Կար չկար մի թագավոր կար, որ ապրում էր շատ շքեղ ապարանքում։ Նա մի խոշոր մարգարիտ ուներ, որը ոչ միայն անգին գոհար էր համարվում, այլև թագավորության, հզորության, վեհաշուքության ցուցիչ էր։ Պալատականներից ոմանք էլ այն դիտում էին որպես արքայության խորհրդանիշ։ Մի օր վեզիրների ու մտերիմների ներկայութամբ արքան հրամայեց բերել անգին գոհարի արկղիկը և, ի զարմանս բոլորի, տեսան, որ դրա վրա սև բիծ առաջացել է, ինչը ներկաները տարբեր կերպ բացատրեցին՝ ոմանք այն ժամանակին վերագրեցին, ոմանք էլ, թե՝ փոշու հյուլե է։ Թագավորը խիստ զայրացավ, կատաղած բղավեց, թե՝ սա իմ թագավորության խորհրդանիշն է, և բիծը պետք է մաքրվի։ Պալատականները, վեզիրները, բոլորը գործի անցան, հրավիրեցին հայտնի դեղագործներին, քիմիկոսներին, ոսկերիչներին, բայց ոչ մեկը չկարողացավ մաքրել բիծը։ Թագավորը, խիստ մտահոգված, թագը գլխից վերցրեց ու ասաց․
– Ինչպե՞ս կարող էր իմ հզորության խորհրդանիշ գոհարը էսպես բծավորվել, արդյոք սա դժբախտության նշան չէ՞։
Ներկաները պատասխան չունեին, սարսափած ու մտահոգ էին։ Միշտ ուրախ ու զվարճությամբ լեցուն խրախճանքների պալատում ծանր մռայլություն էր տիրում։ Լուրը տարածվեց քաղաքով մեկ։ Մի աղքատ մարդ, լսելով, ասաց, որ ինքը գիտի դրա պատճառը։ Մարդիկ սկսեցին ծաղրել նրան՝ ասելով, թե իր առօրյա հացը չի կարող հայթայթել, էլ ուր մնաց՝ այդ կարևոր հարցից գլուխ հանի։ Ինչևիցե, լուրը հասավ պալատականների ականջին, ու նրանք էլ չէին հավատում՝ մտածելով՝ եթե գիտնականները չեն իմացել, այս աղքատը ո՞նց կիմանա։ Նրանք ցնցոտիներով ու պատառոտված կոշիկներով աղքատին նայում էին նվաստացնող հայացքով։ Թագավորն ասաց․
– Ա՛յ խղճուկ, լսել եմ, որ գիտես իմ անգին գոհարում առաջացած բծի պատճառը, դե ասա։
Աղքատը փոքր-ինչ հապաղելուց հետո ասաց․
– Ո՜վ մեծն արքա, քո անգին գոհարի մեջ որդ է տնավորվել, և այդ սև բիծը նրա ոտնահետքն է։
Արքայանիստ սրահը պայթեց վեզիրների ու պալատականների քահ-քահ ծիծաղից։ Սակայն նրանց ծաղրը դույզն ինչ ազդեցություն չունեցավ աղքատի վրա, նա շատ վստահ ու համոզիչ տոնով շարունակեց․
– Ամեն բան փչանում, կործանվում է ներսից։ Մինչև ներսում փտածություն չլինի, դրսի որևէ ուժ չի կարող բիծ առաջացնել։
Թագավորը հոնքերը կիտեց։ Մի կողմից աղքատի խոսքերը սրտովն էին, մյուս կողմից հպարտությունը թույլ չէր տալիս, որ ընդունի, ուստի, խիստ զայրացած ասաց. «Եթե ասածներդ ճիշտ չլինեն, գլուխդ կթռցնեմ»։ Աղքատը գլուխ խոնարհեց։ Իսկ գլխավոր ոսկերիչը դողդոջուն ձեռքերով, ամենայն զգուշությամբ շատ բարակ անցք բացեց քարի վերին շերտում։ Ճակատագրական պահ էր, ծանր լռություն էր տիրում սրահում: Թագավորը զարմանքից կլորացած աչքերով նայեց աղքատին ու ցածրաձայն ասաց․
– Ուրեմն, ճիշտ էիր ասում, անգին գոհարի սրտում որդ կա։
Աղքատը համեստորեն գլուխը խոնարհեց ու ասաց․
– Ով արքա, ցանկացած գոհար, իշխանություն, թագավորություն եթե ներսից այլասերվի, ապա վաղ թե ուշ արտաքուստ էլ այդ բիծը երևան կգա։ Դրսից ոչ մի բան ի զորու չէ դա անել, փտածությունը միայն ներսից է լինում։
Թագավորը, դա լսելով, սկսեց խորհել, սակայն հպարտությունը թույլ չէր տալիս աղքատի առաջ գլուխ խոնարհել։ Նա հրամայեց խոհանոցի անկյունում տեղ տալ ու ճաշերի մնացորդով կերակրել նրան։
Հաջորդ առավոտ թագավորը հեծավ ձին ու աղքատին հարցրեց․
– Սա իմ լավագույն ձին է, դու ի՞նչ ես կարծում այս մասին։
Աղքատը պատասխանեց. «Լավագույնն է արագության առումով, բայց մի թերություն ունի»։
Թագավորը հարցրեց. «Ի՞նչ թերություն»: Աղքատն ասաց․
– Քո ձին ամենաարագ վազքով հանկարծ գետի հանդիպի, նույն արագությամբ թռնելու է գետի մեջ։
Թագավորը չհավատաց, բայց որոշեց փորձել և ձիավարեց դեպի գետափ։ Ձին, գետը տեսնելով, թռավ ջուրը։ Զարմացած աղքատի իմաստնության վրա՝ թագավորը հրամայեց մի գիշեր ևս նրան թողնել խոհանոցի անկյունում ու թերմացքներով կերակրել։ Հաջորդ օրը հրամայեց իր մոտ բերել աղքատին և հարցրեց նրան. «Էլ ի՞նչ գիտես, որ մենք չգիտենք»։ Աղքատը, վախից գունատվել, դողում էր, դողդոջուն ձայնով ասաց. «Դուք ազնվական, արքայազն չեք»։ Թագավորը անասելի զայրացավ ու հրամայեց նրան բանտարկել։ Բայց քանի որ նախորդ երկու դեպքում աղքատի ասածները ճիշտ էին, որոշեց ստուգել նաև վերջին ասածը։ Ուստի, գնաց մոր մոտ և հարցրեց․
– Ես ո՞վ եմ, մայրիկ, ճշմարտությունն ասա, ճի՞շտ է, որ արքայազն չեմ։
Մայրը նախ փորձեց չպատասխանել, բայց հետո հարկադրված պատասխանեց՝ այո, ճիշտ է։ Ապա պատմեց․
– Որդիս, ես ու հայրդ անպտուղ էինք, իսկ նա մտավախություն ուներ, որ իրենից հետո թագը ժառանգելու են եղբոր որդիները, ուստի, երբ արքունիքի ծառաներից մեկը որդի ունեցավ, մենք նրան վերցրինք ու հայտարարեցինք, թե թագաժառանգ ենք ունեցել։
Թագավորը երրորդ ագամ հրամայեց աղքատին իր մոտ բերել։ Այս անգամ ցանկանում էր պարզել, թե ինչպե՞ս է իմացել այդ գաղտնիքները՝ գոհարի բծի, ձիու թերության և իր՝ արքայազն չլինելու մասին։ Աղքատը պատասխանեց․
– Գոհարի մասին՝ այն փաստով, որ ամեն բան, եթե ոչնչանում է, ներսից է դա տեղի ունենում։ Ջրի նկատմամբ ձիու հակումը ակնհայտ է նրա ոտքերի բրդոտությամբ, որ ես նկատեցի ու հասկացա։ Երբ քուռկիկ է եղել, գոմեշի կաթ է կերել, քանի որ գոմեշներին ու ձիերին միասին են տանում արածելու։ Ձեր ձին կարողացել է մտերմանալ մի գոմեշի հետ ու նրա կաթն է կերել, իսկ գոմեշները ջուր շատ են սիրում։
Թագավորը հարցրեց․
– Բա իմ ծագումն ինչպե՞ս իմացար։
– Ես պարզեցի գոհարի բծավորվելն ու ձիու թերությունը, որոնք ձեզ համար կարևոր էին, բայց դուք ոչ միայն վարձահատույց չեղաք, այլև հրամայեցիր ինձ խոհանոցի մի փոքր անկյունում տեղ տալ ու թերմացքներով կերակրել, ինչը հեռու էր ազնվազարմի վեհանձնությունից։ Եվ ես հասկացա, որ դուք արքայազն չեք, այլ՝ աղքատ որդի։
Պարսկերենից թարգմանեց Էմմա ԲԵԳԻՋԱՆՅԱՆԸ
