ներքո։ Պատմանականորեն շատ չանցած՝ այս հրաշքի ծննդյան ավետիստը տրվեց նաև մայր հայոց հողում, և մինչ օրս շարունակվում են այդ ավետիսները և շարունակվելու են հար ու հավետ, քանի կա Արարատի ժողովուրդը։
Այո, գրքի ամեն մի երևակում ավետիս է, տոն՝ մտավորական մարդկության համար, և հաղթանակ՝ տգիտություն կոչվող նողկալի ու ատելի ճիվաղի դեմ։
Կյանքի ամեն մի փուլում, հանգրվանում պետք է լինի գիրքը՝ որպես մտավոր հարստացման, հզորացման, հոգեկան բավականության, բերկրանքի աղբյուր, ներքին տեսողությունը զորեղացնող միջոց, բազում հեքիաթային աշխարհներում ճամփորդելու հնարավորություն, անապակ գինի, անթթխմոր հաց, որ տրվում է գիտելիքի աստվածության հավատացյալներին հոգու, մտքի վսեմացման, փառավորման համար։
Գիրքը հավատարիմ բարեկամ է, ամեն վայրկյան կարող ես դիմել նրան, հույս դնել նրա վրա, նա երբեք չի դժգոհի, չի տրտնջա, չի խաբի քեզ, կյանքի ամեն մի հորձանուտի մասին կտա գիտելքիների առատ, անսպառ ամբողջություն։
Գիրքը կտրում է քեզ անիմաստ ու ծանր առօրյայից, տանում խոհերի աշխարհ, դարձնում այդ աշխարհի տիրակալը։ Միայն ու միայն գիրքն է, որ դարերի մտավոր ամբարումը սիրով ու հոժարությամբ տալիս է քեզ. ժամեր տրամադրիր քո կյանքից գրքին, ու նա քո առջև կսփռի աշխարհի ողջ իմաստությունը։ Բացում ես իրար փակցված, կիպ գրե էջերը, և քո առջև հառնում, քեզ այցի են գալիս մտքի մեծերը, իմացություն տալիս, միտք ու հոգի սնուցում, լույսի շողեր տարածում հոգու, մտքի հեոուներում։ Գրքի հետ շփվել, գրքի էջերին հավերժացածը կլանել նշանակում է մարդկային անցած ու ներկա մտածական աշխատանքի ծնունդ բարիքների անսահմանությունից անգին մի մաս խեցի առ խեցի տեղափոխել ու անթեղել հոգու մեջ։ Ընթերցանության ժամանակահատվածը մտավոր արժեքների անհատնում աշխարհի հետ հաղորդակցման ժամանակահատված է։ Ընթերցանությունը մարդկային այն զբաղմունքներից է, որի ընթացքում ստացվածը տրվածից անհամեմատ շատ է՝ երաշխավորված, առմիշտ մնացող, անկորնչելի։
Գրքերի աշխարհը մտքի, իմաստության, իմացումի, խոհի, խոկման աշխարհ է։
Գրքի նկատմամբ ունեցած պահանջը այս աշխարհում եղած նվիրական պահանջներից է, գրքի նկատմամբ ունեցած վերաբերմունքը՝ գնահատության չափանիշ. մարդու տեսակը, բանական էակ լինելու չափն ու աստիճանը, մարդկության քաղաքակիրթ կողմին պատկանելը որոշվում է նաև առ գիրքը նրա ունեցած վերաբերմունքով։ Գիրքը, գրքի հանդեպ ունեցած վերաբերմունքը գնահատողական չափանիշ, քաղաքակրթական չափիչ է նաև ազգերի համար. գրքով ու գրքին ուղղված հայացքով է պարզորոշ դառնում նրանց կրթվածության, քաղաքակրթության չափն ու աստիճանը։ Գրքով, առ գիրքը ունեցած վերաբերմունքով կարելի է ճանաչել անհատին ու ազգը։
Գիրքը կարող է նաև նվիրական մղումներ ծնել, արժեքներ սնուցել, միտք լուսավորել, նոր արշալույս բացել, ցանկալի նորով փոխարինել անցանկալի հինը, հոգենորոգման ու լավ գալիքի սկիզբ դառնալ։ Ասել է՝ գրքով կարելի է, երևի թե, գոնե մասամբ, դեպի լավը հակել անհատին ու ազգին։
Գիրքը մարդուն անասունից, գազանից տարբերող, բարձրացնող, արժեքավորին, հոգևորին, լավին, բարուն, լուսավորին, գեղեցիկին, Աստծուն մոտեցնող զորեղ միջոց է։ Եվ ցավալի է, որ մարդը կարող է ապրել մի ամբողջ կյանք և չբացել մտավոր տարողությամբ մեծարժեք ու անմահ այս կամ այն գիրքը, իր հոգում չընդունել նրա պարունակածի գոնե մի փոքր մասը, ցավալի է հենց այդ մարդու համար։ Գրքով սնված մարդը չի կարող չտարբերվել, թե՛ ներքուստ, թե՛ արտաքուստ, անգամ նայվածքով ու կեցվածքով, գրքից հեռու, գիրքը մերժող էակից, այնպես, ինչպես ազնիվ մետաղից պատրաստված զարդը չի կարող չտաբերվել անորակ մետաղից ձուլված առարկայից։
Մարդկությունը գիրքը մերժելու դեպքում կլինի կույր, ստոր մղումներով ու կրքերով լի, ունակ միայն չհանդուրժելու, վերացնելու, կլանելու, սպառելու, զրկելու… Գրքին հետևելու դեպքում կվանի չարը, կփակի խավարը հեռու մի անել վայրում, որտեղից այն երբեք չի կարող դուրս գալ, ավելի շատ լույս ու արև կունենա իր կյանքում։ Գիրքը աշխարհն ավելի հոգևոր, ավելի արժեքավոր, մտավոր կյանքի համար ավելի նպաստավոր դարձնելու անգին առաքելությանն դիրքերում է ամեն վայրկյան։
Ոչ վաղ անցյալում գիտական միտքը հրաշագործեց գրքի նոր՝ ոչ թղթային–թերթային տեսակը։ Այսօր թվային–էլեկտրոնային աշխարհում գրքի, գրքային պաշարների հսկայական կենտրոնացումներ կան․ ամենատարբեր դարաշրջանների ծնունդ գրքերը հարևանում են մարդկության ստեղծած թվային–էլեկտրոնային անսահմանության մեջ։ Սակայն թղթային–թերթային գրքին գրքի ոչ մի այլ տեսակ չի փոխարինի, որովհետև գրքի ոչ մի այլ տեսակ չի կարող ունենալ թղթային–թերթային գրքի տեսքը, կազմությունն ու բույրը՝ շոշափելի, զգայարաններով ընկալելի… Գիտության, տեխնիկայի ինչ հրաշքներով էլ ներկայանա գիրքը, միևնույն է, դրա տպագիր մարմնավորմանը չի հասնի։
Այո, հրաշք է գիրքը, թեպետ տարբեր գրքեր տարբեր չափով են հրաշք, և մարդաստեղծ մյուս հրաշքների՝ գրականության, արվեստի, գիտության, իմաստասիրության և այլնի նման, նրանց հետ սերտ միասնությամբ, նաև իբրև նրանց հունձքերի վերջնահանգրվան ու ամփոփարան, այն սնում է հոգին, ինչպես հացը՝ մարմինը։ Հույժ ցանկալի է, երազելի ու մաղթելի, որ մարդկության համար համայն ներկա ու ապագա բոլոր օրերին հեռու-մոտիկ բոլոր ծագերում այս մեծ աշխարհի տիրական լինի ու հավետ մնա այդպիսին կենաց ուղին գրքով անցկացնելու պահանջը հոգեծնունդ։
Սիրենք գիրքը, ընդառաջ գնանք նրան, դարձնենք այն մեր ապրվող օրերի կարևոր մասը․ գրքերի անսահման ու հրաշալի բազմությունը, նրանից անընդհատաբար ճառագող լույսը սպասում են մեզ․ մեր հոգիները այդ լույսի կարիքն ունեն։
Հրաչյա ԱՐՄԵՆՅԱՆ
Բան. գիտ. թեկնածու
«Պատմաբանասիրական հանդես»–ի հայերեն բաժնի խմբագիր
