ՀԳՄ վարչությունը
շնորհավորում է գրականագետ, բանաստեղծուհի, արձակագիր
ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆԻՆ
ծննդյան 75-ամյակի առթիվ
«Գրական թերթը» միանում է շնորհավորանքին
Զուխրա Երվանդյան
ԱՐԵՎ ԵՄ ՈՒԶԵԼ
Աշխարհ եմ եկել խոր ձմռան մի օր,
երբ թոնիրն անգամ մրսում էր ցրտից,
եկել, ճչալով արև եմ ուզել,
ծաղկունք եմ ուզել ձյուն դրած հողից։
Բախտս ձմռան հետ բաժակ է զարկել,
խմել կենացը արևոտ գարնան,
ձմռան ճերմակ սառնության գրկում
գարնան ծաղկունքոտ գույները վառել։
Ու ես ապրում եմ՝ հոգուս մեջ առած
մրսած կտավը իմ ճերմակ ձմռան՝
արևի ոսկով թաթախուն գրչով
կտավին տալով պերճանքը գարնան։
Զուխրա Երվանդյանին, ով կարողացավ բառերի տաճարում ճրագ վառել
Յուրաքանչյուր մարդու կյանքում կա մի լույս, որը չի մարում ժամանակի հետ, այն աճում, խորանում և դառնում է ուղենիշ ուրիշների համար։ Զուխրա Երվանդյանի կյանքում այդ լույսը գիտության, գրականության և մարդասիրության միահյուսված ճառագայթն է։ Նրա ծննդյան օրը ոչ միայն կենսագրական թվի լրացում է, այլև գոյությունը այն ճանապարհի, որը նա անցել է՝ գիտելիքը ծառայեցնելով հայ մարդուն։
Որպես տարիներ շարունակ կրթական ու գիտական դաշտում աշխատող մասնագետ՝ նա ապացուցել է, որ գիտութունը կարող է լինել ոչ միայն հետազոտություն, այլև հոգևոր շինարարություն։ Նրա գրական խոսքը, ինչպես գիտական միտքը, ունի նույն բնույթը՝ խորքային, ազնիվ, ճշմարտություն որոնող։ Եվ հենց այդ ամբողջականությունն է, որ նրան դարձնում է ժամանակակից հայ մտավորականության առանձնահատուկ դեմքերից մեկը։
Զուխրա Երվանդյանի 75 տարին հիշեցնում է, որ մարդու կյանքում կան պահեր, երբ ժամանակը դադարում է լինել շարժում և դառնում է գիտակցություն։ Նրա ճանապարհը հենց այդ գիտակցված ժամանակի օրինական է՝ տարիներ, որոնք չեն անցել, այլ՝ վերափոխվել են՝ դառնալով ներքին լույսի շերտեր։ Նրա գրական խոսքը ծնվում է այն տարածությունից, որտեղ մարդը հանդիպում է ինքն իրեն՝ առանց դիմակների, առանց շեղումների, միայն ճշմարտության մերկությամբ։
Գիտական միտքը նրա մեջ դարձել է ոչ թե սահման, այլ խորություն՝ թույլ տալով բառին ունենալ ոչ միայն իմաստ, այլև էություն։ Նրա գրականությունը չի պատմում աշխարհի մասին, այն բացում է այն տարածքը, որտեղ աշխարհը դառնում է մարդու ներքին արձագանքը։ Եվ այդ արձագանքի մեջ կա մի բան, որը չի ծերանում՝ ո՛չ տարեթվով, ոչ՛ ժամանակով, որորվհետև այն արմատ ունի ոչ թե անցյալում, այլ՝ հավերժության մեջ։
Շնորհավոր ծնունդդ, Զուխրա՛ ջան։ Թող այս տարեդարձը լինի նոր էջ, լի նոր հայտնություններով, նոր գրքերով, նոր գիտական հաղթանակներով։
Ավիկ ԴԵՐԵՆՑ
Զուխրա Երվանդյան․ 75 տարի արմատավորված մտավոր ներկայություն
Զուխրա Երվանդյանի ծննդյան 75-ամյակը արժանապատիվ առիթ է գնահատելու մի կյանքի և գործունեության ամբողջություն, որը ձևավորվել է գիտելիքի, լեզվի և մշակույթի հանդեպ երկարամյա, հետևողական ծառայությամբ։ Այս հոբելյանը ոչ միայն տարեթվային հանգրվան է, այլև հաստատում այն մտավոր արժեքների, որոնք կայուն կերպով ներգրավված են հայ մշակութային և գիտական միջավայրում։
Մասնագիտական գործունեության ընթացքում Զուխրա Երվանդյանը հաստատվում է որպես գրող, բանաստեղծ, գիտնական և մանկավարժ։
ՀՊՏՀ-ում նրա երկարամյա դասախոսական աշխատանքը, գրականագիտական և լեզվագիտական ուսումնասիրությունները, ինչպես նաև գեղարվեստական գործերը ձևավորել են մի ամբողջական մտավոր համակարգ, որը բնորոշվում է գիտական բարեխղճությամբ, մշակութային հիշողության պահպանման խոր գիտակցությամբ։ Նրա կերպարը առավել ամբողջական է ըմբռնվում խորհրդանշական համեմատության միջոցով։ Արցախի ավելի քան երկու հազար տարվա Տնջրի ծառը հայ մշակութային գիտակցության մեջ հանդես է գալիս որպես շարունակականության, կենսունակության խորհրդանիշ։ Նրա տեսանելի արմատները քարացել, ժամանակի հետ վերածվել են քարակառույցի։ Այդ արմատները միաժամանակ և՛ անշարժ են, և՛ կենսական։ Նույն կառուցվածքային տրամաբանությունն ունի Զուխրա Երվանդյանի մտավոր գործունեությունը։ Նրա գիտական և ստեղծագործական ուղին կարելի է ընկալել որպես արմատային համակարգ, որտեղ որոշ շերտեր խորապես թաղված են լեզվի և մշակույթի խորքերում, իսկ որոշները բաց են, տեսանելի՝ գրքերի, ուսանողների և ձևավորված մտածողության տեսքով։ Այդ «երակները», ինչպես արմատները, չեն ընդհատվում ժամանակի ընթացքում, այլ՝ քարանում են՝ դառնալով կայուն հենարան։ Այս համատեքստում Զուխրա Երվանդյանը ոչ թե պարզապես համեմատվում է Տնջրի ծառի հետ, այլ՝ հանդես է գալիս որպես նրա մարդկային արտահայտությունը՝ արմատավորված, կայուն և կյանք փոխանցող։ Նրա 75-ամյակը եզրագիծ չէ, այլ՝ հաստատումն է այն իրողության, որ իրական մտավոր արժեքները ժամանակի ընթացքում չեն մարում, այլ՝ խորանում են՝ դառնալով հենասյուն սերունդների միջև ձևավորվող մշակութային և գիտական կապի համար։
Դանիել ՎԱՐՈՒԺԱՆ ՀԵՃԻՆԵԱՆ
«Արվեստի Խաղաղություն» կազմակերպության հիմնադիր և նախագահ
ՄԽԱՑՈՂ ԱՆԹԵՂՆԵՐԻ ՊՈԵԶԻԱ
Զուխրա Երվանդյանի պոեզիայի աշխարհը յուրատիպ է ու ինքնօրինակ․ նուրբ քնարերգություն է` կյանքի լավ ու վատի, մարդկային ապրումների, նուրբ հույզերի, սիրո ու կարոտի, ծննդավայրի ու հայրենիքի, ցասումների և մաքառումների թեմատիկ ընդգրկումով։ Բանաստեղծուհու համար իր մանկության Արցախ աշխարհը սովորական տարածք չէ, այն բիբլիական հող է, ուր դարերով ապրել են, ինչպես ինքն է ասում, իր «ամենահայ ապուպապերը»։ Պոետը վայելել է աստվածընծա հայրենի եզերքի հմայքն ու շքեղությունը, նրա աստեղային պահերի զորությունը։
Անհուն սեր հայրենի կորուսյալ եզերքի նկատմամբ, կարոտ, ցավ ու թախիծ, հոգու ցասում… և ծնվող վրեժամատյան..․ Ու նաև՝ անսահման բարության լույս, երազանքներ, հոգու թրթիռներ… Սրանք արցախյան թեմայի խորհրդանիշ բառ-ապրումներից, բառ-հուզումներից են, որ առատապես հանդիպում են Երվանդյանի պոետական աշխարհում։ Զուխրա Երվանդյանի հայրենասիրական պոեզիայի ամեն մի գործում լսելի է նրա սրտի տրոփյունը, զգալի է խռովքն ու արյան բողոքը․ «Հույսս պրկված բռունցք է դարձել,//վրեժ է քամում իմ երակներից,//հոգիս փոթորկողը չլռող ճիչ է, արյան բողոք է, սրտի խռովք»։
Հզոր է տաղանդաշատ բանաստեղծուհու գրիչը, հզոր է պատգամն իր ընթերցողին․ «Չծնկե՛լ։ Չխոնարհվե՛լ։ Ապրե՛լ։//Վարժվել ցավի աչքերին//անսարսափ նայելուն,//ահը ջնջելուն…//ապրելու մեր նոր էջը բացելուն…»։ Հիրավի, հզոր է հնչում նրա խոսքը, թե՝ «Հայրենիքը ոգի է,//Ապրելու խարիսխ, //Մտածելու ձև և ոճ…»։
Զուխրա Երվանդյանը դեռ գրելու է հզոր Հայաստանի երգը։ Ընթեցողները սպասելու են նրա տաք խոսքին, ինչպես ինքն է սիրում ասել, «նախշունոտված» բառերին…
Հենրիետա ՍՈՒՔԻԱՍԱՅՆ
պրոֆեսոր, բ․ գ․ թ․
ՈՂՋՈՒՅՆԻ ԽՈՍՔ ԶՈՒԽՐԱ ԵՐՎԱՆԴՅԱՆԻՆ
Կիևի պետական համալսարանի նախաձեռնությամբ ես և մի քանի ուկրաինացի ուսանողներ ԵՊՀ-ում ուսումնասիրում էինք հայոց լեզու և հայ մշակույթ՝ հետագայում թարգմանական գործով զբաղվելու համար: 60-70-ականներին էր։ Մենք ապրում էինք ուսանողական հանրակացարանում, որտեղ և ծանոթացա բանասիրականում սովորող բարետես մի աղջկա՝ ուկրաինական ականջին արտասովոր հնչողություն ունեցող անունով՝ Զուխրա։ Երբ հայոց լեզվի հետ կապված որևէ հարց էր առաջանում, Զուխրան ուրախությամբ օգնում էր մեզ: Հիշում եմ, հայերենով առաջին ընթերցածս Բակունցի սքանչելի «Ալպիական Մանուշակ»-ն էր, և հենց Զուխրան օգնեց ինձ՝ ավելի լավ հասկանալու մեծ գրողի գունեղ լեզուն՝ հագեցած Սյունյաց լեզվական կոլորիտով, որ հարազատ էր Արցախում մեծացած Զուխրային: Ավարտելուց հետո ես Կիևում գլխովին նվիրվեցի թարգմանական գործին։ Հետագայում նշանակվեցի անկախ Ուկրաինայի առաջին արտակարգ և լիազոր դեսպան անկախ Հայաստանում․ զբաղվեցի դիվանագիտությամբ, մինչդեռ Զուխրան հավատարիմ մնաց բանասերի իր կոչմանը և փայլուն կերպով շարունակեց իր գործունեությունը որպես խոհուն հայ գիտնական-բանասեր։ Դեռ ավելին, որպես տաղանդավոր և բազմակողմանի անձնավորություն, նա իր արձակ և չափածո ստեղծագործությամբ տեղ գտավ ժամանակակից հայ գրականության մեջ։ Դա հաստատում են նրա՝ թվով արդեն 9 տպագիր արձակ և չափածո ստեղծագործությունների ժողովածուները, որոնք անտարբեր չեն թողնում հայ գրական խոսքի նույնիսկ ամենապահանջկոտ գիտակներին: Իսկ ես, կարդալով նրա թե՛ արձակ, թե՛ չափածո ստեղծագործությունները, հպարտանալում եմ մեր երկարամյա բարեկամությամբ։ Սրտանց շնորհավորում եմ Զուխրա Երվանդյանին իր կյանքի այս կարևոր իրադարձության կապակցությամբ․ ուրախությամբ միանում եմ նրա բազմաթիվ երկրպագուներին Հայաստանում և մաղթում նորանոր ուշագրավ գրքեր, ստեղծագործական նվաճումներ:
Օլեքսանդր ԲՈԺԿՈ
Բանասերների դասական ընտանիքը՝ վասն մայրենիի անաղարտության
Այն օրհնյալ և պայծառ օրից, ինչ նախախնամության կամոք ծանոթացա Ռաֆայել և Զուխրա ամուսինների հետ, անցել է ամբողջ կես դար։ Ինձ՝ բանասերիս համար անչափ սրտամոտ էին մեր խոսքն ու զրույցը՝ հոգի սնուցող, մաքրամաքուր հայոց բառ ու բանով։
Զուխրա Երվանդյանը հայոց լեզվի և գրականության հավատարիմ բարեկամն ու անխոնջ մշակն է արդեն կես դարից ավելի։ Զարմանալի բեղուն է նրա գրիչը՝ հեղինակ է վեց տասնյակից ավելի գիտական աշխատանքների, մենագրությունների, գիտամեթոդական, ուսումնամեթոդական ձեռնարկների, բանաստեղծական և արձակ գործերի ժողովածուների, բազմաթիվ հրապարակախոսական հոդվածների։ Նրա մտքի, սրտի ու հոգու կիզակետում միշտ եղել և մնում է հայրենի Արցախը՝ իր զավակներով, անկրկնելի բնաշխարհով, ինքնահատուկ կոլորիտով։ Նրա գործերը, հիրավի, երկրի ճշմարիտ քաղաքացու և Արցախի հարազատ դստեր խոր ապրումների գեղարվեստական արտացոլանքն են՝ գեղեցիկ հայերենով՝ համեմված հնամենի բարբառի շքեղ բառապաշարով։
Զուխրա Երվանդյանի գրչին առավել մեծ պատիվ ու հեղինակություն բերած աշխատությունը «Գրիգոր Գուրզադյանի խոհերի ու մտորումների աշխարհը» մենագրությունն է, որը, իրավամբ, գրական-ստեղծագործական սխրանք է։ Հեղինակը հմտորեն է կարողացել պատշաճորեն կատարել մեր ժամանակի մեծահռչակ աստղաֆիզիկոսի, գեղանկարչի, էսսեիստի, խոշորագույն մտածողի ստեղծած խոհական գրականության՝ ըստ ամենայնի գնահատումը, ինչը, ի դեպ, մեզանում ամբողջական քննության և գիտական վերլուծության է ենթարկվում առաջին անգամ։
Իմաստնացած կյանքի արգասավոր ուղի անցած գրականագետից, բանաստեղծից ու արձակագրից ընթերցողները տակավին մեծ սպասելիքներ ունեն։ Մաղթենք նրան գրչի բեղունություն, ղարաբաղյան երկարակեցություն, ընտանեկան երջանկություն…
Սերժ ՄԱՆՈՒԿՅԱՆ
75 տարվա լույսը՝ բառի և մարդու մեջ (կամ՝ Բառի մեջ ապրող լույսը)
Մերօրյա հայ գրականության (թե՛ արձակի և թե՛ չափածոյի)՝ ինձ համար ամենաինքնատիպ ու տպավորիչ ներկայացուցիչներից մեկի, լուսավոր մտավորականի, լավ ընկերոջ ու բարեկամի՝ Զուխրա Երվանդյանի ծննդյան 75-ամյակը շարունակվող ընթացք է՝ լի ստեղծագործական շնչով, հոգևոր ուժով ու մարդկային ջերմությամբ։ Նա այն քիչ հանդիպող անհատներից է, որոնց մեջ գիտնականն ու ստեղծագործողը լրացնում են միմյանց։ Տաղանդավոր բանասեր-գրականագետը, խորագիտակ մտածողը գիտի բառի բնույթն ու հոգին։ Նա մեր ժամանակների հազվագյուտ ստեղծագործողներից է, որի արձակն ու չափածոն ծնվում են նույն աղբյուրից՝ խոր զգայունությունից և ներքին ազնվությունից։ Քսանից ավելի գրքերի հեղինակ լինելով՝ Զուխրա Երվանդյանը երբեք չի կրկնում ինքն իրեն․ յուրաքանչյուր գիրք նոր շնչառություն է, նոր փորձ՝ հասկանալու մարդուն, ժամանակը, ցավն ու լույսը։ Նրա ստեղծագործության մեջ զգացվում է լեզվի ներքին երաժշտությունը, մտքի խտությունը և զգայուն հոգու անթաքույց ներկայությունը։ Միայն 2025 թվականին գրասեր հասարակությունը սկսեց Երվանդյանի երկու նոր ժողովածուներով, տարեվերջին կրկին արժանացավ մի նոր երկվորյակի։ Սա թվերի զուգադիպություն չէ․ սա ստեղծագործողի այն բացառիկ ներքին կարգապահության և գրված խոսքի նկատմամբ անսակարկ նվիրումի մարմնացումն է։ Այսքան հետևողական, այսքան արդյունաշատ ստեղծագործողի հանդիպելը ոչ միայն հաճելի, այլև հոգևոր առումով պարտավորեցնող իրողություն է։ Զուխրա Երվանդյանը այն հեղինակներից է, որի գրքերում կա ժամանակի անհանգիստ շունչը։ Նրա գրիչն անցել է Արցախի զարկերակի միջով։ Նրա արցախյան արմատները զգացվում են ոչ միայն թեմաների ընտրության մեջ, այլև նրա խոսքի կեցվածքում, արժանապատվության մեջ, լռության մեջ անգամ։ Արցախյան հողից եկած խստությունն ու նրբությունը միախառնվել են նրա էության մեջ՝ ձևավորելով մի անհատականություն, որ զգում է չափազանց խոր, խոսում զուսպ ու ճշգրիտ, ցավը ապրում առանց աղմուկի։ Նրա հերոսներն ապրում են մեր իրականության մեջ՝ իրենց անցյալով, չսպիացող վերքերով ու ներկայի աննկուն պայքարով։
Անկրկնելի է նաև Զուխրա Երվանդյանի պոեզիան․ այն թափանցիկ է, ինչպես ապրումը, և մաքուր, ինչպես մտորումը։ Այսօր ականատեսն ենք մի կարևոր փաստի՝ ժամանակակից հայ գրական կյանքում իր փառահեղ ներկայությունն ունի մի ստեղծագործող, որ բառը պահում է իր բարձրության վրա՝ որպես ինքնության կրող, որպես հոգևոր կենտրոնի խարիսխ։ Նրա մեծությունը, սակայն, միայն գրքերում չէ։ Նա բացառիկ զգայուն մարդ է, նուրբ ընկեր, վստահելի բարեկամ։ Նա մեկն է, որի ներկայությունը ուժ է տալիս, իսկ խոսքը՝ վստահություն։ Նրա կողքին լինելը միշտ նշանակում է մտավոր ու մարդկային հարուստ շփում, փոխադարձ հարգանք և հոգատարություն։ Նրա ներկայությունը մեր համալսարանական ու գրական կյանքի անփոխարինելի արժեքներից մեկն է․ թող նրա խոսքը դեռ երկար մնա մեր օրերի աղմուկի մեջ՝ որպես մաքուր ձայն։
Լիլիթ ՀԱԿՈԲՅԱՆ
ՀՊՏՀ լեզուների ամբիոնի դոցենտ, բ.գ.թ.
«ՀԱՑՆ ՈՒ ԳԻՆԻՆ՝ ՏԵՐ ԿԵՆԴԱՆԻՆ»
Հեթանոս հայերը ծիսական թոնիր էին վառում, որից մարդիկ իրենց ջահերը կպցնում էին, որ այդ կրակով սեփական թոնիրները զորացնեն… Ոգեղեն սիմվոլիկա է՝ խորհրդանշելով ակունքով հավատն ուժեղացնելու և նրան հավատարիմ մնալու իմաստությունը… Այս սիմվոլիկայի աչքերով եմ նայում Զուխրա Երվանդյանի գրական-մշակութային ժառանգությանը, ինչը համաշխարհային հումանիզմի մայրամուտի այս անհաց ժամանակներում ոգեղեն հաց է: Իսկ մեր էպոսի հերոսները հացով էին երդվում՝ «Հացն ու Գինին՝ Տեր Կենդանին…»: Նրա մուտքը այնքան շռնդալից էր, որ շատերը դժվարանում էին կողմնորոշվել՝ Զուխրա Երվանդյանը ավելի շատ պոե՞տ է, արձակագի՞ր, էսսեի՞տ, գրականագե՞տ, մենագրությունների վարպե՞տ, հանրագիտարանային իմացության դասախո՞ս, Հայոց լեզվի բացառիկ գիտա՞կ, տասնյակ գրքերի և ուսումնական ձեռնարկների հեղինա՞կ… Թվարկելու էլի բաներ կան՝ գիտական դիսերտացիա, տասնայակ հոդվածներ, հարցազրույցներ… Նման մարդկանց չեն հարցնում, թե երբ է հասցնում այդ ամենը, որովհետև պատասխանը անչափ պարզ է՝ սեփական կյանքի անժամանակ ժամանակի հաշվին… Սա մեկ բառով են ամփոփում՝ սեր և նվիրում:
Զուխրա Երվանդյանը մեկ-երկու նախադասությունով կարողանում է ընթերցողի ներաշխարհը բացել, ցավի երակը բարեկամաբար շոշափել և, ամենակարևորը, լույսի ու հույսի ճանապարհը ցույց տալ: Սա է գրականության առաքելությունը:
Մորս կաթի տված Արցախա ոգին//Թեժ թոնրի նման շիկացած պահեմ,//Լսեմ բարբառիս խրատն իմաստուն,//Հացիս թթխմորը անպակաս պահեմ:
Զուխրա Երվանդյանի հացի թթխմորը զորեղ է, որովհետև արարվել է հազարամյա Հայոց Ցորյանից…
Վրեժ ՍԱՐՈՒԽԱՆՅԱՆ
գրող, հրապարակախոս
